«Երկրաշարժ»` մարդկային ճակատագրեր և տառապանք` բոլորին հավասարապես հասկանալի ու սրտամոտ

1457167623_zemletryasenie-2016«Երկրաշարժ» ֆիլմի հեղինակային խումբը սկսել է նախնական ցուցադրությունների շարքը ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ֆիլմն արդեն ներկայացվել է ամերիկյան և չինական կինոարտադրության ներկայացուցիչների գնահատմանը: Օրերս «Երկրաշարժի» փակ դիտում տեղի ունեցավ նաև Երևանում: 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժին նվիրված «Մարս մեդիա » ընկերության մեծամասշտաբ կինոնախագիծը հայ հանդիսատեսին ներկայացնում էին պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն ու ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը: Արդեն տարեվերջին՝ աղետի տարելիցին ընդառաջ, ֆիլմը կհայտնվի կինովարձույթում, իսկ մինչև այդ հեղինակներն այն ներկայացրել են Վենետիկի կինոփառատոնի կազմկոմիտեին և սպասում են նրանց պատասխանին: Նախնական ցուցադրությունների ընթացքում ֆիլմի պրոդյուսերական ու ստեղծագործական թիմը փորձում է առաջին արձագանքների միջոցով գնահատել այն: Եռամյա աշխատանքի, ֆիլմի հետ կապված ակնկալիքների ու «Երկրաշարժի» հետագա ճակատագրի մասին «Կինոաշխարհը» զրուցել է Ռուբեն Դիշդիշյանի հետ:

 

 

 

 

 

- Ինչո՞ւ Սպիտակի երկրաշարժից գրեթե 30 տարի անց նոր միայն որոշեցիք անդրադառնալ այդ թեմային:

5619214_4563403- Այս նախագծի վրա արդեն 3 տարի է, ինչ աշխատում ենք: Նախ սցենարի մասին էինք մտածում, հետո՝ լուծումների: Նախագիծը մեզ հասավ 3 տարի առաջ, բայց այդ մասին մենք մտածում էինք շատ վաղուց: Երևի հանգամանքների բերումով էր, որ այժմ համատեղվեցին բոլոր հնարավորությունները և հաջողվեց դա իրականացնել հիմա, բայց միշտ էլ մտածել եմ այդ մասին, քանի որ ինքս էլ մասնակիցն ու ականատեսն եմ եղել այդ ողբերգական իրադարձություններին:

- Նման նախագծերում չափազանց մեծ է մարդկային ցավի, հիշողության ու թեմայի հանդեպ բավականաչափ նրբանկատ ու զուսպ չլինելու վտանգը: Ունեի՞ք այդ մտավախությունն ու պատասխանատվությունը:

- Ճիշտ եք, չափազանց նուրբ թեմա է, քանի որ դրա հետևում շատ մեծ մարդկային ողբերգություն և ցավ կա: Մենք, իհարկե, և´ վախենում, և´ հասկանում էինք, թե որքան բարդ թեմա է, և ինչքան զգույշ ու նրբանկատ պետք է լինենք այն մարդկանց հանդեպ, ովքեր ապրել են այդ ցավը: Շատ երկար մտածում էինք՝ ինչպես անել, որ նորից չցավեցնենք մարդկանց, և նրանք ընդունեն ֆիլմը: Չգիտեմ, ինձ թվում է, որ մենք կարողացել ենք դա անել: Բայց ֆիլմը դեկտեմբերին կհայտնվի էկրանին և միայն այդ ժամանակ կերևա, թե որքանով է դա մեզ հաջողվել: Հիմա մենք առաջին միջազգային թեստ ցուցադրություններն ենք անցկացնում: Ամերիկացիներն ու չինացիները շատ ջերմ ընդունեցին: Ռուսաստանում դիտմանը հրավիրեցինք մոտ 40 մարդու , որոնց ճիշտ կեսը մոսկվացի հայեր էին, իսկ մյուսները՝ մասնագիտական ոլորտի մարդիկ՝ կինոինդուստրիայի դեմքեր և Ռուսաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Նախարությունը, ի դեպ, մասնակիորեն ֆինանսավորել է մեր նախագիծը: Ֆիլմը բոլորին դուր եկավ, ինչ-ինչ փոքր դիտողություններ, իհարկե, եղան, և հիմա մենք աշխատում ենք դրանք հաշվի առնել վերջնական մոնտաժի ընթացքում: Իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը:

- Հիմա, երբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդները տարանջատված են ազգային թշնամանքով, տարատեսակ քաղաքական ու տնտեսական շահերով, Ձեզ համար կարևոր էր խոսել այն մեծ համախմբվածության ու հումանիզմի մասին, որ ցուցաբերվեց աղետյալ Հայաստանի նկատմամբ:

- Այո, նման բան կար: Ըստ էության, դա վերջին իրադարձությունն էր, որն ասես միավորեց ԽՍՀՄ ժողովուրդներին: Բոլորն այդ ցավն ընդունեցին ինչպես իրենցը: Մեզ ինչ-որ չափով հաջողվեց ֆիլմում դա ցույց տալ: Գուցե կարելի էր շատ ավելի հանգամանորեն դրան անդրադառնալ, բայց, ցավոք, ֆիլմի ձևաչափն այդ հնարավորությունը չէր տալիս: Բայց այդ թեման իհարկե կա:

- Ենթադրում եմ, որ Ձեզ համար առանձնահատուկ կարևոր պիտի լիներ հայկական կինոլսարանը:

- Այո: Աշխատել ենք, որ այն հասկանալի և ընդունելի լինի առաջին հերթին հայ հանդիսատեսի համար: Բացի այդ, մաքսիմալ ընդգրկեցինք հայ դերասանների, երաժշտությունը գրեցին հայ հեղինակներ: Բայց մյուս կողմից՝ ֆիլմում ունենք նաև ռուս հերոսներ, որոնք այդ ժամանակ ապրում էին Լենինականում: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է ստեղծել մի ֆիլմ, որն առաջին հերթին շատ հարազատ է հայ հանդիսատեսին, ինչը և ուզում էինք, բայց նույնքան հասկանալի և ընդունելի է նաև ռուս հանդիսատեսի ու մյուս ազգերի համար: Ի վերջո, ֆիլմում մարդկային ճակատագրեր են և տառապանք, իսկ դա միշտ էլ համամարդկային երևույթ է՝ բոլորին հավասարապես հասկանալի ու սրտամոտ:

- Եվ ինչպիսի՞ն էր առանձնահատուկ լսարանի առաջին արձագանքը:

- Գիտեք, մոտ 5 տասնյակ մարդ նայեց ֆիլմը՝ կինոմասնագետներ և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ , նաև ՝ հասարակ հանդիսատես: Նրանց կարծիքը մեզ իհարկե հետաքրքում է: Բավական դրական արձագանք ստացանք հատկապես հասարակ մարդկանցից, իսկ մասնագետների կարծիքը միանշանակ չէր. նրանք հարցեր ու դիտողություններ ունեին: Այդ գնահատականները մեզ համար շատ կարևոր են, և մենք որքան հնարավոր է դրանք հաշվի կառնենք, ինչ-ինչ բաներ դեռ կարող ենք փոխել, բայց նոր նկարահանումներ արդեն չենք կարող անել:

- Բավականին ծախսատար նախագիծ էր, արդյունքը արդարացրե՞լ է Ձեր սպասումները:

- Այո, ֆիլմի բյուջեն մոտ 200 մլն ռուբլի է, այսինքն` մոտ 4,5 մլն դոլար: Եթե արդյունք ասելով՝ նկատի ունեք գեղարվեստական կողմը, ապա ՝այո: Ինչ վերաբերում է կոմերցիոն կողմին, ապա վարձույթը ցույց կտա, այս պահին դեռ ոչնիչ չեմ կարող ասել: Բայց հիմա արդեն, տեսնելով ամերիկացի և չինացի դիստրիբյուտորների ակնհայտ շահագրգռությունը մեր ֆիլմի հարցում, կարող եմ ասել, որ հետաքրքիր վարձութային ճակատագիր կունենա ամբողջ աշխարհում: Ռուսական թեստ ցուցադրությունները վկայում են, որ Ռուսաստանում ևս կունենա կոմերցիոն հաջողություն: Հույս ունեմ եմ, որ նույնը կլինի Հայաստանում: Բայց նաև պետք է ասեմ, որ այս ֆիլմի կոմերցիոն հաջողությունն ինձ համար ամենավերջին տեղում է: Անհամեմատ ավելի կարևոր է, որ ֆիլմը դուր գա մարդկանց և էմոցիոնալ առումով նրանց հուզի և տպավորի: Այս պահին ինձ համար դա ամենակարևորն է:

Հարցազրույցը` Նունե Ալեքսանյանի

Դիտվել է 360 անգամ