Աննա Գորոյան. «Միգուցե ֆիլմի շնորհիվ ինձ նման մեկը կարողանա վերագտնել իր հայրենիքն ու արմատները»

39e32e4f-7c25-43b2-9ba8-a0bf5ea791df2015 թվականին Փարիզում ռուսները ծիծաղում էին, իսկ այս տարի նրանք նաև սիրում են, և խոսքն ամենևին քաղաքական տրամադրության փոփոխությունների մասին չէ, այլ ռուսական ֆիլմերի կինոփառատոնի:

«Երբ ռուսները սիրում են» խորագիրը կրող կինոփառատոնն անցկացվեց Փարիզում երկրորդ անգամ և արդեն հաջողություն ունի: Մարտի 14-22-ը  փարիզյան չորս կինոթատրոններում ցուցադրվեցին ռուսական կինոներ, կազմակերպվեցին քննարկումներ և հանդիպումներ հատուկ հյուրերի հետ:

Ի դեպ, կինոփառատոնի բացման աստղը Միշել Լեգրանն էր, հատուկ հյուրերից էին Ալեքսանդր Ադաբաշյանը և Կարեն Շահնազարովը, իսկ Աննա Գորոյանի «Բժիշկը» ֆիլմը մասնակցում էր կինոփառատոնի  կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին: Մի խոսքով, ռուսական սերը համեմված էր հայկական շնչով: 

Փարիզաբնակ Լիլիթ Սոխակյանը հատուկ «Կինոաշխարհի» համար հարցազրույց է ունեցել ռեժիսոր Աննա Գորոյանի հետ:

 

 

- Աննա, տարբեր մասնագիտական  ճանապարհներ անցնելով՝ Դուք վերջապես ընտրեցիք կինոն:Ինչպե՞ս:

- Ես երբեք չէի մտածում կինոռեժիսոր դառնալու մասին: Իմ գրականության ուսուցիչը միշտ ասում էր, որ ես հումանիտար ուղղվածության մարդ եմ: Բայց իմ ընտանիքում բոլորն ունեն լուրջ մասնագիտություններ` բժիշկ, շինարար, դասախոս: Ես նախ ավարտեցի ֆիզմաթը, ապա լեզվաբանական ինստիտուտը և մեկնեցի Մոսկվա աշխատելու: Աշխատանքս սիրում և հաճույքով էի անում, բայց տարօրինակ զգացողություն ունեի, որ մի բան թերի է: Հիմնական աշխատանքին զուգահեռ տարբեր զբաղմունքներ էի գտնում: Մի օր բարեկամիս որդու ծննդյան կապակցությամբ փոքր ֆիլմ նկարեցի, առանց հասկանալու՝ արածս լավն է, թե ոչ: Իսկ երեխաներն այնպիսի էակներ են,  որոնց խաբել չես կարող: Լավ հիշում եմ՝ տղան ինչ հաճույքով էր նայում ֆիլմը, աչքերը փայլում էին: Կյանքիս այդ դրվագը  հաճախ եմ հիշում, որովհետև այդ պահին հասկացա` կինոն այն է, ինչով ուզում եմ զբաղվել: Այնուհետև ևս մի քանի ֆիլմ նկարեցի մտերիմների համար, կոմերցիոն հոլովակներ, գրում էի սցենարներ: Որոշ ժամանակ անց հասկացա, որ դոփում եմ տեղում, պետք է սիրողական զբաղմունքից անցնել մասնագիտականի: ՎԳԻԿ ընդունվելու առաջին փորձս տապալվեց, նույնիսկ առաջին փուլը չանցա: Հիմա ուրախ եմ այդ անհաջողության համար, որովհետև երկրորդ փորձից ընդունվելով՝ դարձա Ալեքսանդր Պրոշկինի ուսանողը: Վարպետն ինձ, իհարկե, դժվարությամբ ընդունեց: Այժմ, վերընթերցելով առաջին աշխատանքներս, հասկանում եմ պատճառը (ծիծաղում է): Հիշում եմ զգացողությունս առաջին դասաժամին, աննկարագրելի հոգեվիճակ էր, վերջապես ինձ զգում էի ճիշտ տեղում: Կարծում եմ՝ դա կյանքի ամենակարևոր զգացողություներից է, եթե նույնիսկ դեպի նպատակ ճանապարհը երկար է և դժվար: Յուրաքանչյուրս պետք է փորձի գտնել իր ուժեղ կողմը, այն, ինչ անում է սիրով և հաճույքով: Դա լիիրավ երջանկության գրավականն է:

49712584-a180-4c9e-a728-4eb862d1e63d (1)նեո

- «Բժիշկը» Ձեր ավարտական աշխատանքն է և արդեն մասնակցել է կինոփառատոների ու մրցույթների: Ինչո՞ւ ընտրեցիք պատերազմի թեման:

- Ես վեցերորդ դասարանում էի, երբ Գրոզնիում սկսվեց պատերազմը: Հիշում եմ՝ զբոսանքից եկա տուն, ծնողներս ասացին, որ հաջորդ իսկ օրը պետք է մեկնենք: Բնականաբար, շատ դժվար էր, ծնողներս մնացին քաղաքում, իսկ մենք դիմեցինք հապճեպ փախուստի: Այդ ամենը, իհարկե, խոր հետք թողեց իմ հիշողություններում: Երկար ժամանակ շրջանցում էի պատերազմի հետ կապված խոսակցությունները, գրքերն ու ֆիլմերը: Եթե այն ժամանակ մեկն ասեր, որ դրա մասին կինո կնկարեմ, անկեղծ կզարմանայի: Այս հարցում ինձ շատ օգնեց վարպետը` Ալեքսանդր Պրոշկինը: Նա մեզ երբեք չեր թելադրում՝ ինչ նկարենք, բայց խորհուրդ էր տալիս թեման փնտրել մեր ներսում, նկարել այն, ինչի մասին լռել չենք կարող: Եվ ես հասկացա, որ ինձ նյարդայնացնում են պատերազմական այն ֆիլմերը, որոնք չեչեններին հիմնականում ցույց են տալիս որպես թշնամի կամ մարդասպան: Դա ճիշտ չէ,  մանավանդ որ ծնողներս բազմաթիվ չեչեն ընկերներ ունեն՝ հիանալի մարդիկ և փայլուն մասնագետներ: Ես շատ էի ուզում փոխել այդ կարծրատիպային պատկերը, պատմել այլ չեչենների մասին:

Քանի որ պատերազմի իմ մանկական հիշողությունները օբյեկտիվ չէին, սկսեցի զրուցել բարեկամներիս հետ, հարցուփորձ անել պատերազմն ապրածներին, նայել վավերագրական ֆիլմեր, ուսումնասիրել թեմային վերաբերող նյութեր: Կամաց-կամաց ֆիլմի սցենարը հասունացավ, և լռելն այլևս անկարելի էր: «Բժիշկը» թերևս իմ ամենակարևոր ֆիլմն է: ՎԳԻԿ-ում շատերը խորհուրդ էին տալիս ֆիլմի վերջում բժշկին սպանել, նույնիսկ պնդում էին, որ ես օբյեկտիվ չեմ, զգացմունքներիս մեծ կարևորություն եմ տալիս: Ես իհարկե լսում էի դասախոսներիս խորհուրդներն ու շրջապատի կարծիքը, բայց հաստատ գիտեի՝ որն է իմ ճանապարհը. ինձ շեղելն անհնար էր: Հիմա շատ ուրախ եմ, որ բժիշկը մնաց ողջ-առողջ. դա ֆիլմի ճիշտ վերջաբանն է:

- «Բժիշկը» նկարահանվել է Հայաստանում: Ինչպիսի՞ն էին զգացողությունները, երբ արդեն հասուն տարիքում առաջին անգամ այցելեցիք Ձեր պատմական հայրենիքը:

- Պապերս Արևմտյան Հայաստանից էին: Ես ծնվել եմ Գրոզնիում: Հայաստանում հայտնվեցի շատ պատահական: Երբ նկարում էի «Բժիշկը», վարպետն անընդհատ ասում էր, որ պետք է գնամ Հայաստան, որ իմ ֆիլմին անհրաժեշտ է Հայաստանի բնությունը, միայն այնտեղ կկարողանամ գտնել ճիշտ դեմքեր և կերպարներ: Բայց ես վախենում էի, Հայաստանում երբեք չէի եղել, ոչ ոքի չէի ճանաչում: Երբ ժամանեցի Հայաստան, առաջին իսկ վայրկյանից հասկացա, որ վարպետը, ինչպես միշտ, ճիշտ էր. ֆիլմը պետք է նկարահանել այստեղ, իսկ թե ինչպես, արդեն երկրորդական է: Ես սիրահարվեցի Հայաստանի բնությանը: Պարզվեց, որ այնտեղ ունեմ նաև բազմաթիվ բարեկամներ, ձեռք բերեցի նոր ընկերներ: Ամեն պահի պատրաստ եմ թռչել Հայաստան, կարծես մայրիկիս մոտ գնամ, նույնքան ջերմ է և հաճելի: Երբ երկար չեմ լինում, շատ եմ կարոտում:

- Ինչի՞ մասին է լինելու հաջորդ ֆիլմը:

- Հայաստանի: Ավելի քան մեկուկես տարի է, ինչ աշխատում եմ այդ ֆիլմի սցենարի վրա: Այն արդեն ավարտման փուլում է, և առջևում «ամենաուրախ» շրջանն է` ֆինանսավորման փնտրտուքները: Ֆիլմի մասին մանրամասներ դեռ չեմ կարող պատմել: Ասեմ միայն, որ դա ժամանակակից պատմություն է՝ որոշ պատմական փաստերով: Այն պիտի որ հետաքրքրի հայաստանցիներին, նաև երկիրը դեռ չայցելած զբոսաշրջիկներին: Չափազանց կարևոր է ինձ համար ֆիլմի միջոցով համախմբել աշխարհով մեկ սփռված հայերին: Պատահաբար հայտնվելով Հայաստանում՝ գիտակցեցի կյանքիս մեծ բացթողումը, ափսոսեցի, որ չգիտեմ ազգիս պատմությունը, չեմ խոսում հայերեն: Հիմա արդեն սովորում եմ: Նոր ֆիլմով նպատակ ունեմ ցույց տալ մեր հիասքանչ երկիրը, դրդել մարդկանց այցելել Հայաստան, ծանոթանալ մշակույթին ու պատմությանը: Միգուցե ֆիլմի շնորհիվ ինձ նման մեկը կարողանա վերագտնել իր հայրենիքն ու արմատները: Չէ՞ որ այսքան տառապանքներից հետո մենք, միևնույն է, ամուր կապված ենք իրար, և երբ դրսում հանդիպում ենք հայի, վստահ ենք, որ նա մեր բարեկամն է, թեկուզ հեռավոր…

 

Փարիզ

 

Դիտվել է 330 անգամ