Անուշ Էլբակյանն արժանացել է ամերիկյան «Նոր Անգլիա «Էմմի» մրցանակին

Anush-Elbakyan2016 թ. հունիսի 4-ին տեղի ունեցած Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի`«Էմմի» 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ 25-ամյա հայազգի լրագրող Անուշ Էլբակյանն արժանացել է «Նոր Անգլիա «Էմմի» մրցանակին՝ Նորությունների լուսաբանման` «Կարճ վավերագրական նյութ/ ֆիլմ» անվանակարգում (New England Emmy Awards –News Report – Serious Feature):

Մրցանակակիր «Մեկ օր Լեոյի կյանքից» կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է Լեո անունով տղայի կյանքից մի դրվագ: Երեխան բնակվում է Արևելյան Աֆրիկայի Բուրունդի պետության հեռավոր գյուղերից մեկում։ 2 տարեկանում նա ընկնում է տան խոհանոցում ճաշ պատրաստելու համար վառված խարույկը և ստանում խոր այրվածքներ։ Երբ բոլորն արդեն մտածում են, որ երեխան մահացել է,  նա կյանքի նշաններ է ցույց տալիս։ Հետագայում 4 տարեկան Լեոն խնամակալ Ալեքի հետ մեկնում է Բոստոն վիրահատվելու։ 4-ամյա Լեոն ստիպված է բաժանվել ծնողներից և ժամանակավորապես բնակվել Բոստոնում և իր անձնվեր խնամակալի օգնությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները՝ վերագտնելով ապագայի հույսը:

Անուշն ավելի վաղ ստացել է ևս երկու հեղինակավոր մրցանակ։ Նա մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների և հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել է Փուլիթցերյան մրցանակի, ինչպես նաև ստացել է ԱՄՆ-ի՝ Առցանց նորությունների ասոցիացիայի (Online News Association)՝ առցանց լրագրության մրցանակը (Online Journalism Award)՝ հրատապ նորությունների լուսաբանման համար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Դիտվել է 113 անգամ