«Հայրերը» ֆիլմը կարծարծի թրաֆիքինգի թեման

513ef057-8560-4067-93fd-176edb370586Հայազգի սցենարիստի, պրոդյուսերի և դերասանների մասնակցությամբ տարվա առաջին օրերին մեկնարկել են բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Հայրերը» 12 մասից բաղկացած արկածային մարտաֆիլմի նկարահանման աշխատանքները:

«Կինոաշխարհի» հետ զրույցում ռեժիսորն առաջին անգամ պատմել է ֆիլմի նկարահանման մանրամասների մասին:

«Ֆիլմը թրաֆիքինգի մասին է, վոլեյբոլի թիմի աղջիկներին առևանգում են, և հայրերը փորձում են գտնել իրենց աղջիկներին աշխարհի տարբեր երկրներում: Ոմանց վաճառում են, ոմանց օրգաններն են վաճառում փոխպատվաստման համար: Սրանք պատմություններ են, որոնք վերցված են իրական կյանքից»,- նշում է ռեժիսորը:
Ֆիլմը, նրա խոսքով, հետաքրքիր և խտացրած action ժանրի դինամիկ պատմություն է:

«Շատ արդիական թեմա է, քանի որ աշխարհը վերջին շրջանում փոքր-ինչ խառնվել է: «Հայրերը» բազմասերիանոց ֆիլմը հետաքրքիր, այսպես ասած, «նյարդով» ֆիլմ է»,- նկատում է ռեժիսորը` հավելելով, որ այս հորինված պատմությունը իրականությունից որքան հեռու, այնքան էլ մոտ է:

«Հայրերը» ընդգրկուն է նաև աշխարհագրության տեսանկյունից: Նկարահանումներն իրականացվում են Ռուսաստանում, Չեխիայում, Էստոնիայում, Բելգիայում, Դուբայում, Կիպրոսում, Եգիպտոսում, Հայաստանում, Բեյրութում, Վրաստանում և Ֆրանսիայում:

Ֆիլմում ներգրավված են դերասաններ Գրիշա Աղախանյանը, Արամոն, Յուրա Կոստանյանը, Բաբկեն Չոբանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Էվա Խաչատրյանը, ինչպես նաև Ռիգայում բնակվող հայազգի դերասան Իվան Օգանեսյանը: Սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Միքայել Պողոսովն է:

Ի տարբերություն շատ սցենարների՝ այս ֆիլմում կարծես հստակ չի ուրվագծվում գլխավոր դերակատարը: Հանգուցալուծումն էլ, ինչպես ընդունված է կոմերցիոն նախագծերում, անսպասելի է, հանելուկներով լի և շարունակություն ենթադրող: Ֆիլմում արծարծված է նաև վրեժխնդրության հավերժական թեման:

«Հայրերը» Արշալույս Հարությունյանի հինգերորդ աշխատանքն է: Ֆիլմը նկարահանվում է ռուսական Рен ТВ հեռուստաընկերության պատվերով, «Berg sound» ֆիլմարտադրող ընկերության հետ: Ռեժիսորի խոսքով` ռուս գործընկերների հետ ձևավորվել է համատեղ աշխատանքի, փոխըմբռնման թիմային ոգի, ինչն անհրաժեշտ և կարևոր պայման է ֆիլմի նկարահանման համար:

Հունվարի 7-ից մեկնարկած նկահանումների ավարտը նախատեսվում է մայիսին: Շնորհիվ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության մի քանի մասից բաղկացած ֆիլմը հեռուստաէկրաններին առաջիկայում դիտելու հնարավորություն կունենա նաև հայ հանդիսատեսը, որը, Արշալույս Հարությունյանի գնահատմամբ, յուրահատուկ սեր է տածում կինոկատակերգությունների նկատմամբ:

Որպես յուրաքանչյուր ֆիլմի կարևոր բաղկացուցիչ՝ այստեղ ևս կարևոր շեշտադրում կունենա երաժշտությունը: Ռուսական ռոք խմբերից մեկի հնչյուններն իրենց դինամիկությամբ չեն զիջի կինոնկարի բովանդակությանն ու ռիթմին:

Ֆիլմում ստեղծագործական գործուն մասնակցություն ունի նաև Արշալույս Հարությունյանի կինը` Երևանի պետական կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը: Ամուսնական զույգը մինչ ուշ գիշեր, անգամ հանգստյան օրերին թատրոնում է, ընդգրկված այս կամ այն ներկայացման աշխատանքներում, ակտիվ մասնագիտական քննարկումներում:

«Առանց իրեն ոչինչ չեմ կարողանում անել, նա ինձ խորհուրդ է տալիս, ուղղորդում և օգնում, մասնակցում է նկարահանումներին»,- ընդգծում է Արշալույսը Հարությունյանը և խոստովանում, որ կինոգործունեությամբ զբաղվելու ընթացքում թեև փոքր-ինչ տուժել է իր աշխատանքը թատրոնում, սակայն շատ նախագծեր դեռ առջևում են:
Բացառված չէ, որ Հարությունյան-Երնջակյան զույգն առաջիկայում էլ ստեղծի նոր ֆիլմեր: Մասնավորապես խոսքը վերաբերում է Երևանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանի հեղինակած կինոսցենարին, որի հիման վրա նախատեսվում է նկարահանել «Ջրհեղեղ» ֆիլմը:

Տ. Գ.

 

 

 

Դիտվել է 308 անգամ