Գետիկյանի «Մի խենթ պատմության» արձագանքներն արտասահմանյան մամուլում

FILM GUEDIGUIANՀայտնի է արդեն` այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ֆիլմը Ռոբեր Գետիկյանի «Մի խենթ պատմությունն է», որ այս տարի մայիսին ցուցադրվեց նաև Կաննի փառատոնի արտամրցութային ծրագրում: «Կինոաշխարհը» ներկայացրել է The Guardian-ում Էնդրյու Փալվերի « Ինձ մի ասեք, թե տղան խելագար էր. Հայաստանի ողբերգությունը բովանդակալից դրամայի է վերածվել» քննախոսականը: Ներկայացնում ենք այդ ֆիլմի ևս մի քանի արձագանքներ:

France Info-ում (20 մայիսի) Ֆրանս Լեորանն իր «Կանն 2015. Թուրքիան ռեժիսորներ Էրգյուվենի և Գեդիկյանի տեսախցիկների առջև» հոդվածում անդրադառնում է փառատոնային ծրագրում ընդգրկված երկու ֆիլմի, որոնց թեման առնչվում է Թուրքիային: Դրանցից մեկը՝ թուրք ռեժիսոր Դենիզ Էրգյուվենի կանանց խնդիրներին, մասնավորապես` նահապետական օրեքների դեմ պայքարին նվիրված «Մուստանգ» ֆիլմն է, որը պատմում է հինգ դեռահաս քույրերի մասին, մյուսը մարսելաբնակ հայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմությունն» է Հայոց ցեղասպանության մասին:

«Այսպիսով թուրքական ֆիլմը պատկերում է իր երկրի երիտասարդ սերունդը, իսկ Գեդիկյանի ֆիլմն ուղերձ է հենց այդ սերնդին,- գրում է Լեորանը:- Գեդիկյանը հույս ունի այստեղ` Կաննում, ցնցել հասարակությանը և առաջին հերթին նույնքան ցնցել թուրքական պետության հատկապես երիտասարդ քաղաքացիներին»:

Հեղինակի խոսքով` «Մի խենթ պատմություն» ֆիլմում ծագումով հայ մարսելցի ռեժիսորը հետաքրքիր անդրադարձ է անում Հայ դատի առանցքային տարեթվերին: Նա պատկերում է իրադարձություններ, որոնք սկսվում են 1915 թվականի հայոց ցեղասպանությունով և ավարտվում են 80-ականներին հայերի զինված պայքարով:
«Նա դիմում է դրանց, որպեսզի տարիներ հետո ավելի լավ մատնանշի թուրքական պետության պատասխանատվությունը: Նա դա անում է ընտանեկան դիմանկար կերտելու միջոցով` սկսած Թուրքիայից փախած տատիկից և վերջացրած զինված պայքարում մասնակցող թոռով: Այսպիսով նա ստեղծել է քաղաքական ու միաժամանակ գեղարվեստական հուզիչ ու հետաքրքիր մի ֆիլմ»,- գրում է հեղինակը:

«Մի խենթ պատմություն» ֆիլմով Ռոբեր Գեդիկյանը և նրա սիրած դերասաններ Սիմոն Աբգարյանն ու Արիան Ասկարիդը նորից բացեցին պատմության վերքերը,- գրեց Le Parisien-ը (« Մի խենթ պատմություն »՝ Գեդիկյանը հայերի անունից», 21 մայիսի):- «Մարիուս և ժանեթի» կինոռեժիսորն ընտրել է խաղարկային ֆիլմի ժանրը, որպեսզի Մարսելում 1970-ներին հաստատված մի ընտանիքի միջոցով պատմի Հայոց ցեղասպանության ծագման և նրա արդի դրսևորման մասին:
Մանրամասն շարադրելով ֆիլմի բովանդակությունը` հեղինակը նշում է, որ դրան տրվում է «ուսուցողական և հասարակական ուղղվածություն» որակումը: Նշվում է նաև, որ սցենարը հիմնված է իրական դեպքերի վրա:

Այնուհետև հեղինակը մեջբերում է ռեժիսորի խոսքը, ըստ որի` ֆիլմի հարցում իրեն ոգեշնչել է իսպանացի հայտնի գրող և լրագրող Խոսե Գուրիարանի կյանքն ու գործունեությունը, որը արտացոլված է նրա ինքնակենսագրական «La Bomba» գրքում: «Դա ինձ տվեց ֆիլմի բանալին և 100 տարվա պատմություն մեջ թափանցելու մի տեսանկյուն: …Ես զգում էի, որ պարտավոր եմ, պատասխանատու եմ նկարել այս ֆիլմը: Ինձ թվում է, որ կինոգործիչները, մտավորականները, կարծիք ձևավորող լիդերները պատասխանատություն են կրում: Ինձ համար կարևոր էր, որ այս ֆիլմը ստեղծվեր հենց այս պահին, քանի որ սա ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, այլև Թուրքիայի պետության կողմից չընդունելու, ժխտելու 100-ամյակը»,- ասել է Գեդիկյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ ֆիլմը ձգձգված է, ուժեղ ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա»,- ամփոփում է հոդվածագիրը:

Provence-Alpes էլեկտրոնային թերթն էլ, մեջբերելով Գեդիկյանի խոսքը, թե ֆիլմը պետք է ոչ թե վավերագրական, այլ գեղարվեստական լիներ, քանի որ հենց գեղարվեստական կինոն է հուզմունք առաջացնում և հիշվում, գրել է «Մինչդեռ կինոքննադատները պնդում են, որ ֆիլմի վերամբարձ երկխոսությունները և թատերականացված միզանսցենները երբեմն «սպանում» են այդ զգացմունքը»:

Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» նոր ֆիլմին անդրադարձել է նաև Շվեյցարական մամուլը (Le Temps, 22 մայիսի):
Հոդվածը սկսվում է հետևյալ հռետորական հարցով. մի՞թե ցեղասպանության 100-ամյակը աննկատ կանցնի Կաննում: Այդ մտավախությունն առաջացել է Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմից հետո, քանի որ 2014 թ. Վենետիկի փառատոնի մրցութային ծրագրում ցուցադրված այս ֆիլմն անարժանի չհամարվեց ֆրանսիական Շվեյցարայում ցուցադրվելու համար:

«Ատոմ էգոյանը անդրադարձել է այս թեմային 2002 թ. իր «Արարատ» ֆիլմում,-ասվում է հոդվածում:- Այս տարի նա բացակայում էր: Բարեբախտաբար մնում էր Ռոբեր Գեդիկյանը: Ծագով հայ մարսելցի ռեժիսորը ներկա գտնվեց իր տիպիկ
ինտելեկտուալ, խելացի ֆիլմով, որը տեղ է գտել փառատոնի ոչ մրցութային ծրագրում և որի հանդիսատեսը Կաննում բազմաքանակ չէր:

Հոդվածագիրը տեղեկացնում է, որ ֆիլմը բացվում է Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում 1921 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթ փաշայի գնդակահարման և գերմանական դատարանի կողմից Թեհլերյանի արդարացման մասին պատմող սև-սպիտակ կադրերով, որը բնորոշել է որպես «քիչ հայտնի փաստ»: Ասվում է նաև, որ դա միակ անգամն է, որ դատարանը համարձակվեց ավելի շուտ խախտել արդարադատության հավասարակշռությունը` հակադրելով մեկ մահը 1,5 միլիոն մահերին, քան ճշգրիտ կիրառել օրենքը:

Այդ փաստը հեղինակը միացնում է «խենթ», «խելագար» պատմությանը, որը նա տեղափոխում է Մարսել քաղաք` պատմելով իսպանացի Խոսե Անտոնիո Գուրիարանի մասին, որը, 1981 թ. հայերի մահափորձի կողմնակի զոհը դառնալով, ի վերջո հայ դատի մեծ գիտակ դարձավ:

«Հանցավոր բանակ» ֆիլմից հետո գիտենք, որ Գեդիկյանի խրատական բարի մտադրություններն իրենց հետ բերում են որոշակի լարվածություն և կոշտություն նրա կինոյի մեջ: Դա կրկին զգացվում է այս բարդ ֆիլմում, որը հակադրում է խաղաղասիրությունը զինված պայքարին: Առավելությունն այն է, որ պատմությունը պարզ ու հասկանալի է: Հանդիսատեսը լարվում է և սովորում: Գեդիկյանը կարող է հանգիստ խղճով մնալ՝ նա հիշողության հանդեպ իր պարտքը կատարել է»,- ամփոփում է հեղինակը:

Կանադական մամուլը նույնպես անդրադարձել է Գեդիկյանի վերջին ֆիլմին (LA PRESSE.CA-LE SOLEIL. 22 մայիսի): Հոդվածի հեղինակը նշում է, որ Կաննի կինոփառատոնի շրջանակներում դիտել է «Մի խենթ պատմություն» ֆիլմը, որովհետև սիրում է կինոն և իրեն հետաքրքրել է սյուժեն՝ ազգաբնակչության երեք քառորդի կյանքը խլած Հայոց ցեղասպանությունը, որը քիչ հայտնի փաստ է:

Ընդգծվում է, որ հայազգի կինոռեժիսորի համար խոսքը հիշողության պարտքի մասին է: Ինչ վերաբերում է կինոքննադատությանը, ապա շեշտվում է ֆիլմի ճանաչողական կողմը : Մահափորձից տուժած, ոտքերի շարժունակությունը կորցրած Իսպանացի երիտասարդ Ժիլը փորձում է հասկանալ պատահածի պատճառները և ի վերջո դեմ առ դեմ հանդիպում իր դահճին: Ահաբեկչական գործողությունն իրագործած Արամը սկսում է կասկածել իր գործի արդարությանը, քանի որ այն անմեղ զոհերի պատճառ է դառնում. «Մենք մի սար մահերից ենք ծնվել: Ցեղասպանությունը մեզ վերածել է խենթերի»:

Հոդվածագիրը հավելում է նաև, որ սյուժեն պայթյունավտանգ է, և Գեդիկյանը հմտորեն է օգտագործում դա այն աստիճան, որ ուսուցանելու մտահոգությունը ստվերում է թողնում դրամատիկ պատմվածքը, ինչը ցավալի է, քանզի հանդիսատեսին ցնցելու ուժի առումով կինոռեժիսորը կորցնում է այն, ինչ ձեռք է բերում կրթական առումով: Բայց նրա կանխակալությունը միայն վերաբերում է ազատությանը, եղբայրությանը և հավասարությանը: «Սակայն նույնիսկ անհաջող արտահայտվելով հանդերձ` դա բավական հազվադեպ երևույթ է»,- եզրակացնում է հեղինակը:

 

Դիտվել է 391 անգամ