Եվրիմաժը՝ մեզ համար նորահայտ հնարավորություններով

92d23bb06637919c3be824c7e2bdd25eՀայաստանը 2016 թ. հունվարից անդամակցում է Եվրիմաժին: Այսպիսով եվրոպական այս կառույցի անդամների թիվը դարձավ 37: Եվրիմաժում մեր երկրի ազգային ներկայացուցիչներն են կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ու «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն, նկարիչ, մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին: Նրանց թեկնածությունը Եվրիմաժին ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին՝ որպես Եվրիմաժի անդամակցող երկրի ներկայացուցիչ, այս ամիս՝ մարտին, առաջին անգամ ներկա են եղել Եվրիմաժի Board Meeting-ի հերթական նիստին: «Կինոաշխարհը» խնդրեց Սուսսաննա Հարությունյանին մեկնաբանել, թե մեր ներկայությունը եվրոպական նոր միջավայրում ինչ հեռանկարներ է բացում մեր կինոյի համար:

- Տիկին Հարությունյան, ի՞նչ է Եվրիմաժն իր գայթակղիչ ու պարտավորեցնող կողմերով, և ի՞նչ կարող ենք ակնկալել եվրոպական այդ կառույցից:

download- Շատ մեծ առաջընթաց է ակնկալվում. Եվրիմաժը նոր դուռ է բացելու հայ կինոյի առաջ: Այն եվրոպական կինոյի համարտադրության հիմնադրամ է, նրա միջոցները գոյանում են անդամակցող երկրների ամենամյա անդամավճարներից, որոնք հատկացվում են պետբյուջեից: Եվրիմաժի հիմնական քաղաքականությունը եվրոպական կինոյի տեսակը և ինքնությունը պահպանելն ու զարգացնելն է, Հոլիվուդին դիմագրավելն ու մրցունակ լինելը: Այս կառույցը ժամանակի ընթացքում մեխանիզմներ է ստեղծել, որպեսզի հիմնվեն համատեղ ֆիլմարտադրություններ:
Անդրադառնանք Հայաստանին: Եթե հարցնենք՝ որն է մեր կինոարտադրության ամենամեծ խնդիրը, ապա բոլորը միաբերան կպատասխանեն՝ ֆինանսական միջոցները: Կինոն զարգացնելու մեծ խնդիր ունեն հատկապես փոքր երկրները: Եվ նրանք հասկացան, որ ելքը համատեղ կինոարտադրությունն է. միավորել ֆինանսական, մարդկային, ստեղծագործական ռեսուրսենրը, ստեղծել հիմնադրամ և աջակցել եվրոպական համատեղ արտադրության ֆիլմերին, որպեսզի դրանք մրցունակ լինեն և կարողանան մեծ շուկա մտնել: Եվրիմաժը ստեղծեց հստակ մեխանիզմներ ու կանոնակարգեր՝ իր առջև դնելով հենց այս նպատակը: Մշակված գլխավոր սկզբունքները և պայմանները բազմաթիվ են, ահա դրանցից մեկը. ֆիլմը պետք է լինի Եվրիմաժի անդամ առնվազն երկու երկրի համատեղ արտադրություն: Մեր կինոիրականությունը բազմիցս է ապացուցել, որ այլ ելք չկա, բայց ոչ թե այն պատճառով, որ Եվրիմաժն է այդ պայմանը դնում, այլ որովհետև առանց գործընկերոջ, համարտադրողի, դժվար է ֆիլմ ստեղծել: Իսկ եթե ֆիլմը երկու և ավելի երկրների արտադրություն է, գործընթացն ինքնին թե՛ ֆինանսական, թե՛ ստեղծագործական և թե՛ ավելի մեծ շուկա մտնելու առումներով հեշտանում է:

- Համարտադրությունն իր կանոններն ունի, իսկ Եվրիմաժն ի՞նչ դեր ունի այս հարցում:

- Եվրիմաժի կանոնակարգը չի պարտադրում, որ ներկայացված կինոնախագիծն անպայման ունենա համարտադրող երկրների պետական ֆինանսավորում, բայց չգրված օրենք կա, համաձայն որի՝ գոնե որոշ չափով պետական աջակցության առկայությունը հավանության արժանանալու երաշխիք է: Եթե նույնիսկ տվյալ կինոնախագիծը պետական ֆինանսավորում չունի, միևնույն է, պետական լիազորված մարմինը (մեր դեպքում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը), պետք է հավաստագիր տա, ըստ որի՝ տվյալ ֆիլմի համատեղ արտադրությունը երաշխավորվում է: Այս դրույթը ռիսկային գործոնը բացառելու համար է: Մեր պրոդյուսերները կարող են կինոնախագծերը ներկայացնել ուղիղ Եվրիմաժին, բայց պետք է իմանան պարտադիր պայմանը՝ պետության հավաստագիրը պարտադիր է: Առանց հավաստագրի պրոդյուսերների ներկայացրած փաթեթը լիարժեք համարվել չի կարող, և հավանականությունը մեծ է, որ մերժվի:

- Կա՞ որոշակի ուղղվածություն. ինչպիսի՞ ֆիլմեր կարող են դիմանալ մրցակցությանը և ստանալ Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը: Օրինակ՝ ազգային թեմաներով ֆիլմերի շանսերն ինչքա՞ն են:

- Մինչև Եվրիմաժ հասնելը ֆիլմի գաղափարի հեղինակը՝ ռեժիսորը, պետք է իր երկրում գտնի այդ նախագծով հետաքրքրված պրոդյուսերի, որն էլ իր հերթին, Եվրիմաժի կանոնակարգի համաձայն, պետք է Եվրիմաժի անդամ պետությունների շարքում համարտադրող կամ համարտադրողներ գտնի: Հետևաբար ֆիլմի թեման պետք է հետաքրքրի նաև այլ երկրների պրոդյուսերներին, որպեսզի նրանք, ֆիլմի հաջողության շանսերը, գեղարվեստական և շուկայական պոտենցիալը հաշվի առնելով, համաձայնեն միանալ արտադրությանը և ֆինանսական միջոցներ ներդնեն այդ նախագծում: Եթե ֆիլմի թեման ազգային է, ուրեմն այն պետք է այնքան հետաքրքիր մատուցվի, որ շահագրգռի այլ երկրների պրոդյուսերներին ևս: Հասկանալի է, որ ֆիլմի թեման չպետք է հետաքրքրի միայն տվյալ երկրի հանրությանը, այն չպետք է լինի միայն տեղական շուկայի համար, որովհետև այդ դեպքում համարտադրող գտնելն անհնար կլինի: Իսկ ինչ վերաբերում է Եվրիմաժին, այնտեղ չեն կարևորում՝ ներկայացված ֆիլմի թեման ազգային է, թե ոչ: Եթե ազգային թեմայով սցենարն ուժեղ է, հետաքրքիր կոնցեպցիա ունի, կինոնախագծի թիկունքում կանգնած են ուժեղ, բանիմաց պրոդյուսեր ու պրոֆեսիոնալ ռեժիսոր, որոնք ֆիլմի թեման համոզիչ կերպով են մատուցել, ուրեմն կարելի է և ընտրել ազգային թեմա: Պետք է միշտ հիշել, որ Եվրիմաժը ղեկավարվում է շատ հստակ կանոնակարգով և գումարները բաշխում է մրցունակ ֆիլմերին:

- Ի՞նչ կետեր, դրույթներ, պայմաններ, սկզբունքներ են դրվում կինոնախագծերի հեղինակների առաջ: Ի՞նչ պետք է ներառի Եվրիմաժին ներկայացված փաթեթը:

- Շատ մանրակրկիտ, մանրամասն փաթեթ պետք է ներկայացվի Եվրիմաժին, որը հստակ պահանջներ կդնի պրոդյուսերների առաջ: Թիմային աշխատանք է պահանջվում: Վերջնական սցենարից, ռեժիսորի և պրոդյուսերի հիմնավորումներից (ի դեպ, անգլերեն և ֆրանսերեն) և մանրամասն բյուջեից բացի, փաթեթում պետք է ներկայացված լինեն մինչև անգամ օպերատորի կամ հիմնական դերակատարների պայմանագրերը: Իսկ ֆինանսական ներդրումների հստակ, անխախտ երաշխիքները պարտադիր պայմաններից են: Ֆինանսական ներդրումների տոկոսային հարաբերությունը հաստատագրված է համատեղ ֆիլմարտադրության եվրոպական կոնվենցիայով: Եվրիմաժի ֆինանսական փաստաթղթերի համար հիմք է ընդունվում հենց այդ համաեվրոպական փաստաթուղթը: Համատեղ արտադրություն է համարվում (եթե ներգրավված է երկու երկիր), երբ առկա է նվազագույնը 80/20 տոկոս հարաբերությամբ համաֆինանսավորում: Կարող է և լինել 50/50, 40/60, 70/30 տոկոս հարաբերություն, բայց ոչ երբեք 90/10 կամ 95/5 տոկոս: Դա, ըստ եվրոպական կոնվենցիայի, համատեղ արտադրություն չի համարվում: Այսինքն՝ երկկողմ համարտադրության դեպքում կողմերից մեկի ներդրումը չի կառող 20 տոկոսից պակաս լինել: Այլ հարց է, եթե ներկայացվում է երեք (կամ ավելի) երկիր՝ 80/10/10 հարաբերությամբ: Այս դեպքում մասնակցող երկրի ներդրման նվազագույն շեմը 10 տոկոս է: Հստակ մասնաբաժիններ են ամրագրվել, որոնք անփոփոխ են և հիմնված են համաեվրոպական կոնվենցիայի դրույթների վրա: Համարտադրող կողմերը պետք է փաստաթղթով հաստատեն, որ ունեն այդ գումարը: Եվս մի կարևոր դրույթ. Եվրիմաժը կինոնախագծի փաթեթն ընդունում է միայն այն դեպքում, երբ ֆիլմի ընդհանուր բյուջեի 50 տոկոսից ավելին ապահովված է: Որքան ավելանում է ֆիլմի համար ապահովված ֆինանսավորումը՝ անցնելով 50 տոկոսի սահմանը, այնքան մեծանում է հավանականությունը, որ Եվրիմաժը գումար կհատկացնի տվյալ նախագծին: Նախապատվությունը տրվում է այն փաթեթներին, որոնք ունեն 70 տոկոս հաստատված ֆինանսավորում:

- Որքա՞ն է տրամադրվող գումարի առավելագույն չափը:

- Եվրիմաժը յուրաքանչյուր կինոնախագծի հատկացնում է մինչև 500 հազար եվրո: Հիմնադրամի ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է: Թվում է՝ սա մեծ թիվ է, բայց հաշվի առնենք, որ 37 երկրներ են կինոնախագծեր ներկայացնում: Մեր երկրի դեպքում հետևյալ պատկերը կստացվի: Ենթադրենք՝ մենք ներկայացնում ենք ֆիլմի նախագիծ՝ Եվրիմաժից ակնկալելով 500 հազար եվրո: Քանի որ այս կառույցը նախապատվություն է տալիս 50 տոկոսից ոչ պակաս հաստատված ֆինանսավորում ունեցող նախագծերին, իսկ տվյալ նախագծի համար Եվրիմաժից ակնկալվում է ոչ պակաս, քան 500 հազար եվրո գումար, նշանակում է՝ ֆիլմի ընդհանուր բյուջեն պիտի կազմի ոչ պակաս, քան մեկ միլիոն եվրո, մինչդեռ մեր երկրում կինոյին հատկացվող տարեկան պետական բյուջեն այդքան չի կազմում: Եթե նույնիսկ նախագիծն ունենա համարտադրող, որը կհամաձայնի մեծ գումար ներդնել, ապա Հայաստանի՝ որպես համարտադրող երկրի չափաբաժինը պիտի այս դեպքում լինի ոչ պակաս, քան 20 տոկոսը, այսինքն՝ 200 հազար եվրո, ինչը մեր երկրի համար մեծ դժվարություն է ներկայացնելու: Իրատես լինեք. ո՞ր ֆիլմի համար մեր երկիրը կներդնի քառորդ միլիոն եվրո, որպեսզի Եվրիմաժից ստանա ևս կես միլիոն: Այլ հարց է, եթե լինի նաև մասնավոր աջակցություն:

- Այդ դեպքում ինչպիսի՞ նախագծեր պետք է ներկայացնենք, որպեսզի Եվրիմաժի աջակցության հավանականությունը մեծ լինի:

- Հայաստանը կարող է մրցունակ լինել փոքր բյուջեով ֆիլմերով՝ մինչև 400 հազար եվրոյի սահմաններում: Մեր պրոդյուսերները պետք է զուսպ ախորժակ ունենան ու իրատես լինեն՝ գիտակցելով, որ չեն կարող ներկայացնել կինոնախագիծ 30 տոկոս ֆինանսավորմամբ՝ Եվրիմաժից ակնկալելով մյուս 70 տոկոսը: Մենք պետք է սկսենք փոքր նախագծերից: Օրինակ՝ Եվրիմաժին ներկայացվել են ֆրանսիական, գերմանական կինոնախագծեր՝ մինչև 5 միլիոն եվրո բյուջեով: Եթե 5 միլիոնից 4,5 միլիոնն ապահովված է, ապա մնացած կես միլիոնը Եվրիմաժից ստանալն արդեն խնդիր չէ: Բայց անգամ այս դեպքում չես կարող համոզված լինել, որ այդ 10 տոկոս կազմող կես միլիոնը Եվրիմաժը կտրամադրի ֆիլմին: Որովհետև ներկայացված նախագծի ոչ միայն ֆինանսական կողմն է մանրամասն ուսումնասիրվում և քննարկվում, այլև՝ գեղարվեստական: Օրինակ՝ շատ հայտնի մի ֆրանսիացի ռեժիսորի ներկայացրած ֆիլմի 1,5 միլիոն ֆինանսավորումն ապահովված էր, բայց Եվրիմաժը գումար չտվեց, որովհետև մասնագետները սցենարը չէին հավանել:

- Մեր հարևան երկրները, օրինակ՝ Ռուսաստանը, Վրաստանը հաջողություններ ունեցե՞լ են Եվրիմաժում:

- Մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ իրատեսական չէ հենց սկզբից հաջողություններ ակնկալել, որովհետև գործընթացներին հետևելու, դրանք հասկանալու և տիրապետելու համար ժամանակ է պետք: Ինչքան տեղյակ եմ, առաջին մեկ-երկու տարում նրանք նախագիծ չեն ներկայացրել, չնայած անդամավճարը մուծել են: Բայց, օրինակ, անցյալ տարի ռուսները միանգամից 4 նախագիծ շահեցին, այդ թվում Անդրոն Կոնչալովսկու նախագիծը, որը ստացել է Ռուսատանի մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությունը:

- Ովքե՞ր են ընտրում այն ֆիլմերը, որոնք ստանում են Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը, ովքե՞ր են որոշում ընդունողները:

- Երբ փաթեթը հասնում է Եվրիմաժ, քարտուղարությունը բոլոր փաստաթղթերը հատ-հատ ստուգում է, հավաստիացնում, որ ոչ մի խարդախություն չկա. համարտադրողի, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմի հետ բոլոր պայմանագրերը կնքված, համաձայնեցված են, համաֆինանսավորումը երաշխավորված է և այլն: Դրանից հետո միայն բոլոր երկրների ազգային ներկայացուցիչները, որոնք փորձագետներ, մասնագետներ են, ծանոթանում, մանրամասն ուսումնասիրում են բոլոր նախագծերը, հետո՝ հերթական ժողովի ժամանակ, քննարկում դրանք:

- Կա՞ որոշակի նշաձող, չափանիշ, պայման, որ գործում է անգամ ֆիլմի աշխատակազմի ընտրության հարցում և ազդում ընդհանուր գնահատականի վրա:

- Անշուշտ, կա: Ներկայացված փաթեթն առաջին փուլում գնահատվում է այսպես ասած «եվրոպական սանդղակով»: Խրախուսվում է, որ հիմնական անձնակազմը և մասնակիցները եվրոպայի քաղաքացիներ լինեն: Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ օպերատորն ամերիկացի է եղել: Հենց այդ պատճառով ֆիլմի նախագիծը ցածր միավորներ է ստացել: Սա գնահատման փուլերից մեկն է, որ իրականացնում է հենց Եվրիմաժի քարտուղարությունը: Գործում է նաև գնահատման 1-10 միավորների սանդղակը: 37 երկրների ազգային ներկայացուցիչները պետք է հիմնավորեն՝ ինչու են այդ նախագիծը գնահատում 10 կամ 4 միավոր: Յուրաքանչյուր միավորը նշանակություն ունի, որովհետև վերջում՝ փակ քվեարկությունից հետո, քարտուղարությունն ի մի է բերում միավորները և միջին միավոր դուրս բերում: Եթե միջին թիվն 8-ից ցածր լինի, հավանական է, որ նախագիծը չանցնի:

- Տարեկան միջին հաշվով քանի՞ ֆիլմ է ֆինանսավորում Եվրիմաժը: Լինո՞ւմ են դեպքեր, երբ տվյալ երկիրն ընդհանրապես աջակցություն չի ստանում:

- Թիվն ամեն տարի տատանվում է: Ֆրանսիան կարող է միանգամից 10 նախագիծ ներկայացնել մեկ նիստի ժամանակ: Տարեկան միջինը մի քանի տասնյակ՝ 60-ից ավելի ֆիլմ է ֆինանսավորվում: Բացի այդ, բոլորը նույն գումարը չեն ստանում, չէ՞: Նախագիծ կա, որին հատկացվում է 100 հազար եվրո, մյուսին՝ 400 հազար: Օրինակ՝ այս մարտին կայացած ժողովին ներկայացված էր 35 նախագիծ (նախնական 38-ն էին, 3-ն անվավեր ճանաչվեցին). քվեարկությունից հետո ֆինանսավորվեց 16 կինոնախագիծ:

- Ի՞նչ կարգի ֆիլմեր են ներկայացվում Եվրիմաժ:

- Վավերագրական, խաղարկային և անիմացիոն: Վավերագրականները, իհարկե, ավելի փոքր բյուջեով են, քան խաղարկայինները:

- Հայտնի է, որ կա ժամանակացույց, թե երբ պետք է կինոնախագծերը ներկայացվեն Եվրիմաժ:

- Ամրագրված ժամանակացույց կա՝ հստակ վերջնաժամկետով. առաջինը հունվարին էր, հաջորդը մինչև ապրիլի 15-ն է, մյուսն օգոստոսին է, և 4-րդը հոկտեմբերին է նախատեսված: Եվրիմաժի ընդհանուր բյուջեն՝ 25 միլիոնը, բաժանվում է 4 մասի և հատկացվում նշված 4 ժամանակամիջոցներում ներկայացված նախագծերին:

- Հայաստանը Եվրիմաժի անդամ դարձավ 2016-ի հունվարին: Բնականաբար, այդ ժամանակ նախագիծ ներկայացնել չէինք կարող: Իսկ ապրիլին կհասցնե՞նք:

- Կան նախագծեր, որոնց պրոդյուսերները հետաքրքրված են Եվրիմաժով, բայց արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են վերը նշված պայմաններին: Կարծում եմ՝ չպետք է շտապել, քանի որ յուրաքանչյուր նախագծին Եվրիմաժ դիմելու միայն մեկ շանս է տրվում: Բոլոր հետաքրքրվողները կարող են ինձնից կամ Վրեժ Քասունուց խորհրդատվություն ստանալ կամ տեղեկությունները կարդալ Եվրիմաժի կայքում: Այս օրերին թարգմանվում են փաթեթները ներկայացնելու բոլոր պայմաններն ու ձևաչափերը. այդ փաստաթղթերը կտեղադրվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության պաշտոնական կայքերում: Պրոդյուսերները հետագայի համար պետք է անպայման նկատի ունենան, որ առանց պետական հավաստագրի, որը լիազորված է հատկացնել Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Եվրիմաժին կինոնախագիծ ներկայացնել չեն կարող: Նրանք կարող են նաև մեզ դիմել խորհրդատվության նպատակով:

- Բացի Ձեր նշված գործառույթներից, ազգային ներկայացուցիչներն ի՞նչ դեր ունեն իրենց երկրի նախագծի ճակատագրի հարցում:

- Ազգային ներկայացուցիչներն են հենց Եվրիմաժում ներկայացնում իրենց երկրի կինոնախագիծը և հիմնավորում, պաշտպանում այն ներկայացուցիչների ժողովի ժամանակ, ուստի ազգային ներկայացուցիչները պիտի մանրամասն ծանոթ լինեն նախագծերին, որ կարողանան ներկայացնել Եվրիմաժում ու ցույց տալ դրանց առավելությունները, ուժեղ կողմերը: Մենք պետք է ամեն կերպ աշխատենք համոզել մեր գործընկերներին, որ նրանք գումար տրամադրեն հայաստանյան նախագծերին: Հետևաբար բոլոր մանրամասներն այնտեղ մեզանից են հարցնելու, իսկ դա նշանակում է, որ մինչև Եվրիմաժին ներկայացնելը ճիշտ կլինի, որ պրոդյուսերները տեղեկացնեն նախագծի ուժեղ և խոցելի կողմերի մասին: Բայց ազգային ներկայացուցիչն իր երկրի նախագծի համար քվեարկելու իրավունք չունի: Ինքնին հասկանալի է, որ պետք է լավ հարաբերություններ ստեղծենք բոլոր երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցենք բոլոր հավաքներին, փորձենք հասկանալ բոլորի ճաշակը:

- Մի խոսքով, հարկավոր է լավ դիվանագետ լինել:

- Այո՛, եվրոպական այս կազմակերպությունում հաջողության հասնելու համար լավ մշակված դիվանագիտություն պետք է կիրառել, նաև նպատակային ծրագրեր մշակել: Եվրիմաժը գործունեության լայն հնարավորություն է տալիս ոչ միայն համատեղ ֆիլմարտադրության դաշտում, այլև դիստրիբուցիայի, կինոթատրոնների գործունեության ասպարեզներում: Օրինակ՝ կարելի է մեծ զարկ տալ ազգային դիստրիբուցիոն ընկերությունների զարգացմանը: Սկզբունքը հետևյալն է. եթե Հայաստանում լինի նման ընկերություն, որն ուզենա ցուցադրել եվրոպական ֆիլմեր, կարող է Եվրիմաժին ներկայացնել իր նախընտրած ֆիլմերի ցանկը (այդ թվում՝ Եվրիմաժից աջակցություն ստացած ֆիլմերի), որոնք այլ երկրներում ցուցադրվելու նվազ հնարավորություն ունեն, և Եվրիմաժից կստանա մինչև 15 հազար եվրո: Իսկ այն կինոթատրոնը, որը ցուցադրում է եվրոպական ֆիլմեր, այսինքն՝ եվրոպական կինոյի տարածմամբ ու հանրահռչակմամբ է զբաղվում, կարող է Եվրիմաժից աջակցություն ստանալ տեխնիկական վերազինման համար:

- Եվս մեկ հարց. որքա՞ն է Հայաստանի անդամավճարը Եվրիմաժին:

- Մեր երկիրը վճարել է 116 հազար եվրո: Անդամավճարի չափը 37 երկրների շրջանում տարբեր է՝ կապված տվյալ պետության կողմից ֆիլմարտադրությանը հատկացվող բյուջեից ու ՀՆԱ-ից:

Եվրոպական մշակութային խոշորագույն կառույցներից մեկին անդամակցելով՝ մեր երկիրը որոշակի պարտավորություններ է ստանձնում: Վաղուց արդեն ժամանակն է, որ համատեղ ֆիլմարտադրության նախագծերում ներգրավվելով՝ Հայաստանն ինտեգրվի համաշխարհային կինոընտանիքին: Գործընթացն սկսելու համար, անշուշտ, որոշակի պատրաստվածություն, գիտելիքներ, շրջահայացություն, հեռատեսություն է պահանջվում, ամենակարևորը՝ ոլորտի ներքին խոհանոցի ճիշտ ու համապարփակ ուսումնասիրություն և եվրոպական ընտաիքի հետ շփվելու ունակություն: Ձեռքներս ծալած նստելով՝ առաջընթաց չենք ունենա, ուստի ժամանակի մարտահրավերների հետ առերեսվելուց չպետք է խուսափել ու երկնչել: Դա հնարավորություն կտա նաև գնահատելու սեփական ուժերը: Ի վերջո, հարկ է հիշել, որ բախտը համարձակներին է ժպտում:

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի

 

Դիտվել է 173 անգամ