Հայկական թեմաները՝ համաշխարհային կինոյում. «Երկրաշարժ»

10401873_738754719521334_7246188647004114319_n88-ի երկրաշարժից 28 տարի է անցել. որևէ ռեժիսոր այդ թեմայով լայնակտավ ֆիլմ չի ստեղծել։ 2-3 տարի առաջ կինոմիջավայրում խոսակցություն էր շրջանառվում, թե «Մարս Մեդիա» ֆիլմարտադրող ընկերությունը՝ ի դեմս Ռուբեն Դիշդիշյանի, և եղբայրներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները մտադիր են երկրաշարժի մասին մեծածավալ ֆիլմ նկարահանել։ Հայաստանյան մամուլին նրանք ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հաղորդել կինոնախագծի ընթացքի մասին։ Եվ ահա մայիսի 31-ին Երևանում անցկացվեց հայ-ռուսական համատեղ արտադրության «Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի փակ դիտումը։ Մեկ-երկու օրով Հայաստան եկած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը ժամանակ գտավ բացառիկ հարցազրույց տալու «Կինոաշխարհին»։

- Քանի որ ֆիլմը հայաստանյան հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց, և Դուք ուշի ուշով հետևել եք դահլիճի արձագանքին, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը։ Ինչպե՞ս ընդունվեց ֆիլմն այստեղ։

- Դահլիճի կեսը լալիս էր, մյուս կեսը հազիվ էր զսպում արցունքները։ Մեզ համար շատ կարևոր էր, թե ինչպես կընդունեն ֆիլմը հատկապես գյումրեցիները։ Դահլիճում էր գյումրեցիների բնակարանային խնդրով զբաղվող բարեգործական ծրագրի ղեկավարը։ Նա ասաց. «Ամեն ինչ այնքան բնական էր ու իրական, որ թվաց՝ 88 թվականն է, ու ես Լենինականում եմ»։ Դատելով հանդիսատեսի վերաբերմունքից ու արձագանքից՝ ֆիլմն ստացվել է. համոզիչ է, իրական, ու մարդիկ հավատացին այս պատմությանը։

- Հայկական թեմաներին հայերս բծախնդրորեն ենք վերաբերվում։ Դիտողություններ չեղա՞ն։

- Ոմանք որոշ խորհուրդներ տվեցին. օրինակ՝ ֆիլմում օգտագործել Ֆլորա Մարտիրոսյանի երգը կամ նաև ցույց տալ, թե երկրաշարժի օրերին ինչ էր կատարվում Երևանում։ Ռուսաստանյան փակ դիտման ժամանակ ևս հայերը մի քանի խորհուրդներ տվեցին։ Օրինակ՝ կարծիք հնչեց, որ ֆիլմի հերոսուհիներից մեկը ոչ թե ասի՝ папочка, այլ папа ջան։ Ի դեպ, ռուս հանդիսատեսն արցունքների միջից հոտնկայս ծափահարություններով ընդունեց «Երկրաշարժ» ֆիլմը։ Այդ նուրբ դետալները, որ նշվեցին, կարող է տեսնել միայն հայի աչքը։ Կարծում եմ՝ դրանք մեծ դեր չեն խաղում։ Ուզում եմ նշել մի շատ կարևոր հանգամանք. «Երկրաշարժը» դիտելու են մեծ մասամբ օտարազգիները, որոնք ամենևին չեն էլ նկատելու հայկական նուրբ դետալների բացակայությունը։ Եթե որոշենք ֆիլմում ներառել նաև երևանյան տեսարաններ, ապա առաջիկա մեկ-երկու ամսում պետք է դրանք նկարենք, որովհետև ժամանակը սուղ է։ Առանց այդ էլ ֆիլմը դեռևս ամբողջական տեսքի բերված չէ։ 90 տոկոսով է այն պատրաստ։ Իսկ մենք մտադիր ենք մինչև հոկտեմբեր «Երկրաշարժը» ներկայացնել «Օսկարի»։

- Մինչ այդ ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն։ Հարկ է, որ «Օսկարի» ներկայացվելիք ֆիլմի մասին միջազգային լայն շրջանակներում շատ խոսվի, լավ արձագանքներ ստացվեն։

- Մենք կարող ենք ֆիլմը ներկայացնել Լոկառնոյի, Կառլովի Վարիի և էլի մի շարք փառատոների, բայց պետք է ընտրել դրանցից մեկը։ Ու մենք նախապատվությունը տվեցինքն Տորոնտոյի կինոփառատոնին, որովհետև այնտեղ հանրահռչակման լայն հարթակ կա։ Հավաքվելու են աշխարհի ամենահեղինակավոր կինոգործիչները, պրոդյուսերները, դիստրիբյուտորները։ Եթե ամերիկյան մամուլը դրական արձագանքի մեր ֆիլմին, ապա դա կհեշտացնի ճանապարհը դեպի «Օսկար» մրցանակաբաշխություն։ Գաղտնիք չէ, որ Տորոնտոյի փառատոնում հաջողություն վաստակած ֆիլմերին ամերիկյան կինոմիջավայրն ու մամուլը մեծ ուշադրություն են դարձնում, իսկ դա արդեն լուրջ նախադրյալ ու երաշխիք է «Օսկարի» առաջադրվելու համար։

- Պաշտոնապես ո՞ւմ կողմից պետք է «Երկրաշարժը» ներկայացվի «Օսկարի»։

- Մենք արդեն խոսել ենք Հայաստանի պետական մարմինների հետ, որովհետև որպես հայկական ֆիլմ՝ Հայաստանի Հանրապետությունն այն պաշտոնապես պետք է ներկայացնի «Օսկարի»։ Այդ հարցերով զբաղվելու է «Շարմ» ընկերությունը։ Դա Հայաստանի կողմից կլինի բարոյական աջակցություն, որը ևս գնահատելի է։

11350650_871795782887814_8026141206998146815_n- Ձեր կարծիքով՝ «Երկրաշարժն» ինչո՞ւ պետք է հետաքրքրի օտարազգիներին։ Ի՞նչ նախադրյալներ կան դրա համար։

- Այս ֆիլմում ներկայացված են մարդկային ճակատագրեր։ Յուրաքանչյուր հերոս ունի իր պատմությունը։ Մենք ցանկացել ենք շեշտը դնել մարդկային փոխհարաբերությունների վրա՝ միաժամանակ ցույց տալով բնության արհավիրքը, որը կարող է պատուհասել ոչ միայն հային, այլև ճապոնացուն, իսպանացուն, ռուսին, ամերիկացուն։ Յուրաքաչյուր ոք՝ անկախ ազգային պատկանելությունից, տարիքից և այլ կարգավիճակներից, ֆիլմում իրեն կտեսնի, նույն ցավը կզգա, ինչն զգացել ու ապրել է հայը։ Սա հայկական պատմություն է, բայց համամարդկային ողբերգություն։ Թեման հայկական է, իրադարձությունները կատարվել են Հայաստանում, որի տեղն օտարազգիները չգիտեն էլ, բայց նրանք կիմանան, որ 88 թվականին այստեղ տեղի է ունեցել երկրաշարժ, և հայ ժողովուրդն անցել է սարսափելի դժոխքի միջով ու վերածնվել, վերապրել, վերագտել իրեն։ Միքայել Պողոսյանի մարմնավորած հերոսն ասում է. «Ի՞նչ պիտի անենք. 3000 տարի ապրել ենք, էլի կապրենք»։ Սա նաև հաղորդագրություն է, ինֆորմացիա՝ հայերիս մասին։ Մենք հին ազգ ենք ու աշխարհի երեսին ապրում ենք արդեն մի քանի հազարամյակ։ Ժամացույցի սլաքները 11:41-ից շարժվում են դեպի 11:42։ Սա ֆիլմի վերջին կադրն է. այսինքն՝ կյանքը շարունակվեց, և շնորհակալություն նրանց, ովքեր իրենց մեջ ուժ գտան ահավոր կորուստներից հետո նորից ապրել։
Իմ ամերիկացի ընկերներից մեկը դիտեց ֆիլմն ու արտասվեց. նա այնտեղ իր հարազատին տեսավ, իր մաշկի վրա զգաց այդ մեծ ողբերգության հետևանքները։ «Երկրաշարժը» տեսել են նաև չինացիները. դարձյալ հուզվել են ու արտասվել։ Մի կարևոր հանգամանք ևս. ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։ Ամերիկացիները կարող են երկրաշարժի մասին ֆիլմ նկարել, թե օրինակ ինչպես է վայելչակազմ, ճերմակ ատամնաշարով գլխավոր հերոսն ուղղաթիռով գնում՝ փրկելու իր դստերը։ Գեղեցիկ, ազդեցիկ տեսարաններով ֆիլմ կստացվի, ճիշտ է, բայց՝ հեքիաթ, հորինվածք։ Իսկ մեր պատմությունն իրական է, եղելություն։ Ֆիլմի վերջում գրվում է, որ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը նույնքան ավերիչ ու ծանր հետևանքներ ունեցավ, որքան կունենար ատոմային 4 ռումբի պայթյունը։ Սրանք շատ ազդեցիկ ու կարևոր փաստեր են, որոնք միայն մեր ֆիլմում կան՝ իրականության վրա կառուցված «Երկրաշարժում»։

- Հույզեր, մարդկային խեղված ճակատագրեր, ավերածություններ ու կորուստներ, իսկ որո՞նք են կինոյի գեղագիտությունն ու մեսիջը։ Ո՞րն է այն գլխավոր գաղափարը, ասելիքը, որ հետապնդում է ֆիլմը և ուզում, որ այն տեղ հասնի։

- Երբ ինձ հարցրեցին՝ ինձ համար ֆիլմն ինչի՞ մասին է, պատասխանեցի. «Այն մասին, որ ինչ էլ լինի, պետք է ապրել»։ Եթե «Երկրաշարժը» դիտելուց հետո մարդիկ դուրս 4118627գան դահլիճից ու մտածեն, թե ինչ լավ է, որ իրենք, իրենց ընտանիքը ողջ-առողջ են, գնան տուն, գրկեն իրենց երեխաներին ու շնորհակալ լինեն այդ պահի համար, ուրեմն մենք հասել ենք մեր նպատակին։ Ես ուզում եմ մեջբերել գլխավոր դերակատարի խոսքը՝ սա ֆիլմ է ոչ թե նրա մասին, թե որքան դաժան է կյանքը, այլ թե ի՜նչ հրաշալի է կյանքը։
Ֆիլմի գլխավոր հերոսի արժանապատվությունը վիրավորված է. ու հիմա հարց է առաջանում՝ նա վրեժխնդիր կլինի՞ արդյոք։ Սակայն իր կյանքը զոհելով՝ նա ուրիշին է փրկում։ Միքայել Պողոսյանի հերոսը դիմում է Աստծուն. «Ինչո՞ւ ես ասքան ցավոտ բացատրում ամեն ինչ»։
Բացահայտվում են մարդիկ, փոխվում ու փոխակերպվում են նրանք։ Հարաբերություններում երևում է նրանց ով լինելը, և առաջին պլանում դրվում են սերն ու ընտանիքը։ Մարդը վերագտնում է իրեն, վիրավորվանքը տեղի է տալիս անձնազոհությանն ու մեծահոգությանը։ Սրանք ևս համամարդկային արժեքներ են, որոնք հասանելի ու հասկանալի են բոլորին՝ անկախ սեռից, ազգային պատկանելությունից ու տարիքից։

- Դուք նախկինում ևս ֆիլմեր եք նկարահանել, բայց «Երկրաշարժը» ձեր առաջին լայնածավալ, մեծ բյուջեով ու պատասխանատու աշխատանքն է։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ թեման։

- Ինձ շատերն են հորդորել, որ նկարեմ ցեղասպանության, ոչ թե երկրաշարժի մասին ֆիլմ։ Ինչո՞վ հետաքրքրեց ինձ հենց այս թեման, որովհետև այստեղ քաղաքականություն չկա. բնության տարերքն է ու դրա հետևանքները, մարդիկ են, որոնք պայքարում են ու փորձում վերապրել։ Բացի այդ, 88-ի երկրաշարժը 2000-ականներից սկսած՝ մի տեսակ մոռացվել էր։ Երբ համացանցում տեղադրեցինք ֆիլմի թրեյլերը, շատերը զարմացական խոսքեր գրեցին, թե իրենք չեն էլ իմացել, որ Հայաստանում ավերիչ երկրաշարժ է եղել։ Հատկապես նոր սերունդը ոչինչ չգիտի։ Իսկ ավելի տարիքով մարդիկ շնորհակալություն էին հայտնում, որ հիշել ենք այդ թեման ու ֆիլմը նվիրում ենք երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նրանց մեջ կային նաև երկրաշարժի ականատեսներ, ցավոք, և կորուստ ունեցողներ։ Թող աշխարհն իմանա, թե ինչերի միջով է անցել հայ ազգը։

- Կարելի՞ է ենթադրել, որ մտածում եք նաև Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու մասին, մանավանդ որ հայկական թեմա էկրանավորելու փորձ ունենք արդեն։

- Ցեղասպանության ֆիլմի մասին էլ ենք մտածել, բայց մեծ բյուջե է պետք։ Մի բան պետք է մեկընդմիշտ նկատի ունենալ՝ ազգային թեմաներով ֆիլմերը չեն կարող փող բերել։ Հայկական թեմայով ֆիլմերն ուղղակի պետք է նկարահանվեն, ու վերջ։ Դրանք շատ պետք են մեր ազգին. սա պետք է բոլորը հասկանան ու իրենց հնարավորությունները մեկտեղեն՝ լավ, ուժեղ ֆիլմեր ստեղծելու համար։ Բացի այդ, նման ֆիլմերը չպետք է պատվեր լինեն ու քաղաքական ենթատեքստ պարունակեն։ Կարևորն այն է, որ լավ, որակյալ, ազդեցիկ ֆիլմ լինի, իսկ գլխավոր ասելիքը, ենթատեքստը, ուղերձը բոլորը կհասկանան։ Ինչու և ինչպես են հաջողում հրեաները. որովհետև նրանք նկարում են ֆիլմ իրենց մասին, բայց հասկանալի բոլորին։ Երբ Սփիլբերգը նկարում էր «Շինդլերի ցուցակը», ամենևին չէր մտածում քաղաքական ենթատեքստի մասին, նա Իսրայելի պատվերը չէր կատարում, այլ լավ սցենարի հիման վրա նկարում էր լավ ֆիլմ, որը հուզեց ամբողջ աշխարհին, ու ամբողջ աշխարհը դրանից իր հետևություններն արեց Հոլոքոստի մասին։ Մենք էլ պետք է այդ սկզբունքով առաջնորդվենք, նկարենք ցեղասպանության մասին հզոր ֆիլմ՝ առանց քաղաքական ենթատեքստի ու նպատակների, իսկ հետևությունները մարդիկ անպայման կանեն։ Բացի այդ, ցեղասպանության մասին ֆիլմում իրականությունը պետք է ներկայացվի ամբողջ դաժանությամբ։ Ռեժիսորական հնարք են համարվում այն կադրերը, երբ մեկի վիզը թռցնում են, բայց այդ տեսարանի փոխարեն պատի վրա գործողության ստվերն ենք տեսնում միայն։ Ի՞նչ իմաստ ունի այդ ռեժիսուրան։ Բարբարոսությունը պետք է ներկայացվի որպես բարբարոսություն՝ անխնա ու առանց խմբագրումների։

- Ձեր կարծիքով` ցեղասպանության մասին ֆիլմի հիմնաքարն ի՞նչը պետք է լինի:

- Ազգային թեմայով ֆիլմերը պետք է հիմնված լինեն մի շատ կարևոր, ֆունդամենտալ արտահայտության կամ տեսարանի վրա, որն էլ հենց ֆիլմի առանձնահատկությունը կլինի։ Օրինակ՝ Շինդլերը գերմանացիների ներկայությամբ համբուրում է հրեա աղջնակի ճակատը. սա կարևորագույն դրվագ է։ Պետք է մտածվեն, փնտրվեն ու գտնվեն նման ուժեղ հատվածներ, որոնք էլ հենց կխտացնեն ֆիլմի ասելիքը։ Պետք է ցույց տալ համամարդկային ողբերգությունը՝ ազգային առանձնահատկություններով։ Մի կարևոր նախապայման ևս. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ռեժիսորը պետք է անպայման լինի հայ, որովհետև օտարերկրացին որքան էլ կարդա, ուսումնասիրի այդ թեման, միևնույն է, չի կարող լիարժեք զգալ ու արտահայտել մեր ողբերգության ու ազգային ցավի խորությունը, մեր ապրածն ու տեսածը, մեր կորցրածն ու զգացածը:

Հ.Գ. Ազգային թեմաները ճիշտ ներկայացնելու նպատակով կարևոր է եղել նաև այն, որ սցենարիստները ևս հայ լինեն։ «Երկրաշարժ» ֆիլմի սցենարը գրել են Արսեն Դանիելյանն ու Հրանտ Բարսեղյանը։ Ռուս սցենարիստներն օգնել են նրանց։ Ինչքան էլ որ երկրաշարժ երևույթը համամարդկային ողբերգություն է, այնուամենայնիվ 88-ի երկրաշարժին վերագրվում է հայկական պատկանելություն՝ հայկական պատմություններով ու հայկական հետևանքներով։

Նաիրա Փայտյան

 

Դիտվել է 127 անգամ