14+2 լավագույն գրքեր կինոյի մասին ռուս կինոքննադատների վարկածով

210416_kniga-kino-plenkaՎերջին շրջանում մի քանի լավ գրքեր են լույս տեսել կինեմատոգրաֆի վերաբերյալ: Афиша Daily-ին հարցում է արել նշանավոր կինոքննադատների շրջանում և կազմել կինոյին նվիրված գլխավոր գրքերի ցուցակը: Դրանք խորհուրդ են տալիս կարդալ Դմիտրի Բունիգինը ( Cineticle հանդեսի հեղինակ և խմբագրական կոլեգիայի անդամ), Անտոն Դոլինը (The New Times-ի մշակույթի բաժնի վարիչ, Вести ФМ-ի, Вечерний Ургант-ի и Афиша Daily–ի կինոմեկնաբան), Ստանիսլավ Զելվենսկին (Сеанс հրատարակչության խմբագրական կոլեգիայի անդամ, Афиша Daily-ի կինոմեկնաբան), Վասիլի Կորեցկին (Colta.ru-ի «Կինո» բաժնի ղեկավար խմբագիր, Pro Arte Մշակութային լրագրության դպրոցի դասախոս):

Քննախոսությունների լավագույն ժողովածու998de6262aa3435a8b95aed5b23ba8ab

Кудрявцев Сергей. 3500. – Москва: Печатный двор, 2008.

80-90-ականների շեմին խորհրդային կինոգետներն իրենց հիմարի տեղ էին դնում, այն էլ՝ մեծ ճիգով՝ բանտարկվելով երեք ժանրերի՝ գեղարվեստական վերապատումի,  խմբագրականի և արձակ բանաստեղծության վանդակներում: «Արևմտյան» կինոքննադատության առաջին բանացնողներից մեկն այն ժամանակ դարձավ Սերգեյ Կուդրյավցևը՝ մտրակող ու ցավեցնող մինի քննախոսությունների ձևաչափի տարածողը, որոնց մեծ մասն էլ ընդգրկված է «3500» երկհատորյակում, որ, առանց չափազանցության, նրա ողջ կյանքի գործն է (զետեղված են նույնիսկ հեղինակի ամենաառաջին, պատանեկան շրջանի փորձերը): Կուդրյավցևը ռուսական Ռոջեր Էբերտն է. թունավոր ու կպչուն պեդանտ, որի անդրադարձներում անձնական եզրահանգումը (բավական քմահաճ և հաճախ վիրավորական ֆիլմին առնչվողների համար) շղարշված է միանգամայն ակադեմիական շարադրանքով, իսկ չափավոր հումորը հարմարվում է կարճ տեքստին՝ քնարական զեղումներով ու հմայություններով:

Դմիտրի Բունիգին

 

Լավագույն ուսումնասիրություն ամեն ինչի մասինa7e04d7db3254d2d9cc1fca83268dd5c

Майя Туровская. 7 ½, или Фильмы Андрея Тарковского.- Москва: Искусство, 1991.

«Հիմնարար և անկասկած լավագույն գիրքը ռուսական կինոյի գլխավոր ռեժիսորի մասին: Ոչ մի «դեղնություն», որով անհասկանալի պատճառներով լցված են «տարկովսկիապատումի» բազմաթիվ շուրջկենսագրական շարադրանքները, և ոչ մի էզոթերիկ բարբաջանք, առանց որի նույնպես չեն կարողանում յոլա գնալ: Բյուրեղյա պարզություն, միտք, պարադոքսալ վերլուծություն, որ հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին հասկանալու, թե ինչու է Տարկովսկին հանճար: Ի լրումն՝ ֆիլմերի ստեղծման պատմությունը, երկխոսությունները ժամանակակիցների հետ, ժամանակագրությունը, փաստերն ու թվերը: Մի խոսքով՝ էտալոնային ուսումնասիրություն, որ կարդացվում է մի շնչով (պակաս դեր չի խաղում դասակարգված կառուցվածքը): Ամոթ է գիտակցել, որ 1991-ից ի վեր Տուրովսկայայի գիրքը ոչ մի անգամ չի վերահրատարակվել: Ասենք հենց իր՝ Տարկովսկու «Դրոշմված ժամանակն» էլ («Запечатленное время»), որ դրված է աշխարհի գրախանութների դարակներին, մինչ օրս ամբողջությամբ չի հրատարակվել, այնպես որ զարմանալու բան չկա»:

Անտոն Դոլին

Կարդալ՝ Bookmate
Գնել՝ OZON.ru, 1920 ռուբ.

 

Նոր Հոլիվուդի լավագույն ուղեցույցը37acb0d4a0f84609af48872463a41cc5

Бискинд Питер. Беспечные ездоки, бешеные быки/ Пер. С.Арбузова.- Москва: АСТ, 2007.

Այսպես կոչված Նոր Հոլիվուդի հիմնարար ուղեցույց՝ 70-ականների ամերիկյան մեծ կինոյի պատմություն. գիրք այն մասին, թե ինչպես հակամշակույթը վերաձևավորեց մեյնսթրիմը, երբ ռեժիսորներին հաջողվեց ստուդիական համակարգի ավերակների վրա մի քիչ ուղղություն տալ ինդուստրիային: Բիսքինդը փորձառու կինոլրագրող է, չի հրապուրվում բուն ֆիլմերի գեղարվեստական վերլուծությամբ, փոխարենը մանրամասն, հարյուրավոր հարցազրույցների հիման վրա նկարագրում է անդրկուլիսը՝ ֆինանսական, ստեղծագործական և անձնական հանգամանքները: Հեղինակն անկասկած սիրահարված է իր նյութին և շատ հերոսների, ինչը բնավ չի խանգարում նրան ձայն տալ և´ լքված կանանց, և´ հեռացված աշխատակիցներին: Սա ահավոր գրավիչ պատմություն է մի անհավատալի դարաշրջանի մասին, այլ հարց է, որ այդ քառորդդարյա վաղեմության բոլոր պատմությունների («Սթիվենը մտածում էր», «Մարտինն ուզում էր», «Ֆրենսիսն ասաց» կարգի)» հակառակ երեսին անխուսափելի անճշտություններ ու խեղաթյուրումներ կան: Գրքի որոշ գործող անձինք միանգամից խռովեցին Բիսքինդից, ոմանք էլ նզովեցին նրան պոստֆակտում: Բայց կարդացին, հասկանալի է, բացարձակապես բոլորը:

Ստանիսլավ Զելվենսկի

 

Խորհրդային կինոյի լավագույն ուղեցույցըc1a2954c5db34b5ebd5d429dd68165bb

Марголит Евгений. Живые и мертвое. Заметки к истории советского кино 1920-1960-х годов.- Петербург: Сеанс, 2012.

«Ողջերն ու մեռածը» ՎԳԻԿ-ի կինոգիտության ֆակուլտետի թղթային տարբերակն է, խորհրդային կինոյի մուտացիաների առավել սպառիչ վկայությունը: Սեղանի չէ, մարմնի գիրք է, որից, բացի մնացած ամեն ինչից, հետևում է, որ ոչ մի «ռուսական» կինո էլ չկա, որ ազգային կինեմատոգրաֆի մոդեռնիստական մոդելը վերջնականապես հասունացավ 60-ականներին (դրանով էլ ընդհատվում է մենագրությունը), և դրանից հետո այն ընդամենը փտում էր, ասենք առավել կամ պակաս ինտենսիվությամբ դեռ շարունակում է փտել: Յակով Պրոտոզանով, Նիկոլայ Էկկ, Իգոր Սավչենկո, Մարկ Դոնսկոյ, Ալեքսանդր Ասկոլդով. նայեք այդ ռեժիսորների ֆիլմերը, դրանցից ավելի բան չենք ունեցել և արդեն չենք էլ ունենա:

Դմիտրի Բունիգին

 

Լավագույն ինքնակենսագրությունcf581808ff3448bcb5ce348971ffecd9

Уэллс Орсон. Знакомьтесь — Орсон Уэллс / Пер. С.Ильина.- Москва: Rosebud Publishing, 2016.

Դուք կափսոսեք այն օրերը, որոնք վատնել եք՝ Վուդի Ալենի, Ջարմուշի, Տրիերի և Լինչի հետ հարցազրույցների գրքերը կարդալով, այդ անմիտ, տանջող դատարկախոսության համար, կպչուն լրագրողի և մռայլ ռեժիսորի ալարկոտ խոսքուկռվի խղճուկ արդյունքների համար: Իզուր չէ, որ ուելսյան տիեզերքի ամենահիմնավոր ուսումնասիրության հեղինակը հենց Ուելսն է համարվում: Մեծ ուրախությամբ ու վախեցնող փութաջանությամբ նա կբացի իր յուրաքանչյուր նախագծի գաղտնիքները՝ սկսած սցենարի սևագրությունից և վերջացրած նախահաշվով: Միայն թե սանձեր տվեք Ուելսին, և քանի որ սա ինքնակենսագրություն է, ապա թույլ տվեք, որ մինչև վերջ մնա իր կյանքի ռեժիսորը:

Դմիտրի Բունիգին

Գնել՝ My-shop.ru, 531 ռուբ.

 

Լավագույն կինովերլուծությունc10015b562554e42956ab19212542ee6

Жижек Славой. Искусство смешного возвышенного / Пер. А. Зотагина.- Москва: Европа, 2011.

Դևիդ Լինչի ֆիլմերի միակ հասկանալի քննադատությունը, հատկապես՝ «Ոչ մի տեղ չտանող մայրուղու», որ համարվում է ոչ այնքան հաջողված (ես և Ժիժեկն այլ կերպ ենք մտածում): Ժամանակակից փիլիսոփաներից ամենախարիզմատիկի սուր ու պարադոքսալ բանականությունը ցրում է այն ճղճիմ նյու էյջ մշուշը, որ տարածում է իր ֆիլմերի շուրջն ինքը՝ Լինչը, և տալիս է այն գիշերային անհեթեթյունների ոչ հակասական, սահուն և գլխավորը՝ սրամիտ բացատրությունը, որոնք տեղի են ունենում Պատրիցիա Արկետի և Բիլ Փուլմանի հերոսների հետ:

Վասիլի Կորեցկի

Կարդալ՝ Bookmate

 

Լավագույն կինոէսսեագրությունd0e92ba3dc8349b3ad52f56bf0b9bc7d

Деснос Робер. Когда художник открывает глаза / Пер. С.Дубина, Б.Дубина.- Москва: Grundrisse, 2016.

Այդ ֆրանսիացի սյուրռեալիստի վերջին խոսքերն էին Տերեզիենշտադ համակենտրոնացման ճամաբարում անձը նույնականացնելիս. «Իմ անունը Ռոբեր Դեսնոս է, և ես բանաստեղծ եմ»: Դեսնոսի իսկական կոչումի մասին պետք է հիշել նրա «Պոտյոմկին» զրահամեքենայի», Մակ Սեննետի և Լուի Ֆեյադի «Վամպիրների» մասին էսսեները կարդալիս: Կինոթատրոն գնալը Դեսնոսի համար բաց աչքերով երազելու միջոց էր, իսկ քննական գրառումները՝ ավտոմատ շարադրանքի խիստ կազմակերպված տարատեսակ: Դրանք ավելի շուտ նման են բանաստեղծական մանիֆեստների (ինչ արժեն «սպանություն ցելյուլոիդային անտառներում» կարգի փոխաբերությունները), քան պայմանական կինոքննադատության, ուստի և այդ քվազիքննախոսություններում առաջին գիծ են մղվում այն դատողությունները, որոնք կարծես կողմնակի են. ձոն անծանոթ հարևանուհուն, որ պատահաբար դիպել է Դեսնոսին մութ կինոդահլիճում, մանկության էրոտիկ հիշողություններ և անհամար մտապայծառացումների նկարագրություններ:

Դմիտրի Բունիգին

Գնել՝ My-shop.ru , 608 ռուբ.

 

Լավագույն կինոկենսագրություն477134058ebf4beeb6f17c4483b7a077

Торсен Нильс. Ларс фон Триер. Меланхолия гения / Пер. Я.Палеховой.- Москва: Рипол Классик, 2013.

«Հիանալի գիրք՝ հաստափոր հատոր Լարս ֆոն Տրիերի մասին, որը, պարզվում է, բնավ էլ հանրահայտ սադրիչ ռեժիսորի ստեղծագործության ուսումնասիրություն չէ, այլ նրա կենսագրության մանրամասն շարադրանքը: Տորսենը Տրիերի բարեկամն է և նշանավոր լրագրող, բայց ոչ երբեք կինոքննադատ. Ակնհայտորեն հենց դրա համար էլ Տրիերը նրան այդքան մոտ է թողել: Նրանք միասին, նստած բուխարու մոտ, խմում են, և «Մելամաղձության» մազոխիզմի ու էկսհիբիցիոնիզմի հակված հեղինակը պատմում է ողջ ճշմարտությունն իր ծնողների, երեխաների, սեքսուալ փորձերի, Հիտլերի նկատմամբ համակրանքի և ուրիշ անպատշաճ իրողությունների մասին: Եվ զարմանալիորեն այս գիրքը շատ ավելի լավ հավելված է Տրերի ֆիլմերը նայելու համար, քան ցանկացած կինոգիտական վերլուծություն:

Անտոն Դոլին

Կարդալ՝ Bookmate
Գնել՝ Читай-город, 699 ռուբ.

 

Կինոարտադրության լավագույն խորհուրդներ1fb257b51c8a4f0b86f861fa1076fe1d

Ир Ким Чен. О киноискусстве.- Пхеньян: Издательство литературы на иностранных языках, 1989.

Պխենյանի կինոստուդիայի դարպասը զարդարում է ժողովրդական ղեկավար Կին Չեն Իրին պատկերող ահռելի որմնանկարը, որում նա կանգնած է իսկական կինոխցիկի հետևում: Դա փոխաբերություն չէ. կինոն ընկեր Կիմին հետաքրքրել է դեռ փոքրուց: Իր առաջին կինոքննախոսությունը՝ «Ձյունն իսկական չէ», նա գրել է 6 տարեկանում հյուսիսկորեական առաջին դրաման՝ «Իմ հարազատ գյուղը» նայելուց հետո: Հետո, երբ արդեն ուսանող էր, իր համակուրսեցիներին տանում էր իր անձնական սինեմատիկան: Իսկ համալսարանն ավարտելուց հետո ղեկավարելով ԿԿ բաժինը՝ լրիվ զբաղած էր ԿԺԴՀ-ի կինոյի բարեփոխումներով: Անձամբ էլ նկարահանել է առնվազն երեք ֆիլմ հայրենասիրական օպերաների լիբրետոների մոտիվներով, որոնք գրել է նրա հայրը (պաշտոնական աղբյուրները համեստորեն նրան սոսկ պրոդյուսերական դեր են վերագրում): 1978-ին նա առևանգում թե օգնում է հեռանալու Հարավային Կորեայից ամենանշանավոր ռեիսոր Սին Սան Օկին և հանձնում վերջինիս կինոարտադրության գործերը: Իսկ դրանից 5 տարի առաջ Կին Չեն Իրը դասագիրք էր գրել այն ռեժիսորների համար, որոնք պաշտպանում էին չուչխեի (այսինքն՝ սեփական ուժերի վրա հիմնվելու) գաղափարախոսությունը: Այդ փոքրիկ կանաչ գիրքը մեծ թվով ճշգրիտ դիտողություններ է բովանդակում՝ օգտակար նաև հայրենական անհայտ հեղինակներին: Օրինակ. «Չի կարելի որպես ինքնատիպություն ընդունել գրողի վատ ճաշակը և պաշտպանել այն՝ պնդելով, թե հենց դա է ստեղծագործական անհատականությունը»: Կամ. «Ռեժիսուրայի հաջողության գաղտնիքը կինոմոնտաժն է», «Ռեժիսորը չպետք է հարկադրի հանդիսատեսին, թե ձեզ համար գուցեև ձանձրալի է նայել կինոնկարը, բայց անհրաժեշտ է համբերատար նայել մինչև վերջ»: Էհ, կգա՞ մի ժամանակ, երբ այս պարզ մարդասիրական ճշմարտությունները կմատուցվեն Մոսկվայի նոր կինոյի դպրոցի ունկնդիրներին:

Վասիլի Կորեցկի

 

Լավագույն կինոհարցազրույցa32817b8b4554baa86220315dc7b189d

Трюффо Франсуа. Хичкок/Трюффо / Пер. Н.Цыркун.- Москва: Эйзенштейн-центр, 1996.

Այս հոյակապ ժանրը՝ գիրք-հարցազրույց ռեժիսորի հետ, այստեղ դրսևորված է իր ամենամաքուր ձևով: Հետևել այդ օրինակին, ըստ էության, քչերին է հաջողվել: Չէ՞ որ հեղինակը հենց ֆրանսիական «նոր ալիքի» սկզբնավորող ու «հեղինակային տեսության» ստեղծող Ֆրանսուա Տրյուֆոն է՝ կինոգետն ու ռեժիսորը մի դեմքով: Երկու հանճարների՝ պոետի ու ձեռնածուի, ֆրանսիացու և անգլիացու, խռովարարի ու կոնֆորմիստի այս չափազանց հետաքրքիր զրույցն աննկատ վերածվում է վարպետության դասի ժամանակակից (հենց այդպես) կինեմատոգրաֆի մասին: Այստեղ մի քանի դարձվածքով պատկերավոր ու բովանդակալից ձևակերպված է ամենագլխավորը թե´ ձեևի ու բովանդակության հարաբերակցության, թե´ խիստ անձնականի ու արխետիպայինի վերաձուլման և թե´ հումորի, էրոտիկայի, արհեստի մասին: Թերևս սա կինոյի առավել հետաքրքիր և քիչ խրատական դասագիրքն է և´ նրանց համար, ովքեր կինո են նկարում, և´ նրանց, ովքեր ուսումնասիրում են այն:

Անտոն Դոլին

Կարդալ՝ Bookmate

 

Լավագույն աշխատություն կինոբիզնեսի մասին4185b562853d4774a12087174036b01b

Mamet David. Bambi vs. Godzilla: On the Nature, Purpose, and Practice of the Movie Business.- Vintage Press, 2008.

Ոչ այնքան միասնական տեքստ, որքան էսսեների ժողովածու, որոնցից շատերը լույս են տեսել The Guardian-ի կինոբիզնեսին նվիրված սյունակներում: Մեմեթից բնականաբար բոլորը, առնվազն ենթագիտակացաբար, սպասում են ձեռնարկ՝ «ինչպես գրել մեծ սցենար», և նա, հասկանալի է, հաճույքով խորտակում է այդ սպասումները, այսուհանդերձ համապատասխան փոքր բաժնում ավելի շատ հետաքրքիր (չի նշանակում օգտակար) դիտողություններ կան սցենարի կառուցվածքի մասին, քան բոլոր սուտ դասագրքերում:  Հաճելի է հատկապես այն, որ Մեմեթը միշտ անմիջապես անցնում է գործի. օրինակ՝ մի գլուխ կա (5 էջանոց)՝ «Կանայք, ինչպես գրել նրանց համար»: Ի լրումն՝ այս կամ չափով ցաքուցրիվ մտքեր կինոյի բնույթի մասին, կանխատեսելի սարկաստիկ գրոհներ Հոլիվուդի վրա, մի քանի ֆիլմերի քննախոսություն՝ դիպուկահարի ճշտությամբ, բազմաթիվ վիճելի տարիմացություններ, տպավորիչ աֆորիզմներ, առարկության մերժում ու ինքնահիացում: Եվ գլխավորն այն է, որ մեծ թվով շատ ավելի ճանաչողական գրականություն կա կինոյի մասին, բայց ավելի լավ գրված գրքեր դժվար է գտնել:

Ստանիսլավ Զելվենսկի

 

Լավագույն ձեռնարկ ռեժիսուրայի մասին f9eb363418a4432fa63819c087300370

Lumet Sidney. Making Movies.- Vintage Press, 1996.

Հավանաբար լավագույն կինոդասագիրքն աշխարհում: Ականավոր ռեժիսորը, որ կես դարում 50 ֆիլմ է նկարել, մանրամասն պատմում է իր արհեստի մասին: Երբ է արթնանում, ինչպես է կարդում սցենարը, ինչպես է փորձ անում դերասանների հետ, ինչպես են իր համար լույսը դնում, ինչպես է օպերատորի հետ ընտրում օբյեկտիվը, քանի դուբլ է անում և այլն, այլն: Այս ամենը, հասկանալի է, համեմվում է անեկդոտներով գերազանց, լավ, երբեմն անհաջող ֆիլմերի նկարահանման հրապարակներից: Հեղինակը հազվագյուտ հմայիչ ձայն ունի՝ հարթ, հեգնական, անչափ տրամաբանական: Հասկանալի է՝ սա պարտադիր ընթերցանություն է սկսնակ կինեմատոգրաֆիստների համար, չնայած հրատարակումից հետո անցած 20 տարիներին կինոարտադրությունը շատ է փոխվել: Բայց որ ավելի կարևոր է, սա անգնահատելի ճանաչողություն է հանդիսատեսի համար. հասկանալ, թե ինչպես է արվում կինոն, նշանակում է սովորել դիտել այն:

Ստանիսլավ Զելվենսկի

Կարդալ՝ Bookmate

 

Գլխավոր կինոտեքստերի լավագույն անթոլոգիա04f2d9b91e7046759bbf4beef69e2675

Movies and Methods. An Anthology/ Editor Bill Nichols.- University of California Press, 1985 (1976).

Հրաշալի (բայց ոչ միշտ թեթև) ճամփորդություն այն հին կախարդական աշխարհում, ուր կինոքննադատությունը չի սահմանափակվել ֆիլմի սյուժեի ծիծաղելի վերապատումով, այլ մարտնչել է մշակույթի ճակատի առաջնագծում: Կինոյի տեսության այս առանցքային տեքստերի երկհատորյա անթոլոգիան լույս է տեսել, երբ film studies-ները վերջնականապես ամրապնդվել են արևմտյան համալսարանական դիսկուրսում և զինվել ստրուկտուրալիզմի, հետստրուկտուրալիզմի, լականյան հոգեվերլուծության և մարքսիզմի նորագույն (այն ժամանակների համար) տեսություններով: Առաջին հատորը, որ լույս է տեսել 1976-ին, բովանդակում է կինոյի մաքուր ու անկախ տեսությունը մշակող առանցքային նյութերի ընտրանին. Շկլովսկի, Բազեն, Էյզենշտեյն, Պազոլինի, Ումբերտո Էկո՝ գումարած ֆիլմերի մեկնաբանություններում ստրուկտուրաիզմը և սեմիոտիկան կիրառելու մի քանի արդեն դասական փորձեր: 10 տարի անց լույս տեսած 2-րդ հատորն արդեն անմարդկային ակադեմիական տեսության իսկական հանրագիտարան է, որ գլխապոտույտ առաջացնող ճարպկությամբ ֆիլմի կենդանի մարմինն անդամահատում է մեջբերումների, ալյուզիաների, թաքնված նշանակությունների, քաղաքական մանիֆեստների ու կառուցվածքների. մի գործելակերպ, որ Սյուզեն Զոնտագին ստիպեց 1966-ին գրել իր նշանավոր «Ընդդեմ մեկնաբանության» էսսեն:

Վասիլի Կորեցկի

 

Կինոյի գեղագիտության լավագույն դասագիրքa5dafbbfebad4d9781235fcf7e4da48a

Bordwell David. The Way Hollywood Tells It: Story and Style in Modern Movies.- Berkeley: University of California Press, 2006.

Կինոյի վերլուծության միանգամայն ուրիշ մոտեցման հոյակապ, հասկանալի ու հետաքրքիր օրինակ: Ֆորմալիստ և ողջամիտ կինոքննադատության կողմնակից (նաև անխոնջ բլոգեր) Դևիդ Բորդուելը զբաղվում է կինոյի պոետիկայի ուսումնասիրությամբ, այսինքն՝ այն բանի, թե տեխնիկապես ինչպես է ստեղծվել ֆիլմը և ինչն է հատկապես ստիպել հեղինակներին ընտրել այս կամ այն տեխնոլոգիան և արտադրության մարտավարությունը: Այս գրքում մանրմասն քննարկվում են աշխարհի ամենահնարամիտ, հմուտ ու ավանգարդային կինեմատոգրաֆի (այո, Բորդուելը տեսանելի ցույց է տալիս, թե ինչու են Հոլիվուդի կինոնկարները, հայտնի միօրինակությամբ հանդերձ, հաճախ շատ համարձակ և ուժեղ) օրենքներն ու փորձը՝ մատնանշելով Պիտեր Ջեկսոնի սխալներն ու Քեմերոն Քրոուի հանճարեղ լուծումները: «Ջերրի մագուայրն» այստեղ ներկայացված է որպես հեղինակային կինոյի գլուխգործոց՝ ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ:

Վասիլի Կորեցկի

 

Եվս երկու գիրք, որոնք չի կարելի բաց թողնել

Կինոթատրոնների լավագույն պատմությունb0f8054319184db980fa2ad81f3be454

Шапрон Жоэль, Жессати Присилла. Французский кинотеатр: аншлаг длиною в век / Пер. А.Беляк и Ж.Шапрона.- Москва: КоЛибри, 2016

2011 թ. լույս տեսավ Կաննի կինոփառատոնի ընտրող, UniFrance ընկերության փոխտնօրեն Արևելյան Եվրոպայի գործերով, ազգային կինեմատոգրաֆի առանձնահատկությունների անխոնջ ուսումնասիրող Ժոել Շապրոնի «Ֆրանսիական կինոյի ֆինանսավորման սկզբունքներն ու մեխանիզմները» գիրքը՝ գրված «Պիոներ» կինոթատրոնի պատվերով: Այս անգամ նրա թիրախը տեղական կինոֆիկացիայի համակարգն է, որի շնորհիվ երկիրը, որտեղ հայտնագործվել է կինոն, պահպանել է ամենատեսածի ու ամենակրթվածի հեղինակությունը:

 

Ամենախելոք գիրքը կինոյի մասինa9f98c772c0043e9848434f610eebc99

Делез Жиль. Кино / Пер. Б.Скуратова.- Москва Ad Marginem, 2013

Թեպետ կինոն Դելեզից առաջ էլ ակադեմիական ամենալուրջ պրպտումների առարկա է եղել, XX դարի խոշոր փիլիսոփաներից, որոնք մեծ մասամբ հետաքրքրվում էին կինեմատոգրաֆով սոսկ շոշափող գծով, առաջինը հենց նա է այն դրել գիտական մտքի ուրիշ հեղինակավոր ուղղությունների շարքը: «Կինո» երկհատորյակը, որ ստեղծվել է Դելեզի դասախոսությունների նյութերով, հեշտ ընթերցանություն չէ: Հեղինակի տերմինաբանությունը ցանկալի է լավ յուրացնել արդեն 20-րդ էջում, իսկ առջևում ևս 500 էջ է, որոնցում Բրեսոնի և Դրեյերի ֆիլմերը մեկնաբանվելու են Պասկալի ու Կյերկեգորի միջոցով:

Գնել՝ My-shop. ru, 838 ռուբ.

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք աղբյուր կայքում

Դիտվել է 243 անգամ