Ռուսաստանում մեկնարկեց Կինոյի տարին

doc65zmi4zqmk212e5n7cjt_800_480Այսօր` հունվարի 1-ին, Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկեց Ռուսական կինոյի տարին:  Դաշնային և տարածաշրջանային մակարդակի միջոցառումների լիակատար ցանկը հրապարակվելու է փետրվարի 1-ին ներկայումս ստեղծվող հատուկ կայքում: Առայժմ հայտնի են միայն կինոյի զարգացման ընդհանուր միտումներն այս տարում:

Կինոյի տարի անցկացնելու մասին հրամանը նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2015 թ. հոկտեմբերի 7-ին, կազմակերպչական կոմիտեն ղեկավարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Գրականության տարվա (2015) և Կինոյի տարվա հերթափոխի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի բացման շրջանակներում:  Եվ այդ ժամանակ պետության ղեկավարը  վստահեցրել է, որ գալիք թեմատիկ տարին հետաքրքիր, վառ ու ստեղծագործական է լինելու և  ևս մեկ քայլ հասարակությունում բարձր բարոյական սկզբունքների և գեղագիտական ճաշակի ամրապնդման ճանապարհին: «Մենք կվերհիշենք մեր կինեմատեգրաֆի բոլոր մեծ ձեռքբերումները և կփորձենք լավագույն լուծումներ գտնել հայրենական կինոարդյունաբերության զարգացման համար»,- ասել է նա:

Կինոցուցադրության կառույցների ընդլայնում

Ռուսական կինոյի տարվա գլխավոր միջոցառումներից մեկը լինելու է կինոցուցադրության կառույցների ընդլայնումը, ինչը սկսվել է արդեն 2015 թվականի վերջին: Անցած տարվա դեկտեմբերին Կինոյի հիմնադրամը  բաշխել է 705 մլն ռուբլի կազմող սուբսիդիաները ՌԴ փոքր և միջին քաղաքների կինոդահլիճների արդիականացման համար: Այս պահին ամենամեծ բնակչություն ունեցող կետը, որտեղ երևան է գալու նոր ժամանակակից կինոդահլիճ,  Նիժոգորոդի մարզի Սարով քաղաքն է, որի բնակչությունը գերազանցում է 94 հազարը, ամենափոքր բնակչություն ունեցողը` Օմսկի մարզի Ռուսկայա պոլյանան, որտեղ ապրում է մոտ 7 հազար մարդ: 2016 թվականին կինոդահլիճների կառուցմանն ու սարքավորմանը հատկացվելու է ևս 1,5 մլրդ ռուբլի:

Ինչպես հաղորդվում է ՌԴ մշակույթի նախարարության կայքում, մինչև 2016-ի վերջը ժամանակակից սարքավորումներ կտեղադրվեն  51 տարածաշրջանների 143 կինոդահլիճներում:  Կֆինանսավորվեն և կբացվեն նաև կինոդահլիճներ մշակույթի զարգացման 39 կենտրոններում, որոնց շինարարությունն իրականացվում է դաշնային բյուջեի հաշվին: «Եվ սա դեռ բոլորը չէ: Նախարարությունն ավելի քան 200 մլն ռուբլի է հատկացրել երկրի 24 կրկեսներում կինոցուցադրության համակարգի կազմակերպման համար, որոնցից առաջինները մատչելի կդառնան հանդիսատեսի համար արդեն 2016 թ. հունիսին: Ուշագրավ է, որ այդ բոլոր դահլիճները կողմնորոշված են լինելու նախ և առաջ հայրենական ֆիլմերի ցուցադրությանը: Այնպես որ Կինոյի տարին մենք կավարտենք կինոցուցադրության ենթակառուցվածքների նշանակալի ընդլայնմամբ և վարձույթում ռուսական կինոյի մասնաբաժնի մեծացմամբ»,- ասել է Մեդինսկին վերջերս` Ռուսական կինոյի տարվա կազմկոմիտեի խորհրդակցության ժամանակ:

Անհատույց ֆինանսավորում

Կինոյի տարում կինոարտադրության օժանդակության ամենավիճելի միջոցներից մեկը հրաժարումն էր վերադարձվող ֆինանսավորման մեխանիզմից, ինչը կիրառում էր Կինոյի հիմնադրամը վերջին տարիներին: Սա միտված էր աջակցելու այն ֆիլմերին, որոնք ենթադրաբար կարող էին հաջողություն ունենալ վարձույթում:Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆի դեպարտամենտի տնօրեն Վյաչեսլավ Տելնովի խոսքով` «երկրի դժվարին տնտեսական վիճակի պայմաններում այդ քայլն ընդհանուր առմամբ հնարավորություն կտա նշանակալի աջակցություն ցույց տալու հայրենական կինեմատոգրաֆին Կինոյի տարում»: Սակայն, միաժամանակ նշել է նա, «2017-ին Կինոյի հիմնադրամը կվերականգնի վերադարձվող ֆինանսավորման գործելակերպը»:

Օժանդակությունը դեբյուտներին և նկարահանումների աշխարհագրության ընդլայնումը

Ինչպես հայտարարել է Տելնովը  Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ, Կինոյի տարվա առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է դեբյուտների արտադրության աջակցությունը: «Կարծում եմ` մշակույթի նախարարության կողմից առնվազն 10 ֆիլմ կֆինանսավորվի: Հիմնադրամի դեպքում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ նրա կողմնորոշումը պոտենցիալ առավել մեծ թվով հանդիսատես ունեցող ֆիլմերի աջակցությունն է, սակայն Կինոյի հիմնադրամը մտահոգված է այդ խնդրով»,- ընդգծել է Տելնովը:

Մի ուրիշ հայտարարություն է արել Սանկտ Պետերբուրգում Կինոյի հիմնադրամի ղեկավար Անտոն Մալիշովը: 2016 թվականին Կալինինգրադի մարզը, Պրիմորսկի երկրամասը և Ղրիմի Հանրապետությունը մասնակցություն կունենան հիմնադրամի`տարածաշրջաններում նկարահանող խմբերի ներգրավման պիլոտային նախագծում: «Տարեցտարի մենք ավելի ու ավելի մեծ թվով ֆիլմեր ենք արտադրում և գիտենք` որտեղ կարող ենք առաջ գնալ: Ուստի կփորձենք այժմ ընդգրկել տարածաշրջանները, որպեսզի նրանք իրենց մոտ ներդնեն այն համակարգը, որով տարածաշրջանի տարածքում ազգային ֆիլմի արտադրության ծախսերի 20%-ը վերդարձվում է պրոդյուսերին»,- ասել է Մալիշովը:

Հայրենական կինոստուդիաների ճակատագիրը

Ռուսական կինոյի տարվա այլ առանցքային միջոցառումների թվում մշակույթի նախարարությունը նշում է «Լենֆիլմ» կինոստուդիայի նորացված արտադրամասերի հանդիսավոր գործարկումը` նվիրված Ռուսաստանում առաջին կինոսեանսի 120-ամյակին, և մի շարք տոնական միջացառումներ` նվիրված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի 80-ամյակին: Նախատեսվում է նաև շարունակել Գորկու անվան կինոստուդիայի զարգացումը: Իրավիճակը բարդանում է նրանով, սակայն, որ «Լենֆիլմը» և Գորկու ստուդիան հերթական անգամ հայտնվել են կանխատեսվող մասնավորեցման ծրագրում:  Այս անգամ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության` Ռոսիմուշչեստվոյի ցանկում են հայտնվել նաև ուրիշ կինոստուդիաներ: Թե ինչպիսին կլինի դեպքերի հետագա զարգացումը, կարծես ոչ ոք չգիտի: «Վերապրոֆիլավորումը քիչ հավանական է: Սակայն ստուդիաների տերը Ռոսիմուշչեստվոն է, որից էլ կախված է ամեն ինչ »,- ասել է Տելնովը: Նա ընդգծել է, որ այժմ գերատեսչությունը խնդիրներ է տեսնում` կապված Կազանի, Հյուսիսային Կովկասի և Սվերդլովսկի կինոստուդիաների հետ: «Ինչ վերաբերում է տարածաշրջանների փոքր ստուդիաներին, դրանք փաստացի սնանկ են: Դրանք պետք չեն տարածաշրջաններին, պետությունը փող չունի,  շատերը չեն դադարեցնի իրենց գոյությունը, բայց ուրիշ ձևերի կանցնեն»,- ասել է պաշտոնյան:

Կինոյի օրեր, գիշերներ և դասեր

Նախատեսվող միջոցառումների թվում են հայրենական ժապավենների ցուցադրության օրերն ու գիշերները, ինչպես նաև համառուսական դասի վարումը` նվիրված Կինոյի տարվան: Բացի այդ, տարվա ընթացքում կկազմակերպվեն բազմաթիվ էքսկուրսիաներ ու ցուցահանդեսներ` նվիրված հայրենական կինոյին, ինչպես նաև հետահայաց ցուցադրություններ և հանդիպումներ կինոարդյունաբերության անվանի գործիչների հետ:

Աղբյուրը` ՏԱՍՍ

Դիտվել է 40 անգամ