Ի՞նչ պետք է իմանան ռեժիսորն ու օպերատորը միմյանց մասին

 dad-working-e1321969237615Քրիս Ուիվերը, որ օպերատորի ու ռեժիսորի 30-ամյա փորձ ունի և անգլիական կինոարտադրող Free Spirit Film & TV ընկերության հիմնադիրն է, իր բլոգում պատմել է այն մասին, թե ինչ պետք է իմանան օպերատորն ու ռեժիսորը մի թիմում հաջողությամբ աշխատելու համար:

Վեց պարզ խորհուրդ ռեժիսորներին

1. Եթե փորձառու չեք և ձեզ վիճակվել է աշխատել փորձառու օպերատորի հետ, զգույշ եղեք և կոնֆլիկտ մի ստեղծեք: Հիշեք, որ լավ օպերատորը կարող է փրկել ձեզ շատ խնդիրներից: Թող նա ձեր կողմից լինի:
2. Ամենակարևորը շփումն է: Մինչև նկարահանումները սկսվելը օպերատորի հետ շատ ժամանակ անցկացրեք, լավ հարաբերություններ հաստատեք: Թող օպերատորն իմանա, թե ինչքան բարդ է յուրաքանչյուր տեսարանը, ինչպես ավելի արագ նկարել և ինչ տրամադրություն պետք է հաղորդի այն:
3. Աշխատեք գնահատել, թե տեխնիկապես ինչքան դժվար է օպերատորի աշխատանքը նկարահանման հրապարակում: Դա չի նշանակում, թե պետք է օպերատորների միության անդամ լինեք, պարզապես պետք է հասկանաք, թե ինչպես է շարժվում խցիկը, օբյեկտիվների ինչ տեսակներ գոյություն ունեն և ինչպես կարող եք միասին շատ հիշվող կադրեր ստանալ: Եթե գլուխ եք հանում օբյեկտիվներից, ապա հաստատ կարժանանաք օպերատորի հարգանքին, այնպես որ արժե ժամանակ վատնել դրանք ուսումնասիրելու համար:
4. Եթե օպերատորի համար խնդիր է ծագել, նա ամեն ինչ կանի այն հնարավորինս արագ լուծելու համար: Մի կանգնեք կողքին և մի կարեկցեք: Պարզապես խնդրեք հայտնել ձեզ, հենց որ խնդրից գլուխ կհանի, թույլ տվեք մասնագետներին անել իրենց գործը և հեռացեք: Իհարկե, որպես ռեժիսոր դուք ժամանակի պակաս կզգաք, բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, կնվաճեք ողջ թիմի հարգանքը:
5. Վճռական եղեք, ոչ ոք չի սիրում այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն որոշումներ կայացնելու. դա թուլություն է, որը նկատելի կլինի նկարահանող խմբի յուրաքանչյուր անդամի համար:
6. Ստանձնեք այն ամենի պատասխանատվությունը, ինչ տեղի է ունենում: Մի մեղադրեք ուրիշներին և մի խուսափեք խնդիրներից: Հիշեք, որ հենց թիմն է կյանքի կոչում ձեր գաղափարները:

Վեց պարզ խորհուրդ օպերատորներին

1. Հնարավորինս շատ գաղափարներ առաջարկեք, եթե մանավանդ աշխատում եք սկսնակ ռեժիսորի հետ. նրանք սովորոբար շատ են նյարդայնանում նկարահանումների ժամանակ: Սիրալիր եղեք և ցույց տվեք, որ իրենք լավ ձեռքերում են:
2. Չափից ավելի շատ ժամանակ մի վատնեք լույսը կարգավորելու և տեսարանը նկարելու համար: Արագությունը նկարահանման գործընթացն ավելի եռուն է դարձնում: Չկա ավելի վատ իրավիճակ, երբ դերասաններն ու թիմի մյուս անդամները պարապ ման են գալիս, մինչ դուք երկար-բարակ փորձում եք կարգավորել լուսավորությունը: Դանդաղկոտությունը ծծում է արտադրության արյունը:
3. Երբ ռեժիսորն ասում է տեսարանը նկարել մի միջոցով, որը տեխնիկապես անհնար է (իսկ նման բան հաստատ պատահում է), ձեր գլխավոր խնդիրն է առաջարկել նրան ավելի հարմար այլընտրանքային տարբերակ: Բայց մի քննադատեք նրա գաղափարը, մանավանդ նկարահանող խմբի առջև, դա վատ կանդրադառնա տեժիսորի հեղինակության վրա և կբարդացնի վիճակը:
4. Երբեք ոչ ոքի օպերատորական խմբից դուրս մի թույլ տվեք խցիկ բանեցնել: Դա վերաբերում է հատկապես ռեժիսորներին, որոնք հաճախ մոռանում են, թե ինչքան թանկ ու փխրում է այն: Ես շատ պատմություններ եմ լսել, թե ինչպես են ռեժիսորները փչացրել խցիկները՝ առաջարկելով օպերատորին իրենց օգնությունը: Շնորհակալություն հայտնեք նրանց առաջարկի համար և անձամ հսկեք սարքավորումները:
5. Աշխատեք այն շրջանակներում, ինչ առաջարկում է ռեժիսորը, ըմբռնեք նրա խնդիրները: Արեք հնարավորինը, որպեսզի գերազանցեք նրա սպասումները:
6. Թույլ տվեք ռեժիսորին նայել խցիկով նկարահանվածը, խցիկի խանդոտ սեփականատեր մի եղեք: Ռեժիսորն իրավունք ունի տեսնելու տեսարանը ոչ թե էկարնին, այլ օբյեկտիվի միջոցով:

Աղբյուրը

 

Դիտվել է 103 անգամ