Միքելանջելո Անտոնիոնի. «Նկարահանել նշանակում է ապրել»: Վարպետի վերջին հարցազրույցներից մեկը

image_4362Առաջին անգամ կինոխցիկի օբյեկտիվին (դա 16 մմ Bell and Owell էր) նայել եմ գժանցում: Դրա տնօրենը շատ բարձրահասակ մարդ էր, որի դեմքը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր հիշեցնում իր հիվանդների դեմքերը: Այդ ժամանակ ապրում էի իմ հայրենի Ֆեռարում` Պադանայի հարթավայրի մի գողտրիկ քաղաքում: Ընկերներով որոշեցինք վավերագրական ֆիլմ նկարել խելագարների մասին: Տնօրենն ամեն կերպ ջանում էր օգնել մեզ. սահում էր հատակին` ցույց տալով հոգեկան հիվանդների արձագանքը արտաքին գրգռիչներին: Բայց ես հաստատ որոշել էի նկարել նատուրայից, այսինքն` իսկական խենթերից: Եվ ի վերջո տնօրենը հանձնվեց ու ասաց` փորձիր:

Մենք տեղադրեցինք խցիկը, պատրաստեցինք սոֆիտները (առաստաղի մետաղական բարձրացվող և իջեցվող կոնստրուկցիաներ բեմը լուսավորող սարքերի համար-ծնթ. թարգմ.) և դասավորեցինք հիվանդներին` պատրաստվելով նկարել առաջին պլանը: Պետք է ասեմ, որ խենթերը մեր հրահանգները կատարում էին հնազանդորեն ու ջանասիրությամբ` չափազանց ճգնելով ամեն ինչ անել ինչպես հարկն է, վախենալով ինչ-որ բան այնպես չանել: Նրանք շատ հուզիչ էին իրենց այդ ջանադրությամբ և շատ զվարճալի էին տեղաշարժում իրերը: Վերջապես հրաման տվեցի միացնել սոֆիտները: Մի քիչ հուզված էին: Հանկարծ սենյակը լցվեց պայծառ լույսով: Մի պահ հիվանդները քարացան, ասես կարկամեցին: Ես ոչ մի դերասանի դեմքին սարսափի նման խորը արտահայտություն չեմ տեսել: Դա մի վայրկյան տևեց, և հետո կատարվեց մի բան, որ հնարավոր չէ նկարագրել: Խենթերը սկսեցին ջղաձգվել, ճչալ, սահել գետնին, ինչպես անում էր տնօրենը: Սենյակը դարձավ դժոխքի պարունակներից մեկը: Հիվանդները հուսահատ փորձում էին թաքնվել լույսից, ինչպես իրենց սպառնացող նախապատմական հրեշից, նրանց դեմքերը, որ հանգիստ ժամանակ խենթությունը պահում էին մարդկայինի սահմաններում, հիմա ավերիչ սարսափ էին արտահայտում: Օպերատորը խցիկը միացնելու կամ որևէ հրահանգ սկսելու ուժ չգտավ: Վերջապես տնօրենը գոռաց` ստոպ, անջատեք: Եվ կրկին մթության մեջ հայտնված սենյակում սկսեցինք տարբերել ուժասպառ մարմինների կծիկը, որոնց շարժումները հոգեվարքի վերջին ջղաձգումներն էին հիշեցնում:

Այդ անտանելի տեսարանը միշտ աչքիս առաջ է եղել: Եվ թեպետ դա չէի գիտակցում, հենց դրանից են սկիզբ առնում նեոռեալիզմի մասին մեր բոլոր խոսակցությունները:

Այդ ամենը տեղի է ունեցել պատերազմից առաջ:

Հետո վրա հասավ պատերազմը, մենք բռնության, անգամ խենթության ու շատ ուրիշ միջադեպերի վկան դարձանք և ժամանակի հետ ընտելացանք դրանց: Բայց երբ պատերազմից անմիջապես հետո այստեղ` Իտալիայում, սկսեցինք դատել նեոռեալիզմի մասին, միշտ մտածում էի իմ այդպես էլ չնկարահանած վավերագրական ֆիլմի մասին: Թվում էր` իտալական կինոն չի կարող ազատվել ճշմարտության այդ պահանջված չափանիշից. իրական, ավելի իրական… Խցիկ` թաքնված ճանապարհին կամ բանալու անցքից, որպեսզի որսա իրականության ամենաթաքուն կողմերը… Այդ քամին, տեսությունը փաստերին ու ֆիլմերին բախելու այդ ցանկությունը քշել-տարել էր դպրոցական գեղագիտական հասկացությունները: Եվ պետք է ասել, որ շատ ֆիլմեր հասան իրենց նպատակին: Ճշմարտությունն այն է, որ իրականությունը մեր շուրջը բացառիկ էր, ոգեշնչող: Ինչպե՞ս կարելի է դա անտեսել:

Антониони

Ֆիլմ նկարելը նույնը չէ, ինչ վեպ գրելը: Ֆլոբերն ասում էր, որ ապրելն իր մասնագիտությունը չէ. նրա մասնագիտությունը գրելն էր: Բայց ֆիլմ նկարելը հենց ապրելն է. համենայն դեպս` ինձ համար: Իմ անձնական պատմությունը չի ընդհատվում նկարահանումների ժամանակ: Ընդհակառակը` հենց այդ ժամանակ է այն առավել ինտենսիվ դառնում: Անկեղծությունն այս կամ այն չափով ինքնակենսագրություն է. ֆիլմի տիկը քո գինուց լցնելն ի՞նչ է, եթե ոչ մասնակցություն կյանքին, եթե ոչ ինչ-որ բարի բան ավելացնելու ձգտում (համենայն դեպս` մտադրություն) մեր անձնական ժառանգությանը, որի հարստության կամ աղքատության մասին կդատեն ուրիշները: Պարզ է` ֆիլմը հանրային հանդիսանք է, դրա շնորհիվ մեր մասնավոր կյանքի փաստերը դադարում են այդպիսին լինելուց և նույնպես հանրային են դառնում: Եվ պատերազմից հետո` ողբերգությունների, տագնապների ու վախերի շրջանում, որոնք կանխորոշում էին ողջ աշխարհի ճակատագիրը, հնարավոր չէր ուրիշ բանի մասին խոսել:

Կան ժամանակներ, երբ որոշ փաստեր անտեսելն ազնիվ չէր լինի խելամիտ մարդու համար, որովհետև խելքը, որ անհրաժեշտ պահին հրաժարական է տալիս, չի նշանակում կապկպվել տերմիններով: Կարծում եմ` կինոյի մարդիկ միշտ պետք է կապված լինեն իրենց ժամանակի հետ, և ոչ այնքան այն պատճառով, որ արտահայտեն ու մեկնաբանեն դրա ամենաթարմ ու ողբերգական իրադարձությունները (մենք կարող ենք անգամ ծիծաղել դրանց վրա, ինչու ոչ), որքան այն պատճառով, որ որսանք դրանց արձագանքը մեր ներսում, անկեղծ ու հետևողական լինենք մենակ ժամանակ ինքներս մեր առջև և ազնիվ ու համարձակ` ուրիշների առջև: Ինձ թվում է` դա ողջ մնալու միակ միջոցն է: Բայց ես կարծում եմ, որ այդ «ճշմարտացի, էլ ավելի ճշմարտացի» սկզբունքը, որ ընկած է իտալական նեոռեալիզմի հիմքում և երբեմն ծայրահեղության է հասցնում, պետք է շատ ավելի լայն ընկալվի, քան մեկնաբանվում է: Որովհետև այսօր, շատ թե քիչ բնականոն իրավիճակում, կարևոր է ոչ այնքան ցույց տալ անհատի հարաբերությունները շրջակա աշխարհի հետ, որքան իր հետ` դրա բարդ ու հուզիչ արժանահավատությամբ: Ի՞նչն է տանջում, ի՞նչն է դրդում գործողությունների ժամանակակից մարդուն: Ի՞նչ արձագանք է առաջացնում նրա մեջ այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում աշխարհում:

Հավանաբար այս հարցերը միայն պետք է տանք մեզ, երբ նկարում ենք մեր պատմությունները:

«Ճիչի» պլակատը

«Ճիչի» պլակատը

Խոսելով իմ «Ճիչ» ֆիլմի մասին` ֆրանսիացի քննադատները նոր բանաձև առաջ բերեցին` «ներքին նեոռեալիզմ»: Ես երբեք, սկսած այն հոգեկան հիվանդների մասին ֆիլմից, չեմ մտածել անվանում տալ այն բանին, ինչն ինձ համար կենսական պահանջմունք է եղել, այն է` նայել մարդու ներսը: Ի՞նչ զգացմունքներ ու մտքեր են առաջ տանում նրան երջանկության կամ դժբախտության և կամ մահվան ճանապարհին: Ես երբեք ինձ թեմա չեմ «հանձնարարել», որպեսզի այն ֆիլմ տանեմ:

Տանել չեմ կարող ծրագրավորված ֆիլմերը: Ջանում եմ պարզապես պատմել կամ ավելի շուտ ցույց տալ պատմությունները և հույս ունեմ, որ դրանք դուր կգան հանդիսատեսին, եթե անգամ դառն են: Կյանքը միշտ չէ, որ ուրախ է, և պետք է դրան բոլոր կողմերից նայելու խիզախություն ունենալ: Ես թողնում եմ, որ նկարահանված ֆիլմն ինքը բացի իր իմաստը: Եթե գաղափարները մեր ներսում են և մենք անկեղծ ենք մեր պատմությամբ, ապա դրանք անպայման ջրի երես դուրս կգան: Կարևոր է, որ պատմությունն ուղղորդվի տաք ու հավասակշռված մտքով: Այն կինոյում, որն ինձ դուր է գալիս, կերպարներն արժանահավատության զգացողություն են ստեղծում` չկորցնելով, ընդ որում, խորաթափանցությունը: Ոչ մի հրապուրանք, զառանցանք կամ ինտելեկտուալ խենթություն. աշխարհ, որ տեսնում ես դեմ դիմաց, ոչ թե գլխիվայր կամ անկյունագծով:
Պիտի խոստովանեմ հիմա, որ ինձ հիմա իմ տեղում չեմ զգում: Ինչի՞ համար են այս բոլոր տեսական դատողությունները: Եզրակացությունը միշտ էլ մեկն է. կինոն, ինչպես գրականությունը, անօգուտ է, եթե նրա մեջ ճշմարտություն և պոեզիա չկա: Ինձ կառարկեն, թե նման ֆիլմերը հազվագյուտ են, մինչդեռ մյուսները շատ ավելի շատ են, ընդ որում դրանք արժանանում են մրցանակների ու պարգևների: Անշուշտ, տարբեր կինոնկարներ են պետք, թող լինեն: Բայց նրանք, որոնց մասին խոսում եմ որպես իսկականների, իսկական նշանակություն ունեն և դրանք են միայն պատիվ բերում կինեմատոգրաֆին: Պարադոքսի կարգով դիտարկենք այսպես կոչված արտֆիլմերը` որպես առաքինի` այսինքն` կոմերցիոն կինոյի արատներ: Սեմյուել Բատլերի հետ կարող ենք եզրակացնել, որ արատի կոչումը առաքինությունը հատկացված շրջանակներում պահելն է: Եթե առաքինությունը սահմաններ չունենար, անտանելի կլիներ: Նույն կերպ և անտանելի կլիներ համատարած միջակ կինեմատոգրաֆը` զուրկ նոր գաղափարներից ու սխրանքից:

Կնշանակի ամբողջ ուժով լավ ֆիլմ նկարելու ձգտումն ավելի քան օրինական է: Բայց պրոդյուսերները շատ հաճախ անվստահությամբ են նայում նրան, ով նման ոգով է արտահայտվում:

Փաստորեն, բացի բուն ֆիլմի արտադրության դժվարություններից, հարկ է լինում պայքարել նրանց անվստահության դեմ, ինչը հետագայում դրսևորվում է նյութական դժվարություններով: Եթե ռեժիսորը ցանկանում է, որ հաջողությունն իրեն ժպտա, պետք է կարողանա նաև այդ պայքարը տանել: Հենց այդպես. ռեժիսորի աշխատանքն այն է, որ հաղթահարի իրեն հանդիպած դժվարությունները` ջանալով լավ կատարել իր գործը: Դժբախտությունն այն է, որ ստիպված ես լինում անընդհատ ապացուցել տաղանդդ այն մարդկանց, որոնց տաղանդ ունենալու մասին խոսք անգամ չի կարող լինել:

Բայց վերադառնանք «Ճիչին»` իմ այն ֆիլմերից վերջինին, որոնք ցուցադրվել են Միացյալ Նահանգներում: Եթե իմ մասին խոսելը դժվար է, ապա շատ ավելի դժվար է խոսել իմ ստեղծագործությունների մասին: Իհարկե, դա խուփ ֆիլմ է, բարդ: «Հեզ` խորհրդավոր հեզությամբ»,- ասել է մի քննադատ: Գուցե նա ճիշտ է: Վերջերս ինքս նորից նայեցի այն և ապշած էի` դեմ հանդիման այդ անպաշտպանությանը, այդ մենակությանը: Այդպես երբեմն առավոտյան մեզ վախեցնում է հայելում արտացոլված դեմքը: Վստահ չեմ, որ այդ պատմությունից գլուխ հանի ամերիկյան հանդիսատեսն իր եվրոպականից միանգամայն տարբեր կենսափորձով ու մշակույթով: Հուսամ, որ կկարողանա:

Շատ եմ վախենում և′ հանդիսատեսից, և′ քննադատներից: Մինչ նրանք կգնան դիտելու ֆիլմը, կուզենայի նախապատրաստել նրանց, բացատրել որոշ բաներ: Մեկն ասել է, որ գրքերը (ավելացնեմ` կնշանակի նաև ֆիլմերը) պետք է դատարանի առջև կանգնեն որպես հանցագործ և լսեն մեղադրանքն ու պաշտպանությունը:

Անշուշ, այդ մեկը չափազանց իրավացի է:

Թարգմանությունը իտալերենից ռուսերեն Ա. Մինինբերգի, ըստ A n t o n i o n i Michelangelo. Fare un film e per me vivere. Scritti sul cinema, Marsilio, 2001.
Թարգմանությունը ռուսերենից` «Կինոաշխարհի»

Աղբյուրը` Искусство кино

Դիտվել է 124 անգամ