Գագիկ Ղազարէ․ «Մենք մեր մասին անկեղծ չենք ուզում խոսել»

8c43acce-e039-4619-a149-71b3e9509b6dԵրևանյան ՆՓԱԿ-ը ապրիլի 19-20-ը և 22-ին հայկական ժամանակակից կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ էր նախաձեռնել։ 1 ժամ 30 րոպե տևողությամբ ծրագրում ընդգրկված էին Դիանա Կարդումյանի «Դիալոգները», Տաթև Հակոբյանի «Օտարը», Գագիկ Մադոյանի «Ճանապարհը» և Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա»-ն։ Ֆիլմերը ցուցադրվում էին նաև անգլերեն ենթագրերով։ Ուշագրավ է, որ այս կինոդիտումները վճարովի էին, տոմսի արժեքը սահմանված էր 1000 դրամ։ Ցուցադրությունների հասույթը փոխանցվելու է «Մեկ կադր-2016» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակային ֆոնդին: Այս և հայաստանյան կինոիրականության մեջ առկա այլ հարցերի շուրջ «Կինոաշխարհը» զրուցել է ՆՓԱԿ-ի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարէի հետ։

- Ինչո՞ւ որոշեցիք այսպիսի՝ փառատոնից դուրս ձևաչափով կինոցուցադրություններ կազմակերպել։

- Այն ֆիլմերը, որոնք ընտրվել են, մեր կարծիքով ժամանակի ընթացքում հավաքված լավ ընտրանի են, բավականին դիտարժան։ Հարցն այն է, որ այսպիսի ֆիլմերը, որոնք ցուցադրվում են փառատոների շրջանակներում, ըստ էության, կարճ կյանք են ունենում։ Գիտեք, տարիների ընթացքում այս գաղափարը՝ ավելի երկար կյանք ապահովել ֆիլմերի համար, կազմակերպել հանդիպում հանդիսատեսի հետ, միշտ էլ եղել է։ Դա վեր էր ածվում սևեռուն մտքի։ Եվ մենք որոշեցինք անել դա ու տեսնել, թե ինչ կստացվի։ Եթե կենսունակ է, ապա կհաջողվի։ Եվ մեր այս առաջին փորձը փաստորեն ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։ Կար պահանջարկ, թեկուզ և ոչ մեծաթիվ, բայց որակով հանդիսատեսի կողմից։ Ես դատում եմ նաև հանդիսատեսի արձագանքներից։ Իհարկե, կինոյի առումով խնդիրը բոլորովին այլ է։ Կարճամետրաժ կինոն խոցելի ձևաչափ է, միաժամանակ՝ հիմնաքարային։ Եթե հանրության համապատկերում դիտենք, ապա հասարակության վերաբերմունքը կարճամետրաժ կինոյին ցուցիչ է նրա կինեմատոգրաֆիկ, ավելի լայն՝ արվեստի գրագիտության, ճաշակի։ Աշխարհում կոմերցիոն հետաքրքություն կա կարճամետրաժ կինոյի հանդեպ։ Տեսեք, Ռուսաստանում, ԱՄՆ-ում կինոթատրոնները կարճամետրաժ ֆիլմերից կազմված բազմապիսի ալմանախներ են ներմուծում խաղացանկ։ Եվ հանդիսատեսն էլ հաճույքով դիտում է դրանք։ Ինչու՞ ոչ, մեզ մոտ էլ սա կարող է գործել և նույնիսկ շահույթ բերել։ Կինոթատրոնը միայն վերավաճառող չպետք է լինի, նաև պետք է նոր գաղափարներ առաջարկի, պայմանականորեն ասած՝ «կինոնորաձևություն» թելադրի։ Բայց ես սա չեմ տեսնում մեր քաղաքում՝ այս նոր բացված կինոթատրոններում, որոնք հանգրվանել են հիպերմարկետներում։ Կինոյի համար նախատեսված այս նոր տարածքները իրականում այդպես էլ կինեմատոգրաֆիկ տարածք չեն դառնում։ Գիտեք, երիտասարդ հայ ռեժիսորների համար էլ դա շատ շահեկան կլիներ՝ ներկայացված լինել լայնորեն գովազդված, հասարակության ամենալայն շրջաններին հայտնի տարածություններում։ Եվ հետո, միգուցե դա նաև քաղաքականության խնդիր է, մշակութային հարաբերական, վիճահարույց ստրատեգիայի։ Դրա վկայությունը մերօրյա էկրանային կինոիրականությունն է՝ կլիշեապատ, կարծրատիպային, որտեղ տիրապետողը կատակերգականն է, սիթքոմայինը, որն իրականում շատ հեռու է ծիծաղելի կամ զվարճալի լինելուց։

107193ef-de6f-41b5-9698-325e80795d5d

- Կարճամետրաժ կինոն ավանդաբար համարվում է ուսանողական ձևաչափ՝ նորարարական, փորձարարական, որտեղ ազատությունն ու ստեղծարարությունը շատ ավելի շատ են։

- Կարճամետրաժ կինոն հիմքն է։ Ցանկացած ռեժիսոր իր կարիերան սկսում է կարճ ֆիլմերից։ Այստեղ նա կարող է փորձել նորը, էքսպերիմենտներ անել։ Սակայն կարճամետրաժ կինոն լիարժեք է։ Սա ֆունդամենտալ նշանակություն ունի։ Լավ կլինի, որ մեզ մոտ աջակցեն կարճամետրաժների զարգացմանը։ Քանի որ սա բազմազանության տարածություն է։ Դաշտը կառողջանա դրանով, քանզի կբացահայտվեն նոր անուններ։ Մեծ թվով մարդիկ կկարողանան դրսևորվել կինոյում, փորձարկումներ անել։ Կինոն այսօր շատ անորոշ վիճակում է Հայաստանում։ Միջավայր չկա։ Պետք է նոր սերնդի համար ինքնադրսևորվելու հնարավորություն ստեղծել։ Կարճամետրաժը փորձ է, ցատկահարթակ դեպի մեծ կինո։ Բայց մեր վիճակը խոսում է մեծ ձախողման, սխալ ուղղությամբ ընթանալու մասին։

- Լավ, ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ տարեցտարի խանգարում են մեզ իսկապես կինո ունենալ։

- Մենք ամեն տարի արդյունքներ ենք տեսնում։ «Մեկ կադրի» հայտագրման գործընթացում մեծ քանակությամբ անտանելի ֆիլմեր ենք դիտում։ Մենք փնտրում ենք ստեղծարար մարդու։ Մեր խնդիրն այն է, որ ֆիլմ նկարողներն այսօր չգիտեն ամենատարրականը՝ կինոյի լեզուն։ Ինչպես՞ եք պատկերացնում խոսել կամ գրել մի լեզվով, որին չեք տիրապետում։ Իսկ ահա մեր երկրում այս պարադոքսն առկա է և տարեցտարի էլ ավելի է խորանում։ Հիմքը, կինոյի այբուբենը չկա։ Մեր կինոն երբեմն բացարձակ կինեմատոգրաֆիկ չէ։ Մարդիկ չգիտեն, թե ինչ է կինեմատոգրաֆիականությունը, կինոարվեստի արտահայտչամիջոցները. խոշոր պլաններ, մոնտաժային մտածողություն, դետալների խաղարկում, ռակուրսներ… Շատ ֆիլմերում սա բացակայում է։ Ռեժիսորը չի հասկանում, թե դա ինչ է։ Իսկ դա 1910-ական թվականների հարցադրում է, այսօր՝ ուղղակի անհեթեթ։

- ԵՎ այդ դեպքում ո՞ւմն է մեղքի բաժինը։

- Դե, որ կինոյինը չի, հաստատ (ծիծաղում է)։ Հասարակության, մեր սոցիումի խնդիրն է։ Մարդը, որ մեծանում և ապրում է իրեն շրջապատող միջավայրում, պետք է դրա հետ օրգանական լինի, բնական, ազնիվ, պարզ ու շիտակ։ Մեզ մոտ մարդ անհատը չգիտի, ոնց անի, որ ապրելով այս միջավայրում՝ ինքը ինքը լինի՝ անկեղծ, իրական, ազատ, բաց։ Ընտանիքից սկսած՝ այդպես ձգվում է շղթան՝ վերածվելով փակ շրջանի, որից կարծես թե ելք չկա։ Փոխարենը դատապարտվածության զգացում կա։ Այդպես էլ ոմանք կինո են նկարում, պատմություն պատմում՝ իրենց անձնական կեղծիքը փաթաթելով հանդիսատեսի վզին, ստիպելով, որ նա հավատա բացարձակ ստին, կեղծիքին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վաղուց արդեն սուտը դարձել է հասարակական ու նաև անձնական հարաբերություններ կառուցելու միակ հնարավոր մոդել։ Եվ կյանքն էլ ինքնին վեր է ածվել մոդելի, շրջանակի, որտեղ մեզ բոլորիս, հաշվի չառնելով և ոչ մի պարամետր, փորձում են մտցնել ու պահել այնտեղ։ Տպավորություն է, որ հասարակությունը ցանկանում են սեղմել ու խեղդել պահածոյի տուփի մեջ։ Համակարգի խնդիր է։ Ու նաև՝ անհատականության, որն իսկական է, ունի հզոր էներգետիկ դաշտ և ունակ է տարբերակումներ անելու, դիմակայելու ամբոխներին։ Մեզ ամենուր մտածելակերպ, ապրելակերպ են քարոզում ու պարտադրում։ Եվ սա բոլոր բնագավարներում է։ Նայած, թե այս կամ այն գործի հետևում ինչ մարդ է կանգնած։ Կինոն էլ կամ արվեստը գործիք է, հայելի, որտեղ բոլորս արտացոլվում ենք։

- Պարզ, կենցաղային դրվագը կարող է վերածվել մի ընդհանրական պատումի, որը կդառնա հասարակական կյանքի արտացոլումը։ Բայց ստացվում է, որ մեզ մոտ նույնիսկ պատմություն պատմել չի ստացվում։

- Դե մենք հիվանդ հասարակություն ենք այսօր։ Շարքից դուրս եկած օրգանիզմ։ Եթե դրա նույնիսկ մեկ օրգանն էլ վատ է աշխատում, ապա դա ազդում է մնացյալի վրա։ Էլ չեմ խոսում ամբողջի մասին։ Այն պայմաններում, որոնցում մենք ենք այսօր գտնվում, երբ շուրջը կյանք չկա կարծես, որովհետև մարդիկ չեն ապրում, այլ պարզապես գոյատևում են, դուք ուզում եք՝ մենք կինո կամ արվե՞ստ ունենանք։ Մենք մեր մասին անկեղծ չենք ուզում խոսել։ Ուզում ենք տեսիլք, պատրանք ստեղծել՝ հերոսականության տարրերով։ Մենք պետք է լինենք բաց, իսկապես ժողովրդավար հանրություն, ու նաև՝ բազմազան։ Ցանկալի է, որ հարգենք միմյանց և ձգտենք իրական երջանկության։

Զրուցեց Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆԸ

Դիտվել է 201 անգամ