Հովհաննես Գալստյան. Eurimages-ը մեծ հեռանկար է մեզ համար  

big_1454306722_2066543

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը  դարձել է Եվրոպայի խորհրդի ֆիլմարտադրությանն աջակցող  Eurimages հիմնադրամի անդամ: Հայկական կինոյի եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների մասին  Մեդիամաքսը զրուցել է կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի ետ:

- Որքանո՞վ է այս անդամակցությունը կարեւոր Հայաստանի համար:

- Նախ, շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին, կինոսիրողներին, հանրությանը, որովհետեւ սա իսկապես չափազանց կարեւոր նորություն  է բոլորիս համար: Չնայած նորանկախ Հայաստանի կինոն մշտապես համարել եմ լոկալ ու մեկուսացված, իսկ կինոյի կառավարման պետական մոդելը՝ ոչ ճկուն եւ առաջընթացին չնպաստող, բայց այսօր շնորհակալ եմ մշակույթի նախարարությանը, Ազգային կինոկենտրոնին կատարված մեծածավալ աշխատանքի համար, որի շնորհիվ Հայաստանն անդամագրվել է  Eurimages հիմնադրամին:

Որպես միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ մասնագիտացված ընկերության ղեկավար եւ եվրոպացի արտադրողների հետ գրեթե  15 տարվա աշխատանքի փորձ ունեցող մարդ՝ կարող եմ նշել, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Եվրոպայի հետ համագործակցությունը կինոյի ոլորտում բավականին բարդացել էր: Համատեղ ֆիլմերի ֆինանսավորման մեխանիզմները մեզ համար գրեթե սառեցված էին: Այս քայլով Եվրոպան մեկ անգամ եւս վերահաստատում է, որ դիտարկում է Հայաստանը որպես Եվրոպայի մաս, իսկ հայկական մշակույթը՝ անքակտելի եվրոպական քաղաքակրթությունից:

- Ինչպիսի՞ն են Հայաստանի կինոարտադրողների հնարավորությունները հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հարցում:
- Eurimages-ը տարեկան 25 մլն եվրո բյուջե է տրամադրում անդամ երկրների կինոնախագծերին: Հայաստանը 37-րդերկիրն է, որ անդամագրվեց  հիմնադրամին: Վերջապես մեր կինոարտադրողները եւս հնարավորություն կունենան դիմելու հիմնադրամին ու ֆինանսավորում ստանալու: Մինչ այդ հիմնադրամին դիմելը բավականին բարդ էր. պիտի գտնեինք Eurimages-ի անդամ երկու երկիր ու աջակցություն ստանայինք նրանցից: Բայց այդ դեպքում էլ լիարժեք գումար չէինք կարող ստանալ:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գեղարվեստական ֆիլմ նկարահանելու բյուջեն մոտավորապես մինչեւ 1 մլն դոլար է կազմում, կարող ենք զգալի աջակցություն ստանալ Eurimages-ից: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում այն գեղարվեստական կինոն, որն արվեստ է ներկայացնում, ֆինանսավորման հնարավորություն գրեթե չունի: Նման ֆիլմերը միայն պետական ֆինանսավորում են ստանում: Իսկ կոմերցիոն կինոն, որը վերջերս ծաղկում է Հայաստանում, նախատեսված է միայն տեղի հանդիսատեսի համար, արտասահմանյան շուկա դուրս գալու շանս չկա:

Eurimages-ին անդամակցումը չի նշանակում, որ միանգամից եվրոպական շուկա ենք մտնելու: Սակայն հիմա իսկապես մեծ հնարավորություններ ունենք եւ որպես անկախ արտադրողներ պիտի լավ նախագծեր ներկայացնենք:

- Կա՞ն արդյոք սահմանված չափանիշներ, թեմաներ, որ պետք է ներկայացվեն Eurimages-ին: 
- Եթե կա լավ պատմություն, որը ներկայացնում է սեփական հայացք ունեցող ռեժիսորը, ֆինանսավորում ստանալու հնարավորությունը մեծ կլինի: Թեմատիկ որեւէ սահմանափակում չկա, կարեւորը տաղանդավոր նախագիծ ունենալն է:

Շատ կարեւոր է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կարողանանք մի քայլ եւս առաջ գնանք ո ւանենք այն, ինչ բազմիցս առաջարկել ենք կառավարությանը՝ հրավիրենք եվրոպական տարբեր հիմնադրամների փորձագետների, որոնք կմասնակցեն մեր ներկայացրած նախագծերի ընտրությանը: Նրանք ոչ թե ձայնի իրավունք կունենան, այլ կօգնեն մասնագիտական խորհուրդներով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք  այստեղ 

 

Դիտվել է 66 անգամ