«Տիկնիկավարը»՝ տիկնիկավարի

KUKLOVOD 1 Էմիգրանտների մասին, այն էլ՝ ռուս, խաղարկային ֆիլմ է նկարահանվել: Սպորտսմեն, Եվրոպայի չեմպիոն Ալեքս Ամիրյանը, որ արդեն 15 տարի ապրում է ԱՄՆ-ում, սեփական մաշկի վրա զգալով ներգաղթյալների կյանքի դժվարությունները, օտար երկրում, օտար հասարակությանն ինտեգրվելու արգելքները՝ սցենար է գրել ու որոշել այն էկրան բարձրացնել:

Էմիգրանտների թեման վերջին տարիներին տարբեր ռեժիսորների կողմից հաճախ է շոշափվում: Սովետական Միության փլուզումից հետո մարդկային քարավանները բռնեցին Ամերիկայի ճանապարհը: Այդ երկրում բախտ որոնողները հաճախ էին դառնում ամենաանհավանական պատմությունների, կեղծարարությունների, թրաֆիքիգի զոհ: Սովետական բազմազգ երկրի քաղաքացիները, իրենց ազգային առանձնահատկություններից ելնելով, տարբեր կերպ էին արձագանքում նոր կյանքի փոփոխություններին և հաճախ չկարողանալով օրինական ճանապարհով ապրուստը վաստակել՝ զեղծարարությունների, անօրինական գործարքների մեջ էին մտնում: Էմիգրանտների շրջանում ձևավորվում էին մաֆիաներ, որոնք ներքին պայքարի մեջ էին մտնում իրար հետ: Ահա այս փոխհարաբերություններն են հետաքրքրել ամերիկաբնակ Ալեքս Ամիրյանին, որն իր պատմությունն է ներկայացնում «Տիկնիկավար» երկմասանոց խաղարկային ֆիլմում:

   Նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Ֆիլմում ներգրավված է բազմազգ ստեղծագործական կազմ՝ հայեր, ռուսներ, ամերիկացիներ, իսպանացիներ:  Alex Extreme Production-ի «Տիկնիկավար» ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում էր, մարտի 25-ին: Առայժմ ցուցադրվեց ֆիլմի առաջին՝ «Ռուսական դրվածք» մասը, երկրորդը՝ «Ստվերների ճակատամարտը», հայ կինոսիրողին կներկայացվի քիչ ավելի ուշ:

   Պրեմիերայից հետո ֆիլմը մեկ ամիս կցուցադրվեի «Մոսկվա» կինոթատրոնում: Alex Extreme Production-ը պայմանավորվածություն ունի «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հետ, ըստ որի՝ ֆիլմի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների բուժման ծրագրին:

 «Տիկինիկավար» ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Ալեքս Ամիրյանն է, նա նաև նկարահանվել է գլխավոր դերում: Ֆիլմում խաղում են Նաև Ռուդոլֆ Ղևոնդյանը, ռուս դերասան Կոնստանտին Բրոմբերգը, հոլիվուդյան արտիստներ:

   «Տիկինիկավարը» Ալեքս Ամիրյանի առաջին խաղարկային կինոնկարն  է: 2006 թվականից ռեժիսորը նկարահանում է վավերագրական ֆիլմեր: «Փոփոխությունների քամի» ֆիլմը 2006-ին մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Մինչև 2014 թվականը Ալեքս Ամիրյանը նկարահանել է ևս 3 վավերագրական ֆիլմ՝ «Ցավի փիլիսոփայությունը», «Լեռների լռությունը» և «Տուր ինձ ընտանիք»:

    «Տիկնիկավարը» կինոնկարում սկզբում ցուցադրվում են ամերիկյան գանգստերների ու էմիգրանտական մաֆիայի բախումները, այնուհետև գլխավոր հերոսին հաջողվում է Ռուսաստանից հասնել սովետական քաղաքացիների երազանքների երկիր՝ ԱՄՆ, որտեղ էլ նա ակամա հայտնվում է մաֆիայի հորձանուտում:

    Գաղափարը, ասելիքը ֆիլմի միջոցով ու ֆիլմի լեզվով արտահայտելու դժվարություններին ռեժիսորը բախվել էր հենց սկզբից: Իրադարձությունները, գործողությունները մեծ մասամբ երկխոսությունների միջոցով ցույց տալու պատճառով ֆիլմը դուրս է մնացել դինամիկայից, ու ստացվել է միմյանց հետ իմաստային կապից զրկված դեպքերի շղթա, որը թերի ու խճճված  է պատկերում էմիգրանտագանգստերային հակասություններն ու անհամաձայնությունները: Ինչ ընթացք կունենա այս պատմությունը, պարզ կդառնա, երբ էկրան բարձրանա «Տիկնիկավարի» երկրորդ մասը: Իսկ առաջին մասը կինոդիտողին կհիշեցնի մի նկար, ինչից հասկացվում է, որ նկարելու ցանկությունը մեծ է, բայց տաղանդն ու ներկերը պակասում են:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 87 անգամ