Կինեմատոգրաֆը նշում է համբույրի 120-ամյակը մեծ էկրանին

regnum_picture_1451087589197197_big1896 թ.` ճիշտ 120 տարի առաջ, կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին անգամ մեծ էկրանին համբույր ցուցադրվեց: Այն վավերացրել էր իր կարճամետրաժ ֆիլմում ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը`նկարելով Բրոդվեյի «Ջոնսի այրին» ներկայացման դերակատարներին: Ջոն Ռայսը և Մերի Իրվինը 27 վայրկյան տևողությամբ համբույր էին ցուցադրում, ինչն ամեն երեկո կատարում էին իրենց ներկայացման վերջում: XIX դարավերջին այս տեսարանն իսկական ցնցում առաջացրեց: Կարճամետրաժ ֆիլմն արգելվեց, սակայն հասցրեց դառնալ այդ տարի Էդիսոնի ամենանշանավոր ֆիլմը:

Այդպես ահա սկսվեց համբույրի պատմությունը մեծ էկրանին: Փոխվում էին բարքերը, գրաքննությունը կինոյում թուլանում էր, և ռեժիսորները միջոց էին գտնում ցույց տալու իրենց աշխատանքներում համբույրի ծեսը: Այսօր սիրո այդ արտահայտությունը փաստորեն յուրաքանչյուր ֆիլմի սովորական ատրիբուտ է դարձել, անգամ ամենափոքր երեխաներին չես զարմացնի մուլտֆիլմի ավարտին արքայազնի ու արքայադստեր եզրափակիչ համբույրով:

Մեծ էկրանին առաջին համբույրի 120-ամյակի առթիվ Բրիտանական կինոյի ինստիտուտը 10-րոպեանոց վավերագրական ֆիլմ է պատրաստել: Հեղինակները հետևել են, թե ինչպես է անցյալ դարի ընթացքում փոխվել այն իմաստը, որ դնում էին ռեժիսորներն ու սցենարիստներն այդ ինտիմ տեսարանում:
Հոլովակը սկսվում է The New York Times թերթի առաջատար կինոքննադատ Էնթոնի Սքոթի խոսքի մեջբերումով.

«Կինեմատոգրաֆը չի հայտնաբերել համբույրը, բայց XX դարի ընթացքում օգնել է այն ավելի իմաստալից դարձնելու, ինչպես նաև գեղագիտական շրջանակներ է սահմանել, այնպես որ նման փորձը իրական կյանքում հաճախ շատ ավելի անփույթ ու անշուք է երևում»:

Բրիտանական ինստիտուտի ֆիլմը համբույրի տեսարաններ է հավաքել առավել նշանավոր կինոնկարներից, որոնցում ռեժիսորները առաջին անգամ են խիզախել նորարարության:

Էդիսոնից հետո հաջորդը, որ համբույր ցուցադրեց, կինեմատոգրաֆի վարպետ Չառլի Չապլինն էր: 1916 թ. «Կինոյի անդրկուլիսներում» ֆիլմում բարեսիրտ ու բոլորի կողմից ճնշված ռեկվիզիտոր Դավիդը (Չապլին) սիրահարվում է մի աղջկա և համբուրում նրան իր պետի աչքի առաջ:

Ժամանակի ընթացքում համբույրի տեսարանները կինոյում ավելի կրքոտ են դառնում, համբույրն այլևս սոսկ խորհրդանիշ չէր, այլ միջոց բռնկուն զգացմունքներն արտահայտելու համար: Ջոն Գիլբերտն ու Գրետա Գարբոն առաջիններից էին, որ կիրք ցուցադրեցին էկրանին Կլարենս Բրաունի «Ցանկություն և սատանա» դրամայում (1926):

Առաջին համբույրը մանկական մուլտֆիլմում ցույց է տրվել 1937 թ.: Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» կինոնկարում արքայազնը համբուրում է թունավորված Սպիտակաձյունիկին և հանում կախարդությունը: Այն ժամանակ Disney ընկերությունը պայքար է մղել վարձակալների դեմ, որոնք չէին ցանկանում կինոնկարը վարձույթ մտցնել: Հեղինակներին հաջողվեց պնդել համբույրով տեսարանն այն հիմնավորմամբ, որ առանց դրա հեքիաթի ամբողջ իմաստը կկորչեր: Այդպիսով մուլտֆիլմը պատմություն մտավ որպես առաջին մանկական անիմացիոն ֆիլմ համբույրի տեսարանով:

Առաջին «միասեռ» համբույրը կատարվել է 1930 թ. Ջոզեֆ ֆոն Շտեռնբերգի«Մարոկկո» ֆիլմում, իսկ առաջին «միջռասայականը»` 1960 թ. Ստենլի Կրամերի «Կռահիր` ով կգա ճաշի» կինոնկարում: Կրամերի աշխատանքն ամբողջովին նվիրված է ռասայական նախապաշարումներին. սպիտակամորթ դերասանուհի Քեթրին Հեպբյորնի և սևամորթ Սիդնի Պուատյեի համբույրն իսկական հեղափոխություն էր այն ժամանակվա կինեմատոգրաֆում:

Վավերգրական ֆիլմի հեղինակները եզրակացնում են, որ 120 տարվա ընթացքում էկրանային համբույրները ոչ միայն սիրո արտահայտություն են դարձել, այլև միջոց ժամանակի իրողությունները, հերոսների խառնավածքն ու աշխարհայացքը, արևմտյան աշխարհի մշակույթը և շատ այլ բաներ արտացոլելու համար:

Աղբյուրը` ИА REGNUM

Դիտվել է 94 անգամ