Մահացել է Օմար Շարիֆը

_84203478_gettyimages-188018099Այսօր 83 տարեկան հասակում Եգիպտոսում` Կահիրեում, ինչպես հաղորդում է BBC-ին, մահկանացուն կնքեց նշանավոր դերասան Օմար Շարիֆը: Վերջին տարիներին նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:
«Նա սրտի նոպա ունեցավ կեսօրին Կահիրեի հիվանդանոցում»,- հայտնել է դերասանի գործակալ Սթիվ Քենիսը:
Շարիֆը «Ոսկե գլոբուսի» կրկնակի մրցանակակիր է «Լավագույն տղամարդու դրամատիկ դեր» անվանակագում, տասնյակ ֆիլմերի աստղ, ինչպես նաև «Օսկարի» հավակնորդ:
Հայ հանդիսատեսի համար նա նշանավոր է հատկապես Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր հերոսի հոր` Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստան գտած հայ մարդու գերազանց դերակատարմամբ։

mayrig1

Դերասանի ախտորոշման մասին այս տարի մայիսին հայտնել է նրա որդին` Թարեկ ալ Շարիֆը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցի ժամանակ: Հենց այդ հիվանդությունն էր պատճառը, որ Շարիֆը հրաժարվում էր դերերից: Ըստ էության, նա իր դերասանական կարիերան ավարտել է 2012 թ.: Թարեկ ալ Շարիֆն ասել է, որ հայրն արդեն միշտ չէ, որ հիշում է այն ֆիլմերի անունները, որոնցում խաղացել է: «Նա դեռ հիշում է, թե ով է, սակայն բոլորովին չի հիշում, թե ինչու են իրեն բարևում անծանոթ մարդիկ »։ Ուշագրավ է, որ «Ես մոռացա ձեզ ասել» կինոնկարում (2009 թ.) Շարիֆը խաղացել է Ալցհեյմերի հիվանդությունից տառապող մարդու դեր:
Օմար Շարիֆին համընդհանուր ճանաչում բերեց «Լոուրենս Արաբացի» կինոնկարում խաղացած դերը, որը նրան 1962 թ. «Օսկարի» հավակնորդ  և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր դարձրեց: Երկրորդ «Ոսկե գլոբուսը» նա ստացավ «Դոկոտոր Ժիվագոյի» շնորհիվ: Նա խաղացել է նաև «Մաքենայի ոսկին», «Ծիծաղելի աղջիկը», «Հռոմեական կայսրության անկումը» և ևս ավելի քան 50 ֆիլմերում:

_84203850_berlin03_get
Օմար ալ Շարիֆը (ավազանի անունը`Միշել Դեմետրի Շալհուբ, անվանափոխվել է 1955 թ.` ընդունելով իսլամ) ծնվել է 1932 թ. Ալեքսանդիայում: Դերասանական կարիերան սկսել է 1954 թ.` խաղալով եգիպտական «Դժոխքի երկինքը» ֆիլմում: «Լոուրենս Արաբացուց» հետո նա պահանջված դերասան դարձավ Հոլիվուդում և Եվրոպայում: 2003 թ. նա Վենետիկի կինոփառատոնում պատվավոր «Ոսկե առյուծ» ստացավ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:

 

Դիտվել է 63 անգամ