Հարություն Խաչատրյանը հին ու նոր «փակուղիների» խաչմերուկում

HarutyunԿինովավերագրող, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը իր «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի նկարահանումները սկսել է դեռևս 25 տարի առաջ։ Անվանի վավերագրողը, այս ամբողջ ընթացքում հետևել է իր հերոսների կյանքին․ «Ֆիլմը նկարվել է շատ երկար, դժվար ու ծանր։ Այս տարիների ընթացքում փոփոխվել են իմ հերոսները՝ նրանց մտածողությունը, զգացողություններն ու կյանքը։ Փոխվել ենք նաև մենք, և ես՝ իհարկե»:

Այս մասին, ապրիլի 29-ին, «Փակուղի» ֆիլմի երևանյան պրեմիերայից առաջ, լրագրողների հետ հանդիպանը պատմեց Հարություն Խաչատրյանը։ «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է, որը պատմում է  Հայաստանից հեռացած հայերի մասին:

Կինոնկարի գլխավոր հերոսը ավտոմեխանիկ  Լևոնն է, որը 1990-ականներին «Գրին քարտ» է շահել և ընտանիքով մեկնել ԱՄՆ: Հեղինակը փորձել է ֆիլմի միջոցով ներկայացնել վտարանդի հերոսի ամերիկյան կյանքը, կորուստները, ձեռքբերումներն ու ընտանիքի անդամների հետ ունեցած խճճված ու բարդ հարաբերությունները։ «Չգիտեմ, սկզբում ես ուղղակի համոզված էի, որ այս ֆիլմերը մեկնողներից շատերին հետ կպահեն իրենց որոշումներից։ Մեղադրում և հայհոյում էի այստեղից հեռացողներին, բայց հետո, ֆիլմի նկարահանումների կեսից, հասկացա, որ հայհոյելու իրավունք չունեմ»:

Ինչ վերաբերում է կինոնկարի գեղարվեստական արժանիքներին, ռեժիսրը նշեց․« Պարզապես ցանկացել եմ մարդկային լեզվով ցույց տալ պատմություն հենց մարդկանց մասին, որոնց կլսեն, կհավատան ու կհասկանան պարզապես։ Սա ինձ համար արվեստի գործ չէ։  Այն նկարված է միայն Հայաստանի և հայերի համար»:

Հիշեցնենք, որ «Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան կայացել էր ապրիլի 24-ին՝ Իրանի  «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, իսկ մի փոքր ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում էլ տեղի էր ունեցել համաշխարհային պրեմիերան։

Դիտվել է 72 անգամ