Ամերիկյան կինոակադեմիայի հավաքական ուղերձը բոլոր սցենարիստներին

225518276_59297_15068625680863280091

Ձևավորումը՝ Nelson Carvajal

Ամերիկյան կինոակադեմիան խորհուրդներ է ժողովել սցենարիստների համար, որոնք տվել են տարբեր կինեմատոգրաֆիստներ՝ սկսած Սթիվեն Սփիլբերգից մինչև Դեննի Բոյլը, և դրանցից բաց նամակ են կազմել:

Թանկագին սցենարիստներ,

Հաջողություն ունենալու համար նախ պետք է ոգեշնչվել: Հագուրդ տվեք ձեր հետաքրքրասիրությանը: Երբեմն պատմությունների կարելի է հանդիպել ամենաանակնկալ վայրերում [1]:

Եղեք առաջինը: Փնտրեք այնպիսի պատմություններ, որոնք համարձակ կլինեն, բայց և միաժամանակ կպատմեն այն մասին, թե ինչ հեղինակ եք դուք և ինչին եք հավատում. ձեր հայացքը իրերի դրությանը: Եթե այդ պատմությունները բավական անձնական լինեն, ապա ավելի շատ հանդիսատեսներ կուզենան իմանալ այդ մասին  [2]:

Գրեք մեծ պատմություններ: Մեծ սցենարներ՝ մեծ պատմություններով [3]:

Բայց իրատես եղեք: Եթե դեռ նոր եք սկսում, սցենար գրեք այնպիսի ֆիլմի համար, որը կարելի է նկարահանել ոչ մեծ գումարով: Չարժե սցենար գրել 200 մլն դոլար բյուջեով կինոնկարի համար, հետո էլ զարմանալ, որ ոչ ոք չի ցանկանում նկարել այն [4]:

Անկախ այն հանգամանքից, թե ինչքան տաղանդավոր եք, սցենարական աշխատանքը միշտ էլ շատ ծանր է լինելու: Այն ոչնչով չի տարբերվում ջութակ նվագելուց. Թե´ մեկ, թե´ մյուս դեպքում պետք է պարապել: Կարդացեք սիրված ֆիլմերի սցենարները: Նայեք ֆիլմերը և զուգահեռ կարդացեք սցենարները նոութբուքով: Փորձեք հասկանալ, թե ինչպես են դրանք կառուցված: Բացահայտեք, թե ինչպես է եղել ամեն ինչ սցենարի մակարդակում և ինչպես է իրականացվել  [5]:

Պատրաստ եղեք չարչարվելու: Դա նման է վարժանքի: Այստեղ ամենից դժվարը մարզակոշիկներ հագնելն է: Պարզապես նստեք ու վատ սևագրություն արեք: Թեկուզ այն  ահավոր վատ ստացվի: Եթե մտածեք միայն այն մասին, որ սցենարին պակասում են ներդիրները, անմիջապես այն շարունակելու ցանկություն կունենաք

[6]:

Ձեռնամուխ լինելով աշխատանքին՝ մտածեք միայն վարպետության մասին: Մի շեղվեք ուրիշ գործոնների վրա և մի փորձեք ենթադրել, թե ինչ է ուզում ինդուստրիան: Մի անհանգստացեք ոչ ոքի և ոչնչի մասին, բացի ձեզանից: Ձեր ուշադրությունը սևեռեք այն բանի վրա, թե ինչ եք սիրում և ինչին եք հավատում. հենց դա է ձեզ օգնելու ավարտել սցենարը  [7]:

Միաժամանակ չորս սցենար մի գրեք: Գրեք մեկ առ մեկ [8]:

Եթե խոսենք գրելու տեխնիկայի մասին, պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր հանգամանք: Չարժե տարվել նկարագրություններով: Թող գործողություններն ու երկխոսություններն անեն հիմնական գործը [9]:

Այնպիսի նախնական տարբերակ գրեք, որում սցենարական ցուցումներ և փակագծեր չլինեն: Հանեք դրանք և պարզապես  պատկերացրեք, թե ինչպես կխաղային  դերասանները [10]:

Հիշեք՝ բոլոր լավագույն սցենարներում նախ ստեղծվել են պերսոնաժները: Հանդիսատեսը չպետք է սիրի հերոսին, այլ պետք է հետաքրքրվի նրանով: Հավանաբար լավագույն պահը սցենարում հատկապես այն է, երբ ձեզ հաջողվում է ստիպել հանդիսատեսին այլևս չհամակրել պերսոնաժին [11]:

Եվ խնդրում ենք կին պերսոնաժներին չնկարագրել իբրև «կոտրված, բայց հիասքանչ»: Խնդրում ենք, խնդրում ենք: Հերոսի արտաքինը նկարագրելիս հնարավորինս լակոնիկ եղեք. նկարագրեք միայն այն, ինչն իսկապես կարևոր է պատմության համար [12]:

Մի վախեցեք խախտել «կանոնները»: Ջանացեք առանձնապես չանհանգստանալ, թե ինչ կմտածեն ուրիշները, ֆիլմը սիրված կլինի, թե ոչ, կամ որքանով այն իր կառուցվածքով կհամապատասխանի ստուդիաների ղեկավարների սպասումներին [13]:

Եվ ամենակարևորը՝ գնացեք մինչև վերջ: Շարունակեք գրել: Մենք բոլորս կախված ենք ձեզնից: Առանց ձեր սցենարների ոչինչ չի լինի [14].


[1] Լորի Մակդոնալդ

[2] Սթիվեն Սփիլբերգ

[3] Ալան Սիլվեստրի

[4] Սեթ Ռոգեն

[5] Ահարոն Սորկին

[6] Սառա Սիլվերման

[7]  Դրյու Գոդդարդ

[8] Ռիդլի Սքոթ

[9] Լեննի Աբրահամսոն

[10] Ջեֆ Դենիելս

[11] Մեթ Չարման

[12] Բրի Լարսոն

[13] ՋոզեֆԳորդոն-Լևիտտ

[14] ԴեննիԲոյլ

Աղբյուրը՝ cinemotion

Դիտվել է 100 անգամ