«Եկավ, և աստված տա, որ չգնա». Ֆրունզե Դովլաթյանը Արտավազդ Փելեշյանի մասին

W1R6se2XY3YPbWOZw3a7njPrlZՎերջին հարցազրույցի ժամանակ «Էկրան» թերթի թղթակցի այն հարցին, թե ինչպես կգնահատեմ «Հայֆիլմի» այսօրվա վիճակը, ես կրկնեցի երկու տարի առաջ հայտնած մի53a8Ifs6aE0sDAlS3Xt2G6lkRr միտք: Սխալ և ուշացած չեմ լինի, եթե խոսքս կրկնեմ և այստեղ: Ստեղծագործական ուժերի կենտրոնացման և հավաքագրման բուռն ու անհագիստ պրոցես է ապրում «Հայֆիլմը»: Վերջին տասը տարում «ագրեսիվ» ուժերի մի հոսք՝ թարմ շնչով, ազգային արվեստի ըմբռնման մասշտաբային մտածելակերպով, կինոլեզվի նոր ձևերի և հնարքների համարձակ որոնումներով եկավ ու խառնեց «Հայֆիլմի» հանդարտիկ մթնոլորտը:

Եկավ Փարաջանովը՝ իր հակասական, հախուռն բնավորությամբ, կինոպոետիկական ինքնատիպ մտածողությամբ: Եկավ, բայց, ափսոս, որ գնաց:
Եկավ Արտավազդ Փելեշյանը` իր մոնումենտալ, հուզական, հրապարակախոս արվեստով: Եկավ և աստված տա, որ չգնա: Դառնացած եմ ասում այդ մասին, որովհետև ինչ-ինչ բաներ չեն արվում, ինչ-ինչ պայմաններ չեն ստեղծվում, որպեսզի մարդիկ մնան ու ստեղծագործեն այնտեղ, որտեղ կոչված են…
Այսպես ուրեմն, Արտավազդ Փելեշյան:
Կենսագրությունը. ծնվել է Կիրովականում, ավարտել դպրոցը, աշխատել գործարանում, ամուսնացել: Սովորական կենսագրություն, որի շարունակությունը, սակայն, արտասովոր էր և սկիզբ դարձավ մի ուրիշ կենսագրության, որը կոչվում է արվեստագետի կենսագրություն: Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ուսումնառության քրտնաջան և բեղմնավոր տարիներ և վերջապես կինոռեժիսորի կոչում: Դեռ երկրորդ կուրսում Փելեշյանը ձեռնարկեց մի ծանր աշխատանք, որը հետագայում բերեց նրան բազմաթիվ մրցանակներ.
- ՎԳԻԿ-ի հոբելյանական ֆեստիվալի գլխավոր մրցանակ
- «Իսկուստվո կինո» հանդեսի մեդալ տաղանդավոր դեբյուտի համար
- Լոձ քաղաքի լեհ պատվիրակության մրցանակ՝ Մարիենբադի միջազգային երկրորդ ֆեստիվալում
- Ուսանողների միջազգային ընկեության մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար
- ԺՏՆՑ-ի 1969 թ. բրոնզե մեդալ
- «Պրոմեթևս-69» ֆեստիվալի մրցանակը պատմա-հեղափոխական թեմայի ստեղծագործական լուծման համար
Դա «Սկիզբ» մեկմասանոց դոկումենտալ նկարն էր՝ նվիրված սովետական կարգերի հաստատման 50-ամյակին:
50 տարի. 10 րոպե, 300 մետր կինոժապավեն: Հերոսական ջանքեր պահանջող կարճառոտություն:
Մեր հիշողության մեջ դեռ թարմ է կենտրոնական հեռուստատեսության մի քանի ամիս տևող կինոէպոպեան: Պետք էր այդ ամենը տեղավորել ընդամենը 10 րոպեի մեջ: Դրա համար անհրաժեշտ էր դիտել կինոդոկումենտների հազարավոր մետրեր, ընտրություն կատարել, նոր շունչ, ուժ, գրաֆիկա տալ հայտնի, տեսնված կինոփաստերին: Եվ այդ դաժան խնդրի լուծման մեջ Փելեշյանը հասավ զարմանահրաշ արդյունքի: Մետաֆորիկ կինոմտածելակերպի իսկական տրիումֆ էր «Սկիզբը»: Ռեժիսորը կենդանի փաստերով հասել էր արվեստի ընդանրացման: Փելեշյանը դիմել էր առաջին հայացքից շատ պարզ թվացող, բայց շատ ազդեցիկ և էմոցիոնալ մեծ ներգործություն ընձեռող հնարքի՝ կադրի կրկնության: Մոնտաժի նման ճանապարհով, չափի և ճաշակի անսխալ զգացողությամբ նա հայտնագործում է փաստերի պոեզիան:
Խրամատներ, գրոհի գնացող զինվորներ, միապետի փլվող արձան, մուրճով հարվածող բանվոր, մարդկային հոսք: Եվ այս ամենի բարձրակետը` ճիշտ կոմպոզիցիայով ընտրված կադր, սև ու սպիտակի ամենուժեղ գունային հակադրության հասցված` կադրի տակից դուրս թռչող մարդիկ, որ դառնում են մի ընդհանուր զանգված՝ գլխի, ուսի, ձեռքի զանգված: Սա կրկնվում է, եթե չեմ սխալվում, մոտ քսանհինգ անգամ և ներդաշնակելով վարպետորեն ընտրված երաժշտական ռիթմի հետ` ստեղծում է մետաֆորի և էմոցիայի ուժեղ կոմպլեքս:
<…> Ես միտումով սկսեցի «Սկիզբ» կինոնկարից` բաց թողնելով երիտասարդ ստեղծագործողի համար երկու շատ կարևոր ժապավեններ՝ «Լեռնային պարեկ» և «Մարդկանց երկիրը»: Առաջինում թույլ, երկրորդում ավելի հստակ երևում են Փելեշյանի կինոմտածողության որոնումներն ու նախահիմքերը: «Լեռնային պարեկը» նկարել է 1-ին կուրսում, ՎԳԻԿ-ի ուսանողական 2-րդ ֆեստիվալում արժանացել է 1-ին մրցանակի: «Մարդկանց երկիրը»` 3-րդ կուրսում և երկու մրցանակ է վաստակել. ՎԳԻԿ-ի 4-րդ ֆեստիվալում լավագույն դոկումենտալ ֆիլմի համար և կենտրոնական հեռուստատեսության ստուդիայի մրցանակը:
Ասացի միտումով, որովհետև այս երկու ֆիլմերում ռեժիսորի ստեղծագործական որոնումներն իրենց կատարյալ տեսքով «Սկիզբում» բացահայտվեցին:
Փելեշյանի վերջին աշխատանքը «Մենք» կինոնկարն է: Նկարահանման ընթացքում ֆիլմը մի քանի անուն ունեցավ՝ «Արև», «Միասնություն» և, ի վերջո, «Մենք»: Իմ կարծիքով` կարելի է հանել չակերտները, ստորակետներ դնել և միացնել երեքն էլ: Այսինքն՝ «Արև, միասնություն, մենք», որովհետև այս ֆիլմը մեր հայրենիքի նոր առօրյան է` իր արևով, մարդկանցով: Կենցաղային ամենափոքր մանրամասնը հանգում է ամենամեծ ընդհանրացման: Ազգը անցել է թոհուբոհի միջով, տեսել է Գենոցիդ, որն իր կնիքն է դրել սերունդների դեմքերին ու հոգեբանության վրա, հետո՝ նորից պատերազմ, համաժողովրդական վիշտ, մարդու կորուստ… Բայց ժողովուրդը կա, որովհետև ազգահավաքը շարունակվում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:
Սրանք են ֆիլմի հիմնական մոտիվները: Սակայն ֆիլմը դեռ չկա էկրանների վրա: Հոդվածը կնախորդի ֆիլմին, թե լույս կտեսնի ցուցադրությունից հետո` դժվար է ասել, իսկ առայժմ արվեստագետներն ու բանիմաց մարդիկ «Մենքը» համարում են Փելեշյանի հաջորդ նվաճումը:
Միտքս հաստատում է «Ռադյանսկայա Ուկրաինա» թերթը. «Սա խոհ-ստեղծագործություն է, իր հողին, իր հայրենիքին՝ Սոցիալիստական Հայաստանին սիրահարված ջերմ սրտի ստեղծագործություն: Փելեշյանի ֆիլմն ուրիշ նշանակություն նույնպես ունի: Դա ստեղծագործական կոչ է Ուկրաինայի հեռուստաֆիլմի վարպետներին` ստեղծելու վառ, համապարփակ, նույնատիպ կինոնկար մեր հանրապետության մասին»:
Արժե թվարկել նաև տակավին մասսայական էկրան դուրս չեկած ֆիլմի մրցանակներն ու շնորհները. Կիևի «Պրոմեթևս-69» կինոֆեստիվալում՝ լավագույն հեռուստատեսային ֆիլմի, լավագույն ռեժիսորի, նորարարական որոնման և բարձր հրապարակախոսության, նաև լավագույն հնչյունային լուծման համար:
… Ի՞նչ է անում Փելեշյանը հիմա, ինչի՞ վրա է աշխատում. նման հարցերի կինեմատոգրաֆիստներս չենք սիրում պատասխանել: Փելեշյանը չի դժվարանա իր պատասխանը մտորել, որովհետև պարզապես պարապ է: Գուցե չասենք պարապ է, քանի որ դեղնավուն պայուսակը ձեռքին, երբեմն չսափրված, շրջում է մի հիմնարկից մյուսը և հանդիսատես փնտրում իր ֆիլմի համար: Ի դեպ, վերջերս նկարահանվեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում:
Մեղավորներ կարելի է գտնել, մեղավորներ միշտ էլ կան, բայց տվյալ դեպքում փաստ է, որ սկիզբը վերջացավ: Արտավազդ Փելեշյանը պատրաստ է լուրջ և մեծ աշխատանքի:
Ֆրունզե Դովլաթյան
1970

Դիտվել է 384 անգամ