Քեմերոնի «Տիտանիկի» նմանությամբ. ինչ է գրում արտասահմանյան մամուլը Քըրքորյանի Ցեղասպանության թեմայով ֆիլմի մասին

promise-3Օրերս Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց անվանի ռեժիսոր Թերրի Ջորջի նոր աշխատանքը՝ «Խոստումը» (The Promise), որը հայաստանյան իրականության մեջ ավելի հաճախ անվանում են «Քըրքորյանի կինո»:

Դավիթ Պ. Վարդազարյանը «Կինոաշխարհի» համար ի մի է բերել հեղինակավոր պարբերականների առաջին քննախոսականները ֆիլմի մասին:

promise-1Hollywood Reporter-ը (հեղինակ Ջոն Դեֆոր) գրում է, որ Ռուանդայի ցեղասպանության մասին «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը վերադառնում է ցեղասպանության թեմային՝ այս անգամ հայերի հոլոքոստի ընթացքում սիրային եռանկյունու թակարդում հայտնված Օսկար Այզեքով և Քրիստիան Բեյլով հանդերձ:
«Հայոց ցեղասպանության «Դոկտոր Ժիվագոն» դառնալու հույսով՝ Թերրի Ջորջի «Խոստումը» մեկնարկում է իբրև ասք արգելված սիրո մասին, երբ պատերազմը բաժանում է ռոմանտիկ եռանկյունու երեք գործող անձանց՝ վերամիավորվելու ու բաժանվելու շատ անակնկալ առիթներ տալով, մինչ նրանք փորձում են օգնել իրենց հարազատներին գոյատևելու: Իրադարձություններով հագեցած սցենարն ասես սարսափած է այն ժամանակահատվածից, որ հատկացվում է պատմական սիրավեպերի մասին ֆիլմերին, չնայած ներկայացվածի շուրջ մտորելու ու դրանից շեղվելու ցանկացած առիթ չեզոքացված է: Սրանով պայմանավորված՝ ֆիլմը ծավալվում է մեխանիկական կանխատեսելիությամբ, որը ենթադրաբար պիտի ավելի տհաճ լիներ, եթե մեր առաջ նվազ դիտարժան դերասանական կազմ լիներ: Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շառլոտ լը Բոնը ֆիլմն ավելի դյուրածախ են դարձնում ամերիկյան հանդիսատեսի համար, բայց նույն ֆիլմը քննադատների դրվատանքին չի արժանանա: Դա էլ պայմանավորված է Ջորջի «Ռուանդա հյուրանոցով»: Այդ ոչ անթերի, բայց տպավորիչ ժապավենի համեմատ՝ այս մեկը խմորեղենի ֆորմայով ձևվածի տպավորություն է թողնում»:

promise-4The Guardian-ը (հեղինակ՝ Բենջամին Լի)  «խմորեղենի ֆորմա» է անվանում Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը»` որպես պատմական ողբերգություններին Հոլիվուդի մոտեցման տխուր հիշեցում: Մոտեցում, որ «Տիտանիկի» հաջողությունը կրկնելու ակնկալիքով ընդօրինակել են նաև «Փերլ Հարբորը» և «Պոմպեյը»: Այս տարբեր դրամաները միավորում է սիրային եռանկյունին՝ պատմական իրադարձությունների ֆոնին: «Խոստման» դեպքում դա Լը Բոնի հերոսուհի հայազգի արտիստուհի Անայի, հայ դեղագետ Միքայելի (Այզեք) և Թուրքիայի ու Հայաստանի միջև աճող լարվածության մասին լրատվություն տվող ամերիկացի լրագրող Քրիսի ( Բեյլ) եռանկյունու մասին է:
Հաջորդիվ աղբյուրը գրում է. «Ֆիլմի կենտրոնացածությունը սիրավեպի վրա խնդիր է… Ցանկալի կլիներ, որ բուն հակամարտությունը (Հայոց ցեղասպանության – ԴՊՎ) ավելի հանգամանալից ներկայացվեր ու ավելի լայնորեն պատկերվեին տեղի ունեցող գազանությունները»: Սակայն ընդհանուր առմամբ աղբյուրի գնահատմամբ՝ «Ռուանդա հյուրանոցի» ռեժիսորը պատմության մի զգալիորեն անտեսված էջի՝ Մեծ եղեռնին անդրադարձել է թեկուզև սենտիմենտալ, բայց լավ հղացված ու ճոխ մատուցված էպիկական դրամայի միջոցով:

promise-2Hollywood Reporter-ի գնահատականով՝ «բանալ, երբեմն էլ անարդարացի է բողոքել, թե նման ֆիլմերը տրիվիալ են դարձնում պատերազմների բերած տառապանքը՝ կենտրոնանալով հորինված հերոսների սիրավեպերի վրա: Բայց առնվազն մի տեսարանում (երբ Միքայելը մորթված է գտնում իր ամբողջ գյուղն ու կնոջը, բայց գնում է՝ Անայի սիրուն հետամուտ – ԴՊՎ) ֆիլմի՝ իր հայ քաղաքացիների դեմ Օսմանյան կառավարության սարսափելի արարքները ցույց տալու անկեղծ մղումը լրիվ խափանվում է ֆիլմի մելոդրամատիկ օրակարգով, մի բան, որից դժվար է չվիրավորվել… Մեկ դար անց Թուրքիան շարունակում է ժխտել, որ կատարվածը ցեղասպանություն էր: Մենք պարզապես կմաղթեինք, որ մեկ այլ՝ ավելի լավ ֆիլմ գլուխ բերեր այդ գործը»:

Collider-ն էլ (հեղինակ Ադամ Չիթվուդ, հիպերլինք՝ ) աշխատանքը որակում է «լայն ընդգրկումով պատմական ֆիլմ», բայց «հնաոճ դրամա ցեղասպանության մասին, «հնաոճ» բառի վատ իմաստով»: Այս աղբյուրը ևս ընդգծում է ֆիլմի աստղային դերասանական կազմը, սակայն նկատում, որ «անգամ դա բավական չէ ամբողջ նավը փրկելու համար, իսկ վերջում ֆիլմը հիասթափության աստիճանի աննշան է դառնում»:
Հեղինակն ընդգծում է, որ «ֆիլմի առաջին կեսն իրականում ահագին տպավորիչ պատմական դրամա է… տեղ-տեղ իսկապես լավն է, իսկապես հետաքրքիր, նույնիսկ իսկապես հուզական… Բայց ռեժիսոր Ջորջն իր գլխից մեծ գործ է բռնել»: Հետաքրքրական է, որ հեղինակը ֆիլմը նմանեցնում է «Անգլիացի խնամյալին» և նկատում, որ «Խոստումը» բավականին նման է նշված միջակ կինոյին, որ 90-ականների կեսին «Օսկարի» արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
«Իհարկե, Հայոց ցեղասպանությունը չափազանց կարևոր պատմական էջ է, բայց եթե այս կարգի ռոմանտիկ ասքը նախկինում կարող էր լավ աշխատել, ապա այսօր նման կենսական իրական պատմությունը փաստագրելու ավելի հետաքրքիր ու տպավորիչ ուղիներ կան: «Խոստման» պղպջակային ասպեկտները ծառայում են միայն ի վնաս, շեղում են ուշադրությունը կատարվող իրական սարսափներից», – շեշտվում է անդրադարձում:

Դավիթ Պ. Վարդազարյան,
Հայաստանի կինոլրագրողների և կինոքննադատների ասոցիացիայի անդամ

 

Դիտվել է 176 անգամ