«Ռևազի ոչխարն այստեղ է մորթվել». Հայկական հավելվածը գտնում է վայրերն, ուր զարգացել են ֆիլմերի իրադարձությունները

206348Հայ ծրագրավորողների մշակած հավելվածը կօգնի գտնել այն վայրերը, որտեղ կատարվում են սիրված ֆիլմերի իրադարձությունները

Վերջին տարիներին գնալով մեծ տարածում է ստանում այսպես կոչված կինոտուրիզմը` ճամփորդությունների առանձնահատուկ ձև, որի ժամանակ մարդիկ այցելում են այն վայրեր, որտեղ նկարահանվել են հայտնի կինոֆիլմերը: Օրինակ, ամեն տարի մոտ 300 հազար մարդ Ավստրիա է այցելում միայն տեսնելու համար Ռոբերտ Ուայզի լեգենդար «Երաժշտության հնչյունները» ֆիլմի նկարահանման վայրերը: Այսինքն դեռ կես դար առաջ նկարահանված մյուզիքլը զբոսաշրջիկների կայուն հոսք է ապահովում այդ երկրի համար: Երևանում և Գյումրիում գործող հայկական սկսնակ ընկերությունը մի փոքր այլ մոտեցում է ընտրել. նրա ստեղծած MovieTrip հավելվածն օգնում է գտնել ոչ թե այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել այս կամ այն կինոնկարի նկարահանումները, այլ լոկացիաները, որոնց ֆոնին ծավալվում են ֆիլմում նկարագրված իրադարձությունները:

Ստարտափի համահիմնադիր Արտավազդ Եղիազարյանը պատմել է PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հավելվածի աշխատանքի սկզբունքների մասին:
Առաջին հերթին MovieTrip-ը կհետաքրքրի այն ճամփորդներին, որոնք սիրում են և հետաքրքրվում են կինոյով: Հավելվածի գլխավոր գործառույթը քարտեզն է կատարում: Հավելվածը գեոլոկացիոն համակարգի միջոցով որոշում է օգտատերի գտնվելու վայրը և ցույց է տալիս մոտակա այն վայրերը, որոնց ֆոնին են տեղի ունենում որևէ ֆիլմի իրադարձությունները: Մյուս կողմից, օգտագործելով հավելվածում ընդգրկված տվյալների բազան, օգտատերը կարող է նախապես իմանալ փողոցների, շենքերի և այլ վայրերի հստակ տեղակայումը, որոնք կան կոնկրետ կինոնկարում: Հավելվածը համակարգում է ֆիլմերն ըստ այն վայրերի, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները: Օրինակ, եթե զբոսաշրջիկն այցելել է Էյֆելյան աշտարակ, ապա կարող է իմանալ, թե որ ֆիլմերի որ դրվագներում է նկարագրվում այդ կառույցը:

photo_206348_e0ed13e62 (1)

«Նման հավելվածներ, իհարկե, էլի կան: MovieTrip-ը նրանցից տարբերվում է մի քանի պարամետրով: Օրինակ, անալոգները ներկայացված են ոչ թե հավելվածի ձևով, այլ ուղղակի վեբ կայքեր են: Բովանդակության տեսակետից MovieTrip-ը տարբերվում է նաև նրանով, որ կոնկրետ ֆիլմի նկարահանման վայրը նշելու փոխարեն, նա ցույց է տալիս այն վայրերը, որտեղ ծավալվում են ֆիլմի իրադարձությունները: Օրինակ, եթե որևէ ֆիլմի համար որպես «նատուրա» ընտրվել է Պրահան, իսկ ֆիլմը պատմում է Լոնդոնում ծավալվող իրադարձությունների մասին, մյուս հարթակները միայն Պրահան կնշեն, իսկ MovieTrip-ը` այն կոնկրետ վայրերը Լոնդոնում, որտեղ ծավալվում են ֆիլմի իրադարձությունները: Կամ, ասենք, եթե դրվագը նկարահանվել է կանաչ ֆոնի վրա, որից հետո վիզուալ էֆեկտների մասնագետներն ավելացրել են Հռոմի Կոլիզեումը, ապա MovieTrip-ը ցույց կտա Կոլիզեումը, որպես այն վայրը, որտեղ տեղի են ունեցել ֆիլմի իրադարձությունները: Դա թույլ է տալիս նույնիսկ անիմացիոն ֆիլմեր ավելացնել` օրինակ, վերջին «Մինիոններում» ցուցադրվում են բավականին բազմաթիվ իրական լոկացիաներ Լոնդոնում»,-պատմել է մեր զրուցակիցը:
Հենց այդ պատճառով հավելվածում չկան հորինված վայրերը` օրինակ, «Հարի Փոթերի» Հոգվարթսը կամ «Մատանիների տիրակալի» Միջերկիրը: Ըստ Եղիազարյանի, հետագայում նախատեսվում է ընդլայնել հավելվածի գործառույթները, որպեսզի այն ցույց տա նաև այն վայրերը, որտեղ անցել են նկարահանումները:

«Փորձում ենք հավելվածն ավելի հարմար դարձնել: Այդ նպատակով ավելացվել են սոցիալական ցանցերի գործիքներ, կա «չեքինի» հնարավորություն: Վեբ կայքի օգնությամբ տարբեր երկրների օգտատերերը, անցնելով նախնական մոդերացիան, կարող են լոկացիաներ ավելացնել, որոնք չկան հավելվածում, ինչը թույլ կտա շատ ավելի ընդլայնել տվյալների բազան: Կան լոկացիաներ նաև Հայաստանում, մասնավորապես Երևանում: Օրինակ, ավելացվել է «Երջանկության մեխանիկա» ֆիլմը, որի որոշ դրվագներ տեղի են ունենում Մաշտոցի պուրակում: Կան դրվագներ «Տղամարդիկ» կինոնկարից, նախատեսվում է լոկացիաներ հավելել հայտնի ֆիլմերից, որոնց գործողությունները տեղի են ունենում Գյումրիում: Ի վերջո զբոսաշրջիկը գուցե և չի տեսել այդ ֆիլմերը, սակայն գտնելով տեսարժան վայրը, կկարողանա իմանալ, թե որ ֆիլմի գործողություններն են ծավալվել դրա ֆոնին»:

 

Դիտվել է 51 անգամ

Calendar

February 2016
M T W T F S S
« Jan   Mar »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29