Ատոմ Էգոյան. «Բեռլինի խիզախությունը թույլ չի տալիս մոռանալ հայերի ողբերգությունը»

073036302-ca235950-4d7a-47fd-a811-6f884fb719b8«Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումից հետո Թուրքիան չի կարող շարունակել հերքել այն: Ուստի ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ քայլին»,- իտալական Corriere della Sera պարբերականին ասել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որ շարունակ պայքարել է հայերի ողբերգության հիշատակը վառ պահելու համար:

- Ի՞նչ կարծիքի եք Բունդեսթագի բանաձևի մասին:
- Գերմանիան ապացուցեց իր բարձր բարոյական հեղինակությունը՝ ցույց տալով, որ կարող է համակերպվել իր պատմության մութ էջերի հետ: Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և վկայություններ կան, որ նա տեղյակ էր Հայոց ցեղասպանության պլանների մասին: Գերմանացիները թուրքերից սովորեցին, որ պատերազմի քողի տակ կարելի է նման հանցագործություններ կատարել:
Գերմանիան առավել, քան երբևէ, Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիքն ունի միգրացիոն հոսքի պատճառով: Սակայն նա կատարեց իր սխալներն ընդունելու բարոյական ընտրությունը:

- Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար և ամբողջ հայության համար:

- Սա, իհարկե, շատ հրաշալի իրադարձություն է մեզ համար: Չնայած որ մինչ անցած տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք շարունակ լսում էինք, որ այն մոռացված ցեղասպանություն է: Տխուր է մտածել, որ բոլոր նահատակված հայերի ողբերգությունը ժխտվել և մոռացվել է: Զոհերի մեծ մասը մահացել է մոռացության մատնված վիճակում:

 - Այդ ողբերգության հետքը կա Ձեր կյանքի և ստեղծագործության վրա:

- Դա ցավ է, որը միշտ ուղեկցում է քեզ ամենուր: Բայց մենք ապրել ենք մինչև այս օրը այդ թվում հայ մտավորականների ջանքերի շնորհիվ, որը վառ է պահել կենդանի հիշատակը, երբ ամբողջ աշխարհն անտարբեր էր թվում: Չկա նման մասշտաբի որևէ այլ հանցանք, որ մինչև հիմա ճանաչված չլինի: ԽՍՀՄ-ը ճանաչել է Ստալինի հանցագործությունները, ճապոնացիները խոսում են Նանջինգի ջարդի մասին: Գերմանացիների որոշումը հիմնարար հանգույց է:

- Ո՞րն է այդ հանգույցը:

- Այն, որ եթե նույնիսկ հանցանքի մեղավորները շարունակեն այն ժխտել, հնարավորություն է ստեղծվում դրա միջազգային ճանաչման համար: Այսօր մենք գլոբալացված հասարակությունում ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ինչպես իր արարքների, այնպես էլ ուրիշների կատարած իրավախախտումների համար: Իմ ֆիլմերում միշտ արծարծվել է ճշմարտության թեման: Յուրաքանչյուրը պարտավոր է առերեսվել անցյալի հետ, նույնիսկ եթե այն շատ դաժան է: Այն թաքցնելու դեպքում հասարակությունը կկործանվի:

- Թուրքիայի կառավարության արձագանքը շատ կոշտ էր:

- Դա սպասելի էր: Նրանք չեն ցանկանում ընդունել, որ ընդունակ են եղել այդպիսի սարսափելի արարքի: Սակայն այլևս անհեթեթ է ներկայանալ որպես արևմտյան աշխարհի ստերի զոհ: Հստակ պետք է նշել, որ յուրաքանչյուր ազգ կարող է բացահայտել նմանատիպ գործողությունները, մենք բոլորս պարտավոր ենք պաշտպանել մեզ: Տարիներ շարունալ մենք՝ կանադացիներս, հավատացած էինք, որ շատ ավելի արդար ու մարդկային ենք վարվել, քան Միացյալ Նահագները տեղաբնիկների հետ: Հետո բացահայտեցինք, որ այդպես չէ, և կարողացանք ընդունել այդ սարսափելի ճշմարտության հետևանքները:

- Թուրքիայում ինչ-որ բան է փոխվում…

- Կան կազմակերպություններ, և անգամ առանձին համարձակ քաղաքացիներ, որոնք այլևս չեն ուզում աչք փակել: Անցյալ ամռանը ես Թուրքիայում էի: Փոփոխությունները տպավորիչ էին: Տասը տարի առաջ այդ մասին հնարավոր չէր լինի անգամ խոսել»:

- Ու՞մ հետ կուզեիք անցկացնել այս օրը:

- Տատիկիս: Նա ցեղասպանությունից հետո որբացել էր: «Արարատ» ֆիլմի գլխավոր երգը՝ «Երազը», նրան էր նվիրված: Ես ուզում էի, որ նա, որտեղ էլ որ լիներ, տեսներ, թե ուր ենք հասել: Նա անգամ չգիտեր, թե որտեղ է ծնվել, և ովքեր են իր ծնողները: Ես կուզեի, որ նա իմանար, որ իր պատմությունը մինչև հիմա կենդանի է:

Թարգմ.՝ Սուսաննա Խաչատրյանի

Դիտվել է 295 անգամ