Նոր ֆիլմ Ցեղասպանության մասին` «100»

RAB_07481 (6)«Մարգար պապը» և «Եվ կրկեսը ժամանեց» կինոնկարների հեղինակ, երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանը նոր ֆիլմ է նկարահանել, որն այժմ հետարտադրական փուլում է: Արդեն այս տարվա սեպտեմբերին կկայանա պայմանական «100» վերնագրով ֆիլմի պրեմիերան, և այն վարձույթ կմտնի։ Ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, սակայն ողբերգությունը պատկերում է այլաբանորեն և երեխաների աչքերով։ Ըստ ռեժիսորի` ֆիլմում ընդգծված սիմվոլիկա կա։ «Կինոաշխարհը» հանդիպեց ռեժիսորի հետ և զրուցեց «մոգական ռեալիզմի» տարրերով հարուստ ֆիլմի մտահղացման ու ստեղծման, ստեղծագործական և արտադրական դժվարությունների, նաև այս արդիական թեմայի արծարծման հետ կապված բարդությունների մասին։
- Ինչպե՞ս հղացաք ֆիլմի գաղափարը։
- Մտահղացումն իրականում իմը չէ, այլ` Avagyan Production ընկերության ղեկավար և գլխավոր պրոդյուսեր Հայկ Ավագյանինը։ Իսկ աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, պաշտպանության, կրթության ու գիտության նախարարությունները։ Այսինքն՝ ֆիլմը ստեղծվում է պետական հովանավորությամբ։ Ես առաջարկ ստացա Հայկ Ավագյանից դառնալ ֆիլմի բեմադրիչը։ Ի դեպ նշեմ, որ այս պրոդյուսերական ընկերությունը նկարահանում է արդեն իր երրորդ ֆիլմը։ Ընկերության նկարահանած ֆիլմերը մանկական են: Սցենարի մտահղացման հեղինակը Կառլեն Աբրահամյանն է, իսկ բուն սցենարը գրել է հայրս՝ Սամվել Թադևոսյանը։ Գրել է բավականին արագ, չնայած կարելի էր ավելի երկար ժամանակ ծախսել այս գործընթացի վրա։ Սցենարի մշակման աշխատանքներում մասնակցել է դերասան Ռուբեն Կարապետյանը: Նյութը շատ մարսված էր, սակայն նաև պատմաբանների, թուրքագետների, բազմաթիվ մասնագետների ու փորձագետների հետ է խորհրդակցել։ Ես էլ արդեն այդ բոլոր աշխատանքներից հետո համաձայնեցի լինել ֆիլմի բեմադրող ռեժիսորը։
- Կինոնկարն ինչի՞ մասին է։ Ովքեր՞ են ֆիլմի հերոսները, ինչի՞ շուրջ է ծավալվում դրաման։
- Ֆիլմը մասամբ հիմնված է իրական փաստերի, այսինքն՝ պատմական նյութի վրա։ Մենք նկարագրում ենք 1909 թ. Ադանայի ու Քեսաբի ողբերգական դեպքերը։ Մի գյուղի պատմություն՝ իր կենցաղով, ապրելակերպով, նիստուկացով, վարքուբարքով։ Եվ այդ լոկալ տարածության շնորհիվ ստանում ենք գլոբալ իրականության պատկեր ու կերպար։ Այնուհետև, ըստ ֆաբուլայի զարգացման, ցուցադրում ենք, որ թուրքերը ներխուժում են գյուղ, սկսում կոտորել խաղաղ բնակչությանը։ Սակայն այս ամենն անում ենք ոչ ուղղակիորեն։ Քանի որ մեր ունեցած բոլոր ֆիլմերն այս թեմայով շատ ծանր ու դաժան կոտորածի տեսարաններ են պարունակում, արյունալի սպանդ ու ոճիր։ Ես` որպես բեմադրիչ, որոշեցի գնալ մեկ այլ՝ այլաբանական ճանապարհով, ավելի ասոցիատիվ, մետաֆորիկ։ Ըստ իմ տեսլականի` այստեղ պետք է լինեն սիմվոլիկա, գործող դետալներ: Մեր հերոսը` փոքրիկ Վարդանը, որ իր հոտն է արածացնում, հենց այդ սարսափելի պահին էլ հետ է վերադառնում գյուղ։ Եվ նրա աչքի առջև ամեն բան փոխվում է։ Գյուղ են մտնում թալանչիները, գողանում ամեն ինչ։ Տեսնելով դա` տղան կարողանում է փախչել։ Սա խոսում է հայի խելքի, ճարպկության մասին։ Փաստորեն, նա կարողանում է փախուստ տալ մահվան ճիրաններից։kkk0

- Լավ, ի՞նչ հանգուցալուծում է ստանում պատումը։ Որտե՞ղ է կատարսիսի այն փրկագործող լույսը, որ պետք է մաքրագործի հանդիսատեսին։
- Այո, անցնում են տարիներ. 1915 թ., Մուշ, երբ երեխային զինվորական վարժարան են բերում։ Թուրքերը գիտեն, որ տղան հայ է, որոշում են նրանից էլ զինվոր պատրաստել, որը պետք է կռվի պատերազմում ու նաև հայերին կոտորի։ Եվ Վարդանը, որպեսզի չզոհվի ու պահպանի իր հայ տեսակը, համր է ձևանում։ Ֆիլմի ուղերձն էլ հենց այդ հայապահպանության հարցն է, որ հայն իր պատմության բոլոր շրջափուլերում կարողացել է պահպանել իր տեսակը։ Շատ չբացեմ փակագծերը, որպեսզի հանդիսատեսին հետո հետաքրքիր լինի դիտել ֆիլմը։ Միայն ասեմ, որ ավարտական տեսարանում մեր հերոսը վազում է կարմիր կակաչների դաշտում, այնուհետև հայտնվում է մեկ այլ՝ սպիտակ դաշտում, որտեղ աճում են հրաշալի դաշտային ծաղիկներ՝ երիցուկներ։ Այս ամենը լցված է լույսով ու մաքրությամբ, հույսով ու հավատով։ Եվ քանի որ գլոբալ իմաստով ֆիլմն էլ նվիրված է Ցեղասպանության հետևանքով զոհված երեխաներին, ապա մեր Վարդանի վազքը` փախուստը, խորհրդանշում է այդ դեգերող հոգիների ազատագրումը, նրանց խաղաղություն և հանգստություն ստանալը։ Ի վերջո, նրանք հարություն են առնում և ուղղվում դեպի տիեզերքը, դեպի Բարձրյալը…

- Ի՞նչ չափանիշներով ընտրեցիք դերասաններին։ Առհասարակ, որպես ռեժիսոր, ի՞նչ մեթոդով եք աշխատում նրանց հետ։
- Բացի երեխաներից, ֆիլմում զբաղված են նաև մեծահասակներ՝ թատրոնի դերասաններ, այսինքն՝ պրոֆեսիոնալներ։ Երեխաների դեպքում էլ թերևս առաջին հերթին ինձ համար արտաքին տվյալներն էին կարևոր, որպեսզի երեխաները տիպիկ հայկական դիմագծեր չունենան, որպեսզի դիտողը միանգամից չկռահի, որ իր առջև հայեր են։ Առհասարակ ես չեմ սիրում, երբ դերասանը խաղում է։ Նա կարող է կադրում ոչինչ չանել, բայց այնքան հավաստի լինել, որ բոլորը հավատան։ Եվ հակառակը` կարող է անընդմեջ շատախոսել, պաթետիկ տողեր արտասանել, սակայն լինել կեղծ ու շինծու։ Ինձ համար` որպես ռեժիսորի, առաջին և ամենից կարևոր պայմանը դերասանի հոգեբանական խնդիրն է, որպեսզի նա կարողանա մտնել տվյալ իրավիճակի մեջ իր ամբողջ ներաշխարհով։ Կարողանա արտահայտել տրամադրությունը, զգացմունք փոխանցել, ստեղծել տրամադրություն։ Կինոն սուտ չի սիրում։ Հենց մթնոլորտն է, որ տեղափոխում է մեզ այդ միջավայր, այդ դարաշրջան։
- Պատմական ֆիլմ եք նախաձեռնել։ Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել նկարչական ձևավորման, ռեկվիզիտի և հագուստի մոդելավորման հետ կապված բարդությունները։
- Գիտեք, շատ երկար ենք պատրաստվել մինչև բուն նկարահումը։ 14 օր ենք նկարել, բայց այս տարվա սկզբից այս բոլոր գործընթացների մեջ ենք։ Նախապատրաստական աշխատանքներն իսկապես որ շատ երկար տևեցին։ Նախ խորհրդակցում էինք մասնագետների՝ թուրքագետ Արտակ Շաքարյանի և պատմաբանների հետ։ Այդպես կարողացանք վերստեղծել այդ տարիների հագուստը, կենցաղի պարագաները, տարբեր դետալներ, բազմապիսի աքսեսուարներ` ճշգրտորեն համապատասխանեցնելով այդ ամենը տվյալ ժամանակի հետ։ Մանրակրկիտ վերստեղծել ենք նաև տարածությունը, նկատի ունեմ դեկորատիվ ձևավորումը, զանազան էլեմենտները։ Դժվար, սակայն հաղթահարելի պրոցես էր։ Ընդհուպ մինչև խոսքը, վարվելաձևը, բարքերը, ամբողջ ապրելակերպը։ Նշեմ նաև, որ մենք մեզ համար զրոյից մի ամբողջ տաղավար ենք կառուցել, որտեղ էլ հենց կատարել ենք նկարահանումները։ Ամեն բանի վրա իմ կողմից դետալային վերահսկողություն է եղել, ամեն ինչին հետևել եմ։

- Դուք ինչ-որ հատուկ նախապատվություն ունե՞ք մանկական ֆիլմերի հանդեպ։ Նույնիսկ այստեղ, ինչպես և Ձեր նախորդ ֆիլմերում, հերոսները երեխաներ են։
- Իրականում պատահական է ստացվել, այնպես չէ, որ ես հատուկ եմ այդպիսի նյութ ու թեմա ընտրում։ Բայց երեխաներին շատ եմ սիրում, նրանցից շատ բան ունենք սովորելու։ Նրանք շատ բաց են, ազատ, անկեղծ, անմիջական, պարզ ու մաքուր հայացք ունեն դեպի իրականությունը, կյանքը։ Նրանք բարի են, ապրում են սեփական երևակայական աշխարհում, իրենց հորինած հեքիաթում։ Նրանք ամեն ինչին ավելի ստեղծագործաբար են մոտենում։ Բայց աշխատել նրանց հետ շատ դժվար է, բարդ ճանապարհ է։ Հուսամ, որ մանուկներին ուղղված իմ այս նոր ֆիլմը կրկին դահլիճներ կբերի երեխաներին ու նաև՝ նրանց ծնողներին, հարազատներին։ Շատ կուզեմ, որ այս ֆիլմը շատ մարդ դիտի։
- Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս, ի՞նչ լեզվով, ի՞նչ նոր լուծումներով պետք է ստեղծագործողների նոր սերունդն անդրադառնա Ցեղասպանության թեմային։
- Կարծում եմ` այս թեման հատկապես ակտուալ է այսօր, մերօրյա իրականության պայմաններում։ Բոլոր արվեստներն էլ կարևոր են այս դեպքում, սակայն պատկերային արվեստները և մասնավորապես կինոն շատ ավելի հզոր են ազդեցություն գործելու, գաղափար հաղորդելու, երկխոսության դաշտ ստեղծելու առումով։
Զրուցեց Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆԸ

 

Դիտվել է 676 անգամ