«Անբան Հուռին» նվեր՝ երեխաների տոնին

հուռռռռռռռռռռՀունիսի 1-ից երևանյան կինոթատրոններում կցուցադրվի հայկական նոր մուլտֆիլմ՝ «Անբան Հուռին»՝ նկարահանված Հովհաննես Թումանյանի համանուն  հեքիաթի հիման վրա։ «Մուլտ արտ+» ստուդիայում այս օրերին պատրաստվում են պրեմիերային։ Ստեղծագործական ամբողջ խումբը՝ մոտ 30 հոգի, 4 տարի աշխատել է ու ստեղծել դասական մուլտֆիլմի կանոններով ու օրենքներով «Անբան Հուռին» անիմացիոն նկարը։

   Բեմադրող ռեժիսոր, սցենարիստ Արթուր Միքայելյանը, չնայած անցած-գնացած դժվարություններին, երանությամբ է հիշում այն օրը, երբ որոշեցին նկարել «Անբան Հուռին»՝ ունենալով ընդամենը 1 միլիոն դրամից մի քիչ ավելի գումար։ Եվ դա այն դեպքում, երբ հստակ գիտեին՝ անիմացիայի 5 վայրկյան պատկերի համար անհրաժեշտ է  1200 նկար։ Ընկերներից, մտերիմներից, հարազատներից  բացի, օգնել են նաև երիտասարդ կամավորները։ Մուլտֆիլմի նկարահանմանը զուգընթաց՝ մուլտֆիլմի բեմադրող նկարիչ Իգոր Պատրինը նաև դասընթացներ է անցկացրել։ Մասնակիցների մի մասը ներգրավվել է մուլտֆիլմի աշխատանքներում։ Մյուսները թեև չեն ներգրավվել, բայց մասնագիտական հստակ ուղղություն են բռնել՝  ինքնադրսևորվել անիմացիայի ոլորտում, ստեղծագործել ու նոր մուլտֆիլմեր նկարել։

Արթուր Միքայելյանը մեծ ոգևորությամբ ու գոհունակությամբ է նշում յուրաքանչյուրի անունը։ Թիմային  աշխատանքը վերջնական արդյունք է տվել։ Պրեմիերայից առաջ kinoashkharh.am-ը զրուցեց Արթուր Միքայելյանի հետ։

հուռ3-Երբ կա սցենար ու համոզմունք, որ այն լավն է, թիվ 1 խնդիրը գումար ճարելն է դառնում։ Ինչպե՞ս ընդունեց այդ «մարտահրավերը» ձեր ստեղծագործական խումբը։

-«Անբան Հուռին» անիմացիոն ֆիլմը  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Մուլտարտ +» ընկերության համատեղ աշխատանքն է։ Պետական աջակցությունը ֆիլմին կազմում է 12. 300.000 դրամ։ Ընդհանուր բյուջեն մոտ 75. 000 դոլար է՝ 31.300. 000  դրամ։ Ազագային կինոկենտրոնի տրամադրած գումարից բացի, մնացած 20 միլիոն դրամը «Մուլտարտ+» ընկերությունը ձեռք է բերել indiegogo  միջազգային հարթակում կազմակերպած դրամահավաքի արդյունքում։ Շատերը դիտելով մուլտֆիլմից մի հատված կամ ուղղակի տեղեկանալով ստեղծագործական խմբի նախաձեռնության մասին՝ հոժարակամ նվիրատվություն են արել՝ փորձելով աջակցել նախագծի իրականացմանը, «Անբան Հուռին» հեքիաթ-մյուզիքլի էկրանավորմանը։ Մուլտֆիլմի մի փոքրիկ հատվածը You tube-ում 2 միլիոն դիտում է արձանագրել։ 2012-ին ունեցանք փոքրիկ ֆինանսավորում, 2013-ին ընդհանրապես չունեցանք, բայց գումարներ հայթայթելով՝ պահեցինք  նախագիծը։ 2014-ին հանրային հանգանակության շնորհիվ  անհրաժեշտ գումարը հավաքվեց։

-Սկիզբ և վերջ. իհարկե, դրանց մեջտեղում է իրականացել ստեղծագործ աշխատանքը, ու հիմա պտուղները քաղելու ժամանակն է։ Շա՞տ սպասեցիք այդ օրվան։

-Ստեղծագործական խումբն սպասում է ամենակարևոր գնահատականին՝ հանդիսատեսի արձագանքին։ 4 տարի ամբողջ ուժով աշխատել ենք ու հիմա շունչներս պահած, սրտատրոփ սպասում ենք պրեմիերային. օրն արդեն նշանակված է՝ հունիսի 1, «Մոսկվա» կինոթատրոն։ Թեև մեր ընկերները, ծանոթները հավանում են մեր աշխատանքը, այնուամենայնիվ, բոլորս էլ կարևորում ենք հանդիսատեսի գանահատականը։ Նա պետք է ասի՝ ստացվե՞լ է, թե ոչ։ Սպասում ենք նաև քննադատությունների։ Ինչո՞ւ ոչ, թող լինի հիմնավորված քննադատություն, որպեսզի հետագայում նույն սխալը չկրկնենք։

հուռ6-Ի՞նչ նպատակ էիք դրել ձեր առջև։ Հասկանալի է, որ թեման ինքնին հետաքրքիր է հանրության համար՝ Թումանյանի ամենասիրված հեքիաթներից մեկը։ Բայց նաև պարտավորեցնող է, որովհետև վատ աշխատանքը չի ընդունվի, «չի ներվի»։

-Աշխատել ենք ստանալ որակյալ արդյունք։ Այն, ինչ պատկերացնում էի, 70 տոկոսով հաջողվել է։ Եղել են տեսարաններ, որոնք մեզ դուր չեն եկել. անպայման փոխել ենք, նորը նկարել, մինչև որ որակը բավարարել է բոլորիս։ Աշխատանքի ծավալը գնահատելու առումով իրատես չենք եղել, այդ պատճառով էլ մեր նախատեսած ժամանակում չհասցրինք ավարտել մուլտֆիլմը։ Վայրկյանում 13-14 նկար է նկարվում մեկ կերպարի համար. պատկերացրեք, եթե նույն վայրկյանում հանդես են գալիս մի քանի կերպարներ։ Մենք կարող էինք պլանշետով նկարել ու ավելի արագ արդյունք ստանալ, բայց մեր նպատակը մուլտֆիլմն արագ ավարտելը չի եղել։ Ոչ թե հետ ենք մնացել տեխնիկայի առաջընթացից, այլ դասական մուլտֆիլմ ենք նկարել՝ ամբողջը ձեռքով։ Սա մեր սկզբունքն է եղել։ Ճկուն անիմացիա, գեղեցիկ պատկերներ ու կերպարներ, որոնք հաճելի կլինի դիտել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ «Անբան Հուռիում» միայն Հուռին չէ գլխավոր կերպարը։ Մոր խոսքերից ու արարքներից ավելի մեծ հետևություններ կարելի է անել, այսինքն՝ մայրը ևս գլխավոր հերոսուհի է։ Ընդհանրապես աշխատել ենք՝ բոլոր կերպարները գեղեցիկ լինեն, գեղագիտական հաճույք պատճառեն դիտողին, բոլորը լինեն դրական, ուրախ հերոսներ։ Չկան բացասական կերպարներ։ 42-43 հազար նկարից է բաղկացած մուլտֆիլմը. այնպես ենք արել, որ յուրաքանչյուր կադրը դիտվի՝ որպես առանձին, ինքնուրույն նկար՝ իր գեղագիտական տեսքով, ռեժիսորական, բեմադրական լուծումներով ու գույներով։ Հանդիսատեսը պետք է ժպիտով դուրս գա կինոդահլիճից. այս նպատակն ենք մենք հետապնդել։

հուռ7-«Անբան Հուռին» մուլտֆիլմի ստեղծագործական խմբում  հնչեղ, հայտնի անունները քիչ են։

-Քիչ են, որովհետև ես չեմ կարևորել, որ անպայման հայտնի դերասաններ հնչյունավորեն հերոսներին։ Կարևորը՝ բոլորը պրոֆեսիոնալ են ու լավ են արել իրենց գործը։ «Անբան Հուռին» անիմացիոն ֆիլմ-մյուզիքլի կոմպոզիտորը Գեղայր Խլղաթյանն է, երգերի և երկխոսությունների տեքստերը գրել են Հասմիկ Առաքելյանը, Արուսյակ Սիմոնյանը և ես։ Անբան Հուռիին հնչյունավորել է Էկա Հոստրան, Հուռիի մորը՝ Աստրիդ Էքսուզյանը։ Մյուս հնչյունավորումները կատարել են Անի Ադիլխանյանը, Արսեն Գևորգյանը, Նվարդ Հովակիմյանը և այլք։ Մուլտֆիլմի գունավորումը կատարել է Բելլա Բաբայանը։ Բեմադրող նկարիչներն են Իգոր Պատրինն ու Գայանե Բաբայանը։ Բոլորն աշխատել են մեծ նվիրումով ու սիրով։

-Ձեր առաջին լուրջ աշխատանքն է։ Ի՞նչ սովորեցրեց «Անբան Հուռին»։

-«Հենց ինձնից սկսած՝ «Անբան Հուռին» վարպետության խորացված դասընթաց էր։ Շատ բան սովորեցինք այս նախագծում՝ պրակտիկա ձեռք բերեցինք, շփվեցինք ու բախվեցինք ամեն տեսակի խնդիրների ու դժվարությունների հետ, դրանք հերթով հաղթահարեցինք։ Ամեն հինգ վայրկյան նյութ նկարելը երկու շաբաթ է տևել, հետո այդ հինգ վայրկյանները մեծ հաճույքով նայել ենք ու էլի նայել։ Բայց թե ինչպե՞ս կընդունի, ինչպե՞ս կգանահատի հանդիսատեսը մեզ համար այդքան  թանկ հինգ վայրկյանները, մենք հենց դրան ենք սրտատրոփ սպասում։ Հանդիսատեսի համար դրանք շատ սովորական հինգ վայրկյաններ են, բայց ինչքա՜ն  ջանք ու եռանդ ենք  թափել այդ հաշված պահերն ստանալու համար։ Հիմա մենք շատ ավելի փորձառու ենք, ինքնավստահ, շատ նրբությունների ենք  տիրապետում, որոնց նախկինում ծանոթ չէինք։ Սա քայլ էր դեպի հայկական անիմացիայի զարգացում։ Մեր թիմն այսուհետև կարող է նմանատիպ ֆիլմ ստեղծել արդեն ոչ թե 4, այլ 1-2 տարում։ Կարծում եմ՝ ֆինանսական խնդիրներն էլ ավելի հեշտ կհաղթահարվեն, որովհետև «Անբան Հուռին» մեզ ավելի մեծ ճանաչում կտա, որպես կոմերցիոն նախագիծ՝ ֆինանսական դաշտ կստեղծի հաջորդ ֆիլմի համար։  Այսուհետև ավելի մեծ վստահություն ձեռք կբերենք հովանավորների ու աջակիցների շրջանում։ Հիմա արդեն մտածում ենք հաջորդ մուլտֆիլմն սկսելու մասին։ Դրա մասին դեռ վաղ է խոսելը։ Երեք նախագիծ կա։ Դարնցից մեկը պետք է ընտրենք ու փորձենք իրականացնել։

հուռ8-Ի՞նչ է սպասվում այս մուլտֆիլմին առաջիկայում։

-Միջազգային փառատոների մասնակցության հայտեր արդեն ներկայացրել եմ։ Աշնանը տեղի են ունենալու անիմացիոն ֆիլմերի փառատոներ, որոնց կաշխատենք անպայման մասնակցել։ Նույն ժամանակահատվածում «Անբան Հուռին» կցուցադրվի ԱՄՆ-ում. պայմանավորվածություններն այս պահին  հստակեցվում են։ Իսկ հունիսի 1-ը պատահական չենք ընտրել, ուզում ենք «Անբան Հուռիի» պրեմիերայով շնորհավորել երեխաների տոնը։

 

Աշխատասենյանի պատուհանից Արթուրը ցույց է տալիս Երևանի կրկեսի շենքի տեղում կառուցված բարձրահարկ հյուրանոցը։«Երբ սկսեցինք «Անբան Հուռին», այս շենքը չկար, հիմա այդ հսկա շենքը կանգնած է։ Տեսեք՝ ինչքան ժամանակ է անցել. Հյուրանոցը կառուցվել է, իսկ այդ ընթացքում մենք նկարել ենք 20-25 րոպե տևողությամբ մեր մուլտֆիլմը» ։

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի

 

Դիտվել է 293 անգամ