«Օսկար – 2016». ամենից շատ անվանակարգերում առաջադրվածները

0-10Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հունվարի 14-ին հայտարարեց «Օսկարի» 2016 թվականի հավակնորդներին։ Ոսկե արձանիկի 88-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, իսկ մինչ այդ «Կինոաշխարհը» կանդրադառնա առաջադրված ֆիլմերին։ Դրանցից մի քանիսը 6 և ավելի անվանակարգերում են ընդգրկվել, ուստի կներկայացնենք այդ ֆիլմերն ու դրանց ստեղծմանը մասնակցած և տարբեր անվանակարգերում մրցանակի հավակնող կինոգործիչներին։

 «Փրկվածը» / The Revenant

 1800-ականների սկիզբ, Ամերիկայի դեռևս չգաղութացված վայրի տարածքներ, որսորդ Հյու Գլասը ծանր վնասվածքներ է ստանում գրիզլի արջի հետ մենամարտում։ Գաղութարար ջոկատից Գլասի զինակից Ջոն Ֆիցջերալդը դավաճանաբար լքում է նրան՝ թողնելով բախտի քմահաճույքին։ Միայնության մեջ հայտնված Գլասի միակ զենքը նրա կամքի ուժն է. նա պատրաստ է ձեռնոց նետել վայրի բնությանը, խստաշունչ ձմռանն ու հնդկացիների թշնամական ցեղերին, միայն թե կենդանի մնա և վրեժ լուծի Ֆիցջերալդից։

12 անվանակարգ

Լավագույն ֆիլմ։ Պրոդյուսերներ՝ Արնոն Միլչեն, Սթիվ Գոլին, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Մերի Փերենթ և Քեյթ Ռեդմոն։ Վերջին երկուսն առաջին անգամ են հավակնում «Օսկարին», մինչդեռ Արնոն Միլչենն այս անվանակարգում առաջին անգամ ներկայացված է եղել դեռևս 1997-ին «Լոս Անջելեսի գաղտնիքները» կրիմինալ դրամայի համար։ Սթիվ Գոլինը 2006-ին «Բաբելոն» ֆիլմով էր մրցում այս անվանակարգում, իսկ այս տարի դրանում ներկայացված մեկի փոխարեն երկու ֆիլմերի պրոդյուսերն է,  նաև՝ «Ուշադրության կենտրոնում»։ Ինչ վերաբերում է Ալեխանդրո Գ. Ինյարիտուին, ապա նրա դեպքում ցանկը շատ ավելի երկար է՝ սկսած նրանից, որ նա «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում ներկայացված է արդեն 3-րդ անգամ, առաջին անգամ «Բաբելոնի» (2006) և երկրորդ անգամ՝ «Բըրդմենի» (2015) համար, իսկ «Օսկարի» արժանացել է ոչ միայն այդ երկու, այլև «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում, երեքն էլ՝ «Բըրդմենի» համար։

Լավագույն դերասան: Թերևս այս տարվա «Օսկարի» մրցանակաբաշխության «մեխը» հենց այս անվանակարգն է լինելու այն պարզ պատճառով, որ այդ մրցանակին արդեն 5-րդ անգամ հավակնում է Լեոնարդո Դի Կապրիոն, այս անգամ՝ «Փրկվածը» ֆիլմում Հյու Գլասին մարմնավորելու համար։ 1993-ին նա «Երկրորդ պլանի գլխավոր դերասան» անվանակարգում էր ներկայացվել «Ինչն է տանջում Գիլբերտ Գրեյպին» (1993) ֆիլմի համար, իսկ «Լավագույն դերասան» մրցանակին հավակնել է «Ավիատոր» (2004), «Արյունոտ ադամանդ» (2006) և «Ուոլ Սթրիթի գայլը» (2014) ֆիլմերում կատարած դերերի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան։ Թոմ Հարդին առաջին անգամ է ներկայացվում «Օսկարի» Ջոն Ֆիցջերալդի դերի համար, բայց մյուս կողմից նրա մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ՝ «Խենթ Մաքսը։ Ցասման ճանապարհը» հետ չի մնում անվանակարգերի թվով։

Լավագույն օպերատորական աշխատանք։ Օպերատոր Էմանուել Լյուբեցկու համար, որին յուրաքանչյուր հաջորդ ֆիլմում հաջողվում է կրկին զարմացնել հանդիսատեսին, արդեն 8-րդ անգամ է հավակնում «Օսկարին»: Առաջին 5 անգամը «Փոքրիկ արքայադուստրը» (1995), «Քնկոտ հովիտ» (1999), «Նոր աշխարհը» (2005), «Մարդկության զավակը» (2006) և «Կենաց ծառը» (2011) ֆիլմերով չհաջողելուց հետո տաղանդավոր օպերատորը «Օսկար» ստացավ 2014-ին «Գրավիտացիա» և 2015-ին «Բըրդմեն» ֆիլմերի համար։

Լավագույն վիզուալ էֆեկտներ։ Րիչ Մաքբրայդ, Մեթյու Շամուեյ, Ջեյսոն Սմիթ՝ 1-ին նոմինացիա, Քեմերոն Ուոլդբաուեր՝ 2-րդ։

Լավագույն մոնտաժ։ Ստեֆեն Միրիոն՝ 3-րդ նոմինացիա, 1 մրցանակ։

Լավագույն ձայնային մոնտաժ։ Մարտին Հերնանդեզ՝ 2-րդ նոմինացիա, Լոն Բենդեր՝ 3-րդ նոմինացիա, 1 մրցանակ։

Լավագույն երաժշտական ձևավորում։ Քրիս Դուեսթերդիեք՝ 1-ին նոմինացիա, Ջոն Թեյլոր՝ 3-րդ նոմինացիա, Ֆրենկ Ա. Մոնտանյո՝ 8-րդ նոմինացիա, Ռենդի Թոմ՝ 15-րդ նոմինացիա, 2 մրցանակ։

Լավագույն բեմադրող նկարիչ։ Ջեք Ֆիսկ՝ 2-րդ նոմինացիա, Հեմիշ Փարդի՝ 1-ին։

Հագուստի լավագույն դիզայն։ Ժակլին Ուեսթ՝ 3-րդ նոմինացիա։

Լավագույն դիմահարդարում և սանրվածք։ Շան Գրիգ, Դանքըն Ջարմըն, Ռոբերտ Փանդինի՝ 1-ին նոմինացիա երեքի կարիերայում։

 

«Խենթ Մաքսը։ Ցասման ճանապարհը» / Mad Max: Fury Road

Տարիներ անց, երբ ապոկալիպսիսը փոշու է վերածել աշխարհը, Մաքս Ռոկատանսկին որոշել է, որ գոյատևելու լավագույն տարբերակը մենությունն է։ Չնայած դրան՝ նա միանում է ըմբոստներին, որոնք փախուստի են դիմել մարտական ֆուրգոնով՝ Կայսր Ֆուրիոսայի առաջնորդությամբ։ Ըմբոստները փորձում են փախչել Ցիտադելից, որը տառապում է Անմահ Ջոյի բռնապետությունից ։ Կատաղած զորապետը գործի է դնում իր բոլոր ուժերը, որպեսզի հասնի խռովարարներին՝ բռնելով պատերազմի ճանապարհը՝ ցասման ճանապարհը։

10 անվանակարգ

Լավագույն ֆիլմ: Պրոդյուսերներ՝ Դագ Միտչել և Ջորջ Միլլեր։ Դագ Միտչելն առաջին անգամ այս մրցանակին հավակնել է «Բեյբ» (1995) ֆիլմի համար, իսկ Ջորջ Միլլերը նույն ֆիլմի համար երկու անվանակարգում էր ընդգրկված, այդ թվում՝ «Լավագույն ադապտացված սցենար»։ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում Ջորջ Միլլերը ներկայացված է եղել դեռևս «Լորենցոյի յուղը» (1992) ֆիլմի համար, իսկ «Երջանիկ տոտիկներ» (2006) լիամետրաժ անիմացիան նրան բերեց առաջին «Օսկարը»։ Ջորջ Միլլերը «Խենթ Մաքս։ Ցասման ճանապարհը» ֆանտաստիկ մարտաֆիլմի համար հավակնում է նաև «Լավագույն ռեժիսորի» կոչման։

Լավագույն օպերատորական աշխատանք։ Օպերատոր Ջոն Սիլի համար սա արդեն 5-րդ նոմինացիան է. այս մրցանակը նա կարող էր ստանալ «Վկա» (1985), «Անձրևի մարդը» (1988) և «Սառը լեռ» (2003) ֆիլմերի նկարահանման համար, բայց դա նրան հաջողվեց «Անգլիացի հիվանդը» (1996) մելոդրամայի  պատճառով։

Լավագույն ձայնային մոնտաժ։ Մարկ Մանգինի՝ 4-րդ նոմինացիա, Դևիդ Ուայթ՝ 1-ին նոմինացիա։

Լավագույն դիմահարդարում և սանրվածք։ 1-ին նոմինացիա Լեսլի Վանդերուոլթի, Էլկա Ուարդեգայի և Դամիան Մարտինի համար։

Հագուստի լավագույն դիզայն։ Ջեննի Բիվեն՝ 10-րդ նոմինացիա, 1 մրցանակ։

«Մարսեցին» / The Martian

Տիեզերագնաց Մարկ Ուոթնիի թիմակիցները նրան մեռած են համարում և մենակ թողնում Մարս մոլորակում, երբ անսպասելի փոթորիկ է բարձրանում ու թիմը ստիպված է լինում ժամանակից շուտ ավարտել առաքելությունը։ Ինժեներ ու կենսաբան Մարկ Ուոթնին, որ ուղղակի վիրավորվել էր փոթորկի ժամանակ, ստիպված է պահպանված բնակելի մոդուլում գոյատևելու և սնվելու տարբերակներ փնտրել։ Իսկ երբ ՆԱՍԱ-ի հետ կապը վերականգնվում է, աշխարհի լավագույն գիտնականներն են անցնում գործի, որպեսզի ժամանակ շահեն ու փրկեն տիեզերագնացին։

7 անվանակարգ

Լավագույն ֆիլմ։ Պրոդյուսերներ՝ Սայմըն Քինբերգ, Մայքլ Շայֆեր, Մարկ Հաֆեմ և Ռիդլի Սքոթ։ Եթե առաջին երեքի համար սա առաջին նոմինացիան է, ապա Ռիդլի Սքոթի դեպքում «Օսկարի» հետ առնչություններ արդեն եղել են։ Նախկինում նա այս մրցանակին հավակնել է «Թելման և Լուիզան» (1991) կատակերգական դրամայի, «Գլադիատոր» (2000) դրամատիկ մարտաֆիլմի և «Սև բազե» (2001) դրամատիկ թրիլլերի համար։

Լավագույն դերասան։ Մեթ Դեյմոնը կարող է այս մրցանակին արժանանալ Մարկ Ուոթնիի դերակատարման համար։ Ժամանակին նա այս անվանակարգում ներկայացված էր նաև «Խելացի Ուիլ Հանթինգը» (1997) ֆիլմի համար, բայց մրցանակը ստացավ մեկ այլ անվանակարգում՝ «Լավագույն օրիգինալ սցենար»։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվելու հավակնություն Մեթ Դեյմոնն ուներ Քլինթ Իսթվուդի «Չնվաճվածը» (2009) ֆիլմում կատարած դերի համար, բայց առայժմ բարձունքը նվաճված չէ։

Լավագույն ադապտացված սցենար։ Դրյու Գադերդ՝ 1-ին նոմինացիա։

Լավագույն բեմադրող նկարիչ։ Արթուր Մաքս՝ 2-րդ նոմինացիա, Սիլիա Բոբեք՝ 1-ին։

Լավագույն երաժշտական ձևավորում։ Փոլ Մեսի՝ 7-րդ նոմինացիա, Մարկ Թեյլոր՝ 2-րդ նոմինացիա, Մաք Ռութ՝ 1-ին։

Լավագույն ձայնային մոնտաժ։ Օլիվեր Թարնի՝ 2-րդ նոմինացիա։

Լավագույն վիզուալ էֆեկտներ։ Ռիչարդ Սթամերս՝ 3-րդ նոմինացիա, Անդերս Լենգլենդս և Քրիս Լոուրենս՝ 1-ին նոմինացիա, Սթիվեն Ուորներ՝ 2-րդ նոմինացիա, 1 մրցանակ։

«Քերոլ» / Carol

 1950-ականների սկիզբ, հանրախանութի վաճառող երիտասարդ Թերեզ Բելիվեթը սիրահարվում է Քերոլ Էյրդին՝ ինքնավստահ տնային տնտեսուհուն։ Հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ՝Թերեզը և Քերոլը պարզում են, որ խիստ հսկողության տակ են, հատկապես Քերոլի՝ շուտով արդեն նախկին ամուսնու կողմից։ Քերոլին ճնշում են և պարտադրում վերջ տալ հարաբերություններին իր դեռահաս դստեր խնամակալությունից չզրկվելու համար։

6 անվանակարգ

Լավագույն դերասանուհի։ Քեյթ Բլանշեթը հանդես է գալիս Քերոլ Էյրդի դերում, որը սիրո պակասից տառապող տնային տնտեսուհի է և կարող է շատ բան կորցնել կնոջ հետ կապվելու համար։Սա դերասանուհու արդեն 7-րդ նոմինացիան է. նախկինում նա 3 անգամ ընդգրկվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Ավիատոր» (2004), «Սկանդալային օրագիր» (2006) և «Ես այնտեղ չեմ» (2007) դրամաների համար։ Սկորսեզեի «Ավիատորը» նրան բերեց առաջին «Օսկարը», իսկ երկրորդին 46-ամյա դերասանուհին արժանացավ մեկ այլ դրամայում՝ Վուդի Ալենի «Կապուտաչյա Ժասմինը» (2013) ֆիլմում կատարած գլխավոր դերի համար, թեև այդ անվանակարգում նախկինում ընդգրկվել էր նաև «Եղիսաբեթ» (1998) և «Եղիսաբեթ։ Ոսկեդար» (2007) ֆիլմերում Անգլիայի թագուհուն մարմնավորելու համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Ռունի Մարան նոմինացվել է Թերեզ Բելիվեթի դերակատարման համար, որն ավելի լիարժեք կյանքի է ձգտում և սիրահարվում է Քերոլին։ Երիտասարդ դերասանուհուն արդեն շատերն են ճանաչում Դևիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2011) կրիմինալ դրամայում մարմնավորած համարձակ աղջկա կերպարով։ Հենց այս դերի համար էլ Ռունին առաջին անգամ էր առաջադրվել «Օսկարի»՝ որպես լավագույն դերասանուհի։

Լավագույն օպերատորական աշխատանք։ 2-րդ նոմինացիան Էդ Լախմանի կարիերայում։ Առաջին անգամ նա «Օսկարին» հավակնել է Թոդ Հեյնսի «Դրախտից հեռու» (2002) դրամայի նկարահանման համար։

Լավագույն ադապտացված սցենար։ Ֆիլիս Նեգի՝ 1-ին նոմինացիա։

Ֆիլմի լավագույն երաժշտություն։ Քարթեր Բյորուել՝ 1-ին նոմինացիա։

Հագուստի լավագույն դիզայն։ Սենդի Փաուելի՝ այս անվանակարգում «Օսկար» շահելու շանսերը կրկնակի են, քանի որ նա ընդգրկված է ոչ միայն «Քերոլի», այլև «Մոխրոտիկ» (2015) ֆիլմի համար։ Իսկ մինչ այդ Սենդին առաջադրվել է ևս 10 անգամ և 3 անգամ արժանացել բաղձալի արձանիկին։

«Ուշադրության կենտրոնում» / Spotlight

Ֆիլմը պատմում է The Boston Globe թերթի լրագրողների հետաքննության մասին, որի ընթացքում պարզվում է, որ Բոստոնի թեմի որոշ հոգևորականներ սեռական ոտնձգություններ են կատարել երեխաների հանդեպ։ Հայտնի է դառնում նաև, որ կարդինալ Բերնարդ Լոուն տեղյակ է եղել մանկապղծության դեպքերի մասին, բայց ոչինչ չի ձեռնարկել։

6 անվանակարգ

Լավագույն ֆիլմ։ Պրոդյուսերներ՝ Մայքլ Շուգար, Նիկոլ Ռոքլին, Բլայ Փեգոն Ֆոսթ և Սթիվ Գոլին։ Առաջին երեքի համար «Օսկարը» և՛ առաջին նոմինացիան է, և՛ կարող է առաջին մրցանակը դառնալ, իսկ Սթիվ Գոլինը, ինչպես արդեն նշեցինք, այս անգամ երկու ֆիլմերի համար է նոմինացվել, նաև՝ «Փրկվածի»։

Լավագույն ռեժիսոր։ Թոմաս Մակքարթին այս տարի հավակնում է ոչ միայն լավագույն ռեժիսոր ճանաչվել, այլև լավագույն օրիգինալ սցենարի հեղինակ՝ նույն «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի համար (Ջոշ Սինգերի հետ)։ Երկրորդ անվանակարգում նա ներկայացված է եղել նաև «Դեպի վեր» (2009) լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան։ Մարկ Ռուֆալոն 3-րդ անգամ է ընդգրկվում այս անվանակարգում, այս անգամ՝ լրագրող Մայք Ռեզենդեսի դերի համար։ Նախկինում դերասանը «Օսկարի» է հավակնել «Երեխաները լավ են» (2010) կատակերգական դրամայի և «Աղվես որսացողները» (2014) մարզական դրամայի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Ռեյչել Մակադամսը հանդես է գալիս Սաշա Պֆայֆերի դերում. սա նրա առաջին հավակնությունն է «Օսկարին»։

Լավագույն մոնտաժ։ Թոմ Մակարդլ՝ 1-ին նոմինացիա։

«Լրտեսական կամուրջ»/ Bridge of Spies – 6  

1957 թվականին նյույորքյան փաստաբան Ջեյմս Դոնովանը հայտնվում է սառը պատերազմի էպիկենտրոնում. ԿՀՎ-ն նրան ուղարկում է կատարելու գրեթե անհնար խնդիր՝ ազատ արձակելու ԽՍՀՄ-ում բռնված U2 հետախույզ ինքնաթիռի ամերիկյան օդաչու Ֆրենսիս Գերի Փաուերսին։

6 անվանակարգ

 Լավագույն ֆիլմ։ Պրոդյուսերներ՝ Մարկ Պլատ, Քրիսթի Մաքոսկո Քրիգեր և Սթիվեն Սփիլբերգ։ Առաջին երկու պրոդյուսերները հնարավորություն ունեն առաջին անգամ զգալու «Օսկար» ստանալու երջանկությունը, մինչդեռ Սփիլբերգի համար սա ո´չ առաջին նոմինացիան է, ո´չ էլ առաջին հավանական մրցանակը։ Սթիվեն Սփիլբերգը 16 անգամ ներկայացել է տարբեր անվանակարգերում «Երրորդ կարգի մտերիմ կապեր» (1977), «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» (1981), «Այլմոլորակայինը» (1982), «Մանուշակագույնը» (1985), «Շինդլերի ցուցակը» (1993), «Փրկել շարքային Ռայանին» (1998), «Մյունխեն» (2005), «Իվե Ջիմայի նամակները» (2006), «Մարտական ձին» (2011) և «Լինքոլն» (2012) ֆիլմերի համար։ Նա լավագույն ռեժիսոր ճանաչվեց «Փրկել շարքային Ռայանին» և «Շինդլերի ցուցակը» ֆիլմերի համար, վերջինս ճանաչվեց նաև տարվա լավագույն ֆիլմ։ 1986-ին Սթիվեն Սփիլբերգն արժանացել է նաև Իրվինգ Թալբերգի անվան մրցանակին կինոարտադրության զարգացման մեջ պրոդյուսերական նշանակալի ներդրման համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան։ Մարկ Ռայլենսը հանդես է գալիս Ռուդոլֆ Աբելի՝ խորհրդային հետախույզի դերում, որի դատապաշտպան է նշանակվում ապահովագրության հետ կապված գործերով զբաղվող փաստաբան Դոնովանը, և որին նա պետք է փոխանակի բռնված օդաչու Փաուերսի հետ։ Սա Ռայլենսի առաջին նոմինացիան է «Օսկարի» համար։

Լավագույն օրիգինալ սցենար։ Մեթ Չարմանն առաջին անգամ է հավակնում մրցանակին, մինչդեռ Իթան և Ջոել Կոենների  «օսկարային» անցյալը շատ ավելի հարուստ է։ Երկուսն էլ ժամանակին ընդգրկված են եղել 12 անվանակարգում և արժանացել 3 մրցանակի «Սա ծերուկների տեղը չէ» (2007) և 1 մրցանակի «Ֆարգո» (1996) դրամատիկ թրիլլերների համար։ Բացի այդ, Կոենները երկու անգամ «Լավագույն մոնտաժ» անվանակարգում են ընդգրկվել Ռոդերիք Ջեյնս մականունով։

Ֆիլմի լավագույն երաժշտություն։ Թոմաս Նյուման՝ 13-րդ նոմինացիա։

Լավագույն երաժշտական ձևավորում։ Էնդի Նելսոնը նույն անվանակարգում ընդգրկված է նաև «Աստղային պատերազմներ։ Ուժի զարթոնք» ֆիլմի համար, մինչ այդ ունեցել է 18 նոմինացիա և 2 մրցանակ, Գերի Ռայդսթրոմ՝ 18-րդ նոմինացիա և 7 մրցանակ, Դրյու Կունին՝ 2-րդ նոմինացիա։

Լավագույն բեմադրող նկարիչ։ Ադամ Շտոկհաուսեն՝ 3-րդ նոմինացիա, 1 մրցանակ, Ռենա Դե Անջելո և Բերնհարդ Հենրիխ՝ 1-ին նոմինացիա։

 

 Անի Սմբատի

 

Դիտվել է 739 անգամ