Եկատերինա Դովլաթովա. «Դովլաթովին էկրանավորելը չափազանց բարդ է, ցավոք, դեռ հաջողված բան չեմ տեսել»

1444984827-2489«Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմի երևանյան նորամուտի առիթով ակնհայտ աշխուժացում ու նաև սպասում կար, և ոչ միայն այն պատճառով, որ կինոմիջավայրում վաղուց էր խոսվում հայ-ռուսական համատեղ նախագծի մասին: Սպասված պրեմիերան տեղի ունեցավ փակ դիտման ձևաչափով, ինչն ինքնին սրել էր հետաքրքրությունը: Եվ ինչպես ֆիլմի ցուցադրությունից առաջ նշեց կինոգետ Անիտա Երզնկյանը, փակ դիտման հնարավորությունը մեզ հիշեցնում է խորհրդային տարիները, երբ փակ դիտումներին կարելի էր տեսնել լավագույնը, ինչ ծնվում էր ԽՍՀՄ-ում կուսակցական-գաղափարական համատարած արգելքների պայմաններում: Եվ, իհարկե, հենց իրեն՝ Դովլաթովին էլ խորթ չէր լինի այդ ձևաչափը:

«Դովլաթովի հինգ անկյունները» գրողի կյանքի շրջադարձային իրադարձությունների փաստագրությունն է, ոչ թե պարզապես կենսագրական ժամանակագրություն, այլ այդ իրողությունների արձագանքների փնտրտուքը նրա գրականության մեջ: Ֆիլմի հեղինակներ, լրագրողներ Ազա Բաբայանի ու Վադիմ Դուբնովի՝ գրողի մահվան 25-րդ տարելիցին նվիրված ֆիլմ ստեղծելու նախաձեռնությունը մեկ տարի առաջ արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության և Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Այժմ ամենայն պատասխանատվությամբ ֆիլմը ներկայացնում են հայկական կինոյի և ընթերցողական լսարանին, քանի որ գիտակցում են՝ Երևանում շատ են կարդում և սիրում Դովլաթովին:

Վադիմ Դուբնովը խոստովանում է, որ դժվար էր հրաժարվել պարզ լրագրողական մոտեցումներից, այդուհանդերձ, ֆիլմի հեղինակային խումբը նախընտրել է վեր հանել այն հարցերը, որոնք անգամ գրողի մահից քառորդ դար անց պատասխան են փնտրում:

«Սա կենսագրական ֆիլմ չէ: Մենք փորձել ենք ներկայացնել Դովլաթովի ամբողջ կյանքը, ձգտել ենք վեր հանել նրա կյանքի խորքային գործընթացները և հասկանալ ոչ միայն նրա ստեղծագործական դավանանքը, այլև այն դարաշրջանը, որում ապրել ու ստեղծագործել է Դովլաթովը»,- փաստում է Ազա Բաբայանը:

Հենց այդ նպատակով նկարահանող խումբը հետևել է Դովլաթովի դեգերումների աշխարհագրությանը` Լենինգրադ, Չինյավորիկ, Տալլին, Պսկով և Նյու Յորք` ուղղակիորեն զուգահեռներ անցկացնելով այն գրականության հետ, որը ծնվել է Դովլաթովի կյանքի այս հինգ հայտնի «անկյուններում»:

Ֆիլմի նորամուտի առիթով մշակույթի նախարարությունը Երևան էր հրավիրել Սերգեյ Դովլաթովի այրուն՝ Ելենա Դովլաթովային և դստերը՝ Եկատերինային, որ ղեկավարում է Դովլաթովի հիմնադրամը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Դովլաթովաները հակված չէին բաց և անկեղծ շփումների, այդուհանդերձ «Կինոաշխարհի» հետ զրույցում անդրադարձան որոշ վիճահարույց հարցերի:

middle_1444725202_9304326

Լուսանկարը` Մեդիամաքս

- Հասկանալի պատճառներով կենդանության օրոք Դովլաթովը չտեսավ իր գործերի էկրանավորումները: Արդեն մահից հետո՝ 1992-ին, նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվեց երկու ֆիլմ, և վերջապես այս տարի մեծ էկրան բարձրացավ Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը» ֆիլմը: Ինչպե՞ս եք գնահատում դովլաթովյան էկրանավորումները:

Եկատերինա Դովլաթովա – Այն ֆիլմերը, որ նկարահանվեցին 90-ականներին, արվել են առանց մեր համաձայնության ու թույլտվության: Մի դեպքում ընդհանրապես մեզ չեն դիմել, մյուս դեպքում շատ բարդ ու խճճված իրավիճակ ստեղծեցին՝ ասելով, որ եթե գրավոր արգելք չի եղել, ուրեմն դեմ չենք եղել, որ այդ գործերը էկրանավորվեն: Եվ քանի որ անկեղծացա, ուրեմն հիմա էլ չեմ ստի և կասեմ, որ այդ ֆիլմերը բնավ չեմ հավանել: Ինչ վերաբերում է Գովորուխինի էկրանավորմանը, ապա ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց արդեն գիտեմ, որ բավականին հեռացել է բուն ստեղծագործությունից, հեղինակային բնօրինակից: Բայց մենք նախ և առաջ պետք է ընդունենք, որ հորս գործերը էկրանավորելը չափազանց բարդ է, և շատերը խորապես սխալվում են՝ մտածելով, որ նրա ստեղծագործությունները խրոնոլոգիական ինչ-որ մի շարքի մեջ դնելուց հետո արդեն սցենարը պատրաստ է: Սա մեծ թյուրիմացություն է: Դովլաթովի դեպքում պետք է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերվի, բայց ես, ցավոք, դեռ հաջողված բան չեմ տեսել:

- Իմ տպավորությամբ` Դուք խիստ հետևողական եք Ձեր հոր գրական ժառանգության հեղինակային իրավունքները պաշտպանելու հարցում և անգամ ֆիլմերն առաջին հերթին հենց այդ տեսանկյունից եք դիտարկում: Այդուհանդերձ, տարիներ առաջ մեծ աղմուկով Ռուսաստանում հրատարակվեց Դովլաթով-Եֆիմով նամակագրությունը, որի հետագա հրատարակությունները Ձեր ընտանիքն արգելեց դատական կարգով:

Եկատերինա Դովլաթովա – Գիտեք, այս հարցում ամեն ինչ շատ պարզ է, նախ և առաջ հայրս ինքը չէր ուզում, որ իր նամակագրությունը հրապարակվեր, ինչի մասին բաց տեքստով ասում է իր վերջին նամակներից մեկում: Կոնկրետ այդ դեպքի հետ կապված պետք է նշեմ, որ չնայած մենք դատական կարգով հաղթեցինք, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանում չափազանց դժվար է որևէ լուրջ արդյունքի հասնել հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում, ուստի մենք ոչ միայն ֆինանսական փոխհատուցում չստացանք, այլև չկարողացանք հետ հավաքել արդեն վաճառված տպաքանակը:

- Չե՞ք կարծում, որ այն մադիկ, որոնք շատ սիրում և գնահատում են Դովլաթովին, կուզենային կարդալ նրա նամակագրությունը:

Ելենա Դովլաթովա – Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև շատ սիրված գրողները, մասնավոր, անձնական կյանքի իրավունք ունեն, իսկ նամակագրությունը խիստ անձնական փոխհարաբերություն է: Ես նաև չեմ կարծում, որ այդ նամակները կարող էին այնպիսի ազդեցություն ունենալ ընթերցողների ընկալումների վրա, որ պետք է անպայման հրապարակվեին, այն էլ` նման ձևով:

- Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ պիտի զգար այն մարդը, որը տարիներ շարունակ ընթերցողին ներկայացել է սամիզդատով տպված գործերով, և հանկարծ նրան տպագրում են լավագույն հրատարակչություններն ու ամսագրերը: Ինչպիսի՞ն էր նրա արձագանքը:

Ելենա Դովլաթովա – Դուք գիտեք, որ ԽՍՀՄ-ում նրան չէին հրատարակում, և նա մի ամբողջ կյանք ապրեց իր գրքերը հրատարակված տեսնելու սպասումով: Եվ նրա ճանաչումն էլ խորհրդային շրջանում խիստ սահմանափակված էր ընկեր-բարեկամների, գրական մասնագետների նեղ շրջանակով ու նրանց զուտ մասնագիտական հետաքրքրությամբ: Բայց տարիներ շարունակ նա միայն մի ձգտում ուներ՝ հրատարակել իր գրքերը և հաճախ նաև այդ նպատակով փոխում էր բնակավայրն ու ամեն անգամ մի նոր հույսով սպասում բաղձալի հրատարակությանը: Եվ վերջապես իրականացավ այն, ինչին նա այդպես ձգտում էր ամբողջ կյանքի ընթացքում, և դա եղավ Միացյալ Նահանգներում: Ես կարող եմ միայն ասել, որ դա ամենակարևոր բանն էր նրա կյանքում:

- Հանրահայտ իրողություն է, որ Դովլաթովի վրա չափազանց մեծ ազդեցություն ուներ մայրը՝ Նորա Դովլաթովան: Նա կարո՞ղ էր ազդել որդու որոշումների վրա:

Ելենա Դովլաթովա – Նրանք շատ մտերիմ էին: Սերգեյը շատ էր վստահում մոր ճաշակին: Նրա մայրը շատ վառ, տպավորիչ մարդ էր՝ անհավանական նուրբ հումորով, հրաշալի պատմող էր: Իհարկե, նրանք շատ էին խոսում Հայաստանի մասին: Եվ նրա հայտնի ստեղծագործությունը՝ «Մի ժամանակ մենք ապրում էինք լեռներում», հենց դրա վկայությունն է: Սերգեյը երբեք չի եղել Հայաստանում, բայց այդ ստեղծագործությունը ծնվել է շնորհիվ մոր գունեղ ու կենդանի պատմությունների:

Եկատերինա Դովլաթովա – Ինձ մեծացրել է տատիկս, որ դասական հայուհի էր, ու թեև 10 տարեկանից ապրում եմ Ամերիկայում և առաջին հերթին ինձ նյույորքեր եմ զգում, մանուկ տարիքից նա ինձ անվերջ հիշեցնում էր՝ դու հայուհի ես: Այն ժամանակ, երբ դեռ ապրում էինք ԽՍՀՄ-ում, և ես առաջին դասարանում էի, անվերջ երազում էի մի պարզ, սովորական ռուսական ազգանվան մասին, ասենք` ուզում էի Սմիռնովա լինել, որովհետև իմ շրջապատում բոլորը դժվարանում էին արտասանել այդ բարդ Դովլաթով ազգանունը: Հետո արդեն Ամերիկայում տատիկս մշտապես ինձ ներշնչում էր, որ ես հայուհի եմ: Հենց նրա միջոցով եմ զգում իմ առնչությունը Հայաստանին:

Նունե Ալեքսանյան

 

Դիտվել է 87 անգամ