«Շեքսպիրն ապրում է կինոյում»

3048969«Ոսկե ծիրանն»  ավանդաբար համագործակցում է Հայաստանում  գործող դեսպանությունների ու միջազգային կառույցների հետ, ինչի արդյունքում հաջողվում է տարբեր երկրներից արժեքավոր ֆիլմեր բերել ու ներկայացնել կինոփառատոնին:

Բրիտանական խորհրդի հետ «Ոսկե ծիրանը» համագործակցում է արդեն 13 տարի, այսինքն՝ ստեղծվելուց ի վեր: Համագործակցությունն ամեն անգամ նոր նախագծերի ծնունդ է տալիս. ոչ միայն բրիտանական արտադրության ֆիլմեր են ներկայացվում փառատոնին, այլև մրցանակներ շահած ֆիլմերը Բրիտանական խորհրդի աջակցությամբ ցուցադրվել են անգլիական կինոփառատոնին, բրիտանացի կինոգործիչները մեր երկրում անց են կացրել վարպետության դասեր:

Այս տարի ամբողջ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցը, և այդ կապակցությամբ իրականացվում է «Շեքսպիրն ապրում է» մեծ նախագիծը, որի շրջանակում տարբեր երկրներում տեղի են ունենում երաժշտական, թատերական և կինոնախագծեր:

Բրիտանական խորհուրդը Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի հետ համատեղ աշխարհի տարբեր երկրներում  իրականացնում է «Շեքսպիրն ապրում է կինոյում» կինոնախագիծը: Լայնածավալ ծրագիրը տարբեր փառատոներում ու միջազգային հարթակներում ներկայացնում է 1899 թվականից մինչև մեր օրերը Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված բազմաթիվ ու բազմաժանր ֆիլմեր: Հայաստանում «Շեքսպիրն ապրում է կինոյում» կինոնախագիծն անց է կացվում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Բրիտանական խորհուրդն ընտրել է 7 ֆիլմ, որոնք մասնակցում  են փառատոնի արտամրցութային ծրագրում. Համաշխարհային կինոյի վարպետները ներկայացնում են շեքսպիրյան թեմաներով ֆիլմեր՝ այսպես ասած՝ իրե՛նց Շեքսպիրին, իրե՛նց մոտեցումն ու ընկալումները: Այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Փիթեր Բրուքը, Ֆրանկո Ձեֆիրելին, Ռոման Պոլանսկին, Լորենս Օլիվյեն, մեծ կինոյում հայտնի, իրենց տեղն ամրագրած անուններ են:13709703_1191378207581476_2140575602_o

«Մոսկվա» ,  «Սինեմա սթար» կինոթատրոններում  և  «Պողոսյան պարտեզներում» «Ոսկե ծիրան  » կինոփառատոնի շրջանակում ցուցադրվում են Լորենս Օլիվյեի «Համլետ», Ֆրանկո Ձեֆիրելիի «Ռոմեո և Ջուլիետ», Փիթեր Բրուքի «Լիր արքա» ,  Ռոման Պոլանսկու «Մակբեթ», Դերեք Ջերմանի «Փոթորիկ», Քենեթ Բրանայի «Համլետ» և  Փիթեր Գրիենըուեյի «Պրոսպերոյի գրքերը» կինոնկարները:

Ի դեպ, Բրիտանական խորհուրդը մտադիր էր Փիթեր Գրիենըուեյին հրավիրել Հայաստան՝ վարպետության դասերի, բայց առողջական խնդիրների պատճառով կինոռեժիսորը չի կարողացել այցելել մեր երկիր:

Դասական դարձած ռեժիսորների ֆիլմերը նկարահանվել են նախորդ դարակեսից սկսած. «ամենաերիտասարդ» ֆիլմը Քենեթ Բրանայի «Համլետ» է՝ նկարահանված 1996-ին, իսկ «ամենատարեց» ֆիլմը դարձյալ «Համլետ» է , բայց Լորենս Օլիվյեինը՝ նկարահանված 1948-ին: Ասել է թե այս էկրանավորումները վաղուց են իրենց հաղթարշավն ապրել, աստեղային ժամեր ունեցել, բազմաթիվ մրցանակներ շահել ու հիմա Շեքսպիրին նվիրված այս տարվա շրջանակում ցուցադրվում են նաև Հայաստանում՝ որպես հարգանքի տուրք՝ անգլիացի հանճարեղ դրամատուրգի հիշատակին:Շեքսպիրն աշխարհում  ամենաշատ բեմադրված ու մարմնավորված դրամատուրգն է:

IMG_0357.JPG


«Հայերս միշտ ենք առանձնահատուկ վերաբերմունք, ակնածանք տածել Շեքսպիրի հանդեպ: Այնպես ենք ծրագրել, որ շեքսպիրյան թեմաներով ֆիլմերը երևանյան կինոփառատոնի բոլոր 7 օրերին ցուցադրվեն,  յուրաքանչյուր օր՝ մեկական ֆիլմ: Բրիտանական խորհուրդը ներկայացնում է համաշխարհային դասականների ֆիլմերի հետահայաց  ցուցադրություն՝ «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրում՝ ցանկանալով մեկ անգամ ևս հանրության ուշադրությունն ուղղել բոլոր ժամանակների մեծագույն փիլիսոփա, դրամատուրգ, գեղագետ, հանճարեղ Շեքսպիրի ստեղծագործությունների և դրանց կինոմեկնաբանությունների վրա» , – նշեց  Բրիտանական խորհրդի հայաստանյան ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

«Շեքսպիրն ապրում է կինոյում» նախագծի ֆիլմերի նկատմամբ մեր կինոսիրողները բավականաչափ հետաքրքրություն են դրսևորում: Ուրախալի է, որ հանդիսատեսի մեծ մասը երիտասարդներ են: Գրականության ու կինոյի դասականների էկրանային համաձուլվածքն, այնուամենայնիվ, գրավում է:

Նաիրա Փայտյան

 

Դիտվել է 61 անգամ