«Արմատները» ամփոփեց 100-րդ տարելիցը

Armatner 2Art team և «Շարմ» ընկերությունները Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանել են «Արմատներ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 21-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմում կարևորվել են 2015 թվականի ապրիլին տեղի ունեցած պատմական հիշարժան իրադարձությունները, որոնք աշխարհի ուշադրությունն էին հրավիրում 100 տարի անց դեռևս միջազգայնորեն չդատապարտված ու հատուցում չստացած Մեծ եղեռնի փաստին: Վատիկանը Գրիգոր Նարեկացուն ճանաչեց  Տիեզերական Վարդապետ, և այդ խոշորագույն իրադարձությունից օրեր անց Հայաստանում սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումները: Այդ փաստավավերագրական նյութերն օգտագործվել են «Արմատներ» ֆիլմում և՛ իբրև դարակազմիկ դեպքեր, և՛ իբրև պատմական  անցքեր՝ արժևորելով  հայության համար կարևորագույն տարեթվերը՝1915, 2015: Փաստավավերագրական  կադրերը, ընդգրկվելով  գեղարվեստական ֆիլմում, ստեծել էին վավերագրականի ու խաղարկայինի համադրություն, որն ապագայում ևս  ֆիլմը դիտող  հայերին և օտարազգիներին կտեղեկացնի 100 ամյակի կարևորագույն իրադարձությունների մասին և կհաղորդի  այն համազգային տրամադրությունն ու մթնոլորտը, որում անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Գլխավոր հերոսը՝ ամերիկաբնակ բլոգեր Արամը,  հատուկ նպատակով է գալիս Հայաստան՝ մասնակիցն ու ականատեսը դառնալու այդ իրադարձությունների: Նա համացանցում տեղադրում է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությունների խորհրդանշական կադրերը՝ այդպիսով իր ընթերցողների ուշադրությունը հրավիրելով Մեծ եղեռնի միջազգային դատապարտման համահայկական պահանջի, ապրիլքսանչորսյան խորհրդանշական դեպքերի, անմոռուկի իմաստի ու նշանակության  վրա:

Armatner  1Արամի ընտանիքը 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին է տեղափոխվել ԱՄՆ: Երիտասարդ բլոգերի հավատարիմ ընթերցողներից  ֆրանսահայ Անետին նա հանդիպում է հենց ապրիլքսանչորսի նախօրեին, Երևանում: Անետը ևս Հայաստան է եկել՝  ներկա լինելու ցեղասպանության 100  ամյակի կուլմինացիոն միջոցառումներին: Հայրենի հողի վրա ծնվում  է նրանց սիրո պատմությունը: Օտար երկրում ապրող երիտասարդ տղան ու աղջիկը փնտրում են այն, ինչը խոսքերով չես արտահայտի, այն, ինչն ամեն հայի ենթագիտակցության մեջ է, նրա գենետիկ կոդի հիմքում՝ Արմատները:

Հայաստանից ու հայկական միջավայրից, լեզվից, մշակույթից հեռու՝ նրանք արյան կանչով իրենք իրենց են փնտրում, իրենց ինքնությանն ապավինում ու հասկանում են, որ աշխարհի որ անկյունում էլ ապրեն, Հայաստանն ու հայ ինքնությունն իրենց երակների մեջ են: Դա է հենց արյան կանչը :  Ի վերջո, ամեն ինչ խաղաղվում է ու ներդաշնակվում միայն այն ժամանակ, երբ օտար ափերից կարճ ժամանակով Հայաստան հյուր եկած Արամն ու Անետն իրենք իրենց են գտնում ու պարզում գլխավոր հարցի պատասխանը՝ քանի դեռ երակներումդ հոսում է հայկական արյուն, պիտի փնտրես հայրենիքդ: Նրանք գտնում են իրենց հայրենիքը, որտեղ թաղված են իրենց արմատները:

Ֆիլմի ռեժիսորն է Վահե Յանը, սցենարի հեղինակը՝ Կարինե Խոդիկյանը: Գլխավոր դերում խաղացել են Անդրանիկ Բաբայանը և Մերի Մկրտչյանը: Մյուս կերպարներին մարմնավորել են Իշխան Ղարիբյանը, Ռոզի Ավետիսովան, Գրիգոր Բաղդասարյանը, Արման Նավասարդյանը և այլք: Ֆիլմը նկարահանվել է Scripted Reality ժանրում:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 69 անգամ