38-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

9271Երեկ՝ հունիսի 30-ին, փակվեց 38-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնը: Փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը գոնե փակման ժամանակ չխախտեց երկարամյա ավանդույթը և անձամբ դիմավորեց հյուրերին: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին առաջին անգամ փառատոնը բացվեց առանց նախագահի մասնակցության ( նա հոսպիտալացվել էր թոքաբորբի պատճառով): Երեկ էլ սկզբում  հյուրերին դիմավորում էր ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆի  բաժանմունքի ղեկավար Վյաչեսլավ Տելնովը: Փառատոնի նախագահը  ներկայացավ համարյա արարողության սկզբին, երբ կարմիր գորգի վրա հավաքված հյուրերն արդեն դահլիճ պետք է մտնեին:

4282531

Փառատոնի գլխավոր մրցանակին ՝ «Ոսկե սուրբ Գեորգի» արձանիկին հավակնում էր 13 կինոնկար, արձանիկը տարավ իրանցի ռեժիսոր Սեյեդ Ռեզա Միր-Քարիմին «Դուստրը» դրամայի համար: Նա, ի դեպ, նույն ավարով հեռացել էր այստեղից 8 տարի առաջ և խոստացավ էլի ֆիլմ բերել Մոսկվայի կինոփառառտոն: Կինոնկարում խաղացող Ֆարհադ Ասլանին էլ մրցանակ ստացավ լավագույն տղամարդու դերի համար:

«Դուստրը» պատմում է իրանական ավանդական ընտանիքի մասին, որտեղ բոլոր որոշումներն ընդունում է հայրը:  Ընտանիքի դրվածքը քանդվում է, երբ դուստրերից մեկը, կրտսեր քրոջ նշանադրությանը մասնակցելու փոխարեն, մեկնում է Թեհրան, որպեսզի ընկերուհուն ճանապարհի Կանադա:

Ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ բուլղարացի ռեժիսոր Ռադոսլավ Սպասովի «Երգող կոշիկները»:

Փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվեց և «Արծաթե Գեորգի» ստացավ Թերի Մալվարը Ռոլսթոն Ջովերի «Շղարշ» ֆիլմում խաղացած դերի համար:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց դեբյուտանտ Պուկ Գրաստենը իր «37» ֆիլմի համար:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթեց  Ջերո Յունի «Տիկին Բ. Հյուսիսկորեացի կնոջ պատմությունը» ֆիլմը:

Կարճամետրաժ ֆիլմերից լավագույնը ճանաչվեց Նիկոլ Բրենդինգի «Լրիվ սելֆի» ժապավենը:

ՖԻՊՉԵՍՍԻ-ի մրցանակին արժանացել է Կիմ Չժոն Կվանի «Վատագույն կինը», իսկ հանդիսատեսի համակրանքը շահել է Միլոշ Ռադովիչի «Մեքենավարի օրագիրը»:

Փառատոնում Ռուսաստանը ներկայացնում էր մի ֆիլմ՝ Նիկոլայ Դոստալի «Վանականն ու չար ոգին» ֆանտաստիկ կատակերգությունը, որը մնաց առանց մրցանակի:

Փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը Ստանիսլավսկու «Հավատում եմ» մրցանակը շնորհեց դերասանուհի Մարինա Նիոլովային:

Փառատոնը փակվեց Վուդի Ալենի «Բարձրաշխարհիկ կյանք» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Դիտվել է 34 անգամ