Սուրեն Հասմիկյան. կինոյից՝ գրքեր

d4b0f014-13e9-4e5e-aa9d-18cd90de00d3Կինոգետ, կինոքննադատ, արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը, որպես կանոն, դժվարությամբ է հարցազրույցներ տալիս: Նրան հազվադեպ կարելի է տեսնել մեծ հանդիսությունների ու երեկոների ժամանակ: Լրագրողներս նրան՝ որպես բանախոսի, չենք տեսել նաև մամուլի ակումբներում, բայց զարմանալիորեն ընդունել էր «Ազդակի» հրավերը: Ավելի զարմանալի էր, որ կինոգետը խոսելու, վերլուծելու, հարցերին պատասխանելու տրամադրություն ուներ: Ստացվեց բավական տարողունակ ու բազմաբովանդակ ելույթ՝ սկսած մոլորակի ու մեր երկրի աշխարահաքաղաքական իրավիճակից մինչև Հոլիվուդ ու ստալինյան ժամանակներ: Իհարկե, առանցքային թեման կինոն էր, կինոյի երեկն ու այսօրը, նաև վաղը:

XX դարը գնաց կինոյի ոգով, կինոյի ճանապարհով

Կինոն ու կինոարվեստը միանգամայն տարբեր հասկացություններ են: Խոսենք կինոյի մասին: Կինոն XX դարի լեզուն էր, որը հավերժացրեց շարժվող իրականությունը և այն վերարտադրեց: Վերարտադրեց վավերագրության միջոցով: Վավերագրությունը կինոյի էությունն է: Կինոն շարունակեց ապրել, կինոյին «փրկեց» բիզնեսը, որովհետև եթե փող չլինի, կինո էլ չի լինի: Մեծ շուկաներն են կինոյին կյանք ու ապագա տալիս: Դրանից է, որ Հոլիվուդը մինչև հիմա պահպանում է իր ուժն ու հեղինակությունը: Հոլիվուդի աստեղային ժամը 1930-ականներն էին: Այդ տարիներին էր, որ Ռուզվելտն օգտվեց Հոլիվուդի աջակցությունից ու հեղաշրջում արեց Ամերիկայում: Հոլիվուդն այդ ժամանակ պրագմատիզմ էր քարոզում՝ մարդ, հավատա քո ուժերին և ամեն ինչի կհասնես: Այդպես կառուցվեց Ամերիկան, որը շատերի համար երազանքների երկիր էր:

Հոլիվուդը վտանգված է, վտանգված է մարդը

Առանց օպերատորի կինո չկա. սա գիտեին ու հասկանում էին նախկինում, իսկ հիմա ամեն ինչ կա, օպերատոր չկա, այդ պատճառով էլ կինո չկա: Կինոն չի կարող մեռնել, այն չի մեռնի երբեք, բայց մեռնում է և կմեռնի պատկերը, որն արդեն իսկ արժեզրկվել է: Հոլիվուդում ևս պատկերներ չկան: Պատկերին փոխարինել է նորագույն տեխնիկան, որը խաբում է մարդկանց. չգիտես՝ նայածդ պատկերն օպերատո՞րն է ստացել, թե՞ տեխնիկան: Դրանից էլ կինոն դարձել է խաբկանք: Հիշում եմ՝ Աղասի Այվազյանը 30 տարի առաջ ասում էր. «Տեսնես կլինի՞ այնպես, որ դուրս գաս փողոց ու նկարես ինչ ուզում ես, ինչ աչքդ տեսնում է»: Հիմա նրա երազած ժամանակն է, բոլորը կինո են նկարում, բոլորը վավերագրող են, բայց ո՞ւր է նրանց նկարած պատկերը, ո՞ւր է մարդը, ո՞ւմ է նա հետաքրքրում՝ իր իրական զգացողություններով ու ապրումներով:

Հայկական կինոն ստեղծվեց ԽՍՀՄ-ի շնորհիվ

1992 թվականին գրեցի իմ առաջին գիրքը: Բծախնդրորեն ու հետևողականորեն քրքրում էի գրածս. հանկարծ ինչ-որ բան այն չլինի: Կանգ առա մի նախադասության վրա. «Հայկական կինոն ստեղծվեց ԽՍՀՄ-ի շնորհիվ»: Մտածեցի՝ հանեմ, բայց ինչո՞ւ հանեմ. ես ճշմարտությունն եմ գրել, հետո՞ ինչ, որ 90-ականների անկախության համար պայքարի ֆոնին շատերին կարող էր դուր չգալ այդ միտքը:
Սովետական տարիներին Մոսկվայից պարտադրում էին՝ յուրաքանչյուր երկիր պիտի իր կինոն նկարի: Ու անգամ Սիբիրում ցուցադրվում էին այդ ֆիլմերը: Հայկական կինոն ևս շրջում էր ամբողջ Սովետով մեկ: Ու յուրաքանչյուր ֆիլմ ներկայացվում էր հասարակությանը: Սա է ամենակարևորը. կինոն պետք է դիտող, հանդիսատես ունենա, այլապես ո՞ւմ է պետք այն ֆիլմը, որը նկարվել է, բայց անգամ ռեժիսորի ընկերական շրջապատն այն չի տեսել: Հիմա ճիշտ այդպես է:

Հեղինակային կինո ասվածը սխալ հասկացություն է

Ի՞նչ է նշանակում հեղինակային կինո. նման բան գոյություն չունի, սխալ է: Անգամ Չապլինն իրավունք չունի ասելու, որ ինքը հեղինակային կինո է ստեղծել: Դա սխալ արտահայտություն է, որ չգիտես ինչու, արդեն տերմին է դարձել ու անընդհատ շրջանառվում է: Մեկ էլ գալիս ասում են՝ ես հեղինակային կինո եմ նկարել: Նայում ես՝ աղբ է: Այդ հեղինակային կոչվածների 90 տոկոսը նայելու բան չէ: Այսօր մի կերպ կինո են նկարում, բայց ասում են հեղինակային է, հետո մի կերպ ներկայացնում են փառատոնի, թե ինչ է զոռով մի բան պոկեն: Բայց այդպես չի կարելի. դա կինո չէ: Եթե ձերը հեղինակային կինո է, այդ դեպքում Փարաջանովն ի՞նչ ասի: Ֆելինիի ֆիլմերն ի՞նչ են: Ֆելինի, որի «Ութուկեսը» հեղաշրջում արեց, որովհետև մտավ մարդու ենթագիտակցության մեջ: Օրինակ՝ Վիգեն Չալդրանյանի առաջին ֆիլմը՝ «Ձայն բարբառոն», համեմատաբար լավ ֆիլմ է, բայց հետո նա որոշեց անցնել հեղինակային կինոյին ու նկարեց «Մաեստրոն», «Լռության սիմֆոնիան»:

Մեր երկրում տարեկան 100 ֆիլմ է նկարվում, ո՞վ է տեսնում դրանք

Եթե սովետական տարիներին ինձ հարցնում էին՝ կա՞ հայկական մի ֆիլմ, որ տեսած չլինես, պատասխանում էի՝ չկա, բոլորն էլ տեսել եմ: Իսկ հիմա, երբ նույն հարցը տալիս են, պատասխանում եմ՝ նոր ֆիլմերը համարյա չեմ տեսել: Իհարկե, կան ֆիլմեր, որ դիտել եմ: Աննուններ չեմ տա. մեջները լավերն էլ կան, վատերն էլ: Կան ֆիլմեր, որոնք այդպես էլ ստվերում մնացին. օրինակ՝ Դմիտրի Կեսայանցի «Ավդոյի ավտոն» ըստ արժանվույն չգնահատվեց:
Վերջին ժամանակների ամենահանճարեղ ֆիլմը, որ տեսել եմ, Կուստուրիցայի «Underground» ֆիլմն է: Ինձ շատ է հուզել նաև Հանեկեի «Սեր» ֆիլմը:

Կինոյի փրկությունը վերադարձն է նեոռեալիզմին

1992 թվականին, երբ լիբերալիզմը ներխուժեց մեր կյանք, երկու լեզվով հոդված գրեցի, վերնագիրը՝ «Ես պահպանողական եմ»: Լինելով լիբերալ՝ ես հայտարարեցի, որ կինոյում պահպանողական եմ:
Կինոն պետք է իրականությանը վերադառնա: Հերիք է օյինբազ տեխնիկայով նկարված կադրեր մատուցել: Իմ ուսանողներին ցույց եմ տալիս Փելեշյանի ֆիլմերը, բայց տեսնում եմ, որ դրանք դիտելու փոխարեն նրանք համակարգիչներով են զբաղված: Նրանց ասում եմ. «Ինչով որ հիմա զբաղված ու տարված եք, դրա ստեղծողը Փելեշյանն է, գիտե՞ք: Տարիներով նա տանջվել է, որ կադրը կադրին այնպես կպցնի, որ ստացվեն էս հանճաևեղ ֆիլմերը: Իսկ հիմա նրա տարիների տանջանքը համակարգչի կոճակի մի սեղմումով մի վայրկյանում են ստանում: Բայց դա կինո չէ: Դրա մեջ հոգի չկա, հոգին Փելեշյանի ֆիլմերում է»:

«Հայֆիլմը» չպետք է սեփականացվեր

Ի՞նչ ապագա կունենա հայ կինոն. այս հարցը վերաբերում է նաև համաշխարհային կինոյին: Տեխնիկան կուլ է տալիս ամեն ինչ, այդ թվում՝ կինոն: Պարզից էլ պարզ է, որ կինոթատրոնները դեպի ոչնչացում են գնում: Այս ընթացքում ինչ կլինի «Հայֆիլմի» հետ՝ կախված է կինոյի մասին օրենքից ու այն որոշումից, թե կվերացվի՞ արդյոք սեփականության իրավունքը «Հայֆիլմի» նկատմամբ: Չպետք է թույլ տայինք, որ այն սեփականացվեր, դա մեծ սխալ էր: «Եռանկյունի» ֆիլմն իբր թվայնացրին. սև-սպիտակը դարձրին գունավոր, այ քեզ թվայնացում: Հույսեր է արթնացրել այն հանգամանքը, որ Հայաստանը միացել է «Եվրիմաժին», կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդի այդ կազմակերպության հետ համագործակցությունը էական նպաստ կբերի մեր Ազգային կինոկենտրոնի գործունեությանը և առհասարակ կինոարտադրությանը:

Հիմա ես մի հենարան ունեմ միայն՝ գրքերը, ուրիշ ոչինչ: Իմ տանը մոտ հազար գիրք կա, դրանց կեսն եմ, ցավոք, կարդացել, ինչի համար շատ եմ ափսոսում: Ու չգիտեմ՝ կհասցնե՞մ մյուս կեսը բացել:

 

Պատրաստեց Նաիրա Փայտյանը

Դիտվել է 250 անգամ