«Վարդապետի լռությունը» Վիգեն Չալդրանյանի վերջին լռությունն է լինելու

MG_2051-1024x6822015-ն ավարտվում է, և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումները եզրափակվում են: Այս տարվա համար նախատեսված վերջին՝ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ևս հանձնվեց հանրության դատին: Կինոռեժիսորը մինչ այժմ մեծ մասամբ խուսափել է  հարցազրույցներից, ու ինչպես պարզվեց, միտումնավոր չի ցանկացել շատ խոսել ֆիլմի նկարահանման ու հետարտադրական ընթացքի մասին: «Նախընտրեցինք քիչ խոսել ու գլուխներս կախ՝ մեր գործն անել»,-պրեմիերայի օրը նկատեց Վիգեն Չալդրանյանը:

IMG_0064-1024x682Ազգը գլխատելու համար թուրքերը վճռում են ազատվել նախ և առաջ արևմտահայ մտավարականներից: Աքսորի ճամփեքով թուրք ժանդարմների ուղեկցությամբ դեպի անապատ է քշվում 103 մտավորական, այդ թվում և Կոմիտասը: Հենց այդ ժամանակ մի դիպված բեկումնային է դառնում Կոմիտասի համար: Թուրք ժանդարմը դույլով ջուր է տալիս հայ մտավորականներին, նրանք չեն խմում և «նախ՝ Կոմիտասին» ասելով՝ դույլը փոխանցում Վարդապետին: Թուրքը ոտքով խփում ու դույլի ջուրը թափում է: Փխրուն, զգայուն Վարդապետը վիրավորանքից այլևս ջուր չի խմում: Ըստ հուշագիրների վկայության՝ այս դիպվածից հետո կենսուրախ, կատակասեր Կոմիտասը միանգամից մռայլվում, դառնում է ինքնամփոփ ու լուռ: Այդ լռությունը ֆիլմի գլխավոր մեխն է, կարմիր թելը, ենթատեքստը: Այդ լռության հետքերը կինոռեժիսորին հասցրել են Ֆրանսիայի Վիլ-Ժյուիֆի հոգեբուժարան՝ արձանագրելու Վարդապետի հիվանդության պատմությունը: Արդյոք Կոմիտասը խելագարվե՞լ է, ինչպես գրվել և խոսվել է մինչ այժմ: Այդ հարցին պատասխանելու համար   գրող Էդգար Նովենցը  որոշել է վեպ գրել  Կոմիտասի մասին ու հատկապես ուսումնասիրել նրա կյանքի փարիզյան շրջանը՝ հոգեբուժարանում անցկացրած տասնամյակները, հոգվիճակը, ապրումները, զգացողությունները: Իր հերոսին՝ Կոմիտասին ճիշտ հասկանալու և նրա մաշկի տակ մտնելու համար Էդգար Նովենցը ծպտված ապրում է հոգեբաուժարանում որպես հոգեկան հիվանդ: Այսպիսով, գրողը փնտրում է իր Կոմիտասին, փնտրում աշխարհի խղճի ձայնը և այն եզրակացության հանգում, որ Կոմիտասը լռեց, որ մի օր աշխարհը խոսի:

«Վարդապետի լռությունը», արծարծելով Ցեղասապանության թեման, ցույց չի տալիս գաղթի, կոտորածի արյունալի պատկերներ: «Ժամանակակից աշխարհն արյուն ու մահ չի սիրում. ես մեր ազգային թեման փորձել եմ աշխարհին ներկայացնել իր իսկ լեզվով: Նաև ցանկացել եմ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել Կոմիտասի հիշատակին ու աշխարհին ցույց տալ մարդկության այն հանճարին, որի առջև աշխարհահռչակ կոմպոզիտորներ են խոնարհվել ու նրա բերած ստեղծագործությունները համարել արիական երաժշտության բանալի»,- ասաց Վիգեն Չալդրանյանը:IMG_0016-1024x682

Ընդհանրապես Չալդրանյանի ֆիլմերում լռությունը գերակշռում է՝ դառնալով նաև վերնագրեր տարբեր ֆիլմերի համար: Նա խոստացավ այլևս լռությանը չանդրադառնալ՝ պարզաբանելով, որ լռությունն արդեն ճեղքվել է ու իրեն սպառել: Ճեղքված լռությունը և խոսքի կենսական նշանակությունը շեշտվում են ֆիլմում՝ դառնալով մեր օրերի, մեր ժամանակների քաղաքական, հասարակական արդար պայքարի գրավական: «Վարդապետի լռությունը» ֆիլմում տեսնում ենք նաև մերօրյա վավերգրություններ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ցույցերից:

«Ես ցանկացել եմ ստեղծել մերօրյա մտավորականի  կերպարը, մերօրյա հերոսին, որի կարիքն այնքան ունենք, ու առանց որի ազգը կվերածվի ամբոխի: Էդգար Նովենցը  Կոմիտասի կյանքի ողբերգական շերտերը բացահայտելով՝ իր համար պարզում է նրա տառապանքի անտանելի ծանրությունը:  Նովենցը հայ մտավորականի խտացված կերպարն է, որին մենք տեսնում ենք աքսորի ճանապարհին՝ 100 տարի առաջ և որն արդարության պաշտպանն է նաև հիմա»,-շարունակեց Վիգեն Չալդրանյանը:

Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Էդգար Նովենցին, մարմանվորել է Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը, գլխավոր հերոսուհու դերում խաղացել է դարձյալ Համազգայինի դերասանուհի Անի Ղազարյանը, որը հատուկ այդ դերի համար համաձայնել է սափրել գլուխը:

IMG_1840Էդգար Նովենցի դերը Վարդան Մկրտչյանը ստացել է Վիգեն Չալդրանյաի բեմադրած «Համլետում» Համլետի դերը խաղալուց հետո: Ռեժիսորը հենց Վարդանին է պատկերացրել իր ֆիլմի գլխավոր հերոսի դերում ու առանց քասթինգ կոչվածի հենց սկզբից նրան է ընտրել: Առհասարակ ֆիլմում քասթինք գրեթե չի եղել: Դերասանների մեծ մասին հանրությունը ճանաչում է: Հոգբուժարանի հիվանդների դերերում նկարահանվել են Ստեփան Շաքարյանը, Ֆորշը, Կոմիտասին մարմանվորել են օպերատոր Արտո Խաչատուրյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Ֆիլմում տեղ է գտել ևս մի վավերագրություն, երբ նկարահանող խումբը ոտք է դնում Վիլ-Ժյուիֆի հոգեբուժարան, բացում արխիվը, մտնում հիվանդասենյակներ, կանգնում հիվանդանոցի այգում տեղադրված Կոմիտասի կիսանդրու առջև: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանների, հոգեբույժների, Կոմիտասի կյանքն ու արվեստն ուսումնասիրողների տեսակետների, ապացույցների, վարկածների վրա՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքն է Կոմիտասի ողբերգական վախճանը: Հոգեկան հիվանդ է եղել նա, թե ոչ. պատասխանը թողնված է  կինոդիտողին, բայց այն, որ ամեն ինչ սկսվել է Մեծ եղեռնից, անհերքելի է:

«Վարդապետի լռությունը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, որը կազմել է 85 միլիոն դրամ: Պրոդյուսինգով զբաղվող «Շարմ» ընկերությունից հայտնեցին, որ  «Վարդապետի լռությունը» ներկայացվելու է ոչ ավելի, ոչ պակաս՝ «Օսկարի»:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 257 անգամ