Պրեմիերա և մրցանակ՝ գրեթե միաժամանակ

2015-ի ապրիլից սկսվել են «ԿանչMG_5596» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումները: Մոտ մեկ տարի տևած  նկարահանման, մոնտաժման աշխատանքներից հետո ֆիլմը ներկայացվեց հանրության դատին: Ֆիլմում նկարահանվել են Ռուբեն Կարապետյանը, Հենրի Շահբազյանը, Հովակ Գալոյանը, Լևոն Վարդապետյանը և այլք: Նկարահանումները կատարվել են Երևանում (հատուկ տաղավար է պատրաստվել՝ 1909 թվականի թուրքական զինվորական վարժարան),  ինչպես նաև Բջնիում ու սահմանամերձ Բագարան գյուղում:

Ֆիլմի ստեղծագործական խումբը դիմել է նաև թուրքագետներ  Ռուբեն Մելքոնյանի և  Արտակ Շաքարյանի խորհրդատվությանը, որպեսզի պատմական բոլոր դետալները հաշվի առնվեն ու ճշգրտորեն պահպանվեն:

«Կանչն» իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, այն էլ այսպիսի պատասխանատու թեմայով՝ ցեղասպանություն: Ես պետք է որոշեի՝ արդյո՞ք պատրաստ եմ, կարո՞ղ եմ հանձն առնել այսքան պատասխանատու մի գործ: Այս թեման ֆիլմի վերածելով՝  մենք մեզ ենք ներկայացնում աշխարհին, ուստի վրիպելու, սայթաքելու իրավունք չունենք: Ստեղծագործական ամբողջ խումբն այդ գաղափարով ու պատասխանատվությամբ է աշխատել: Առաջին անգամ ես ու հայրս հանդես ենք եկել նույն ֆիլմում, նա՝ որպես սցենարի հեղինակ, ես՝ որպես ռեժիսոր: Անշուշտ, նա ինձ շատ է օգնել իր փորձով ու խորհուրդներով: Թուրքերն այս ֆիլմում ներկայացված են, ինչպիսն եղել են՝ իրենց կենցաղով, աղոթքներով. մեր նպատակը տարիների հեռուներից նրանց ծաղրելը չի եղել, այլ իրականությունը ներկայացնելն, ինչպես որ եղել է»,- իր լիամետրաժ առաջին ֆիլմի մասին պատմեց Գուժ Թադևոսյանը:

1909 թվականին Մուշում գործում էր թուրքական զինվորական վարժարան, որտեղ ուսանում էին  թուրք զինվորներ: Նրանց նախապատրաստում էին հայերին սպանելու,  սուլթանի սկսած ցեղասպանությունը շարունակելու համար: Թուրքերը բռնի ուժով այդ վարժարան էին բերում նաև հայ երեխաներին, թրքացնում, հավատափոխ անում նրանց , ատելություն սերմանում դեպի սեփական ժողովուրդը և սովորեցնում հայերին սպանելու, ոչնչացնելու ամենադաժան ձևերը: Թուրք մտավորականները, մոլլաներն անգամ ճառերով էին փորձում ներգործել երեխաների գոգեբանության վրա, հայատյացություն քարոզում ու կոչ անում, որ հայ տեսնելիս պետք է անմիջապես սպանել նրան: Ահա այս պատմական փաստերն են ընկած ֆիլմի հիմքում: Կան նաև պատմական կերպարներ, դրանցից են Վարդանն ու Միհրանը: Նրանք Ադանայի ու Քեսաբի կոտորածներից հրաշքով փրկվում են և հայտնվում զինվորական վարժարանում: Վարդանը համր է ձևանում, որպեսզի չթրքացվի, իսկ Միհրանը կտտանքների է ենթարկվում և թրքանում:

«Կանչ» ֆիլմի նոր սկսվող կենսագրության մասին Գուժ Թադևոսյանն ասաց, որ պատրաստվում է փառատոների մասնակցել, բայց առայժմ հստակ չէ, թե որին: Երիտասարդ ռեժիսորի նախորդ  4 ֆիլմերը 50-ից ավելի միջազգային կինոփառատոների են մասնակցել, 30-ից ավելի մրցանակների արժանացել: «Պրեմիերայից հետո ֆիլմը պետք է կյանք ունենա, ցուցադրվի, ներկայացվի, այլապես ինչո՞ւ է այն նկարահանվել:

Ես նոր եմ վերադարձել Սամարայում կայացած մանկական ֆիլմերի միջազգային փառատոնից, որտեղ ներկայացրել էի իմ «Եվ կրկեսը ժամանեց»  կինոնկարը: Այն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ: Փառատոնին ներկայացած էին տարբեր երկրների 200-ից ավելի ֆիլմեր, որոնց մեջ հենց իմ ֆիլմն արժանացավ հատուկ մրցանակի:  Մենք այսօր մանկական ֆիլմերի պակաս ունենք, հենց այդ պակասի պատճառով է, որ մեր երախաները ստիպված են դիտել այլ երկրների արտադրության կասկածելի որակներ, ագրեսիա, վտանգավոր ուղղվածություններ քարոզող ֆիլմեր՝ աղավաղելով մեր ազգային և մարդկային արժեհամակարգը:  Մանկական որակյալ, բարի ֆիլմերի կարիք ունեն նաև այլ երկրները: Նաև դա է պատճառը, որ իմ ֆիլմը հավանում են ու մրցանակների արժանացնում: «Եվ կրկեսը ժամանեց» ֆիլմն արդեն 13-րդ մրցանակն է ստանում: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Հետաքրքրիր է, որ հայաստանյան ֆիլմերը մրցում են հզոր կինոարտադրություն ու հարուստ բյուջե ունեցող երկրների հետ և մրցանակներ են բերում»,- նոր մրցանակով ոգևորված՝ նկատեց Գուժ Թադևոսյանը:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 36 անգամ