Ռոբեր Գետիկյանը գլխավորելու է 73-րդ Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Հորիզոններ» բաժնի ժյուրին

Mezhdunarodnyj-Venetsianskij-kinofestival_glavԻնչպես հաղորդում է Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքը, արդեն ձևավորվել են 73-րդ փառատոնի երեք միջազգային ժյուրիները:

230px-Sam_Mendes,_Charlie_and_the_Chocolate_Factory,_2013Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորելու է բրիտանացի, «բոնդիանայի» վերջին երկու ֆիլմերի և «Գեղեցկություն ամերիկյան ձևով» կինոնկարի ռեժիսոր Սեմ Մենդեսը, որը աշխարհի այն վեց ռեժիսորներից մեկն է, որոնք «Օսկար» են ստացել դեբյուտային կինոնկարի համար:

Ժյուրիի կազմում են ամերիկացի նկարիչ, երաժիշտ և ռեժիսոր Լորի Անդերսոնը, որը անցած տարի Վենետիկ էր բերել «Շան սիրտ» ինքնակենսագրական կինոնկարը և մրցանակ ստացել, ամերիկացի ռեժիսոր Ջոշուա Օպենհայմերը, որի «Լռության հայացք» կինոնկարը նույնպես բազմաթիվ մրցանակներ է ստացել փառատոներում, ի թիվս որոնց, Վենետիկի ժյուրիի հատուկ մրցանակը, Լորենսո Վիգասը (լավագույն ֆիլմի համար «Ոսկե առյուծ» ստացած առաջին լատինամերիկյան ռեժիսորը), ֆրանկո-իտալացի դերասանուհի, փառատոնի հնաբնակ Կյարա Մաստրոյանին, դերասանուհի, երգչուհի և ռեժիսոր Վիկի Չժաոն, որը կին ռեժիսորների շարքում ամենալիքը գանձարկղն է ունեցել Չինաստանում իր «Երիտասարդները» ժապավենով, ամերիկացի դերասանուհի Ջեմմա Արտերտոնը, իտալացի սցենարիստ, գրող և դրամատուրգ Ջանկառլո դե Կատալդոն և գերմանացի դերասանուհի Նինա Հոսսը:

rbvCxsCmMTa7rSPHSDPUH1X4v9Փառատոնի «Հորիզոններ» բաժնի ժյուրիի նախագահն է ծագումով հայ ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը, որը, ի դեպ, անցած տարի «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն էր, և նրա «Մի խենթ պատմություն» ֆիլմով էլ բացվեց փառատոնը: «Հորիզոններում» ներկայացվում են այն ֆիլմերը, որոնք նոր միտումներ են բերում համաշխարհային կինեմատոգրաֆում:

«Հորիզոնների» ժյուրիի կազմում են ամերիկացի կինոքննադատ և կինոպատմաբան, կինոյի մասին 13 գրքերի հեղինակ Ջիմ Հոբերմանը, որի ձայնն ամենաազդեցիկներից է միջազգային կինոքննադատների շրջանում, եգիպտացի դերասանուհի, Կահիրեի և Արաբական կինոյի փառատոների մրցանակակիր Նելլի Քարիմը, իտալացի նշանավոր դերասանուհի Վալենտինա Լոդովինին, կորեացի դերասանուհի և ռեժիսոր Մուն Սո-Րին՝ առաջին կորեացի դերասանուհին, որ մրցանակ է ստացել Վենետիկի փառատոնում, իսպանացի կինոքննադատ և կինոգետ, 1989-ից ի վեր Մադրիդի իսպանական ֆիլմոտեկի տնօրեն, մի շարք միջազգային կինոփառատոների, այդ թվում և Կաննի և Լոկառնոյի ժյուրիների անդամ Խոսե Մարիա (Չեմա) Պրադոն և հնդիկ ռեժիսոր Չայթանյա Թամհանեն, որի դեբյուտային «Դատարան» ֆիլմը մրցանակ է ստացել Վենետիկի 71-րդ փառատոնում և ևս 32 միջազգային մրցանակներ:

Kim_Rossi_Stuart_FCI_TokyoՎենետիկի դեբյուտային ֆիլմի համար Լուիջի դե Լորենտիսի անվան մրցանակի – Ապագայի առյուծի ժյուրիի նախագահն է իտալացի դերասան, «Դավիդ դի Դոնաթելլոյի» մրցանակակիր Կիմ Ռոսսի Ստյուարտը:

Այս ժյուրի կազմում են իսպանացի պրոդյուսեր, London Film Festival/National Film Theatre-ի նախկին փոխտնօրեն Ռոզա Բոշը, ամերիկացի դերասան և ռեժիսոր Բրեդի Կորբետը, որը հենց անցած տարվա Վենետիկի Լուիջի դե Լորենտիսի անվան մրցանակի – Ապագայի առյուծի դափնեկիրն է, ինչպես նաև «Հորիզոնների» մրցանակակիրը որպես լավագույն ռեժիսոր, իսպանացի դերասանուհի, իբերական սիրված աստղ, Սան Սեբաստիանի կինոփառատոնի և «Գոյայի» մրցանակակիր Փիլար Լոպես դե Այալան և ֆրանսիացի ազդեցիկ կինոքննադատ, 2003-ից մինչև 2016-ի հունվարը Ֆրանսիայի սինեմատեկի տնօրեն Սերժ Տուրբինը:

73-րդ Վենետիկի կինոփառատոնն անցկացվելու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը:

Փառատոնը բացվելու է Դեմյեն Շազելի «Լա լա լենդ» մյուզիքլով, որում գլխավոր դերերը խաղում են Ռայան Գոսլինգը և Էմմա Սթոունը: Իսկ սեպտեմբերի 3-ին կցուցադրվեն Պաոլո Սոռենտինոյի «Երիտասարդ պապը» սերիալի առաջին երկու դրվագները:

 

 

Դիտվել է 42 անգամ