«Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի պրեմիերան կայացավ

1 (1)Ռեժիսոր, սցենարիստ Արշակ Ամիրբեկյանը նկարահանել է իր երկրորդ խաղարկային ֆիլմը: Նկարահանումներն սկսվել են երկուսուկես տարի առաջ: Ռեժիսորը ֆինանսական աջակցություն ստանալու համար որևէ հովանավորի չի դիմել՝ ո՛չ պետությանը, ո՛չ էլ մեկենասների: Ֆիլմի բյուջեն գոյացել է նրա մտերիմների, ծանոթների ու հասարակության հանգանակությունից:   «Մարիամի մեկ կիրակին» մարմնավաճառի մասին է: Ֆիլմի գաղփարը հղացվել է մի դիպվածից: Տարիներ առաջ Արշակ Ամիրբեկյանը երևանյան փողոցներից մեկով արագ քայլելիս  հանդիպում է մի խումբ մարմնավաճառների: Արագ քայլելու պատճառով նա ձեռքը սրտին է տանում ու մի պահ կանգ առնում: Մարմնավաճառներից մեկը՝ երիտասարդ մի աղջիկ, արձագանքում է. «Հա՜, էս կյանքին սիրտ կդիմանա՞»:

Այսքանը. միջադեպն առիթ է դարձել, որ ռեժիսորն անդրադառնա մարմնավաճառների թեմային: Գլխավոր հերոսուհուն մարմանավորող դերասանուհուն գտնելու համար Արշակ Ամիրբեկյանը երկար փնտրտուքների մեջ է ընկնել: Վերջապես գտել է նրան՝ Ռուզան Վիթին, որը հանրությանը հայտնի է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմից:

1 (3)«Քրմուհին» Ռուզան Վիթի՝ վերջին 10 տարվա միակ  դերակատարումն է. «Քրմուհուց» հետո դերասանուհին որևէ ռեժիսորի կողմից հրավեր չի ստացել, մինչև որ նրան դիմել են Մարիամին մարմնավորելու առաջարկով: «Ինձ էլ է զարմացնում այն, որ ես մնացել եմ ստվերում: Այս ընթացքում ամուսնացել եմ, դրստրիկ եմ լույս աշխարհ բերել, բայց մասնագիտական ասպարեզում դադար եմ տվել: Նույնիսկ թատրոններից առաջարկ չեմ ստացել, մինչդեռ Փարիզում ապրելիս ես անընդհատ նկարահանվում էի և երկու տարին մեկ պրեմիերա էի ունենում: Ստվերում հայտնվելու պատճառը միգուցե այն է, որ այս 10 տարիներին անընդհատ մերժել եմ սերիալներում նկարահանվելու հրավերները: Սկզբունքորեն չէի ուզում սերիալում խաղալ, որովհետև պատասխանատվություն էի կրում իմ կենսագրության ու անցած ճանապարհի առաջ: Բայց վերջերս սերիալում նկարահանվելու  համաձայնություն տվել եմ: Ես հասկացա, որ մինչև սերիալում չերևաս,   հասարակությունը չի ճանաչի ու չի հիշի քեզ: Ցավալի է, բայց՝ փաստ»,- նշեց Ռուզան Վիթը:

Մարմնավաճառների խնդիրը մտահոգում է Ռուզան Վիթին ոչ պակաս, քան սերիլաների թեման: Պարզվում է՝ դերասանուհին երկար ժամանակ ուսումնասիրել է մարմնավաճառների ճակատագրերը, հետաքրքրվել նրանց կյանքով ու հոգսերով ու համոզված է, որ հայ կանայք այդ քայլին են դիմում՝ սոցիալական կարիքներից դրդված, երեխային, անգամ ամուսնուն պահելու համար: «Մարմնավաճառությունը, համեմատած հոգեվաճառության հետ, շատ փոքր մեղք է: Երբ մարդը հանուն աթոռի, փողի, կարիերայի՝ հոգին է վաճառում, հենց դա է ամենադատապարտելին: Այս ֆիլմը մարմնավաճառի մասին է, բայց ոչ մարմնավաճառության: Մենք փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է կինը փոխվում ընդամենը մեկ օրում, որովհետև նա իրականում ուրիշ մարդ է. մենք ցույց ենք տվել Մարիամի կյանքի մեկ կիրակին»,-ներկայացրեց դերասանուհին:

Ռուզան Վիթը  33 տարեկան էր, երբ տեղի ունեցավ «Քրմուհին» ֆիլմի պրեմիերան. 10 տարի անց՝ նոր ֆիլմի պրեմիերա, երբ նա արդեն 43 տարեկան է, իսկ այդ ընթացքում կարող էր շատ դերեր մարմնավորել կինոյում:1 (4)

Ֆիլմում խաղում է նաև Աշոտ Ադամյանը: Ռեժիսորը մեծ ոգևորությամբ նկատեց, որ նա մեծ դեր է ունեցել ֆիլմում ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլև՝ խորհրդատու, շատ բան է փոխել սցենարում, ուղղություն ցույց տվել: Արշակ Ամիրբեկյանն Աշոտ Ադամյանի դերասանական վարպետության ևս մեկ շերտ բացահայտելու հերթական առիթն է տալիս կինոդիտողին:

Ֆիլմի տևողությունը 45 րոպե է: Երևանյան պրեմիերայից հետո ռեժիսորը մտադիր է «Մարիամի մեկ կիրակին» ներկայացնել միջազգային կինոփառատոների: Իսկ պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Պարզ, մարդկային, անմիջական հարաբերություններն արժևորելով՝ ֆիլմի հեղինակները փորձել են կյանքի հատակում հայտնված մի կնոջ օրինակով ցույց տալ մարդու ներաշխարհի այն շերտը, որն անզեն աչքով չի երևում: Այն տեսնելու համար հարկավոր է մարդուն ջերմություն ցույց տալ ու հանել նրան իր ամենօրյա վիճակից: Այդ ժամանակ է պարզ դառնում, որ մարդը կարոտ է մարդկայինին, ամենապարզ վերաբերմունքին, սիրո մի պատառի ու անկեղծ ժպիտի: Իրականության երկու կողմերի բախումը կնոջ հոգին երկատում է: Ինքն իր համար պարզում է, որ մարդկային պարզագույն երջանկությունը, քաղաքում ուղղակի քայլելն իր համար չէ, քանի որ քայլելն իր համար բոլորովին ուրիշ նպատակ ունի:

1 (5)45 րոպե տևողությամբ «Մարիամի մեկ կիրակին» ցույց է տալիս մարմնավաճառ Մարիամի կյանքի մեկ կիրակին, որը, ինքն էլ գիտ, այլևս չի կրկնվելու: Այդ մեկ կիրակին մարդիկ իր հետ շփվեցին առանց ակնկալիքի, իսկ ինքը հոգով տրվեց նրանց՝ մոռանալով իր ով լինելը, որովհետև այդ նոր միջավայրում իր ով լինելը նրան ոչ ոք չհիշեցրեց: Այն, որ այդ երջանիկ կիրակին միակն է լինելու իր կյանքում, Մարիամին անդարմանելի ցավ է պատճառում:

 

Նաիրա Փայտյան

 

Դիտվել է 601 անգամ