Ավարտվել են «Երկրաշարժի» նկարահանումները

79033Սարիկ Անդրեասյանն ավարտել է «Երկրաշարժ» աղետ-ֆիլմի նկարահանումները, որում խաղում են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Սաբինա Ահմեդովան, Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Արտյոմ Բիստրովը, Իրինա Բեզրուկովան, Միքայել Պողոսյանը և այլ դերասաններ:

Ռուբեն Դիշդիշյան, ֆիլմի պրոդյուսեր. «Երկրաշարժի» սցենարի և նախապատրաստական աշխատանքները տևեցին երկու տարի: Նկարահանումները սկսել ենք հոկտեմբերի կեսերին, դրանք ընթանում էին Ռուսաստանում և Հայաստանում և տևեցին 41 օր: Հիմա հետարտադրական շրջանն է, կինոնկարում շատ է համակարգչային գրաֆիկան: Մեր գլխավոր նպատակն է լավ կինո ստեղծել, որը մարդկանց անտարբեր չթողնի: Եվ դատելով այն նյութից, որ արդեն տեսել եմ, Սարիկ Անդրեասյանին հաջողվել է շատ ուժեղ, հուզիչ ֆիլմ նկարել, որը, վստահ եմ, իրադարձություն կդառնա»:

78945

Կոնստանտին Լավրոնենկո. «Սա շատ ծանր ֆիլմ է լինելու: Կարծում եմ` մարդկանց համար դժվար կլինի այն առանց վալիդոլի նայել: Բայց երևի հենց այդպես էլ պետք է, այլապես ինչո՞ւ դա հիշենք: Մենք այլևս չենք զգում ուրիշի ցավը, չենք կարեկցում, ուստի ուզում ենք, որ մարդիկ հիշեն 1988 թվականի ողբերգությունը և հասկանան, որ կարեկցանքը չկորցնելու կարողությունը մարդկային արժանիք է: Ես հավատում եմ, որ մեր պատմությունը «վերքի վրա աղ լցնելու» նման չի լինելու, այլ ցույց ենք տալու, թե ինչի ենք ընդունակ, ինչպես կարող ենք օգտագործել այդ ցավոտ, բարդ թեման: Մենք, անշուշտ, պատասխանատվություն ենք զգում բոլորի առջև: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև առհասարակ բոլոր մարդկանց, քանի որ այդ ցավը դեռ չի անցել»:

79006
Հրանտ Թոխատյան. «Ես երախտապարտ եմ պրոդյուսերներին այս ֆիլմում նկարահանվելու հրավերի համար: Իհարկե, լավ չէի զգում, որ կամա-ակամա հիշեցնում ես մարդկանց այն կորստի մասին: Մասսայական տեսարաններում, որոնք նկարահանվեցին Գյումրիում, մասնակցում էին հենց իրենք` լենինականցիները, և բոլորն անկեղծ արտասվում էին: Այդ ցավը հավետ մեզ հետ կմնա, բայց աշխարհում չկա մի երկիր, որ խուսափած լինի նման ողբերգություններից: Այնուամենայնիվ «Երկրաշարժն» այն մասին չէ, թե ինչ սարսափելի է մահը, այլ այն մասին, թե ինչ հրաշալի է կյանքը: Եվ այս կինոնկարը նաև այն մասին է, թե ինչպես ողջ աշխարհի մեկնած ձեռքը Հայաստանին օգնեց փրկելու հազարավոր կյանքեր: Եվ բոլոր ժողովուրդները, բոլոր մարդիկ գիտեն, թե ինչ կարևոր է վերահաս դժբախտության պահին օգնություն ստանալը»:

Հեղինակները ծրագրում են «Երկրաշարժը» վարձույթ մտցնել 2016 թ. դեկտեմբերի 1-ին:

Աղբյուրը` kino-teatr.ru

 

Դիտվել է 114 անգամ