Մարտին Սկորսեզեի նամակն իր դստերը կինոյի ճակատագրի մասին

скорсезеՄարտին Սկորսեզեի բաց նամակը դստերը` Ֆրանչեսկային, հրապարակվել է իտալական L’Espresso հանդեսում: Ռեժիսորը գրում է կինեմատոգրաֆի ապագայի մասին, որը լուսավոր է համարում և բացատրում, թե ինչու վիճակն այնքան էլ անմխիթար չէ:

Թանկագին Ֆրանչեսկա

Այս նամակը գրում եմ ապագայի մասին: Ես նայում եմ դրան իմ աշխարհի պրիզմայով, կինեմատոգրաֆի պրիզմայով, որ այդ աշխարհի կենտրոնն է:

Վերջին տարիներին ես հասկացա` կինոյի մասին պատկերացումը, որով աճել եմ և որը նկատելի է այն ֆիլմերում, որոնք ցույց եմ տվել քեզ մանկությունից սկսած, այն պատկերացումները, որոնք փթթել են, երբ սկսել եմ կինո նկարել, արդեն արդիական չեն: Եվ ես նկատի չունեմ արդեն նկարահանված ֆիլմերը, խոսքը նրանց մասին է, որոնք դեռ պիտի նկարահանվեն:

Ես չեմ պատրաստվում հուսահատության գիրկն ընկնել: Եվ այս տողերը գրում եմ առանց վհատության: Հակառակը` համարում եմ, որ կինոն լուսավոր ապագա ունի:

Միշտ էլ հայտնի է եղել, որ կինոն բիզնես է, որ արվեստը կինոյում հնարավոր է միայն բիզնեսի պայմանների հետ համաձայնությամբ: Մեզնից ոչ ոք, որ սկսել ենք 1960-1970-ական թթ., այս կապակցությամբ պատրանքներ չի ունեցել: Մենք հասկանում էինք, որ հանուն այն բանի պահպանման, ինչը սիրում ենք, հարկ կլինի տքնել: Մենք հասկանում էինք նաև, որ երբեմն դժվար կլինի: Եվ թերևս ինչ-որ չափով գիտակցում էինք, որ կգա մի ժամանակ, երբ անկանխատեսելիության յուրաքանչյուր տարր, կինոպրոցեսում հանդիպող յուրաքանչյուր դժվարություն նվազագույնի կհասնի կամ առհասարակ կվերանա: Բոլոր տարրերից ամենաանկանխատեսելի՞ն: Ֆիլմը: Եվ այն մարդիկ, որոնք այն նկարում են:

Չեմ ուզում կրկնությամբ զբաղվել, քանի որ ինձնից առաջ կինոբիզնեսի փոփոխությունների մասին շատ է ասվել ու գրվել, բայց բացառությունը կանոններից չափազանց ոգեշնչող է: Ուես Անդերսոն, Ռիչարդ Լինկլեյտեր, Դևիդ Ֆինչեր, Ալեքսանդր Փեյն, Կոեն եղբայրներ, Ջեյմս Գրեյ, Պոլ Թոմաս Անդերսոն. սրանց հաջողվում է կինո նկարել, իսկ Պոլը ոչ միայն «Վարպետը» 70 մմ-անոց ժապավենի վրա նկարեց, այլև ցուցադրեց այդ պրոեկցիայով մի շարք քաղաքներում: Յուրաքանչյուր ոք, որ անտարբեր չէ կինեմատոգրաֆի ճակատագրի նկատմամբ, երախտապարտ պետք է լինի:

Ինձ շատ են հուզում նաև այն հեղինակները, որոնք շարունակում են ֆիլմ նկարել աշխարհում` Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Անգլիայում, Ճապոնիայում, Աֆրիկայում: Դա ավելի ու ավելի դժվար է դառնում, բայց նրանք կարողանում են:

Սակայն ես ինձ հոռետես չեմ համարի, եթե ասեմ, որ կինոարվեստը և կինոբիզնեսը հիմա ընտրության առջև են: Տեսալսողական ժամանցը և այն, ինչ անվանում են կինո`շարժվող նկարներ` մտահղացված առանձին մարդկանց կողմից, կարծես թե տարբեր ուղղություններով են գնում: Ապագայում հավանաբար այն, ինչ կոչվում է կինո, ավելի ու ավելի հազվադեպ կտեսնես բազմասրահ մեծ կինոթատրոններում, բայց հաճախ` ոչ մեծ սրահներում, համացանցում և կամ այնպիսի վայրերում ու հանգամանքներում, որոնք չեմ համարձակվում գուշակել:

Ուրեմն ինչո՞ւ է ապագան լուսավոր: Որովհետև արվեստի այդ տեսակի պատմության մեջ առաջին անգամ կարելի է ֆիլմ նկարել շատ քիչ փողով: Իմ երիտասարդ տարիներին դա չլսված բան էր, և խիստ փոքրբյուջետ ֆիլմերը միշտ էլ բացառություն էին: Հիմա ճիշտ հակառակն է: Մատչելի գնով խցիկները գեղեցիկ նկարելու հնարավորություն են տալիս: Կարելի է ձայնն էլ գրել: Կարելի է մոնտաժ անել տանը և այնտեղ էլ զբաղվել գունաբաժանմամբ: Այդ ամենը հիմա հնարավոր է:

Բայց որքան էլ ուշադրություն դարձնենք տեխնոլոգիաներին, որոնք հեղափոխություն են արել կինոարտադրության մեջ, արժե հիշել մի կարևոր բան. կինոն գործիքները չեն նկարում, կինոն դու ես նկարում: Կարելի է ազատ վերցնել խցիկը, ինչ-որ բան նկարել և մոնտաժել Final Cut Pro-ով: Նկարել ֆիլմ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում` արդեն լրիվ ուրիշ բան է: Shortcuts չի ստացվի (shortcuts նշանակում է «ամենակարճ ճանապարհ», նաև` արագ մուտքի կոճակը համակարգչում-ծ.թ.):

Եթե Ջոն Կասավետիսը` իմ բարեկամն ու ուսուցիչը, հիմա ողջ լիներ, ուրախությամբ կօգտագործեր եղած սարքավորումները: Այդուհանդերձ կասեր նույնը, ինչ միշտ էր ասում. պետք է ամբողջովին տրվես աշխատանքին, պահպանես այն կայծը, որի շնորհիվ որոշել ես նկարել այդ ֆիլմը: Պահպանես կյանքի գնով: Անցյալում կինոարտադրության թանկության պատճառով ստիպված էինք դիմակայել միջոցների սղությանն ու փոխզիջումներին: Ապագայում դու ստիպված կլինես կռիվ տալ ուրիշ գործոնների դեմ, օրինակ` հոսանքի ուղղությամբ լողալու ցանկության և ֆիլմը ձեռքից բաց թողնելու դեմ:

Բանը միայն կինոյի էությունը չէ: Ամենակարճ ճանապարհ, ըստ էության, գոյություն չունի: Չեմ ուզում ասել, թե ամեն ինչ պետք է դժվար տրվի: Ուզում եմ ասել` այն ձայնը, որ ոգեշնչում է քեզ, քո′ ձայնն է, կամ ինչպես ասում են կվակերները, ներքին լույսը:

Դա դու ես: Սա է ճշմարտությունը:

Աղբյուրը` kinovoid.com

Դիտվել է 120 անգամ