Աննա Մելիքյան. «Բոլորն ունեն պատրանքների աշխարհ: Իմ այդ աշխարհը կինոն է»

001_440x560_4Մի հատված ռեժիսոր Աննա Մելիքյանի պատմությունից՝ զետեղված «100 կյանքում» 

Իմ՝ ռեժիսոր դառնալու ցանկությունը բնական պահանջմունք էր: Սովորաբար կինո գալիս են մարդիկ, որոնք հասցրել են այլ մասնագիտություններում հիասթափություն ապրել, զանազան այլ բաներ են փորձել ու ինչ-ինչ պատճառներով որոշել են, որ իրենց ռեժիսորությունն է հետաքրքրում: Տասնյոթ տարեկանում գիտակցել, որ դու ռեժիսոր ես՝ բավականին բարդ է:

Իմ մանկության տարիներին հայկական հեռուստատեսությամբ զարմանահրաշ ֆիլմեր էին ցուցադրում: Ընդամենը երկու ալիք էր աշխատում: Ու դրանցից մեկով հեռարձակում էին Բերգման, Տարկովսկի, Ֆելինի, Ֆորման: Ամենայն հավանականությամբ, այնտեղ կինոյի սիրահարներ էին նստած, որոնք ամեն երեկո այդ ռեժիսորների ֆիլմերն էին եթեր տալիս (նախկինում հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ չկային, դրա մասին որևէ մեկը չէր մտահոգվում): Երբ ես ընդունվեցի ВГИК, հանկարծ պարզվեց, որ այդ բոլոր ֆիլմերը համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներ են: Իմ համակուրսեցիները դրանք առաջին անգամ էին դիտում (մեզ ֆիլմերը մեծ էկրանի վրա էին ցուցադրում): Իսկ ինձ համար դրանք մանկությունից եկող ֆիլմեր էին, որոնք ես մի քանի անգամ վերանայել էի:

Երբ Մոսկվա տեղափոխվեցի, շատ արագ ընկղմվեցի ВГИК-ի ստեղծագործական կյանքի մեջ: Այն ինձ ուղղակի կլանեց: Ազատ ժամանակ ու հնարավորություն չունեի՝ կարոտելու նախկին երևանյան կյանքս: Առհասարակ, ես արտասովոր աշխատանքով եմ զբաղված: Կինոն զուգահեռ կյանք է: Դու ստիպված ես ապրել հորինված պատմությունների մեջ: Դու ապրում ես իրական աշխարհում ու այս իրականությունն ընկալում որպես կինոյի նյութ: Երբեմն մտորում եմ այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում սովորական կյանքում, առանց պատրանքների աշխարհի, ու չեմ հասկանում:

ԲՈԼՈՐՆ ՈՒՆԵՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ, ՊԱՐԶԱՊԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄՈՏ ԱՅՆ ՈՒՐՈՒՅՆ Է: ԻՄ ԱՅԴ ԱՇԽԱՐՀԸ ԿԻՆՈՆ Է:

Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ երեխան է: Ես սա զգում եմ հաճախ ճանապարհորդելու պատճառով: Ես կարոտում եմ ոչ թե քաղաքը, այլ այն վայրը, որտեղ այս կամ այն պահին գտնվում է իմ դուստրը:

Եթե ինձ հարկավոր լիներ օտարերկրացուն դեպի Հայաստան ուղեգիր վաճառել, ապա կասեի, որ այն փոքր, հպարտ, պոետիկ, իմաստուն, թախծոտ, օրիորդի պես գեղեցիկ երկիր է: Ճակատագիրն անդադար փորձում է հայ ժողովրդի դիմադրողականությունը: Սակայն նա արժանապատվորեն է անցնում բոլոր փորձությունների միջով՝ անգամ ծանր աշխարհագրական դիրքում գտնվելով:

Եթե փակեմ աչքերս ու պատկերացնեմ, թե ինչ տեսք կարող է ունենալ Հայաստանն ինչ-որ մի գեղեցիկ ֆանտաստիկ ապագայում, ապա այն պետք է որ նման լինի, օրինակ, Մոնակոյին. փոքր, ծաղկուն, գեղեցիկ երկիր…

Մարդիկ փախչում են վատ կյանքից, որովհետև այն՝ այդ կյանքը, միակն է: Բոլորն էլ ուզում են որոշակի բարեկեցիկ կենսակերպ՝ անվճար բժշկություն, ապահովագրություն, քոթեջ… Հենց Հայաստանի կենսամակարդակը բարձրանա, մարդիկ կվերադառնան տուն: Չէ՞ որ նրանք շատ են կարոտում իրենց երկիրը:

ԱՐԴՅՈ՞Ք ԻՆՁ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ: ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՌԵՐԻՑ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ:

Ես աշխատում եմ խուսափել ամպագոռգոռ հայտարարություններից: Սերն առ հայրենիք գործնականում է ապացուցվում, երբ մարդն անում է այն, ինչ պարտավոր է, այն, ինչ կարող է՝ փորձելով ինչ-որ կերպ հասկանալ իր առաքելությունը:

Հայերը հաճախ հպարտանում են այն փաստով, որ հայ են: Ինչպե՞ս կարելի է հպարտանալ մի բանով, որը քեզանից կախված չէ: Սա ուղղակի տրված իրականություն է: Կարծում եմ՝ հարկավոր է սեփական արարքներով հպարտանալ: Ընդհանուր հպարտության համար ավելի մեծ օգուտ ու հիմք կլինի այն, որ հայերն սկսեն ինչ-որ բան անել, այլ ոչ թե միայն խոսել:

Աննա Մելիքյան. կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, որը ծնվել է Բաքվում, մեծացել Երևանում, ապրում և գործում է Մոսկվայում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  այստեղ 

 

Դիտվել է 55 անգամ