«Քերոլը»` առաջատար «Ոսկե գլոբուսի» անվանակարգերի թվով

4147932Այսօր` դեկտեմբերի 10-ին, Լոս Աջելեսում հայտարարվել են «Ոսկե գլոբուսի» (Golden Globe Award)` կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ոլորտում այդ հեղինակավոր մրցանակի հավակնորդները:

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ` դրամա»

Այս անվանակարգում  մրցելու են «Քերոլը»` Պատրիցիա Հայսմիթի «Աղի գինը» (1952 թ.) վեպի մոտիվներով, «Խենթ Մաքսը. ցասումի ճանապարհը» (Mad Max: Fury Road) մարտաֆիլմը,  «Ողջ մնացածը» (The Revenant) վեստերնը, կանադա-իռլանդական «Սենյակը» դրաման և «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) դրաման:

Սրանց մեջ առաջատարը երկու կնոջ սիրո և բարդ հարաբերությունների մասին պատմող «Քերոլ»  ֆիլմն է, որում գլխավոր դերերը խաղում են Քեյթ Բլանշետը և Ռունի Մառան: Այս ժապավենը հայտնվել է միանգամից հինգ անվանակարգերում: Այսպես, երկու դերասանուհին էլ հավակնում են «Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասանուհի» մրցանակի, Թոդ Հեյնսը` «Լավագույն ռեժիսոր» մրցանակի, և հինգերորդ անվանակարգը` «Լավագույն երաժշտությունը ֆիլմի համար»: «Քերոլի» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Կաննի փառատոնում, որտեղ այն հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղի», սակայն մնաց առանց գլխավոր մրցանակի:

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ` կատակերգություն»

Այս անվանակարգում ներկայացված են Ադամ Մակքեյի «The Big Short», Դևիդ Օ. Ռասսելի «Ջոյ», Պոլ Ֆիգի «Լրտեսը», Ջուդ Ապատոյի «Առանց բարդույթների աղջիկը» (Trainwreck) և Ռիդլի Սքոթի «Մարսեցին»:

Դերասանների անվանակարգերում ներկայացված են Քեյթ Բլանշետն ու Ռունի Մառան, Ալիսիա Վիկանդերը և Էդդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»), Լեոնարդո դի Կապրիոն («Ողջ մնացածը»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»)  և այլք:

«Լավագույն ռեժիսոր»

Այս անվանակարգում մրցելու են Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Ողջ մնացածը»), Թոմ Մակկարտին («Ուշադրության կենտրոնում»), Ռիդլի Սքոթը («Մարսեցին»), Սթիվեն Սփիլբերգը («Լրտեսական կամուրջ»), Քվենտին Տարանտինոն («Նողկալի ութնյակ») և Թոդ  Հեյնսը («Քերոլ»:)

«Լավագույն սցենար»

Այս մրցանակին հավակնում են «Նողկալի ութնյակ», «Ուշադրության կենտրոնում», «Սթիվ Ջոբս», «Սենյակը» և «The Big Short» ֆիլմերը:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ»

Այս անվանակարգում  մրցանակի են հավակնում «Նոր կտակարանը» (Բելգիա), «Ակումբը» (Չիլի), «Սուսերամարտիկը» (Ֆինլանդիա), «Մուստանգը» (Թուրքիա) և «Սաուլի որդին» (Հունգարիա):

Հիշեցնենք, որ անցյալ ամիս արդեն հայտնի դարձավ, որ Սեսիլյա դը Միլլի անվան պատվավոր մրցանակը կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար շնորհվելու է դերասան Դենզել Վաշինգտոնին, իսկ Միսս «Ոսկե գլոբուս» խորհրդանշական մրցանակը` 21-ամյա մոդել, սկսնակ դերասանուհի և նշանավոր դերասան Ջեյմի Ֆոքսի դուրստր Քորին Ֆոքսին:

«Ոսկե գլոբուսն» իր կարգավիճակով զիջում է միայն «Օսկարին»: Մրցանակը շնորհվում է Հոլիվուդում ապրող մոտ 100 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում: Այսուհանդերձ, միշտ չէ, որ ասոցիացիայի կարծիքը համընկնում է Ամերիկայի ակադեմիայի որոշումների հետ և բնավ չի ազդում օսկարյան մրցավազքի վրա:

73-րդ «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2016 թ. հունվարի 10-ին:

«Ոսկե գլոբուսի» հավակնորդների լիակատար ցանկը տես  մրցանակաբաշխության կայքում:

Դիտվել է 22 անգամ