Փելեշյանը դեմ չէ ժամանակին, ժամանակն է դեմ Փելեշյանին

sona

Լուսանկարը՝ Սոնա Ադամյանի

«Իմ ֆիլմերի թերությունն այն է, որ նրանցում բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունն այն է, որ նրանցում բառեր չկան: Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև նրանցում շատ սխալներ կան»,- համաշխարհային կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի բնութագրումն իր իսկ կինոյին:

Արտավազդ Փելեշյանը, ֆիլմերից բացի, երկու գիրք է գրել՝ «Դիստանցիոն մոնտաժը» և «Իմ կինոն»: Տասնամյակների ընդմիջումից հետո Վարպետը հեղինակել է «Դրոշմման ժամանակը» երկհատորյակը: ժողովածուներում ամփոփված են Արտավազդ Փելեշյանի մասին հրատարակված լավագույն հոդվածները, որոնց հեղինակներն օտարազգի կինոգետներ, կինոքննադատներ, լրագրողներ են: Արտավազդ Փելեշյանը տարիների ընթացքում դրանք հավաքել, ի մի է բերել: Բազմալեզու  հոդվածները թարգմանվել են ռուսերեն  և մեկտեղվել «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում:13147916_1128368473881646_937782635_o

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում  տեղի ունեցավ  «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը, որին ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կինոգործիչներ, մտավորականներ, կինոսիրողներ: Գրքերը հրատարակվել են պետական աջակցությամբ:  Շնորհանդեսն ուղեկցվեց «Օրդֆիլմ» ընկերության նկարահանած «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը պատրաստվել է 2009 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Մեր մտավորականների ու արվեստագետների համար գրքերի շնորհանդեսը պատեհ առիթ էր՝ հանդիպելու Արտավազդ Փելեշյանին, վայելելու նրա ներկայությունը, միգուցե նաև լսելու նրա խոսքը, ինչի հավանականությունը շատ քիչ էր, եթե նկատի ունենանք, որ Վարպետը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, հասարակության առաջ ելույթ ունենում:

Երեկոյի ընթացքում ներկաներին բախտ վիճակվեց Արտավազդ Փելեշյանի մակագրությամբ գրքեր տանել իրենց հետ, ինչը ևս բացառիկ երևույթ է: Փելեշյանական կինոարվեստի մասին խոսք  ասացին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և կինոգետ Դավիթ Մուրադյանը:

13129031_1128367720548388_1742602543_o«Մենք կենաց արմատ ունենք, որի մասին է Փելեշյանի կինոն: Մենք հաճախ ենք հայացքներս ուղղում դեպի Արարատը: Ու շատերը հենց այդպես էլ անում են՝ նայում են Արարատին: Բայց քչերն են մինչև հիմա նայել Արարատի գագաթից, այսինքն՝ աշխարհը տեսել, աշխարհի հետ հարաբերվել Արարատի  գագաթից: Այդ քչերից են Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Արտավազդ Փելեշյանը: Նա լռում է ու տեղիք տալիս, որ մենք խոսենք: Նրա ֆիլմերում հայն այնպես է «խոսում», որ աշխարհն է հասկանում այդ լեզուն ու այդ կինոն իրենը համարում»,- փելեշյանական կինոյի առանձնահատկությունները մեկնաբանեց Դավիթ Մուրադյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մշակութային մեծ երևույթ համարեց «Դրոշմման ժամանակը» գրքերի լույսընծայումը: Նա համոզված է, որ կինոգետների և հատկապես Փելեշյանի կինոն ուսումնասիրողների համար երկհատորյակը կարող է արժեքավոր նյութ ծառայել, որովհետև այն խոսք է ոչ միայն Արտավազդ Փելեշյանի արվեստի, այլև առհասարակ հայերիս մասին:

«Այս խառնակությունների ժամանակաշրջանում  աշխարհի հետ մեր կապը  մեր երկրից, մեր հողից ծնված գեղեցկությունն է,  որ ներկայացնում է Փելեշյանը: Մենք գիտենք պոռթկալ, լինել ներշնչվածության մարմնացում. այդպիսին էր իր ֆիլմերում Փարաջանովը:  «Նռան գույնի»  դրվագներից  յուրքանաչյուրը կատարելություն էր. Փարաջանովը մոնտաժում էր դրանք: Հարցին՝ ինչպե՞ս են կապվում այդ դրվագները, նա պատասխանեց. «Откода я знаю?»: Այսինքն՝ նա մոնտաժում էր՝ մեզ հաղորդելով կադրի զգացմունքը, ոչ թե կադրը: Նա իր ֆիլմերի խորքային, զգացական բացատրությունն ուներ: Նա այդպես էր անում, որպեսզի մենք տեսնենք ու ապրենք:  Այսպիսին են կինոյի մեծ վարպետները:

Փելեշյանի ֆիլմերում լռություն կա, որովհետև այդտեղ բառեր պետք չեն:  Դա նույնն է, որ երաժշտության տակ բառեր  դնես: Դա հանցանք է: Այդպես Փելեշյանի ամբողջական համակարգի մեջ պատկերի և երաժշտականության զարմանալի ներդաշնակություն կա: Արվեստագետներն ունեն իրենց ներշնչանքի, պոռթկումի թռիչքը: Մեզանում քիչ են նրանք, ովքեր թե՛ կատարելապես գեղեցիկն են ստեղծել՝  վարակիչ, հորդացող, անմոռանալի, թե՛ նաև կառուցիկության հստակ ըմբռնումն ունեն և գիտեն, որ այդ կառուցվածքում թաքնված է չհնանալու, միշտ կենդանի մնալու գաղտնիքը: Փելեշյանը հենց ա՛յդ արվեստագետն է: Նրա արվեստում հաճախ է ներկայացվում հավերժականն ու տիեզերականը:  Նման անչափելիությունը հազվագյուտ է: Այդչափ անչափելի է  և Նարեկացին: Դարեր շարունակ մեր գեղջուկներն առանց հասկանալու նրա պոետիկան  դրել են բարձի տակ ու անվերապահորեն հավատացել  զորությանը: Այդ գրքում ռիթմեր կան, որոնք վերևից են գալիս: Փելեշյանի կինոարվետում էլ կան այդ անպարագիծ  ռիթմերը, որ գալիս են տիեզերքից: Հենց դա է նրա արվեստի կենսունակության պայմաններից մեկը: Իհարկե, երաժշտությունն այդտեղ իր յուրահատուկ տեղն ունի: Այդ պարզ դրվագները, որտեղ սովորական մարդիկ են՝ սովորական քիթ-բերանով, հսկայական նյութ է, տարբեր ռիթմերի շարժումներ, որոնք համակցված են, ներդաշնակված: 

13128843_1128370377214789_2051345304_oԱյս գրքերն ամբողջացնում են տարբեր մարդկանց պատկերացումները, վերլուծությունները Փելեշյանի արվեստի մասին: Դրանք ժամանակի ընթացքում դեռ շատ են բացվելու և ներկայացնելու են մեր կինոյի մեծագույն վարպետին»,- իր ելույթի ընթացքում այս շեշտադրումներն արեց Տիգրան Մանսուրյանը:

Երեկոյի ընթացքում բոլորն ակնկալում էին Արտավազդ Փելեշյանի խոսքը: Վարպետն արդարացրեց ներկաների սպասումները և բեմ բարձրացավ: Նրա խոսքը տարողունակ էր ու փիլիսոփայական, հիմքերի հիմքում՝կինոն:

«Իմ կարծիքով կինոն եղել է բոլոր արվեստներից շատ առաջ, սակայն տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո: Բոլոր քարանձավային նկարների շարժումները կինո են: Մ.թ.ա. III դարում մի մարդ է եղել՝ Զենոն Էլեացին: Նա շատ հայտնի էր իր պարադոքսալ բանաձևերով: Անշուշտ, գիտեք նրա ամենահայտնի բանաձևերից մեկը՝ վազքի ժամանակ հաղթում է ոչ թե Աքիլլեսը, այլ կրիան: Զենոնն ունի նաև կինոյին առնչվող բանաձևեր, դրանցից մեկն օրինակ բերեմ: Նա համարում էր, որ թռչող նետը կանգնած է: Ինչպե՞ս: Թռչող նետը Զենոնը բաժանում էր մասնիկների և տեսնում, որ ամենավերջին մասնիկն անշարժ է, կանգնած վիճակում: Այստեղից եզրակացնում էր, որ թռչող նետը կազմված է մասնիկներից, իսկ յուրաքանչյուր մասնիկ կանգնած է, ուրեմն և նետն ամբողջությամբ է կանգնած:

13199300_1128370453881448_2011504547_oՄի ուրիշ օրինակ բերեմ. մեկ մետր կինոժապավենը 52 կադր է պարունակում: Եթե թռչող նետը նկարենք, կտեսնենք 52 կադր կանգնած նետ: Տեսեք, թե 23 դար առաջ ինչ կինոմտածողություն է ունեցել Զենոն էլեացին: Նա, փաստորեն, կանգնեցրեց շարժումը: Եկավ Գալիլեո Գալիլեյը. նա էլ իր հերթին կանգնեցրեց ժամանակը՝ նույն կերպ: Ժամանակը բաժանեց մասերի և վերջին՝ անշարժ մասնիկի օրինակով  համարեց, որ ամբողջական ժամանակն է կանգնած: Ինչ վերաբերում է կինոյին, ապա կասեմ, որ այն ունի իր առանձնահատուկ վերաբերմունքը ժամանակի նկատմամբ: Իմ գիրքը կոչվում է «Դրոշմման ժամանակը»: Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, ըստ որի՝ կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է, իսկ ես համարում եմ, որ ժամանակը չի գրանցվում, չի դրոշմվում, այլ կա ժամանակ, որի ընթացքում մենք ժապավենի վրա գրանցում ենք ինչ-որ բան: Հենց այդ ժամանակի մասին է խոսքս: Իսկ ժամանակը ժապավենի վրա երբեք չի գրանցվում: Կինոն ժամանակի համար հիշողություն է: Հայերեն ասում ենք՝ գնում եմ նկարահանման: Ի՞նչ է նշանակում՝ գնում եմ նկարահանման: Օրինակ՝ գլխարկս հանեցի: Ի՞նչը հանեցի. պատասխան՝ գլխարկս: Որտեղի՞ց հանեցի. պատասխան՝ գլխիցս: Կինոյի դեպքում նկարահանեցի: Ի՞նչը հանեցի. պատասխան՝ նկարը: Որտեղի՞ց հանեցի. պատասխան՝ ժամանակի ձեռքից:

Տոնինո Գուերան մի անգամ ինձ պատմեց Անտոնիոնիի մասին: Անտոնիոնին Միջին Ասիայում ավտոբուսով գնալիս է եղել: Ավտբուսից իջնող մի ծերունու է նկարել և նկարն անմիջապես տվել նրան: Ծերունին  նայել է նկարին ու ասել. «Ինչո՞ւ  ժամանակը կանգնեցրիր»: Անտոնիոնին զարմացել է այդ դիպուկ խոսքից: Ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլիներ, եթե ծերունին ասեր. «Ինչո՞ւ կանգնեցրիր իմ շարժումը և այն հանեցիր ժամանակի ձեռքից»:

Կինոյում՝ ժապավենի վրա, չկա ժամանակ: Կինոն վեր է ժամանակից: Տոլստոյը, երբ առաջին անգամ կինո է նայել, վախից լեղաճաք է եղել: «Այս ինչ հրեշավոր բան է. ստվերներ են պատի վրա շարժվում»,-ասել է:13148074_1128367690548391_171922884_o

Ֆրանսիական  պարբերականներից մեկն իմ մասին հոդված է գրել ու ոչ ճիշտ վերնագիր դրել՝ «Փելեշյանը՝ դեմ  ժամանակին և բառին»: Սխալ է. Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ  դեմ լինի հրեշավոր, հզոր ժամանակին: Ժամանակն է Փելեշյանին դեմ, ոչ թե Փելեշյանը՝ ժամանակին: Իսկ ինչ վերաբորում է խոսքին ու բառին իմ դեմ լինելուն, դրանց նույնպես  դեմ չեմ: Ես տեսել եմ  խոսքերի, բառերի հիման վրա նկարահանված հրաշալի ֆիլմեր: Դեմ չեմ բառերին, բայց բառեր քիչ եմ օգտագործում նորից ժամանակի պատճառով՝ խնայելով ժամանակը հանդիսատեսի համար:

Այս գրքերում մեկ ուրիշ հոդված էլ կա՝ «Ժամանակը՝ իմ դեմ, իսկ կինոն՝ ժամանակի դեմ»: Եթե այս գրքերը կարդաք, կտեսնեք, որ հոդվածների տակ նշված են օրը, ամիսն ու տարեթիվը: Այդ նշվածն է  միայն ցույց տալիս, թե երբ է գրվել հոդվածը, իսկ բովանդակությունը ժամանակ չի ճանաչում: Կինոյում էլ է այդպես՝ ցույց է տրվում միայն նկարահանման պահը, ոչ թե ժամանակը՝ էկրանին:  Ժամանակը շատ հզոր է, բայց կինոն էլ է իր հնարավորություններով շատ հզոր: Ամեն ինչն է վախենում ժամանակից, բայց հզոր ժամանակն էլ իր հերթին է վախենում հզոր կինոյից»,- այսպես ավարտեց իր խոսքը Արտավազդ Փելեշյանը:

Վարպետին նվիրված երեկոն մեկ անգամ ևս փաստեց՝ որքան էլ ժամանակները փոխում են կինոն կամ կինոն փոխում է ժամանակները, կա մի կինո ու մի ժամանակ, որ անփոփոխ է  ու ամրագրել է իր հավերժությունը: Դա փելեշյանական կինոն է:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 198 անգամ