«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՖԻԼՄԸ» 50 ՏԱՐԵԿԱՆ Է . «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի հոբելյանի առիթով

1396771685_teni-zabytyh-predkov.1Այս օրերին Ուկրաինայում նշում են Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենի 50-ամյա հոբելյանը, ընդ որում` երկրի նախագահի մասնակցությամբ, ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրմամբ և տասնյակ ցուցադրություններով տարբեր քաղաքներում: Ուկրաինական, խորհրդային ու համաշխարհային կինեմատոգրաֆների եզակի, իսկ ըստ Էմիր Կուստուրիցայի` առհասարակ «աշխարհի ամենալավ ֆիլմի» մասին` 43 «դրվագներով»:

1

ԻՆՉ ԿԱՐԴԱՑ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ

«Հազիվ էի կարդացել Կոցյուբինսկու վիպակը, երբ ցանկացա բեմադրել: Ես սիրահարվեցի գեղեցկության, ներդաշնակության, անվերջության այդ բյուրեղյա մաքուր զգացողությանը: Այն սահմանային զգացողությանը, երբ բնությունը վերածվում է արվեստի, արվեստը` բնության»,- գրել է Փարաջանովը «Ստվերների» մասին իր «Հավիտենական շարժում» էսսեում:

 

unnamed18ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԳՈՐԾՈՆԸ

Կոցյուբինսկու վերջին երկերից մեկը` 1911-ին գրված «Մոռացված նախնիների ստվերները» (Тіні забутих предків) ֆիլմի վերածվեց 1963-1964 թթ. «Փարաջանովի հանճարեղ մանիպուլյացիաներով», ինչպես հետագայում արձանագրեց մամուլը: Եվ իրոք, Փարաջանովի մանիպուլյացիաները, նրա գործոնը ֆիլմի գրեթե ամեն-ամեն ինչն են: Սակայն Փարաջանովի գլխավոր` վերանձնային վաստակը «հանճարների թիմ» հավաքելն էր այս ֆիլմի համար:

 

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԱՆՃԱՐԵՂ ԹԻՄԸ

Դերասաններից բացի, երևելիներ են եղել նաև ֆիլմը ստեղծողները՝ ի դեմս նկարիչ Գեորգի Յակուտովիչի, որը աստվածացրել է Կարպատները, օպերատոր Յուրի Իլյենկոյի, որը ծանոթ է եղել լեռներին և քմահաճորեն ընտրել յուրաքանչյուր դրվագի նկարահանման վայրը: Փարաջանովն էլ բծախնդրորեն փնտրել ու շատ կոմպոզիտորների փորձելուց հետո ֆիլմի կոմպոզիտորին` Միրոսլավ Սկորիկին, գտել է Լվովում:

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ

Փարաջանովն ինքնուրույնություն է ցուցաբերել դերասանների ընտրության հարցում: Չնայած գլխավոր դերում ռուսաստանցի դերասան է հաստատված եղել, Փարաջանովիunnamed (2) վերջնական ընտրությունը կանգ է առել Իվան Միկոլայչուկի վրա: Փարաջանովը Միկոլայչուկին տեսել է բոլոր դերակատարների հաստատումից հետո, պատահականորեն: «Նույնիսկ խորհրդային ժամանակներում Փարաջանովն իրեն թույլ էր տալիս լավագույնը»,-այս առիթով նկատել են հետագայում: Ֆիլմի նկարահանման ժամանակ թատերականի ուսանող Միկոլայչուկը միանգամից մեծ հռչակ ձեռք բերեց: Ասում են` 1970-ականների սկզբին սերբական կինոփառատոնի ժամանակ ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը ասել է, թե նրա հետ պատրաստ է երկրորդ անգամ Լուսին գնալ:

Փարաջանովը շատ երկար է փնտրել նաև Մարիչկայի դերակատարուհուն, սակայն գտել է հենց իր «քթի տակ»` ի դեմս ֆիլմի օպերատոր Իլյենկոյի կնոջ` Լարիսա Կադոչնիկովայի, որը աշխատում էր Մոսկվայում և հանուն այս ֆիլմի ստիպված էր թողնել «Սովրեմեննիկ» թատրոնը: Հետագայում նա կասի, որ այս ֆիլմը փոխել է բոլոր այն մարդկանց ճակատագրերը, որոնք ներգրավված էին:

ՀՈՆՈՐԱՐՆԵՐԸ

Դերասանական կազմն իսկապես «աստղային» է եղել այսօրվա չափանիշներով: Մարիչկայի դերակատարուհի Լարիսա Կադոչնիկովան հիշել է, որ նկարահանումների մեկ օրվա համար ստացել է 35 ռուբլի՝ ոչ վատ հոնորար. Սմոկտունովսկու տրամաչափի դերասանը օրական մինչև 100 ռուբլի կարող էր ստանալ: Փոքր տարիքում Մարիչկայի դերակատար 7-ամյա Վալենտինա Շեդանիյան իր աշխատանքի համար 135 ռուբլի է ստացել:

 

ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՎԱՅՐԵՐԸunnamed17

Ֆիլմը նկարահանվել է մի քանի կարպատական գյուղերում (Վերխովինա, Սոկոլովկա, Բիստրեց, Ռիբնիցա, Կրիվորիվնա), որոնցից շատերում նույնիսկ էլեկտրականություն չի եղել. առանձին տեսարանների համար նկարահանող խումբը ստիպված է եղել տասնյակ անգամ գնալ ու գալ: Իվանի ու Մարիչկայի հրաժեշտի տեսարանը, օրինակ, նկարահանվել է մի քանի անգամ, չնայած նկարահանման վայրը շատ հեռու է եղել:

Ի դեպ, հենց այս վայրերում է Կոցյուբինսկին գրել իր գործը:

Եղել են նաև ստուդիական նկարահանումներ:

 

ԿԻՆՈԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

Նկարահանումների համար Փարաջանովը մեկ տարի ապրել է գուցուլական ընտանիքում՝ «յուրացնելով» գուցուլների բառուբանը, տեղի սովորույթները: Փարաջանովը կտրականապես հրաժարվել է տեղավորվել հյուրանոցում: Ֆիլմի նկարչի ու կոմպոզիտորի հետ հանգրվանել է Գլիֆա գեղատեսիլ լեռան մոտ` Պետրո և Եվդոկիա Սորյուկովների հին փայտե հյուղակում: Ամբողջ նկարահանման ընթացքում Սորյուկովների տունը յուրահատուկ «կինոլաբորատորիա» է ծառայել, որտեղ նկարահանող խումբը քննարկել է իր աշխատանքը:

unnamed (1)

ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

40-ամյա Փարաջանովը նկարահանումները դանդաղ է կատարել, խախտել բոլոր հնարավոր ժամկետները, ինչի համար 7 խիստ նկատողություն է ստացել ղեկավարությունից:  Նման անշտապ աշխատանքը ռեժիսորը բացատրել է նրանով, որ անհնար է սիրո պատմությունը «գրաֆիկով նկարահանել»:

4

 

ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

Նկարահանման գործընթացը լի էր նաև հակասություններով, որոնք անգամ աբսուրդի էին հասնում: Այդ հակասությունների ամենից հայտնի դրվագը թերևս Փարաջանովի ու գլխավոր օպերատոր Յուրի Իլյենկոյի մենամարտն է գուցուլական ատրճանակներով: Ասում են` օպերատորն է ռեժիսորին մենամարտի կանչել: Սակայն «հասցրել է» կարծես թե Փարաջանովը. նա Իլյենկոյին մեղադրել է իրեն չենթարկվելու, նկարահանող խմբին իր դեմ տրամադրելու, իրեն սպանելու փորձի համար: Ռեժիսորն անգամ հեռագիր է տվել Դովժենկոյի անվան կինոստուդիա` պահանջելով հեռացնել «տականք օպերատոր-ենիչերիին»:

Դրանից հետո նեղացած գլխավոր օպերատորը Փարաջանովին մենամարտի է կանչել: Ասում են` այն չի կայացել միայն այն պատճառով, որ նախօրեի հեղեղը քշած-տարած է եղել Չերեմոշ գետի կամուրջը, որով պետք է անցնեին մենամարտի վայր հասնելու համար:

ԳՆԱԼ-ԳԱԼՈՎԻ

unnamed

Մենամարտի սկանդալից հետո Իլյենկոյին հեռացրել են նկարահանումներից: Նկարահանումները շարունակել հրաժարվել է նաև նրա կինը` Մարիչկայի դերակատարուհի Լարիսա Կադոչնիկովան: Նրա փոխարեն նոր դերասանուհի են գտել, սակայն գլխավոր օպերատորն ու գլխավոր դերակատարուհին, ի վերջո, հետ են եկել:

ԱՅԼ  ԽՆԴԻՐՆԵՐ

Խնդիրներ էին առաջանում նաև ֆիլմում ներգրավված գուցուլների հետ. նրանք պարզապես հրաժարվում էին կատարել այս կամ այն գործողությունը, եթե դրա հետ կապված ամենաչնչին դետալը կամ հանգամանքը չէր համապատասխանում ավանդականին: Նմանապես, Փարաջանովի հուշերի համաձայն, հետագայում՝ Կիևում ֆիլմի հնչյունավորման ժամանակ, գուցուլները հրաժարվում էին երգել կամ նվագել առանց ազգային զգեստների և առանց իրենց նվագարանները զարդարող բնական ծաղիկների:

 

5ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԱՆՏԱԶԻԱՆ

Մյուս կողմից, իր ողջ բծախնդրությամբ հանդերձ, Փարաջանովը գուցուլական իրականությունը երբեմն փոխարինում էր սեփական ֆանտազիաներով, որոնք իրեն ավելի արտահայտիչ էին թվում: Այսպես, Փարաջանովը պարզապես հորինել է պսակադրության արարողության ժամանակ նորապսակների վզներին լուծ դնելու ծեսը: Դա գուցուլների ավանդույթների հետ ոչ մի կապ չունի, սակայն ամուսնական կյանքի ծանրության ուժեղ փոխաբերություն է համարվում:

 

ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐԸ

Կոստյումներ գտնելու համար Փարաջանովը շրջել է տասնյակ գյուղերով, գտել եզակի շքեղ կոստյումներ, եզակի արդուզարդ:

 

ԼԱԼԿԱՆ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԿԱԽԱՐԴՆԵՐԸ

Նկարահանումներում մեծապես ներգրավված են եղել հենց գուցուլներ թե′ որպես խորհրդատուներ, թե′ զանգվածային տեսարանների մասնակիցներ: Ասում են՝ գլխավոր դերակատարներից բացի, բոլորը գուցուլներ են եղել: Նրանք նաև ողբում էին թաղման տեսարաններում, շռայլորեն Փարաջանովին ներկայացնում իրենց կյանքը, ավանդույթները, պատմությունները: Իսկական լալկան կանանցից բացի, ներգրավված էին նաև իսկական մոլֆարներ՝ կախարդներ:

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆՎԵՐՆԵՐԸ

6

Ասում են` նկարահանումների ավարտից հետո Փարաջանովը կանանց համար ծաղկավոր գլխաշորեր է բերել գյուղ: Կադոչնիկովան ասում է, որ գուցուլները պաշտել են Փարաջանովին: Տունը, որտեղ ապրել է նա, միշտ մարդկանցով լիքն է եղել: Փարաջանովը նկարահանումներից հետո Կադոչնիկովային է նվիրել շքեղ զարդ՝ մի քանի շարքով խաչերի շարան, որը գնել էր գուցուլներից: Ֆիլմում այդ զարդը կրել է նաև Պալագնային մարմնավորող Տատյանա Բեստեևան:

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ԱՄԲՈԽԸ

Ֆիլմի հնչյունավորումը կատարել են իսկական գուցուլները, որոնց այդ նպատակով տարել են Կիև, ուր ապրել են Փարաջանովի տանը: Հետագայում քննադատներից մեկն ասել է, որ ֆիլմի հնչյունաշարը հենց ժողովրդի ձայնն է: «Ես միշտ էլ սիրել եմ ժողովրդին, ամբոխին՝ երբեք», – ասել է Փարաջանովը:

 

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԱՆՃԱՐԵՂ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

«…Միշտ էլ համարել են «հատուկ կինոփիլիսոփայությամբ» ֆիլմ, որը ծնունդ է առել Փարաջանովի հանճարեղ մանիպուլյացիաներից` կինոյի արտահայտչամիջոցներով», – նկատել են մամուլում: Չնայած գրական հենքով ֆիլմ լինելու փաստին` կինոքննադատների համար «Ստվերները» երբեք էլ զուտ  գրական գործի էկրանավորում չի եղել: Ֆիլմն անվանում են էքսպերիմենտալ ավանգարդ կինոյի վառ նմուշ, պատկերի, խոսքի ու երաժշտության մի «գեղադիտակ»: Ասում են նաև, որ սա նաև վավերագրական ֆիլմ է` առաջին հերթին հենց գուցուլների համար, որոնց կյանքը, կենցաղը, ավանդույթները հենց այս ֆիլմի նյութն են:

Այսօր, թվում է, ֆիլմը ավելի շատ կարող է հետաքրքրել «ուկրաինական էթնոյով» հափշտակվածներին:

 

ԻՆՉ ՏԵՍԱՎ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ

«Փարաջանովը տեսավ այն, ինչ մենք չենք տեսնում, քանի որ մեզ սովորական ու հասկանալի է թվում, իսկ նրան` անսպասելի ու հետաքրքիր», – մեր օրերում այսպես է փորձել բացատրել ոչ ուկրաինացու կողմից ուկրաինական գլուխգործոց ստեղծելու առեղծվածը ֆիլմի կոմպոզիտոր Սկորիկը:

Հետաքրքրական է, որ «Չմոռացված նախնիների ստվերները» նոր ուկրաինական թրիլլերում նույն ֆենոմենն անուղղակի բացատրվում է կովկասցիների, կարպատցիների և այլ լեռնային ժողովուրդների ընդհանրություններով:

  «ՍՏՎԵՐՆԵՐԸ»՝ ԸՍՏ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նախևառաջ ուկրաինացիների ինքնաիդենտիֆիկացիայի պահն է: Սերգեյ Փարաջանովն ասում էր, որ հանճարեղ (гениальный) ֆիլմ է ստեղծել՝ «գեներ» (гены) բառից»,- ըստ Կրիվորիվնյա գյուղի քահանա հայր Իվան Ռիբառուկի, որտեղ նկարահանվել է ֆիլմը:

Իրականում սա իսկապես տարբերվում էր Փարաջանովի վաղ շրջանի գործերից, որոնցից ինքը` ռեժիսորը, հետագայում ամաչում էր:

 

ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ԵՎ ԳՈՒՑՈՒԼՆԵՐԸ

Գուցուլների մշակույթի սիրահար Փարաջանովն առանձնապես սիրել է գուցուլական երգերը, հանդերձանքը: Իր ֆիլմի գեղջուկ-դերասաններին խնդրում էր նկարահանման գալ հագած-կապած՝ իրենց տարազներով: Կանանց անվանում էր «գուցուլոչկա-պիսանոչկա» (писанка – ներկված ձու):

unnamed16

 

ԴՈՒԲԼԵՐԸ

Նկարահանման հրապարակում  Փարաջանովը շատ դեպքերում հախուռն է գործել, ըստ իր ներշնչման լուծումներ գտնելով, սակայն այդ դեպքում էլ իդեալական կատարողականության է ձգտել: Դուբլերի թիվը կարող էր հասնել 70-ի:

unnamed7

 

ՄՈՆՏԱԺԸ

Մեկ տարուց ավելի տևած նկարահանումներից հետո կես տարուց ավելի էլ մոնտաժի վրա է ծախսվել, ինչպես նաև՝ հնչյունավորման ու գրաքննության դեմ պայքարի. կինոչինովնիկները Փարաջանովին ու Իլյենկոյին չներեցին ոտնձգությունը սոցռեալիզմի կանոնների դեմ:

 

ԴԻՏԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ԽՍՀՄ-ում, Ուկրաինայից բացի, ժապավենը պարզապես անցել է լայն հանդիսասրահի կողքով. «Ստվերների» 6,5 մլն հանդիսատես ցուցանիշը համեստ է համարվում:unnamed8 Համեմատության համար՝ Փարաջանովի 1959-ի «Առաջին տղան» 21 մլն հանդիսատես է ունեցել:

 

ՖԻԼՄԻ VIP ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ

Ֆիլմի հայտնի երկրպագուների թվում են Ակիրա Կուրոսավան, Միքելանջելո Անտոնիոնին, Ֆեդերիկո Ֆելինին, Մարտին Սկորսեզեն, Բելա Տարը, Էմիր Կուստուրիցան, այլք: Իսկ Անջեյ Վայդան, ասում են, այս գլուխգործոցի համար ծնկի է եկել Փարաջանովի առաջ ու համբուրել նրա ձեռքը:

 

ՌԵԺԻՍՈՐ – ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Փարաջանովը ձգտում էր ինքնաբավ ստատիկ ֆրոնտալ կադրերի, որոնք դառնալու էին իր հետագա աշխատանքների հենքը: Իսկ Իլյենկոն դինամիկ օպերատորական ոճի ազդեցությամբ տարված էր շարժումով, ձեռքից արված նկարահանումով, տևական համայնապատկերներով, գլխապտույտ ռակուրսներով (սկզբնապես Փարաջանովը մտադիր էր այդ ամենը դուրս թողնել մոնտաժի ժամանակ): Իլյենկոյի մոտեցումը գերիշխում է ֆիլմի առաջին կեսում, սակայն հընթացս կինոխցիկի դինամիկան ու էքսպրեսիան թուլանում են, սկսում է գերիշխել ստատիկան: Երկու գեղարվեստական աշխարհայացքների կոնֆլիկտը, ինչքան էլ զարմանալի լինի, օրգանական արդյունք է տվել, հակադիր մոտեցումները ներդաշնակորեն միահյուսվել են: Առաջին կադրերից էլ «Ստվերները» ցնցում է իր վիզուալ լուծումներով, որ ոչ տիպական էին այն ժամանակի խորհրդային և եզակի առհասարակ համաշխարհային կինոյի համար:

unnamed9

 

ԳՈՒՅՆԵՐԸ

Ֆիլմի գերիշխող գույնը կարմիրն է: Մի կողմից` դա գուցուլական մշակույթի ամենակարևոր գույներից է, մյուս կողմից՝ կարմիրը տարողունակ ու բազմակողմանի սիմվոլիկա ունի: Ֆիլմում կարմիրը միաժամանակ և′ կյանքի, և′ մահվան գույնն է: Ի դեպ, ռեժիսորը ոչ միշտ է բավարարվել բնական պատկերներով ու գույներով: Մահից հետո Իվանի ու Մարիչկայի հանդիպման տեսարանում ծառերի ճյուղերը հատուկ ներկվել են: Մեկ այլ տեսարանի համար ժայռերը լեղակով են պատվել: Ռեժիսորի խոսքով` գույնն իր համար դրամատուրգիայի և հերոսների բնութագրման լրացուցիչ գործիք է, որն ունակ է բացելու «մտածողության այլ սիստեմ, ընկալման ու կյանքի արտացոլման այլ եղանակներ»:
10

ԼԵԶՈՒՆ

Փարաջանովը հրաժարվել է ռուսերենի օգտագործումից, բոլոր խոսքերը գրվել են գուցուլական խոսվածքով, այդ թվում՝ ոչ տեղացի դերասանների համար:

Սա միակ ժապավենն էր, որը հիմնականում ուկրաիներենով էլ ցուցադրվում էր, նույնիսկ` Ղրղզստանում, առանց թարգմանության:

 

ՊՐԵՄԻԵՐԱ  ՊՐԵՄԻԵՐԱՅԻՑ ԱՌԱՋ

Կիևի պրեմիերայից առաջ՝ 1965-ի օգոստոսի 24-ին, ֆիլմն առաջին ցուցադրություն է ունեցել նկարահանման վայրերից Վերխովինա գյուղում: Պրեմիերային եկել են նաև Փարաջանովն ու գլխավոր դերակատար Միկոլայչուկը:

 

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Իսկ Ուկրաինայում ֆիլմի պրեմիերան, դրա շուրջ հետագա զարգացումները  հետևյալ պատկերն ունեցան: 50 տարի առաջ` սեպտեմբերի 4-ին, Կիևի «Ուկրաինա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Պրեմիերան անսպասելի վերածվեց սկանդալի, բողոքի յուրահատուկ ակցիայի: Գրող Իվան Ձյուբան, պոետ Վասիլի Ստուսը, այլք հանդես եկան ելույթով ի պաշտպանություն ավելի վաղ ազատազրկված ուկրաինացի գործիչների: Հետագայում սա կանվանեն «լեգենդար բողոքի ակցիա», սակայն այդ ժամանակ դա անուղղակիորեն ուկրաինացի մտավորականների դեմ հետապնդումների նոր ալիք հրահրեց` սկիզբ դնելով գրաքննության ու ձերբակալությունների 20-ամյա շրջանի:

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԷՐ ՏԱՊԱԼՄԱՆ

«Ստվերները», թվում էր, դատապարտված է, և դրա համար կար մի քանի գործոն: Ֆիլմի արտադրությամբ զբաղվում էր Դովժենկոյի անվան կինոստուդիան, որն այն տարիներին միջակության ու գավառականության մարմնավորում էր: Ֆիլմն այսպես կոչված «տարեթվային» աշխատանքների շարքից էր, այսինքն՝ նկարահանվում էր որոշակի հոբելյանի առիթով, տվյալ դեպքում՝ ուկրաինական գրականության դասական Միխայիլ Կոցյուբինսկու: Իսկ նման աշխատանքների շարքում գլուխգործոցները հազվադեպ են:  Դրանից բացի, ստուդիան ցանկանում էր Կոցյուբինսկու վիպակը էկրանավորել  հնամենի սոցռեալիստական ոգով: Այս ամենը ոչ մի լավ բան չէր խոստանում աշխատանքին:

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՖԻԼՄԻ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ

Գլխավոր օպերատոր Իլյենկոն իր հուշերում հայտնել է, որ ֆիլմի փառքի ուղին սկսվել է «Պրավդայում» Մարիետա Շահինյանի հոդվածից: Հայտնի գրողը գրել է, որ «համեստ ուկրաինացի կինեմատոգրաֆիստները չեն էլ կասկածում, որ իրենց «Հրեղեն ձիեր» ֆիլմի համար մարդիկ ամբողջ գիշեր հերթ են կանգնում»:

unnamed11

ՎԵՐՆԱԳԻՐԸunnamed11-1

Ֆրանսիայում ֆիլմը ներկայացվել է ավելի շահեկան «Հրեղեն ձիեր» վերնագրով, քանի որ բնագրային վերնագրի թարգմանությունը աբսուրդային է թվացել: Այդ վերնագիրն էլ իր հերթին վերցված էր հերոսի մահվան տեսիլքի վառ պատկերումից, երբ արյան շիթերը վեր են ածվում հրեղեն ձիերի ուրվապատկերների:

 

 

 

unnamed12ԻՆՉՊԵՍ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ՉԳՆԱՑ ԱՐԳԵՆՏԻՆԱ

Հենց աստղային դերասաններն էլ շատ երկրներում ներկայացրել են ֆիլմը: Առաջին հաղթարշավը եղել Արգենտինայում: Սակայն իշխանությունները թույլ չեն տվել Փարաջանովին, օպերատոր Իլյենկոյին մեկնել այնտեղ: Ասում են` դա տեղի է ունեցել հետևյալ միջադեպից հետո: Դովժենկոյի անվան ստուդիայի միջանցքներից մեկում Փարաջանովն ինչ-որ մեկին ասել է, որ Արգենտինա իր տոմսը լինի մեկ ուղղությամբ: Սրա մասին արագ հայտնել են ղեկավարությանը, և անմիջապես դադարեցվել է Փարաջանովի փաստաթղթերի ձևակերպումը:

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Չնայած այս և այլ խնդիրներին, ֆիլմի արտասահմանյան հաղթարշավն աննախադեպ էր: Համաշխարհային կինոյի՝ իր տեսակի մեջ եզակի ֆիլմերից մեկը, Ուկրաինայի խորհրդանիշ, ուկրաինական ամենահայտնի, խորհրդային կինոյի ամենաուժեղ գործերից մեկը փառատոնային աննախադեպ հաջողություն ունեցավ: Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ (Մար դել-Պլատոյի միջազգային կինոփառատոն, 1965), «Փառատոների փառատոնի» գավաթ (Հռոմ, 1965), Բրիտանական կինոակադեմիայի` Լավագույն արտասահմանյան ֆիլմի մրցանակ (1965). ընդհանուր առմամբ 3 տասնյակ միջազգային մրցանակ, այդ թվում` 24 գրան պրի:

Այս ֆիլմի առիթով Փարաջանովին ողջունեցին ամենահնչեղ անուններով կինոգործիչները, ֆիլմը համաշխարհային ճանաչում բերեց Փարաջանովին և իր թիմին:

 

ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆիլմը չարգելվեց, բայց վարձույթը սահմանափակվեց, իսկ խորհրդային իշխանությունների վերաբերմունքն ընդմիշտ մնաց զգուշավոր: Ֆիլմի միջազգային հաջողության հետ ԽՍՀՄ-ում հաշվի նստում էին, սակայն ժողովրդին փորձում էին զերծ պահել իրենց համար ատելի «ուկրաինական պոետիկ կինոյից», որի գլխավոր նմուշներից է համարվում «Ստվերները»:

 

 

ՔԱՌՅԱԿՈՒՄ, 20-ՅԱԿՈՒՄ

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների` «Մոռացված նախնիների ստվերները» աշխարհի 20 լավագույն ֆիլմերի շարքում է: Համարվում է Փարաջանովի 4 գլխավոր աշխատանքներից առաջին կարևոր աշխատանքը կինոյում:

 

ԱՄԵՆԱԼԱՎԸ

Մեր օրերում ֆիլմը պակաս արժևորված չէ. Կուստուրիցան «Ստվերներն» անվանել է իր տեսած ամենալավ ֆիլմն աշխարհում, որ մինչ օրս ստեղծվել է: Ի դեպ, Կուստուրիցայիunnamed13 «Անդերգրաունդի» վերջում աղերս կա «Ստվերների» եզրափակիչ տեսարանին՝ մահվանը ջրհորում:

 

ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ

Ուկրաինայում ֆիլմի «հանճարների» թիմն ու նրանց աշխատանքը պարգևներով պետք է արժևորվեին տասնամյակներ անց. օպերատոր Յուրի Իլյենկոն, նկարիչ Սերգեյ Յակուտովիչը, կոմպոզիտոր Միրոսլավ Սկորիկը, դերասաններ Իվան Միկոլայչուկը և Լարիսա Կադոչնիկովան 1991-ին պարգևատրվեցին դեռևս խորհրդային Ուկրաինայի Շևչենկոյի անվան պետական պարգևներով: Փարաջանովը` հետմահու:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Փարաջանովից բացի, հայկական ներկայությունն այս ֆիլմում թերևս միայն ոմն հայ վաճառականի մասին հպանցիկ հիշատակումն է, մեկ էլ Ենգիբարովը՝ Միկոյի  դերում:

 

unnamed14ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ

«Ստվերների» հոբելյանական կողմը. այս տարի Ենգիբարովի հոբելյանն էլ է: Փարաջանովն էլ չկա` արդեն 25 տարի: Եվ, ինչպես վերը նշվեց, «Ստվերները» Փարաջանովը ստեղծել է հոբելյանի բերումով. ֆիլմը նկարահանվել է ուկրաինական գրականության դասական Միխայլո Կոցյուբինսկու համանուն գործի մոտիվներով՝ հեղինակի 100-ամյակի առիթով:

Արվեստի գործերի հոբելյաններն անդրադառնալու, դրանց մասին գրելու լավ առիթ են: Ընդհանրապես կինոժառանգության մի հին, կարևոր, «ստվերում» ու «մոռացված» շերտ կա, որի նմուշների մասին, թվում է, ժամանակին արդեն ու ամեն ինչ ասել են: Բայց մեր օրերում կարիք է զգացվում դրանց մասին նորից գրել, խոսել, հանրահռչակել: Հոբելյաններն այդ իմաստով լավ առիթ են:

 

ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ

Անցած տարի էլ Ուկրաինայի թոհուբոհում զոհված Սերգեյ Նիգոյանի մասին խոսելիս «Օկեան Էլզիի» ֆրոնթմեն Սվյատոսլավ Վակարչուկն ասել է, թե «հայ Սերգեյ Փարաջանովը նկարահանել է ֆիլմ, որը դարձել է ուկրաինացի ժողովրդի խորհրդանիշը, հայ Նիգոյանն էլ տվել է կյանքը, ինչը դարձել է Ուկրաինայի խորհրդանիշը»:

 

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՌՈՄԵՈՅԻ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ընդունված է ասել, թե երկու թշնամական ընտանիքներից Իվանի ու Մարիչկայի սիրո պատմությունը Ռոմեո և Ջուլիետի ուկրաինական, ավելի ճիշտ` գուցուլական տարբերակն է: Սակայն վերանայելիս տեսնում ես, որ իրականում մոտիվը, եթե գեղարվեստական կողմին անդրադառնամ, շատ ավելի խոր ու հին է, մասնավորապես` խելագարության ու միայնության տեսարաններով (ի դեպ, դրանք նկարահանված են արդեն սև-սպիտակ):

 

ՆՈՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ
Ֆիլմի հոբելյանական ցուցադրության առիթով էլ Ուկրաինայի նախագահը շեշտադրել է ֆիլմի կարևորությունը ուկրաինական մտավորականության բողոքում և դրա դերը հանուն անկախության Ուկրաինայի պայքարում:

unnamed15

Դավիթ Պ. Վարդազարյան

 

Դիտվել է 358 անգամ