Սիդնեյում կկայանա Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ավստրալական ֆիլմի պրեմիերան

ArmfilmԱվստրալիայում արտադրված  Հայոց ցեղասպանության մասին պատմող Շահան Բեքարյանի «Ցեղասպանության զավակները»   ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 31-ին՝ Սիդնեյի Ռայդի կինոթատրոններում:

Ինչպես  տեղեկացնում է Horizon շաբաթաթերթը, 62 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի աջակցությամբ  (ANC Australia), պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երեխաների կրած տառապանքների մասին: Սիդնեյաբնակ  հայազգի ռեժիսոր Շահան Բեքարյանը ֆիլմում ներկայացնում է ցեղասպանությունը վերապրած 40 հայերի հետ  անցկացված արխիվային հարցազրույցները, որոնցում նրանք պատմում են իրենց սարսափելի պատմությունները: Ազդվելով իր պապիկի պատմությունից՝ կինոռեժիսորը սեփական ինքնությունն է փնտրում բազմազգ մշակութային երկրում:

«Ցեղասպանության զավակները» ֆիլմը հանրությանը ավելի կիրազեկի ցեղասպանության  թեմային, քանի որ այն ներկայացվում է հենց վերապրածների վկայություններով: Ձայնագրությունները կատարվել են 1980-ականներին:Australia-Shahane-Bekarian-300x168

«Ես շատ հպարտ և ոգևորված եմ իմ «Ցեղասպանության զավակները» ֆիլմը հանրությանը ներկայացնելու առիթով: Ֆիլմը նպատակ ունի մի շարք հարցեր բարձրաձայնել, մասնավորապես, ինչպե՞ս ենք մենք լուծում մեր մշակույթի պահպանման հարցը բազմազգ Ավստրալիայում և ի՞նչ դիրքորոշում ունենք ցեղասպանության հանդեպ ողբերգություից 101 տարի անց՝ թե՛ միջանձնային շփման մակարդակում, և թե՛ մեր առօրյա կյանքում: Հուսով եմ վերապրածների արխիվային կադրերի օգնությամբ մեր նախահայրերի դատը կամրապնդվի: Այն կփոխանցվի երիտասարդ սերնդին և մեզ կօգնի ստեղծել միասնական համայնք»,-նշել է Բեքարյանը՝ ֆիլմի պրեմիերայի առնչությամբ:

Թարգմ.՝ Սուսաննա Խաչատրյանի

Դիտվել է 67 անգամ