Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը կնշանավորվի նաև «Սպիտակ» լայնակտավ ֆիլմով

12079339_992935457416510_1593326080695152229_n (1)

Ելենա Գլիկման

«Սպիտակ». այսպես է կոչվելու Ռուսաստանի մշակույթի նախարարության, «Россия» հեռուստաընկերության և «Телесто» կինոընկերության` Սպիտակի երկրաշարժին նվիրված նոր գեղարվեստական ֆիլմը, որի պրոդյուսեր Ելենա Գլիկմանը նկարահանող թիմի հետ Հայաստանում է։

Ֆիլմի սցենարի հեղինակը հայ է՝ Մարինա Սոչինսկայան, «Սպիտակը» նրա դիպլոմային աշխատանքն է եղել ВГИК-ում։ Ու թեպետ սցենարը, ըստ Ելենայի, շատ հաջող էր ու պրոֆեսիոնալ, մի քանի տարի չէր հաջողվում գումար գտնել այն կյանքի կոչելու համար։ «Ամեն ինչ փոխվեց, երբ մշակույթի նախարար եկավ Վլադիմիր Մեդինսկին: Հանկարծ նորից մեծ հետաքրքրություն առաջացավ այդ թեմայի շուրջ, նա ուղղակի իր պարտքը համարեց այդ ֆիլմի իրականացումը, որովհետև ակտուալ էր դարձել երկրների միջև բարեկամության հարցը, ու հիմա, երբ համարյա անցել է 30 տարի թե′ երկրաշարժից, թե′ Սովետական Միության փլուզումից, անցած ժամանակների նոստալգիա է առաջացել, հիշողությունների նոր ալիք է սկսվում»,- ասաց նա։

Ռուսաստանի հետաքրքրությունն այդքան տարի անց միայն նոստալգիայո՞վ է պայմանավորված: «Նաև միջազգային քաղաքական դրությամբ,- շեշտում է Ելենան,- հատկապես այս փուլում, երբ Ռուսաստանի հարաբերությունները սրված են Ամերիկայի ու Եվրոպայի հետ, Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները մղվում են առաջին պլան»։
Թեպետ ֆիլմի անվանումը դեռ վերջնական չէ, Ելենա Գլիկմանը կարծում է, որ «Սպիտակը» կլինի երկրաշարժի հավաքական կերպարը, ապա հավելում, որ այս կինոյի հանդեպ Ռուսաստանում հիմա մեծ հետաքրքրություն կա, կարելի է ասել` ռուսական կողմը լիովին պատրաստ է ֆիլմարտադրությանը, հատկացվել է նաև համապատասխան ֆինանսավորում։

Հիմա նկարահանող խումբը Հայաստանում է և բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: Արդեն եղել են մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններում. «Մենք հայկական կողմից մեծ աջակցության կարիք ունենք, և թերևս ոչ այնքան ֆինանսական։ Այստեղ ֆիլմի համար բնական տեղանք կա, ռեկվիզիտներ, հագուստ, այսինքն` կարելի է շատ հարցեր լուծել, եթե հայկական կողմն էլ միանա արտադրությանը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ մենք վաղուց ենք պայմանագիր կնքել և հիմա արդեն եկել ենք այդ պայմանագրի մանրամասները քննարկելու»։

Ֆիլմը Ռուսաստանի, Հայաստանի և ամենայն հավանականությամբ նաև Ֆրանսիայի համատեղ արտադրություն է լինելու։ Ծագումով հայ ֆրանսիացի համապրոդյուսեր Գարուն Ապրիկյանը հիմա ֆիլմի համար ֆինանսավորում է փնտրում նաև Ֆրանսիայում։

«Սպիտակը» լինելու է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, որը, պրոդյուսերի գնահատմամբ, այժմ Ռուսաստանի առաջատար ռեժիսորներից է և արդեն ունեցել է նման մասշտաբի նկարահանումներ «Բրեստի ամրոց» ֆիլմում։

Մասշտաբային նկարահանումներից բացի, ֆիլմում էլ ի՞նչ շեշտադրումներ են արվել: Ելենան հիշեց, որ երբ նախագիծը ներկայացնում էին Ռուսաստանի մշակույթի նախարարությունում, սցենարիստից, ռեժիսորից և իրենից բացի, իրենց հետ էր նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Նորիկ Մուրադյանը, որ այն ժամանակ քաղխորհրդի 1-ին քարտուղարն էր: Նրա պատմությունն ապշեցնող է. «Այն օրը, երբ երկրաշարժը տեղի ունեցավ, նա Երևանում էր, նրան այդ օրը պետք է հրամանագրեին, և հենց ստորագրելու պահին նրա ձեռքը, հետո ամբողջ մարմինը սկսում է դողալ… Նա հիմա 70-ն անց մարդ է, բայց մինչ օրս ապրում է այդ հիշողությամբ։ Նորիկը հետո մեզ պատմեց, թե ինչպես վերամբարձ կռունկի մեքենավարը, որ 3 օր դիակներ էր հողի տակից հանում, դպրոցը փորելու ժամանակ հանում է նաև իր մեռած երեխաներին, որոնց մի կողմ տանելով` նորից վերադառնում է և շարունակում մյուս երեխաների դիակները հանել… Այս և այն բոլոր մարդկանց պատմությունները, որոնց հետ խոսել ենք, լինելու են կինոյում։ Ինչպես մեր ռեժիսորն է ասում, մի կողմից սա կլինի ֆիլմ-ռեքվիեմ, մյուս կողմից`ֆիլմ, որին մարդիկ կգնան»։

Չցանկանալով սյուժետային որոշ գծեր բացել` պրոդյուսերը նշեց, որ էկրանին հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես է գլխավոր հերոսը փնտրում իր ընտանիքը, անցնում բազմաթիվ փորձությունների միջով: Կգտնի նրանց, թե ոչ, պարզ կլինի ֆիլմի վերջում։ «Հասկանալի է, թե ինչի մասին են բոլոր ֆիլմերը աղետների մասին, բայց կարևոր է, թե ինչպես է դա նկարահանված: Մենք ուզում ենք ստեղծել մասշտաբային սցենար և մասշտաբային կինո»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է բյուջեի մասշտաբներին, ապա, ըստ նախնական հաշվարկների` այն կազմում է 170-180 մլն դոլար։

Հիմա Հայաստանում ընթանում է նաև դերասանների քաստինգը: Ինչպես ընդգծում է Ելենան, գլխավոր հերոսին մարմնավորող դերասանը, բնականաբար, հայ պետք է լինի. «Առաջին հերթին պետք է լինի շատ տաղանդավոր դերասան՝ 35-40 տարեկան, միաժամանակ բարետես, խարիզմատիկ տղամարդ, որի վշտին կապրումակցեն»։ Գլխավոր դերասանից բացի, ստեղծագործական թիմը նաև նկարահանման վայրի որոնումների մեջ է։ ֆիլմում պետք է վերստեղծվի երկրաշարժից կործանված Սպիտակ քաղաքը, չնայած էկրանին հանդիսատեսը ավելի շատ կտեսնի երկրաշարժի հետևանքները։

maxresdefault

«Երբ սկսեցինք ֆիլմի վրա աշխատել (ի դեպ, մենք առաջինն էինք), հանկարծ բոլորը միանգամից սկսեցին խոսել, որ շուտով այդ ողբերգության 30 տարին կլինի, իսկ մենք անգամ խաղարկային կինո չենք նկարել: Հիմա Ռուսաստանում զուգահեռ նկարահանվում է էլի մի ֆիլմ Սպիտակի երկրաշարժի մասին։ Բայց կարծում եմ` մեր ֆիլմը լինելու է ամենահաջողվածը, ամենահետաքրքիրն ու ամենաընդգրկունը: Եվ մենք ուզում ենք այն մեծ վարձույթ հանել արդեն երկրաշարժի 30-ամյակին։ Մինչ այդ նախատեսում ենք, որ ֆիլմն անցնի մեծ թվով փառատոներ։ Մի կողմից` սա թեմա է, մյուս կողմից` ֆիլմ-աղետ, որը հետաքրքիր ժանր է և հեշտ չէ գլուխ բերել, ինչպես կարողանում են անել ամերիկացիները։ Բայց մենք հիանալի թիմ ունենք` ռեժիսոր Ալեքսանդր Կոտի, նկարիչ Էդուարդ Գալկինի, օպերատոր Պյոտր Դուխավսկոյի գլխավորությամբ։ Հայաստանի կողմից նույնպես ակնկալում ենք պրոֆեսիոնալ կազմ»:

«Սպիտակի» նկարահանումները կսկսվեն 2016 թ. հունվարից։ Ֆիլմը նախատեսված է ավարտել 2016 թ. վերջին։

«Ես ամեն ինչ անելու եմ, որ այս ֆիլմը նայի ամբողջ աշխարհը, մենք շահագրգռված ենք այդ հարցում»,- ընդգծում է Ելենա Գլիկմանը։

Սոնա Ադամյան

Դիտվել է 148 անգամ