«Առլի հանդիպումներ» ֆոտոփառատոնը և Արտավազդ Փելեշյանն ու Մելիք Օհանյանը «Կա մեկ ուրիշը» ցուցահանդեսում

169082de-b4c2-4be2-acb2-b33ba1d9322fԱռլ… Ֆրանսիայի այս փոքր, սակայն չափազանց հմայիչ քաղաքի մասին շատերս գիտենք Վինսեն Վան Գոգի շնորհիվ: Մեծ նկարիչն այստեղ ապրել և ստեղծել է իր ամենահայտնի կտավները: Սակայն 1977 թ. գրող Միշել Տուռնիեն, լուսանկարիչ Լուսիեն Կլերգը և կոնսերվատոր Ժան-Մորիս Ռուկետը որոշում են փոխել քաղաքի ճակատագիրը և հիմնադրել «Առլի հանդիպումներ» ֆոտոփառատոնը: Այսօր Առլը համարվում է լուսանկարչության նշանավոր քաղաքներից մեկը, ամեն տարի այստեղ կազմակերպվում են տասնյակ ցուցադրություններ, հանդիպումներ և կլոր սեղաններ: 

«Կա մեկ ուրիշը» խորագրով ցուցահանդեսը ճանաչվել է 2016 թվականի «Առլի հանդիպումների» գլխավոր ցուցադրություններից մեկը: Մեզ համար դա առանձնահատուկ կարևոր և հաճելի փաստ է, քանի որ ցուցադրվող արվեստագետներից են Արտավազդ Փելեշյանը և Մելիք Օհանյանը: Կուրատորներն են արվեստաբան Ջուլի Ջոնսը և արվեստագետ Անյես Գոֆրոն:

«Առլի հանդիպումների» մասին «Կինոաշխարհի» փարիզյան թղթակից, արվեստաբան Լիլիթ Սոխակյանը զրուցել է Պոմպիդուի արվեստի կենտրոնի կոնսերվատոր և ֆոտոցուցահանդեսների կուրատոր, մանկական արվեստի գրքերի հեղինակ և Սորբոնի համալսարանի դասախոս Ջուլի Ջոնսի հետ:

-  Կհամաձայնե՞ք Առլը անվանել լուսանկարչության մայրաքաղաք:

- Այսօր Առլը դարձել է լուսանկարչության անխուսափելի վայրերից մեկը, ինչպես Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում, այնպես էլ լուսանկարչության ողջ աշխարհում: Պատճառներն իհարկե շատ են, բայց նախևառաջ պետք է նշել «Առլի հանդիպումներ» փառատոնը: Այն արդեն դարձել է քաղաքի անբաժան մասը: Փառատոնի պաշտոնական ծրագրին զուգահեռ կան նաև «օֆֆ» միջոցառումները, որոնք նույնքան կարևոր դեր ունեն: Առլում դասական-պատմական լուսանկարչությունը հանդիպում է դրա ժամանակակից դրսևորմանը: Անձամբ ինձ անչափ դուր եկավ համագործակցել «Առլի հանդիպումների» հետ, քանի որ այստեղ արվեստագետին և կուրատորին տրվում է ստեղծագործական մեծ ազատություն: Փառատոնը բաց է թե´ անհատական, թե´ թեմատիկ ցուցադրությունների համար: Մեծ հնարավորություններ և բավարար միջոցներ կան նոր և թարմ գաղափարներ իրականացնելու համար: Այնպես որ վստահ կարող եմ համաձայնել, որ Առլը դարձել է լուսանկարչության կարևորագույն վայրերից մեկը: Ուրախալի է, որ այն շարունակական զարգացման գործընթացում է: Առլում է գտնվում նաև լուսանկարչության դպրոցը, որը միջազգային մեծ ճանաչում ունի:

- «Առլի հանդիպումներ» փառատոնի շրջանակներում կազմակերպվում է ավելի քան 30 ցուցահանդես: Ամեն տարի մեկ ընդհանուր թեմատիկա է որոշվո՞ւմ:

- Գիտեք, Առլում վերջերս տեղի ունեցավ ղեկավարության փոփոխություն, ինչն իր հերթին բերեց կազմակերպչական և ոճական փոփոխություններ: Այսօր «Առլի հանդիպումների» ղեկավարը Սամ Սթուրդզեն է: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ստեղծվել են ցուցադրությունների թեմատիկ տարբեր խմբեր: Օրինակ՝ այս տարվա կարևոր թեմաներից է աֆրիկյան լուսանկարչությունը: Մեր կազմակերպած ցուցադրությունն իր հերթին ներառված է «Լուսանկարի վերընթերցում» խմբում:

- Տպավորություն է ստեղծվում, որ այս տարվա ծրագրում լուսանկարներին զուգահեռ մեծ տեղ է հատկացված նաև ֆիլմերին:

- Ճիշտ եք: Դա նույնպես նոր ղեկավարության քաղաքականությունն է: Սամ Սթուրդզեի անունը, իհարկե, մեծ ճանաչում ունի լուսանկարչության ոլորտում: Մինչև «Առլի հանդիպումների» տնօրեն դառնալը նա ղեկավարել է Լոզանի հանրահայտ Էլիզեի թանգարանը, կազմակերպել է լուսանկարչության բազմաթիվ ցուցահանդեսներ: Բայց դրանց զուգահեռ նաև միշտ բաց է եղել կինոարվեստի համար: Սամ Սթուրդզեն է Ֆելինիին նվիրված ցուցահանդեսի կուրատորը Jeu de Paume-ում: Նա է կազմակերպել նաև Չառլի Չապլինի հետահայաց ցուցահանդեսը, որը դարձավ համաշխարհային շրջիկ ցուցադրություն: Երբ նրան ներկայացրինք մեր ծրագիրը, որտեղ ներառված են ֆիլմեր և մի շարք աշխատանքներ՝ հիմնված ֆիլմերի վրա, պարոն Սթուրդզեն սիրով համաձայնեց: Իհարկե, Առլում առաջնահերթը միշտ մնալու է լուսանկարչությունը, բայց Սամ Սթուրդզեի շնորհիվ կինոն կգտնի իր արժանի տեղը: Ըստ իս, դա ճիշտ և կարևոր մոտեցում է ժամանակակից արվեստի աշխարհում: Վերջիվերջո, մենք շարունակում ենք խոսել պատկերի մասին` ներկայացված տարբեր արտահայտչամիջոցներով:

- Խոսենք «Առլի հանդիպումների» շրջանակում Ձեր և Անյես Գոֆրոյի համատեղ ղեկավարած ցուցահանդեսի մասին: Խորագիրը (Il y a de l’autre ֆր., Where the Other Rests անգլ.) բավականին դժվար է թարգմանել հայերեն, քանի որ ֆրանսերեն այն մի բան է արտահայտում, անգլերեն՝ մեկ այլ: Պայմանականորեն ասենք «Կա մեկ ուրիշը»:

- Խորագիրը, ինչպես նաև բուն ցուցահանդեսը տարիների երկխոսության արդյունք է: Երեք-չորս տարի առաջ ես հանդիպեցի արվեստագետ Անյես Գոֆրոյին, որի արվեստով հիանում եմ, և նրան առաջարկեցի կազմակերպել իր աշխատանքների ցուցահանդեսը: Նա մի պահ վարանեց, ապա առաջարկեց միասին կազմակերպել ցուցահանդես` հիմնված պատկերի վերաօգտագործման գաղափարի վրա: Ըստ Անյեսի, դա ժամանակակից արվեստագետների մի ողջ սերնդի աշխատանքների հիմնական թեման է: Այսպիսով, մեր երկուսի համագործակցությունը մի քանի տարիների ընթացքում շարունակվեց երկխոսության ձևով: Երկար ժամանակ որևէ հստակություն չկար: Քանի որ երկուսս էլ զուգահեռ աշխատում էինք բազմաթիվ այլ ծրագրերի վրա, հանդիպումներ կազմակերպելը բավական բարդ գործընթաց էր: Ժամանակի ընթացքում կարողացանք առանձնացնել արվեստագետների, որոնց աշխատանքները համապատասխանում էին մեր ընտրած գաղափարախոսությանը: Ցուցադրությանը զուտ թեորետիկ երանգ տալու ցանկություն չունեինք: Փորձում էինք գտնել գործեր, որոնք տարածության մեջ կստեղծեին երկխոսություն: Երկար ժամանակ փնտրոմ էինք խորագիր, որը պատմողական բնույթ կունենար: Մի օր Անյեսի ուշադրությունը գրավեց Միշել դը Սերտոյի ստեղծագործության ենթագլուխներից մեկը. այն կոչվում էր «Կա մեկ ուրիշը»: Մենք հասկացանք, որ գտանք ցուցահանդեսի խորագիրը: «Կա մեկ ուրիշը», որովհետև յուրաքանչյուր ցուցադրված նմուշ կապված է մեկ ուրիշի հետ, նաև որովհետև կուրատորներն էլ երկուսն են, մեկը կապված է մյուսին: Այն լիովին համապատասխանում էր երկար երկխոսության արդյունքում առաջացած հարցերին` որտե՞ղ հանդիպել մյուսին, և ո՞վ է այդ մյուսը: Ցուցահանդեսի միջոցով մենք պատմում ենք պատմություն, և խորագիրը համապատասխանում է այդ գաղափարին: Անգլերեն այն «Where the Other Rests» թարգմանեցինք բառախաղ ստեղծելու համար` հանգստություն և մահ: Կարելի է մահացած տարրը վերաիմաստավորել և վերակենդանացնել, ճիշտ այնպես, ինչպես մասնակից արվեստագետներն են վերակենդանացնում մոռացված պատկերները:

- Չափազանց հաճելի է, որ նման հետաքրքիր ցուցահանդեսի մասնակիցներից երկուսը իմ ազգակիցներն են` Արտավազդ Փելեշյան և Մելիք Օհանյան: Խոսենք նախ Վարպետի ֆիլմի ընտրության մասին: Առլում ցուցադրվելու է «Բնակիչները»:

- Արտավազդ Փելեշյանի մասնակցությունը ցուցադրությանը մեզ համար շատ կարևոր էր: Վարպետի արվեստի մասին բոլորը գիտեն. նա իր կայուն տեղն ունի համաշխարհային կինոյի պատմության մեջ: Հիշում եմ, երբ «Բնակիչներ» ֆիլմը ցուցադրվում էր «Կարտիե» հիմնադրամում, Անյեսն ինձ ասաց՝ նայիր, անպայման, կփշաքաղվես… Ֆիլմը սկսվեց հանգիստ, դանդաղ, և ամեն անցած րոպեի հետ ես գիտակցում էի, որ մոգական ինչ-որ բան է կատարվում: Միաձայն որոշվեց «Բնակիչներ» ֆիլմը ներառել ցուցահանդեսում: Մեզ հատկապես գրավեց այն լարվածությունը և բռնության զգացողությունը, որը չի թողնում դիտողին ողջ ֆիլմի ընթացքում, նաև՝ ցուցադրված պատկերների գեղեցկությունը և ձայների հզորությունը: Այս պարզ գեղագիտական մոտեցումը ճիշտ այն էր, ինչ մեզ հարկավոր էր:

cd0bf8bd-85ec-4c80-bfbb-608d2dbf321d

- «Բնակիչներ» ֆիլմը հիմնականում կառուցված է արխիվային պատկերներով: Դա հավանաբար նույնպես համապատասխանում էր ցուցադրության գաղափարին:

- Իհարկե, դա լիովին մեր գաղափարախոսության մասն էր կազմում. օգտագործված արխիվային պատկերների անանուն կարգավիճակ, պատկանելություն բոլորին և ոչ մեկին: Այդ պատկերները հեշտությամբ կարող էին մոռացվել, եթե Արտավազդ Փելեշյանը դրանցից չստեղծեր նոր աշխատանք: Այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ արվեստագետների, որոնք աշխատում են ճիշտ նույն երևույթների և գաղափարների շուրջ: Եվ հետաքրքիր է տեսնել, որ Փելեշյանը դա արել է իր ուրույն ոճով տասնյակ տարիներ առաջ:

- Փաստորեն Արտավազդ Փելեշյանի արվեստը մասնագետն անվանում է ժամանակակի՞ց:

- Այո, անվերապահորեն:

- Մելիք Օհանյանի անունն այս տարի հնչում է բոլոր անկյուններից: Նրա երկու աշխատանքները («Girls of Chilwell ¬ Suspended Acting» և «Red memories») նույնպես 73900247-6ec3-4e9b-9db1-c7efe17e2988ցուցադրվելու են Առլում:

- Մելիքի մասնակցությունը հաստատվեց ավելի ուշ, երբ արդեն մոտավորապես գծագրել էինք ցուցահանդեսը: Մասնակից արվեստագետներից է շվեյցարացի Մարկ Բոուերը, որ աշխատում է անձնական հիշողությունների գաղափարի շուրջ: Փնտրելով նրա արվեստանմուշի հետ երկխոսություն ստեղծող աշխատանք՝ մենք մտածեցինք Մելիք Օհանյանի մասին: Թեորետիկ ճանապարհորդություն, թափառականություն, ժամանակի գիտակցություն. Մելիք Օհանյանի աշխատանքները հիանալի համադրվում են ցուցահանդեսի գաղափարին: Ուզում եմ նշել, որ միտքը ոչ թե տարբեր արվեստագետների նմուշների միավորումն է, այլ երկխոսություն ստեղծելը:

- Շարունակենք Ձեր միտքը, ո՞ր աշխատանքի հետ է երկխոսելու «Բնակիչները»:

- Արտավազդ Փելեշյանի ֆիլմը «ինքնության մասնատման» թեմատիկայի մեջ է: Ահա մինչև «Բնակիչներ» ֆիլմին հասնելը այցելուն տեսնում է գերմանացի արվեստագետ Բարբարա Բրեթենֆելների կոլաժները: Նա նույնպես աշխատում է արխիվային լուսանկարներով և դրանցից ստեղծում ֆոտոմոնտաժներ և կոլաժներ: Նա խաղում է կենդանիների և մարդկանց մարմինների հետ՝ հաճախ դրանց դեֆորմացման շնորհիվ ստանալով բավական աբստարկտ, երբեմն բռնությամբ լի պատկերներ: Կարծում եմ՝ այն հետաքրքիր երկխոսության մեջ է մտնում «Բնակիչների» հետ: Ֆիլմից հետո այցելուն տեսնում է Լորան Ֆիեվեի ինստալյացիան, որը հիմնված է Ալֆրեդ Հիչքոքի «Բակ նայող լուսամուտը» ֆիլմի կադրերի վրա: Այս երեք արվեստագետների աշխատանքները փաստորեն համախմբված են պատկերի մասնատման, մարդկային և կենդանական մարմինների ձևախեղման թեմատիկայի շուրջ:

- Առլից տեղափոխվենք Փարիզ: Պոմպիդուի կենտրոնում մոտավորապես երկու տարի առաջ բացվեց ցուցասրահ՝ նվիրված բացառապես ֆոտոցուցահանդեսներին: Փաստորեն կենտրոնում մեծանում է լուսանկարչությանը հատկացված դերը:

- Այո, ցուցասրահի բացումը չափազանց կարևոր էր: Դրա շնորհիվ Պոմպիդուի կենտրոնի տարեկան ծրագիրը հարստացավ չորս ֆոտոցուցահանդեսով՝ պատմական, ժամանակակից, թեմատիկ և քարտ բլանշ, որ տրվում է մեկ ժամանակակից արվեստագետի: Դա Պոմպիդուի կենտրոնի հսկայական հավաքածուի ֆոտոնմուշները ցուցադրելու նոր հնարավորություններ ստեղծեց:

- Լուսանկարչության դերն այսօր փոխվել է: Այն դարձել է մեր առօրյայի անբաժան մասը և կորցրել իր երբեմնի եզակիությունը: Ի՞նչ կարծիքի եք ժամանակակից լուսանկարչության մասին:

- Ես բավական բաց հայացք ունեմ առկա իրականության վերաբերյալ, թեպետ իմ կրթությունն ու հետաքրքրությունները հիմնականում դասական լուսանկարչության թեքումով են: Ես հատկապես հետաքրքրվում եմ XIX դարի պատմությամբ, երբ լուսանկարչությունը չափազանց առանաձնահատուկ դեր ուներ: Այսօր տեղի է ունենում լուսանկարչության դեմոկրատացում, հետևաբար եկել է հարցադրման ժամանակը. ի՞նչ է դարձել պատկերն այսօր: Պատասխանն այն է, որ պատկերը լիովին փոխակերպվել է և դարձել հնարավոր ամեն ինչի հիմքը: Կարծում եմ՝ մենք գտնվում ենք այդ դեմոկրատացման վերջնական փուլում, պատկերն արդեն հատել-անցել է սահմանված բոլոր հնարավոր բնորոշումները:

- Վերջերս Ձեր տեսած ամենացուցադրությունը:

- Մելիք Օհանյան, «Under Shadows»*: Այն արժանի է առանձնահատուկ ուշադրության:

 Լիլիթ Սոխակյան

* Մելիք Օհանյանը ծնվել է Լիոնում 1969 թ., ապրում է Փարիզում և Նյու Յորքում: Նա զբաղվում է ինստալյացիաներով, լուսանկաչությամբ և վիդեոարտով, իր աշխատանքներում զարգացնում է գիտությունների, մասնավորապես՝ տեսողական արվեստների և աստղաֆիզիկայի փոխադարձ կապը: Անցած տարի նա ստացավ Մարսել Դյուշանի մրցանակը «Ժամանակի դիմանկարը» շարքի համար (2000 թ. ի վեր այս ամենամյա մրցանակը շնորհվում է այն ֆրանսիացի արվեստագետներին, որոնք «արժանի են միջազգային ճանաչման») և «Ոսկե առյուծ» մրցանակը 56-րդ Վենետիկի Բիենալեում (հայկական տաղավարում) լավագույն ցուցադրության համար: Ներկայումս Փարիզում՝ Պոմպիդուի կենտրոնում, ընթանում է Օհանյանի «Under Shadows» ցուցահանդեսը:

 

Դիտվել է 170 անգամ