Արման Մանարյան՝ լուսավոր կինոյի ասպետը

Arman-ManaryanԵրբ 1961-ին կինոռեժիսոր Միխայիլ Կալատոզովը՝ միակը, որ Կաննի «Ոսկե արմավենի» էր բերել խորհրդային կինոյին, դիտեց Արման Մանարյանի «Տժվժիկը» , նրա արձագանքն ավելի քան ջերմ էր: Մանարյանի երկար տարիների գործընկեր և հավատարիմ բարեկամ Լևոն Աթոյանցը պատմում է. «Դիմա Կեսայանցն ու Արման Մանարյանը նոր էին վերադարձել Մոսկվայից, ВГИК-ից բոլորովին այլ շունչ ու տրամադրություն էին բերել Երևան: Հին կինոյի տանը «Տժվժիկի» դիտումն էր, ի¯նչ տրամադրություն էր , իզուր չէ, որ Կալատոզովը «Տժվժիկի» մասին նշել էր, թե սա պատուհան է դեպի հայ կինոյի ապագան»: Փոքր-ինչ ավելի ուշ Մանարյանի կինոյին հիացական գնահատականներ էին տվել նաև ամերիկյան մշակույթի երկու հայազգի հսկաները ՝Ռուբեն Մամուլյանն ու Վիլյամ Սարոյանը:

Թե ինչպես էր հաջողվում Մանարյանին այդքան անկաշկանդ, ազնիվ ու ներքին ազատությամբ լեցուն կինո նկարել մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած տաղանդավոր և իր ձեռագիրն ունեցող ռեժիսոր ենթարկվում էր տարբեր վարչարարական ու գաղափարական ճնշումների, հիմա արդեն դժվար է պատկերացնել:

ph13880429442

1961-ին հաջորդած 55 տարիները մանարյանական կինոյի հանդեպ հարաճուն հետաքրքրության լավագույն վկայությունն են, որը սկսվեց «Տժվժիկի» հանդեպ համաժողովրդական սիրուց ու հիացումից և արդեն XXI դարում ժամանակի փորձությամբ ամրագրեց նրա ջերմ ու սիրառատ կինոյի թանկ բարոյական արժեքը:

Մոսկովյան համամիութենական կինոինստիտուտի շրջանավարտին հաջողվել էր կատարյալ ազգային ֆիլմ ստեղծել՝ համադրելով դիպլոմային կինոաշխատանքի ընձեռած ոչ մեծ հնարավորությունները: Սակայն ֆիլմում ամեն ինչ ծառայում էր երիտասարդ ռեժիսորի հեղինակային մտահղացման անթերի իրագործմանը՝ սկսած հրաշալի գրական հիմքից մինչև հայ բեմի և էկրանի մեծագույն արտիստների հրաշալի եռյակը: Հրաչյա Ներսիսյան-Ցոլակ Ամերիկյան-Արման Կոթիկյան միասնությունից էկրանը լցվում էր արտիստական հմայքով: Հիմա արդեն կեսդարյա իրողություն է, որ Մանարյանի կինոգեղագիտության դրոշմը կրող ցանկացած կինոպատում, լիներ դա փոքրիկ կինոնովել թե երաժշտական հրավառություն ներկայացնող մյուզիքլ, քաղաքական կինոպամֆլետ թե դրամատիկ սիրո պատմություն, անվերապահորեն ընդունվում և սիրվում էր հայ կինոհանդիսատեսի կողմից:

Թվում էր՝ նման հաղթական մուտքից հետո երիտասարդ կինոռեժսորի ստեղծագործական ճանապարհը հովվերգական ու հարթ ընթացք պիտի ունենա: Ավաղ: Մանարյանի կյանքում ճգնաժամային շրջան էր Շիրվանզադեի «Արտիստի» էկրանավորումը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ ռեժիսորն անհասկանալիորեն հայտնվել էր խորհրդային կինոգաղափարախոսների սև ցուցակում: Այն, ինչ կատարվեց նրա դեռևս անավարտ Ֆիլմի հետ, առ այսօր բացատրություն չունի: Մանարյանի համար դա մշտապես փակ թեմա էր: Եվ մնում է միայն ենթադրություններ անել, թե կինոդավանանքի ու մտածողության այդ ինչ շեղում էր թուլ տվել տաղանդավոր ռեժիսորը, որ նրա՝ դեռևս գեղագիտորեն չամբողջացած ֆիլմը որակվեց իբրև ստեղծագործական ձախողում, իսկ կինոչինովնիկների մաղձը հասավ այնպիսի ծայրահեղության, որ անավարտ «Արտիստի» ժապավենը պարզապես վայրագաբար այրեցին:

Մանարյանն ամենևին չհուսահատվեց , իրեն բնորոշ լավատեսությամբ ու համառությամբ վերստին վերադարձավ իր անփոփոխ մուսային՝ երաժշտությանը և այս անգամ էլ արահետ հարթեց ազգային երաժշտական կինոյի համար՝ նկարահանելով առաջին հայկական մյուզիքլը՝ «Կարինեն»:

Այն, ինչն այդքան գրավում էր ռեժիսորի մտերիմներին ու բարեկամներին, նոր կինոլեզվի, նոր մտածողության ու նոր սկզբի մշտական փնտրտուքն էր: Եվ բնավ պատահական չէ, որ արդեն կայացած, հայտնի ու վաստակաշատ ռեժիսորը հանկարծ տրվեց նոր ստեղծագործական գայթակղությանը՝ մուլտիպլիկացիային: Նա վերստին բոլորին զարմացրեց ՝ ստեղծելով իր անդրանիկ անիմացիոն ֆիլմը՝ «Հայելին»: Իսկ երբ 2001-ին սկսեց «Սասնա ծռերի» անիմացիոն էկրանավորման հսկայածավալ ու թանկարժեք նախագիծը, քչերն էին հավատում, որ արդեն 72-ամյա ռեժիսորը կկարողանա ավարտին հասցնել նման հզոր նախագիծը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հիշում է, թե որքան բարդ ընտրության առջև էր ռեժսորը թե´ ստեղծագործական և թե´ զուտ տեխնիկական խնդիրների լուծման դեպքում. «Մանարյանի համար չափազանց կարևոր էր էպոսի բնագրային տեքստին հավատարիմ մնալը: Նա անվերջ ֆիլմի հետ կապված խնդիրների կենտրոնում էր՝ ֆինանսավորման քրոնիկ բացակայության, տեխնիկական միջոցների անբավարարության և բազմաթիվ այլ դժվարությունների ֆոնին: Մանարյանը, այնուամենայնիվ, կարողացավ ավարտին հասցնել հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը նրա տարիների երազանքն էր»:

87-ամյա ռեժիսորին վերջին հրաժեշտից առաջ դարձյալ սիրո խոստովանություններ հնչեցին մանարյանական կինոյի լավագույն ֆիլմերի՝ «Կարինեի» , «Մորգանի խնամու» , «Հեղնար աղբյուրի», «Սպիտակ ափերի», «Ընկեր Փանջունու» հասցեին, որոնցով լուսավոր կինոյի ասպետը ճեղքում էր մեր օրերի պրագմատիկ անտարբերությունը և իր ջերմությունը շռայլում բոլորին:

Նունե Ալեքսանյան

 

Դիտվել է 102 անգամ