Ծնունդդ շնորհավոր, վարպետ

peleshyanԾնունդով՝ Գյումրիից, ակունքներով՝ Վանաձորից, կյանքով մեկ՝ աշխարհինը: Փետրվարի 22-ը Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Վարպետը դարձավ 78 տարեկան:

Վերջին տարիների ընթացքում թերևս առաջին անգամ է, որ իր ծննդյան օրն Արտավազդ Փելեշյանը Հայաստանում է: Ումից և ինչ շնորհավորանք կստանա վարպետը, դժվար է կռահել: Իր խառնվածքով ու կենսակերպով նա այն արվեստագետներից է, որոնց կյանքն ու անգամ ծննդյան տարեդարձը երբևէ հանրային հնչեղություն չեն ստացել: Ամենուր, նաև մեր քաղաքում վարպետն ունի մտերիմներ, որոնց ընկերակցությամբ երբեմն կարելի է նրան տեսել անաղմուկ մի վայրում՝ սրճարանում կամ թանգարանում: Արտավազդ Փելեշյան, Տիգրան Մանսուրյան, Հակոբ Հակոբյան հոգևոր, մտերմական կապը տասնամյակների պատմություն ունի: Նրանք մշտապես մեկը մյուսով հիացած են եղել: Հակոբ Հակոբյանը լքեց նրանց: Արտավազդ Փելեշյանն ու Տիգրան Մանսուրյանը երկուսով են վայելում միմյանց ներկայությունն ու հաճախ հիշում իրենց գեղանկարիչ ընկերոջը: Հակոբ Հակոբյանը լավ էր հիշում իր ընկերների ծննդյան օրերը: Հետաքրքիր է, որ երեքն էլ խոսելու հարցում խիստ ժուժկալ են: Լռությունն էլ հենց նրանց միավորել ու ընկերացրելph139522285924 է: Հակոբ Հակոբյանը պատմում էր, որ մի օր տեսավ Փելեշյանին աթոռի ծայրին լուռ ու մտածկոտ նստած: «Ինքն իր տեսակի մեջ էր այդ պահին: Գիտեի, որ Փելեշյանն առանձնապես չի սիրում նկարվել: Բայց համարձակվեցի նրան առաջարկել: Ու նկարեցի»: Հակոբ Հակոբյանի տանը մինչև այժմ այդ նկարը կա: Այդ օրվա մասին հարցնում էի գեղանկարչին՝ ջանալով ավելին իմանալ՝ ինչ էին խոսում, ինչ էին պատմում: «Ոչինչ, նա լուռ նստած էր, ես լուռ նակում էի»,- պատասխանեց: Հիմա կինոռեժիսորն ու կոմպոզիտորը հանդիպում են, անպայման պատմում գեղանկարչի մասին այնքան կենդանի ու նույնիսկ հումորով, ասես Հակոբ Հակոբյանը նրանց հետ է: timthumbԱյսօր՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը, մանավանդ որ նա Երևանում է, ավանդույթը չի խախտվում. երկու հին ընկերները հանդիպելու են: Այդպես էր և Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին: Իսկ այդ հանդիպումներին, մի բաժակ թեյի կամ սուրճի շուրջը զրույցներին ուղղակի պետք է ներկա լինել: Հիշում ու պատմում են մերօրյա հանճարները, հիշում ու պատմում են հատկապես անցյալից: Ի՞նչ անցյալ, կենսագրություն ու ոգեղեն ճանապարհ ասենք, իմաստնությամբ, իրական հույզերով, անկեղծ զգացողություններով, ստեղծագործական բոհեմով առլեցուն, լիարժեք ապրած մի ամբողջ կյանք ասենք: Ինչպես կինոյում իրար են գտնում պատկերն ու երաժշտությունը, այնպես էլ այդ հանդիպումներում իրար լրացնում են Փելեշյանի պատմությունների պատկերավոր կինոդրվագներն ու Մանսուրյանի մեղեդային զգացողությունները: Ու ամեն տեղ՝ նուրբ հումոր, այնքան խոր ու բազմաշերտ, որ երեք օր է պետք այն հասկանալու և «մարսելու» համար: Այդպիսի հանդիպումների ժամանակ այնպիսի տպավորություն է, ասես Թումանյանի ստեղծած Վերնատանն ես. խոսում ու պատմում, լռում ու ծիծաղում, զգում ու ապրում են մեծերը: Իսկ նրանցից ոչ հեռու՝ ընդամենը մի փողոց այն կողմ, քաղաքային դատարկ աղմուկն ու մեր դարն է: Ծնունդդ շնորհավոր, վարպետ:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 120 անգամ