«Վերջին բնակչի» միջազգային հեռանկարները

 

jivan1Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» խաղարկային լիամետրաժ նոր ֆիլմի մասին ժամանակ առ ժամանակ նոր տեղեկություններ են հրապարակվում, որոնք շարժում են հասարակության հետաքրքրությունը: Շատերն են անհամբերությամբ սպասում, թե ինչ արդյունք է ունենալու ստեղծագործական միջազգային անձնակազմի համատեղ աշխատանքը: Ջիվան Ավետիսյանը մուտք գործեց կինոաշխարհ ղարաբաղյան թեմայով իր առաջին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմով, որին հաջորդեց դարձյալ ղարաբաղյան հակամարտությունն արծարծող «Թևանիկը»: Իսկ այս տարի Ջիվան Ավետիսյանը ձեռնամուխ է եղել «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներին: Մշտազբաղ ռեժիսորի հետ  kinoashkharh.am-ին հաջողվեց հանդիպել, երբ նա նոր էր վերադարձել Լիտվայից ու պատրաստվում էր մեկնել ԱՄՆ՝ ֆիլմի ձայնային մոնտաժի հետ կապված՝ ամերիկյան կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու:  Ֆիլմը հետարտադրական փուլում է, և, մանավանդ, Լիտվայում կատարված պատկերային մոնտաժից հետո արդեն որոշակիորեն տեսանելի են «Վերջին բնակչի» որակական արժեքներ ու արժանիքները:

Մեծ երազանք՝ «Վերջին բնակիչը» բարձրացնել մեծ էկրան

Ջիվան Ավետիսյանն այսօր առավել քան վստահ է, որ «Վերջին բնակիչը»  որակյալ ֆիլմ է լինելու. այդ վստահությունը նա ձեռք է բերել պատկերային մոնտաժից հետո: Նրա նպատակն է արցախյան թեմայով կինոարվեստ ներկայացնել, որը մրցունակ կլինի միջազգային հեղինակավոր կինոփառատոներում: «Ինձ կբացատրե՞ք, թե ինչու, օրինակ, մակեդոնացիները, բոսնիացիները  կունենան օսկարակիր ֆիլմեր, վրացիներն աբխազական թեման  միջազգային կինոէկրան կհանեն, իսկ մենք ղարաբաղյան խնդիրը՝ ոչ:  Ի՞նչ է, մենք ընդունակ չե՞նք մրցունակ ֆիլմ ստեղծել՝ հիմքում ազգային թեմա, բայց համամարդկային մոտեցմամբ, այնպես, որ բոլորին հասկանալի ու հասանելի լինի  ներկայացված պատմությունը, ու յուրաքանչյուր մարդ՝ անկախ ազգային պատկանելությունից, իրեն տեսնի այնտեղ»,- նկատում է Ջիվան Ավետիսյանը:

Համախմբող ուժը գաղափարն է, որին հավատում են ֆիլմի բոլոր մասնակիցները

Նկարահանման հրապարակում աշխատել են տասը ազգերի ներկայացուցիչներ: Դերասանների մեծ մասն այլազգի է՝ մեծ էկրանից հայտնի անուններ, որոնք այլ ֆիլմերում նկարահանվելու համար ստանում են ճիշտ այնքան  հոնորար, որքան «Վերջին բնակչի»  ամբողջ բյուջեն է: Մեծ ջանքերի գնով Ջիվան Ավետիսյանին հաջողվել է նրանց հետ բանակցել. վստահություն շահելու համար նա նախ ցույց է տվել «Թևանիկը»  և իր նոր ֆիլմի սցենարը՝ որոշման իրավունքը թողնելով վերջիններիս: Հոմայուն Էրշադին,  որն Աբբաս Քիառուսթամիի «Բալի համը» ֆիլմի գլխավոր դերակատարն է, Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած աշխարհահռչակ դերասան է: Ամերիկահայ Անի Բեդիանը նույնպես հայտնի դերասանուհի է, իսկ հույն դերսանուհի Դիմիտրա Խատուփիի ներկայացումները դիտելու համար մարդիկ գոհ են մնում, եթե նրանց հաջողվում է թեկուզ  մուտքի տոմս ձեռք բերել: Ֆիլմում խաղում է նաև լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտեն: Ռեժիսորը մեծ խնդիրներ է ունեցել նշված  դերասանների պրոդյուսերների հետ: Նրանք բացահայտ մերժել են Ջիվանին՝ պատճառաբանելով, որ եթե Էրշադին, Խատուփին կամ Բեդիանը փոքր, սիմվոլիկ գումարով համաձայնեն խաղալ հայկական ֆիլմում, ապա իրենց համար հատագայում խնդիր կառաջանա մեծ գումարով նոր գործարքներ կնքել այլ ռեժիսորների հետ. այլ կերպ ասած՝  դերասանների գինը կընկնի: Սակայն արտիստներն իրենք են ընդդիմացել իրենց պրոդյուսերներին, երկու ոտքը մի կոշիկում դրել ու իրենց համաձայնությունը տվել: Հայկական ֆիլմում ներգրավված օտարազգի հայտնի դերասանները գումարի համար չեն խաղում, այլ գաղափարի, նրանց  գրավել են ֆիլմի սցենարը, մարդկային հոգեբանության  նուրբ շերտերն ու այն հերոսները, որոնց մարմնավորելու են իրենք: Ի դեպ, նրանք խաղալու են ադրբեջանցիների դերեր: Ֆիլմի կերպարների մեծ մասն ադրբեջանցի է: Իրանցի դերասան  Հոմայուն Էրշադիի պահանջներից մեկն այն է եղել, որ նկարահանման ժամանակ հնչող կենդանի ձայնն էլ հենց պահպանվի և կրկնօրինակում չկատարվի: Ադրբեջանցու են մարմնավորում նաև Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Նարինե Պետրոսյանը: Բոլորի հետ առանձին աշխատանք է տարվել, որպեսզի ֆիլմում ադրբեջաներեն լավ խոսեն: Ադրբեջաներենի դասընթացն անց է կացրել  Հանրային ռադիոյի աշխատակցուհի Մարիետա Վարդանյանը:  Ռեժիսորը համոզված է, որ ստեղծագործական բազմազգ կազմ հավաքելը կնպաստի ֆիլմի միջազգային ճանաչմանն ու կհեշտացնի ընթացքը դեպի արտասահմանյան մեծ էկրաններ:  Բացի այդ, օտարի աչքն ավելի անկողմնակալ է ու անաչառ: Մենք մեր ազգային խնդիրները հաճախ ենք դնում զգացմունքային ծայրահեղ անհավասարակշիռ հողի վրա ու տանուլ տալիս:

Համագործակցություն՝ վստահության հողի վրա

«Իմ նպատակն է եղել ստեղծել ֆիլմ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին ու կներկայացվի հեղինակավոր փառատոներում՝ որպես համատեղ արտադրության հայկական ֆիլմ՝ ներկայացված Հայաստանի կողմից»,- ասում է ռեժիսորը: Լիտվան համագործակցել է Ջիվան Ավետիսյանի հետ նաև «Թևանիկ» ֆիլմում: Իսկ ամերիկյան այն կազմակերպությունը, որը հանձն է առել կատարել ձայնային մոնտաժը, սկզբում մեծ գումար է պահանջել, սակայն ծանոթանալով ֆիլմի սցենարին ու նկարահանված նյութին՝ պատրաստակամություն է հայտնել օգնել հայազգի ռեժիսորին ու մեծ զեղչերով կատարել ձայնային մոնտաժը: Լիտվական ընկերությունը պատկերի մոնտաժից բացի, կիրականացնի գունադրումն ու անիմացիոն աշխատանքները: Ջիվան Ավետիսյանի հետ համագործակցելու համաձայնություն է տվել Սերժ Թանկյանը, որն արդեն գրում է ֆիլմի երաժշտությունը: Այն սիմֆոնիկ ստեղծագործություն է լինելու. դեռ հայտնի չէ, թե որ նվագախումբի կատարմամբ է կինոերաժշտությունը հնչելու ֆիլմում:

Նախ՝ հավատ, հետո՝ ֆիլմ

Ռեժիսորը պատմում է, որ երբ Անի Բեդիանին հայտնել է, որ այսինչ օրը նրա թռիչքն է դեպի Հայաստան, այնինչ օրը նկարահանում է նշանակված, «Վերջին բնակիչը» գումար չուներ:  Ֆիլմը նախպես բյուջե չի ունեցել, գումարները ստացվել են ընթացքում: Ջիվանը վստահ է, որ ֆիլին աջակցելու ցանկություն հայտնողներ էլի կլինեն: «Մի պատմություն կա. շատերը գիտեն:  Գյուղում երաշտ է լինում: Գյուցաղիները գնում են եկեղեցի՝ Աստծուն աղաչելու, որ անձրև ուղարկի: Նրանցից մեկը եկեղեցի է գնում անձրաևնոցով, այսինքն՝ վստահ, որ տուն վերադառնալիս անպայման անձրև է գալու: ես նման եմ այդ մարդուն. Ֆիլմն սկսեցի՝ առանց գումարի, բայց վստահ, որ շուտով հովանավորներ ու գործընկերներ եմ գտնելու»,- պատմեց Ջիվան Ավետիսյանը:  Նրա  ֆիլմը մեր կինոիրականության համեմատ՝ քիչ գումար չի պահանջում,  այլ հարց է, որ ուրիշ երկրներում նման նախագիծը շատ ավելի թանկ կնստեր, բայց ամեն ինչ հաջողվում է շնորհիվ  ստեղծագործական խմբից յուրաքանչյուրի  էնտուզիազմի: Սա նկատել են նաև օտարազգի դերասանները, որոնք նույնպես վարակվել են անշահախնդիր նվիրումով:

Սկզբում ֆիլմ՝ թղթի վրա

Ֆիլմի համարտադրողներն են Հայաստանը՝ ի դեմս Ազգային կինոկենտրոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լիտվան, ԱՄՆ-ը, նախագծով հետաքրքված են նաև ֆինլանդացիները: Ռեժիսորը հույս ունի, որ երբ ֆիլմը պատրաստ լինի, կգտնվեն մասնագետներ, որոնք ճանապարհ կհարթեն դեպի հեղինակավոր փառատոներ: Փոքր գումարով լիամետրաժ խաղարկային ֆիլմ ստեղծելը հնարավոր է դարձել նաև նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ, որն արվել է մինչև նկարահանումները: Ամբողջ ֆիլմը կադր առ կադր նկարվել է թղթի վրա:

«Օպերատոր Տիգրան Խաչատուրյանը հսկայական աշխատանք է կատարել, նույնը կասեմ նկարիչի, ձևավորողի,  լուսավորողի մասին: Եթե նրանց քնից արթնացնեիք ու հարցնեիք, թե այսինչ օրն, այսինչ ժամին ինչ եք նկարելու, նրանք կհանեին թղթերն ու ճշգրիտ ցույց կտային այն վայրը, որտեղ նկարվելու է տվյալ կադրը, անգամ թե որտեղ է դրվելու տեսախցիկը, որ անկյունից է նկարվելու: Նման բծախնդիր աշխատանքի շնորհիվ է, որ ընթացքում մեծ ծախսերից կարողացանք խուսափել ու գումարը ճիշտ, նպատակային օգտագործել: Ամեն ինչ հաշված ու ծրագրված է եղել նախապես: Շնորհակալ եմ բոլորին. անուններ դեռևս չեմ տալիս: Կգա ժամանակը, երբ ֆիլմը պատրաստ լինի, իսկ դա նախատեսված է գարնանը, ես անուն առ անուն կնշեմ բոլորին: Մեծամտություն չլինի, բայց ֆանտաստիկ գործ է արվել մեր թիմի կողմից: Իմ հայրենի Խաչմաչ գյուղում ենք նկարել.  հայկական գյուղում  ստացել ենք մահմեդական միջավայր: Միայն պրոֆեսիոնալ նկարիչը, ձևավորողը, լուրջ մասնագետները կարող էին նման պատկեր ստանալ: Իսկ այս ամենից առաջ սցենարն անցել է մասնագիտական ստուգատես: Լիտվացի script-doctor-ը՝ այսպես ասած՝ սցենարի խորհրդատու-բժիշկն է մի լավ քրքրել սցենարը: Նա գրատախտակի վրա նկարել է ֆիլմը,  անխնա ջախջախել ինձ այնտեղ, որտեղ թույլ, խոցելի մասեր են եղել: Մասնագիտական վերջնական քննությունն անցնելուց հետո է միայն սցենարը պատրաստ եղել նկարահանվելու»,-պատմեց ռեժիսորը:

«Եթե չլիներ «Ընդհատված մանկությունը», չէր լինի «Թևանիկը», եթե չլիներ «Թևանիկը», չէր լինի «Վերջին բնակիչը». իմ ֆիլմերը մեկը մյուսի համար ճանապարհ են հարթում»,-զրույցն ավարտեց Ջիվան Ավետիսյանը:

«Վերջին բնակիչը» էկրան կբարձրանա գարնանը: Տարեսկզբին պատրաստ կլինի Սերժ Թանկյանի հեղինակած կինոերաժշտությունը: Հետարտադրական մյուս փուլերը բարեհաջող ավարտելու համար ռեժիսորը պատրաստվում է հերթական  բանակցություններին:

 

jivan3

jivan6

jivan7jivan10jivan4jivan5jivan8

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 630 անգամ