Հմայիչ ու կենսախինդ. Ժակլին Բիսեթ

J8Համաշխարհային կինոյի դասական աստղերը, տրամաբանական է, որ երիտասարդ չեն կարող լինել, իսկ քանի որ «Ոսկե ծիրան» փառատոնը հրավիրում է դասականներին, հետևաբար, այս էլ քանի տարի մենք ականատեսն ու վկան ենք լինում ծերացող դասականների հայաստանյան այցերի։ Երիտասարդ կինոդերասան-դերասանուհիներն, ասում են, աստղաբաշխական գումարներ են ուզում անհայտ կամ ոչ այնքան հայտնի փառատոներն իրենց ներկայությամբ զարդարելու համար։ Իսկ արդեն առաջացած տարիքում գտնվողները հոնորարի հարցում համեմատաբար քիչ հավակնոտ են։  Բացի այդ, նրանք առաջվա նման մշտազբաղ չեն, ու մեզ նման նվազ հայտնի երկրները նրանց երբեմն հետաքրքրում են։

Կլաուդիա կարդինալե, Ֆանի Արդան, Նաստասյա Կինսկի, Օրնելա Մուտի, այս տարի՝ Ժակլին Բիսեթ։ Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը դեռ մեկ ամիս առաջ տխրությամբ արձանագրեց, որ 13-րդ «Ոսկե ծիրանի» բյուջեն կրճատվել է, ու իրենք շռայլություններ թույլ տալ չեն կարող, բայց ի վիճակի են եղել գոնե Ժակլին Բիսեթին հրավիրել։

72-ամյա կապուտաչյա կինոդերասանուհու երակներում հոսում է անգլիցու, ֆրանսիացու և շոտլանդացու արյուն։ Այդ երեք գեների համաձուլվածքին միացել են ամբողջ կյանքում ինքնակրթվելու, մարմինը, հոգին ու միտքը մշտապես դաստիարակելու նրա սկզբունքները, նաև մոր ու հոր հետևողական ուշադրությունը։

J9«Աշակերտական տարիներին դասարանում միակն էի, ով սիրում ու լսում էր դասական երաժշտություն. հետաքրքրվում էի լուսանկարչությամբ, գեղեցիկ արվեստներով, հոգեբանությամբ։ Անընդհատ փնտրտուքների մեջ էի. չգիտեի՝ ինչ մասնագիտություն ընտրել, որը ներառի այս բոլորը և միաժամանակ թույլ տա ինձ շրջագայել աշխարհում ու մարդկանց ճանաչել։ Այդ ժամանակ ես պատկերացում անգամ չունեի կինոդերասանի մասնագիտության մասին, մտքովս էլ չէր անցնում դա։ Ավելի ճիշտ՝ չափից ավելի ամոթխած էի, որպեսզի համարձակվեի մտածել այդ մասնագիտությունն ընտրելու մասին։ 15 տարեկանում սկսեցի դիտել Ֆելինիի, Պազոլինիի, Վիսկոնտիի ֆիլմերն ու հիացա կինոյի աշխարհով,  բացահայտեցի նոր երևույթներ, որոնք անմիջապես գրավեցին ինձ, ու ես սկսեցի մտածել դերասանուհի դառնալու մասին։ Այդ ժամանակ էր հենց, որ լատիներենի ուսուցիչս ասաց. «Ես մի ծերուկի եմ ճանաչում, որը քեզ խորհուրդ է տալիս դերասանուհի դառնալ, որովհետև դու շատախոս ես»։ Այդ ծերուկը հենց ուսուցիչս էր։ Դրանից ուղիղ 3 տարի հետո, երբ ես մանեքենուհի էի աշխատում, որպեսզի ուսմանս վարձը կարողանամ տալ, ինձ տեսավ Ռոման Պոլանսկին ու ճիշտ հակառակն ասաց. «Դու լավ դերասանուհի կդառնաս, որովհետև շատ ներհուն ու ներամփոփ ես»,- պատմում է դերասանուհին։

Այդ հանդիպումից շատ չանցած՝ Ժակլին Բիսեթը նկարահանվել է Ռոման Պոլանսկու «Փակուղի» ֆիլմում, ու սկսվում է նրա կինոկենսագրությունը։ Հետագայում նրա հետ համագործակցել են աշխարհահռչակ ռեժիսորներ Ֆրանսուա Տրյուֆոն, Ջոն Հյուսթոնը, Ջորջ Քյուքորը, կինոդերասաններ Էնթոնի Քուինը, Ջոն Վոյթը, Մարչելո Մաստրոյանին, Մայքլ Սարազինը, Ֆրանք Սինատրան։ «Ոսկե գլոբուսի» արժանացած դերասանուհուն հիմա էլ ծիծաղելի է թվում մրցանակը ձեռքերում, բեմին կանգնած այն կինը, որն այնքնա էր շփոթվել ու խառնվել իրար, որ անգամ շնորհակալություն չհայտնեց ռեժիսորին ու խաղընկերներին,  չկապակցված, ցիրուցան բառեր ասաց ու իջավ բեմից։

«Դրանից հետո ինձ դաս եղավ ու որոշեցի մրցանակաբաշխություններից առաջ խոսքեր նախապատրաստել, ի՞նչ իմանաս, միգուցե էլի մրցանակ ստանամ ու հարկ լինի բեմ բարձրանալ ու ելույթ ունենալ։ Շատերն էին երկար ժամանակ ինձ ձեռք առնում այդ ելույթիս պատճառով»,- ծիծաղով հիշում է Ժակլին Բիսեթը։J10

Կինոդերասանուհին սիրով է հիշում իր խաղընկերներին։ Նկարահանման հրապարակում իր համար սկզբունքներ է մշակել՝ մի կողմ թողնել սեփական էգոն ու առաջին պլանում երևալու ջանքերը։ Լավ ֆիլմն ստացվում է միմյանց օգնելու և սատարալու արդյունքում։ «Պետք է մարդու միջից դուրս քաշես առավելագույնն, ինչ ունի նա, ու այդպես պետք է լինի կինոյում էլ, կյանքում էլ»,-համոզված է կինոդերասուհին։

Ժակլին Բիսեթը երբևէ չի ամուսնացել ու երեխաներ չունի։ «Չեմ կարծում, թե ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են»,-ժպիտով նկատեց կինոդերասանուհին։ Նա ուշադրության ու ջերմության պակաս չունի, շարունակում է նկարահանվել ֆիլմերում՝ ի տարբերություն այն դերասանուհիների, որոնք խուսափում են առաջացած տարիքում երևալ էկրանին։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հետահայաց ցուցադրությամբ ներկայացված են Փիթեր Յեյթսի «Բուլիթ», Սիդնի Լյումեթի «Սպանություն արևելյան ճեպընթացում» և Ֆրանսուա Տրյուֆոնի «Ամերիկյան գիշեր» ֆիլմերը։ Ժակլին Բիսեթն անդրադարձավ այս կինոնկարներին ու հումորով արձագանքեց. «Ինչո՞ւ  այդքան հին ֆիլմեր, ավելի լավ չէ՞ր լինի, եթե ընտրեիք գոնե վերջին 40 տարում նկարահանվածներից։ Դրանք գոնե մի քիչ թարմ են։ Ախր ես դեռ ապրում եմ, նկարահանվում եմ, աշխատում եմ, չէ՞»։J4Հումորը, կատակներն անպակաս են նրա խոսքից։ Յուրաքանչյուր հարց ու միտք կինոդերասանուհին ընկալում է ամբողջ խորությամբ ու շերտերով, դրանց անդրադառնում մանրամասնորեն ու լիարժեք՝ ակամայից ցույց տալով տարողունակ ինտելեկտը, տեղակացվածության բարձր մակարդակն ու հարուստ ներաշխարհը։

Ժակլին Բիսեթը կինոդերասանուհի Անջելինա Ջոուլիի կնքամայրն է։ Ասում է, որ սիրով է կատարում կնքամոր պարտականությունները, բայց Անջելինայի հետ այնքան էլ մտերիմ չէ. ավելի մտերիմ է նրա մոր հետ։ Անջելինան մշտազբաղ է, այդ պատճառով էլ իրենց  ընկերությունն այնքան էլ չի ստացվում։ Բայց Բիսեթը հիացած է Ջոուլիի ջանասիրույթյամբ, բոլորին օգնելու, ձեռք մեկնելու, միանգամից մի քանի գործ ձեռնարկելու և ամեն ինչ հասցնելու նրա կամքի ուժով։ Կնքամայրը կարծում է, որ իր սանուհին արտասովոր իմաստուն ու խելացի է։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին  Ժակլին Բիսեթին անվանել է «կինոխորհրդանիշ» իսկ Newsweek-ը նրան անվանել է «բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհի»։ Սական իր չխամրող գեղեցկությանն արտիստուհին վերապահումով է մոտենում. «Երիտասարդ տարիներին հաճախ էի նայում հայելու մեջ. բոլորդ էլ հասկանում եք, որ թերարժեքությունն ու անվստահությունն էին պատճառը։

Մի օր հայրս ասաց. «Հերիք է քեզ նայես հայելու մեջ, մարդկանց նայիր, այնտեղ է հետաքրքրությունը»։ Ես այդպես էլ արեցի։ Հասկացա, որ մարդկանց պետք է նայել, տեսնել ու զգալ նրանց։ Շատերը մինչև հիմա ինձ գեղեցիկ են համարում. իմ կարծիքով՝ ճաշակի հարց է։ Ես ինձ գեղեցիկ չեմ համարում. ներսումս միշտ երկփեղկվածության զգացում եմ ունեցել։ Իմ կարծիքով՝ ավելի լավ է հմայիչ, գրավիչ լինել, քան գեղեցիկ»։

J2Ժակլին Բիսեթը չթաքցրեց, որ հաշվի է առնում շրջապատի կարծիքն ու իրեն ուղղված հայացքները, այդ պատճառով էլ ջանում է ամենայն բծախնդորթյամբ հետևել իր արտաքինին, հագուկապին։ Պատմեց, որ երբ գիշերը 2:30-ին  ժամանել է Երևան, հյուրանոցի աշխատակիցներից արդուկ է խնդել՝ ճամպրուկում ծալած հագուստը շտկելու համար, բայց արդուկ չեն գտել։

«Առավոտյան ես պետք է վայելուչ տեսքով  ներկայանայի փառատոնին. ու կարևոր չէր՝ ես գիշե՞րն եմ ոտք դրել հյուրանոց։ Արդուկ, այնուամենայնիվ, ես գտա»,- պատմեց Ժակլին Բիսեթն իր գիշերային արկածներից։

 

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

 

 

Դիտվել է 63 անգամ