Երկար սպասված պրեմիերա

middle_3fc7ee2dbb536d5f75cfa63a3e4161ee«Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 4-ին տեղի ունեցավ կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» Հայաստանի, Հոլանդիայի, Գերմանիայի համատեղ արտադրության լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան: «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը նկարահանվել է ՀՀ մակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է այս տարվա փետրվարի 12-ին Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի  Եվրոպական կինոշուկայի շրջանակում: Բեռլինի կինոշուկայի ցուցադրությունից անմիջապես հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն ցուցադրելու այն Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հեռուսատեսությամբ և կինոթատրոններում: «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» կինոնկարը բեռլինյան ցուցադրումից հետո ներառվել է Հոլանդիայի կինոթանգարանի հավաքածուում:

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը պատմություն է տղամարդու և կնոջ մասին, որոնք ապրում են դժվարին և հակասական պայմաններում` անցած դարի 90-ականներին: Ֆիլմում առկա են նաև հերոսների 60-ականների, 70-ականների, 80-ականների հուշերը:

Կինոնկարի սցենարի հեղինակներն են Յանա Դրուզն ու Դավիթ Սաֆարյանը, բեմադրող օպերատորը` Արմեն Խաչատրյանը, բեմադրող նկարիչներն են Միքայել Անտոնյանն ու Վարդան Սեդրակյանը: Դերերում հանդես են եկել` Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:

Մայիսի 4-ից  ֆիլմը կցուցադրվի երևանյան «Մոսկվա», «Հայաստան», «Սինեմա Սթար», «Կինո Պարկ», «Նաիրի» կինոթատրոններում։

Դիտվել է 128 անգամ