«Հայկական մանրապատումներ»՝ նոր ֆիլմ մեր մասին

959G5370_03.AVI_snapshot_00.22_[2016.06.04_11.34.10]Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Աշոտ Ջազոյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանել է հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վավերագրական կարճամետրաժ ֆիլմ, որի յուրաքանչյուր մեկ րոպեն ներկայացնում է հայկական արհեստների ու արվեստների առանձին ոլորտ։ Հատկապես օտարազգի կինոդիտողն այս ֆիլմի միջոցով կարող է ծանոթանալ մեր ազգային առանձնահատկություններին, մեր ժողովրդական վարպետների, ինչպես նաև արվեստագետների ստեղծագործություններին։ 19 րոպե տևողությամբ «Հայկական մանրապատումներ» վավերագրական ֆիլմը փորձել է էկրանից կինոդիտողին հաղորդել մեր լավաշի, սուջուխի բույրն ու համը, խաչաքարի, հայկական ճարտարապետության, ու մեր գորգերի ոգեղենությունը, ծիրանափողի կանչը, մյուռոնօրհնեքի աստվածային էությունը959G5370_02.AVI_snapshot_01.19_[2016.06.04_11.40.46]։

Ստեղծագործական խումբն աշխատել է 4-5 ամիս, նկարահանել ահռելի ծավալի նյութ, որից ընտրել է ընդամենը 19 րոպե՝ ամենախոսուն, դիպուկ կադրերը, որոնք առանց պատմողական տեքստի ամբողջացնում են հայկակակն կոլորիտը, պատմությունը, նկարագիրն ու առանձնահատկությունները։ Մասնագետների խոսքով՝ «Հայկական մանրապատումներ» ֆիլմը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց, որ ֆիլմն արտերկրի էկրաններին ցուցադրելու համար պատրաստվում են մեր երկրում գործող տարբեր դեսպանությունների հետ բանակցել։ Ճանաչողական այս ֆիլմը կարող է նպաստել մեր երկրում զբոսաշրջության աշխուժացմանը։

Իսկ ռեժիսոր Աշոտ Ջազոյանն էլ պատմեց, որ «Հայկական մանրապատումներն» արդեն ցուցադրվել է Մոսկվայում, Դանիայում և Հելսինկիում ու արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին։ Օտարազգիները հետաքրքրված են մեր երկրով և ցանկություն են հայտնել այցելել ու սեփական աչքերով տեսնել այն, ինչ ցուցադրված է ֆիլմում։ Մեզ համար սովորական դարձած արժեքները՝ լավաշի թխման, սուջուխ պատրաստելու, խաչքար ու եկեղեցի կերտելու, երկաթ կռելու, գինի պատրաստելու արարողությունները, օտարի համար բացառիկ ու զարմանահրաշ իրադարձություններ են՝  էկզոտիկա։

959G5370_02.AVI_snapshot_01.05_[2016.06.04_11.40.04]Մարդկային կյանքի միօրինակությունից, տեղեկատվական տեխնոլոգիաների հորձանուտից, ամենօրյա խելագար ռիթմից բարեբախտաբար դուրս մնացած մեր ավանդույթներն ու արհեստագործությունը հետաքրքիր ու յուրօրինակ աշխարհ կարող է դառնալ օտարերկրացիների համար։ Այդ աշխարհի հետ ծանոթացնող «Հայկական մանրապատումներ» ֆիլմը, կինոյի մարդկանց կարծիքով, պետք է ցուցադրման հնարավորինս լայն աշխարհագրություն ունենա։ Ֆիլմի յուրաքանչյուր սյուժեն ներկայացված է հայկական երաժշտության ուղեկցությամբ, իսկ այդ սյուժեները միմյանցից առանձնանում են դհոլահարաների մանկապատանեկան անսամբլի ելույթներով։

«Հայկական մանրապատումներ» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Կինոպարկ» կինոթատրոնում։

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 109 անգամ