Կինոյի տղան. Քըրք Քըրքորյանը և Հոլիվուդը

ulofco.thumbՔըրքորյանի մահվան բոթին բառացիորեն մեկ օր առաջ նախորդել էր նրա մեծ կինոձեռնարկումի մասին նոր, թարմացված տեղեկությունը :

«Խոստում» (Promise) վերնագրով ֆիլմը խոստանում է դառնալ Քըքորյանի թերևս ամենամեծ կինոխիզախումը : Ամենավերջին տեղեկությամբ` Քըրքորյանը անգամ սեփական մահից հետո կյանքի է կոչելու այս ֆիլմը : Դավիթ Պ. Վարդազարյանի այս անդրադարձը մի փորձ է ամփոփ ներկայացնելու Քըրքորյան – կինո առնչությունների ամենաուշագրավ դրվագները: Ի՞նչ է տվել կինոն Քըրքորյանին, և նա ինչ է տվել կինոյին:

Եվ այսպես, այս օրերին Քըրքորյանի մահվան բերումով միջազգային ԶԼՄ-ները, ներկայացնելով նրա անցած ուղին, արձանագրում են, որ չքավոր հայ ներգաղթյալների որդին` 16 տարեկանում դպրոցից դուրս մնացած Գրիգորը` բռնցքամարտում «աջով խփող Քըրքորյան» մականունով հայտնի Քըրքը, ի վերջո պետք է դառնար ամերիկյան բիզնեսի «տոկուն ծանրքաշային», լասվեգասյան խաղատների մագնատ, հոլիվուդյան կայսրության տեր:
Տասնամյակների բիզնես կարիերայի ընթացքում Քըրքորյանը հանդես է եկել որպես խաղատների` լասվեգասյան խաղատների առաջամարտիկ – գործարար, կինոարտադրության ոլորտի մագնատ, ավիաուղիների տեր, մեքենաշինության ոլորտի, անշարժ գույքի ոլորտի ներդրող և այլն: Անցած ամիս Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 4,2 մլրդ դոլար, 2008-ին Քըրքորյանը «գնահատվել էր» 16 մլրդ:
Քըրքորյան – կինո առնչություններն առավել հայտնի են մեկ-երկու փաստով: Այդ թվում` նրանով, որ Քըրքորյանին է պատկանել հեղինակավոր Metro Goldwyn Mayer (MGM) կինոստուդիան: Եվ մի միֆով, որ նա հերթ է կանգնել գնել անգամ իր ստուդիայի արտադրության ֆիլմի պրեմիերայի տոմսը:
Իրականում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Indie Wire-ի գնահատմամբ` Քըրքրոյանն «այն մարդն է, որ սպանել է MGM-ը»` ամերիկյան կինոարդյունաբերության խորհրդանիշներից մեկը: Ըստ այս աղբյուրի՝ կինոբիզնեսում Քըրքորյանի ռազմավարության հիմքում ընկած էր «բաց արդյունահանման» սկզբունքը, որով առաջնորդելով` նա քայքայել է կինոստուդիաները և ի վերջո վաճառելդրանք նրանց, ովքեր ամենից բարձր գին են վճարել:
Իսկ Variety-ի գնահատմամբ` Քըրքորյանն առհասարակ մեծ-մեծ «խաղադրույքներով» էր խաղում, նա փոխել է ժամանցի ասպարեզը, իսկ նրա անունը «մեկընդմիշտ կապված կլինի MGM-ի պատմության ու հաջողության հետ»:
MGM_logoՔըրքորյանը կինոյի ասպարեզ մուտք գործեց 1969-ին, երբ գնեց Metro Goldwyn Mayer-ը, ինչը Հոլիվուդում շատերի համար անակնկալ էր: Երբ դրսից եկած մարդը` ի դեմս Քըրքրոյանի, գնեց MGM-ը, նրան վերաբերվեցին որպես «դարպասի մոտ հայտնված բարբարոսի»: Շատերը նաև հարցականի տակ էին դնում Քըրքորյանի ողջամտությունը` նման «փող արնահոսող» կինոստուդիա ձեռք բերելու համար: Բանն այն է, որ այն ժամանակ, երբ Քըրքորյանը գնեց MGM-ը, ապա` United Artists-ը hqdefault(UA), դրանք այլևս խոշոր ստուդիաներ չէին, ավելին` պարտքերի տակ էին և փորձում էին մի քանի դոլար ավելի կորզել իրենց կինոդարաններից: MGM-ի լեգենդար ղեկավար Լուիս Բ Մայերի մահից ընդամենը տարիներ անց, երբ Քըրքորյանը ձեռք բերեց դա, երբեմնի հայտնի կինոընկերությունը մեկը մյուսի հետևից ձախողված ֆիլմեր էր շուկա հանում: Բացառություն է 1965-ին արտադրված «Դոկտոր Ժիվագոն»:

Այդ վիճակում MGM-ը ղեկավարելու համար Քըրքորյանը աշխատանքի վերցրեց, Hollywood Reporter-ի բնորոշմամբ, Հոլիվուդում ամենաատելի մարդուն` CBS հեռուստաալիքի նախկին գործադիր ղեկավար Ջեյմս Թ. Օբրիին, որին անվանում էին «ժպտացող կոբրա»: Օբրիի ընտրության հարցում Քըրքորյանին խորհուրդ էր տվել Հոլիվուդի ամենահայտնի «գորշ կարդինալներից» մեկը` Գրեգ Բաուցերը:
Քըրքորյանը ցանկանում էր իր ստուդիայում ունենալ մի ղեկավար անձի, որը կբարձրացներ ընկերության արժեքը: «Ժպտացող կոբրան» դա արեց փայլուն, դաժանաբար և մի քիչ էլ ողբերգականորեն:
Օբրին սահմանեց, որ MGM-ը 2 մլն դոլարից թանկ ֆիլմ չի նկարահանելու այդ շրջանում: Հետո անցավ ստուդիայի կադրերին և մնացած եղած-չեղածին:
MGM-ը Քըրքորյանին էր անցել 35 մլն դոլար կորուստներով, 80 մլն դոլար պարտքով, սպասվում էր ևս 75 մլն-ի կորուստ վարձույթում ստուդիայի ֆիլմերի ձախողման հետևանքով: Այս պայմաններում Քըրքը Օբրիին հանձնարարում է ծախսերը կրճատել: Կտրուկ քայլերն անխուսափելի էին ընկերությունը «ջրի երեսին» պահելու համար: Օբրին էլ չվարանեց. նա 350 հոգու կրճատեց` MGM-ի աշխատակիցների գրեթե կեսին, նաև 12 կինոնախագիծ չեղարկեց:
Իրականում Քըրքորյանը Օբրիին պատվիրել էր վաճառել ամեն ինչ, բացի ստուդիայի կինոդարանից: Այս առուծախում չխնայվեց նաև ստուդիայի արխիվը, ինչն առանձնապես բարկացրեց Հոլիվուդին: Ինչպես MGM-ից, այնպես էլ Քըրքորյանի մյուս կինոստուդիայից` United Artists-ից (Քըրքորյանի այլ կինոձեռնարկումները` մանրամասն ստորև` աղյուսակով)` կինոարտադրող և կինոդիստրիբյուտորական նախկին խոշոր ընկերություններից մնացել էին միայն իրենց կինոդարանները և անշարժ գույքը: Քըրքորյանը հիմնականում կենտրոնացած էր այդ կինոդարանները լիցենզավորման միջոցով հեռուստաընկերություններին տրամադրելու ու կապիտալիզացիա ապահովելու և վիդեոների ու DVD-ների դիստրիբյուցիայի վրա:
Ի դեպ, MGM-ի կինոդարանը պարունակում էր 4100 անուն ֆիլմ, այդ թվում` լեգենդար «Քամուց քշվածները»: UA-ի կինոդարանում էր Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի ֆրանչայզինգի իրավունքը: Հետաքրքրական է, որ ամերիկյան մամուլում Քըրքորյանին անվանում են նաև բիզնես հսկա, որն իր ազդեցությունն է ունեցել Բոնդիանայի ֆիլմաշարի վրա:
Հետագայում MGM-ի առուծախը պիտի անվանեին «ջրբաժան գիտնականների և աճուրդային բիզնեսի համար»: Օբրին վաճառեց MGM-ի այնպիսի բացառիկ ու պատմական նմուշներ, ինչպիսիք են Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը 1950-ի «Հարսնացուի հայրը» ֆիլմից, Ջոնի Վայսմյուլերի կոնքակապը «Տարզան» ֆիլմից և Ջուդի Գարլենդի կարմիր կոշիկները 1939-ի պաշտամունքային «Օզերի երկրի կախարդը» ֆիլմից (վերջինս` 15.000 ԱՄՆ դոլարով):
Իսկ երբ աճուրդն ավարտվեց, The New York Times-ն արձանագրեց, որ MGM ստուդիայից բեռնատարներով կոստյումների էսքիզներ, լուսանկարներ և այլ արժեքավոր իրեր են տեղափոխվում Լաս Վեգասի M-G-M Grand Hotel, որը Լաս Վեգասի առաջին մեգա-հանգստավայրն էր: Այնտեղ դրանք պետք է օգտագործվեին կա′մ որպես հյուրանոցի դիզայնի տարր, կա′մ վաճառվեին հուշանվերների խանութներում: Մասնագետները դա ողբերգություն համարեցին, նշվեց, որ ի տարբերություն MGM-ի, մյուս ստուդիաները գոնե պահպանում ու փայփայում են իրենց նման ժառանգությունը:
Ամերիկյան մամուլի գնահատմամբ` Օբրիին հաջողվել է իր գործունեության ընթացքում կրճատել MGM-ի կորուստները, ինչպես և ստուդիայի հեղինակությունը: Սակայն 3-ամյա աշխատանքից հետո նրանից էլ ազատվեցին, ինչպես աճուրդի հանված ինչ-որ իրից: Եկամուտները չավելանալու պայմաններում Քըրքորյանն աշխատանքից ազատեց նրան` նույնիսկ առանց տեղեկացնելու կամ ռոճիկ վճարելու:
maxresdefaultՀոլիվուդից այլ առավել հայտնի անձանց հետ Քըրքորյանի կապերը շատ ավելի բարեհաջող էին զարգանում: Իրականում Քըրքը Լաս Վեգաս էր տարել ոչ միայն MGM-ի արժեքավոր իրերը, այլև, կարելի է ասել, Հոլիվուդի` կինոարտադրության մայրաքաղաքի ամենապահանջված դեմքերին: Այսօր է, որ Լաս Վեգասը հնարավոր չէ պատկերացնել առանց երաժշտության գերաստղերի շոուների: Իրականում այդ ավանդույթի սկիզբը դրել է Քըրքորյանը: Իր կապերն օգտագործելով, ժամանակին նա Լաս Վեգաս տարավ Ֆրենկ Սինատրային, Էլվիս Փրեսլիին, Բարբրա Սթրեյզանդին և այլոց:
Ի դեպ, օրերս Բարբրա Սթրեյզանդը սոցցանցերում գրառում արեց Քըրքորյանի մասին:
Քըրքորյանի շատ մտերիմներ նրա մահից հետո հիշել են, թե ինչպես է նա երազել անձամբ դերասաններին ընտրել որևէ կինոնախագծի համար, ինչպես էր սիրում հաճախ ֆիլմեր դիտել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, իսկ նրա սիրած ֆիլմը «Կասաբլանկան» էր`ամերիկյան կինոյի պաշտամունքային գլուխգործոցը և կինոյի պատմության թերևս լավագույն ֆիլմը ամենատարբեր հեղինակավոր վարկանիշներով…
Քըրքորյանի անվան հետ կապվող լավագույն ֆիլմը, ըստ ամենաթարմ տեղեկությունների, դառնալու է Հայոց ցեղասպանության մասին աստղային դերասանների մասնակցությամբ «Խոստումը», որը փաստորեն կյանքի է կոչելու հետմահու (հիպերլինք`):
Այս խորապատկերում, ի դեպ, ամենահետաքրքրականն այն է, որ MGM-ում դեռ անցած դարի 30-ականներից ծրագրում էին Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմեր նկարահանել: Սակայն թուրքերի դիվանագիտական ջանքերի հետևանքով այդ ծրագրերն այդպես էլ կյանքի չկոչվեցին: Թերևս խորհրդանշական է, որ ցեղասպանության թեմայով ամերիկյան կինոնախագծի իրագործումը կապվելու է MGM-ի ամենահայտնի տիրոջ` Քըրքորյանի անվան հետ:

MGM_Tower

MGM շենքը

Քըրքորյանը Հոլիվուդում. քրոնիկոն (թվեր, տարեթվեր, տոկոսներ)
1969
Քըրքորյանը ձեռք է բերում Metro Goldwyn Mayer (MGM) կինոստուդիան: Նա այն առաջին ներդրողներից էր, որոնք կինոստուդաներին վերաբերվում էին որպես շահագործման ենթակա «ակտիվների ամբողջության»:
1973
Քըրքորյանը վաճառում է MGM-ի դիստրիբուցիայի համակարգը:
1976
Ձեռք է բերում Columbia Pictures-ի բաժնետոմսերի 25%-ը:
1984
Disney ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելու փորձ է անում, որը չի հաջողվում: Չի հաջողվում ձեռք բերել նաև մեկ այլ հայտնի` 20th Century Fox կինոընկերությունը:
1981
380 մլն-ով գնում է United Artists-ը (UA)` Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի տեսադարանով հանդերձ: Այդ ժամանակ է, որ հիմնում է իր Tracinda Corp. հոլդինգը: Հետագայում իրimages (1) երկու հիմնական ստուդիաները` MGM-ը և UA-ն միավորում է ու ստեղծում MGM/UA Entertainment Co. ընկերությունը:
1982
MGM/UA Home Entertainment-ը դարձնում է բաց բաժնետիրական ընկերություն` վաճառելով դրա բաժնետոմսերի 15 տոկոսը, ապա նորից գնում է:
1986
Քըրքորյանը 2 ընկերությունները վաճառում է 1.5 մլրդ-ով մեդիամագնատ Թեդ Թըրներին` Ջեյն Ֆոնդայի ամուսնուն: Թըրները նույնպես ցանկանում էր իր ձեռքը վերցնել MGM/UA-ի տեսադարանը, որը ներառում էր նաև մինչև 1950 թ. Warner Bros.-ի թողարկած ֆիլմերը:
Սակայն Թըրները, ի վերջո, MGM-ի ապրանքանշանը, UA-ի կինոդարանը` Ջեյմս Բոնդի ֆրանչայզինգի իրավունքով հանդերձ, նորց Քըրքորյանին է վաճառում:
5 ամսվա ընթացքում Քըրքորյանը նորից ձեռք է բերում MGM-ի անվան ու տարածքի նկատմամբ իրավունքները, ինչպես նաև` United Artists-ը` 470 մլն դոլարով:
MGM-ի գնումից 12 տարի անց Քըրքորյանի կինոկայսրությում էր նաև United Artistst կինոստուդիան: 1986-ին նա երբեմնի հեղինակավոր կինոստուդիաները մեդիամագնատ Թեդ Թըրներին վաճառեց 1,5 մլրդ ԱՄՆ դոլարով: Դրանից հետո նա ևս 2 անգամ գնեց ու վաճառեց MGM-ն ու United Artists-ը` վերջնականապես այդ գործարքները ավարտելով 2005-ին:
1990
Քըրքորյանը MGM/UA-ն 1,36 մլրդ ԱՄՆ դոլարով վաճառում է Pathe Communications-ին` պահելով, սակայն, իրավունքները MGM-ի անվան նկատմամբ, որը ծրագրում էր օգտագործել Լաս Վեգասի հյուրանոցներում, թեմատիկ պարկում, ավիաուղիներում:
1993
MGM-ի բրենդն ու ապրանքանշանը միշտ օգտագործելու պատրաստակամ` Քըրքորյանը բացում է 2,000-սենյականոց MGM-Grand հանգստավայրը Լաս Վեգասում MGM-ի թեմատիկ պարկով` համապատասխան կինոհերոսներով հանդերձ:
Ի վերջո, նա MGM Grand Hotel-ները Լաս Վեգասում և Reno հյուրանոցը պիտի 500 մլն դոլարով վաճառեր Bally’s-ին:
1996
Credit Lyonnais ֆրանսիական բանկը, որը վերահսկում էր ստուդիան, նորից դա Քըրքորյանին է վաճառում:
1997
Քըրքորյանը գնում է Orion Pictures-ը, Samuel Goldwyn Company-ն և Motion Picture Corporation of America-ն, ինչպես նաև` PolyGram Filmed Entertainment-ի կինոդարանի մեծ մասը, որը ներառում էր մինչև 1996-ը նկարահանված ֆիլմերը:
2004
Քըրքորյանը MGM-ը վաճառում է Sony Corp.-ի գլխավորած ներդրումային խմբին, սակայն պահում է MGM Mirage հանգստավայրի բաժնետոմսերի 55%-ը: Գործարքի համար 5 մլրդ դոլար վճարած խումբը հետաքրքրված էր Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի ֆրանչայզինգով:
2015
Քըրքորյանի մահից օրեր առաջ հայտնի է դառնում, որ նա ցեղասպանության մասին լայնակտավ ֆիլմի նկարահանում է ֆինանսավորում: Նրա մահից հետո հայտնի է դառնում, որ Քրքորյանի Tracinda Corporation-ը ստեղծել է Survival Pictures կինոընկերությունը` նրա «Խոստումը» կինոնախագիծն արդեն հետմահու կյանքի կոչելու համար:

Դավիթ Պ. Վարդազարյան

 

Դիտվել է 176 անգամ